Parker quartet
«Իրատես» թերթի հաջորդ համարը լույս կտեսնի մայիսի 31-ին:               
 

«Յա էշը կսատկի, յա իշատերը»

«Յա էշը կսատկի, յա իշատերը»
15.03.2019 | 01:28

Արցախյան խնդիրը, հրաբխի նման, մեկ քնում է, մեկ զարթնում: Այս փուլը ակտիվացման շրջան է` սկսած Արցախում տեղի ունեցած հայկական երկու հանրապետությունների ԱԱԽ համատեղ նիստից, ավարտած Լայչակի այցով և, իհարկե, ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հայտնի հայտարարությամբ:


Արցախյան խնդիրը հայոց մեջ եղել է ներքաղաքական հուժկու մատրիցա. Լևոն Տեր-Պետրոսյանը հրաժարական տվեց այդ պատճառով, հոկտեմբերի 27-ը տեղի ունեցավ այդ պատճառով: Համոզված ենք առավել քան` հեղափոխության, Սերժ Սարգսյանի հրաժարականի «հատակում» նույնպես այս դետոնատորն էր դրված: Հերթը հասել է Նիկոլ Փաշինյանին: Մոռանանք, թե որքան մանրակրկիտ է սույն անձը քանդում հայոց երկիրը: Ինչու է քանդում` հազար անգամ ասել ենք, սակայն խորքային հայացքի դեպքում ակնհայտ է` նա ի սկզբանե որոշակի մոդուլով է առաջնորդվում Արցախյան խնդրում` ոչ այնքան բանակցային նրբություններին տիրապետելու, որքան նախապես գծված սցենարի մեջ տեղավորվելու առումով: Ով է գծել այդ սցենարը` կարող ենք եզրակացույուններ անել, ընդ որում, նաև տարածաշրջանային խաղի առնչությամբ, այնուհանդերձ և առայժմ, Փաշինյանն այս խաղում մեծ կորուստներ չի գրանցել ու դեռ մանևրում է մեկ գերնպատակի` ժամանակ շահելու շուրջ: ՈՒստի հետ-առաջի այս մարտավարությունը` (Արցախը պետք է մասնակցի բանակցություններին, հետո` Արցախի հետ համատեղ ԱԽ նիստը, սկզբունքների հետ-առաջը ապահովում են այդ նպատակը: Սա քանիցս ասել ենք, հայկական կողմին ձեռնտու մարտավարությունն է: Ասել ենք նաև` այս խաղում նրան աջակցում է Ռուսաստանը, որը, հասկանալիորեն, տարածաշրջանում իր շահերով է առաջնորդվում, ինչն էլ այս պահին համընկնում է հայաստանյան շահի հետ. այն է` թույլ չտալ Արևմուտքը լուրջ ճնշում իրականացնի Հայաստանի վրա Իրանն առաջնահերթություն դարձնելու ճանապարհին` արցախյան ստատուս-քվոյի փոփոխութամբ:


Եվ այնուհանդերձ, հայտնի կենդանու նման գլուխներս չխոթենք ավազի մեջ, թե իբր չենք հասկանում, որ այս ուղին կարող է նաև տանել բլիցկրիգի, այն է` պատերազմի: Ընդ որում, բավականին նուրբ սահմանագծումով, քանզի պատերազմողները ոչ միայն հակամարտող կողմերն են, այլև, իրականում, գլոբալ խաղացողները` ԱՄՆ, Ռուսաստան, Թուրքիա, Իրան: Հենց շահերի այս բազմազանությունն է պատճառը, որ պրեսինգը կողմերի հանդեպ չի հասնում գագաթնակետին: Բայց և, երբեք մի ասա` երբեք: Ի դեպ. պատերազմի կողմերը նույնպես պատրաստվում են: Գլոբալ խաղացողները բարձր աշտարակից թքած ունեն` «վերադարձվող տարածքների» դիմաց Արցախը երբ հանրաքվե կանցկացնի, ինչ կարգավիճակ կունենա և հարակից այլ «մանրունքներ», նրանց օրակարգում գերակա միակ խնդիրն այն է, թե ով է վերջապես տարածաշրջանում «պապայություն» անելու, ում բերետավորներն են կանգնելու Իրան «նայող» սահմանին:


Հեռակա այս բանավեճում Ռուսաստանը նրբագեղորեն նախահարձակ եղավ. հայ-ռուսական համատեղ զորամիավորման հրամանատար Անդրանիկ Մակարյանը հարկ համարեց ասել, որ անհրաժեշտության դեպքում ինքը հրաման կտա ռուսական 102-րդ ռազմաբազայից և հայկական 4-րդ կորպուսից բաղկացած համատեղ ուժերին, որոնք ի սկզբանե ստեղծվել են հայ-թուրքական սահմանի պաշտպանության համար (ի դեպ. երբ ստեղծվում էր այդ համատեղ զորախումբը, բոլոր ատյանները` բոլոր մակարդակներում հավաստում էին, որ Արցախյան խնդրում այն անելիք չունի։ Եվ ուրեմն, գեներալ-մայոր Մակարյանն ասաց` ունե՛ն իրավունք, և ինքը կտա այդ հրամանը, ու անգամ Պուտինը որևէ կերպ չի կարող իրեն կանխարգելել: Հասկանալի է` ռուսական կողմը և պարոն Պուտինը խաղում են ոչ միայն գրագետ, այլև միջնորդավորված: Սցենարը ռուսական է, նպատակը` հստակ. ռուսական զորքերը մասնակցում են Արցախյան հակամարտության կարգավորման գործընթացին, իրենք էլ կանգնում են սահմանին, և «հետազոտական» բերետի գույնին առնչվող բանակցային «լոլոների» անհրաժեշտություն չի լինում, ընդամենը արձանագրվում է կատարվածը:


Բոլոր դեպքերում, արձանագրենք` սա սցենարներից մեկն է, գուցե և` ամենահավանականը: Սակայն Արևմուտքը Հայաստանում հեղափոխություն չէր անում, որ այդքան հեշտ զիջեր Ռուսաստանին, քանզի հեղափոխության գերնպատակը Հայաստանը Ռուսաստանի «տակից» հանելն էր: ՈՒստի պետք է դեռ սպասել, տեսնելու` ինչ «ոգով» են ընթանում առաջիկա բանակցությունները, մանավանդ որ հայկական կողմը ժամանակ շահելու ևս մեկ քայլ է կատարել. ասել է` մադրիդյան սկզբունքները հնացել են, նոր առաջարկներ են պետք: Իսկ մինչև ԵԱՀԿ ՄԽ-ն մե՜կ-երկու՜-երե՜ք-չո՜րս դանդաղ քայլքով նոր առաջարկներ ներկայացնի (եթե ներկայացնի), «յա էշը կսատկի, յա իշատերը»:


Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 1308

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

DiplomatRadio Mao