Parker quartet
«Իրատես» թերթի հաջորդ համարը լույս կտեսնի մայիսի 31-ին:               
 

Սուբստանտի՞վ, թե՞ անօրակարգ

Սուբստանտի՞վ, թե՞ անօրակարգ
15.03.2019 | 01:31

Մեկ ամսից թավշե հեղափոխությունը բոլորում է մեկ տարին: ՈՒ ի՞նչ ունենք ի տրիտուր: Ամենալեգիտիմ իշխանության պարագայում: Պաշտոնապես ու իրականում: Պաշտոնապես` չկա կոռուպցիա: Համարյա ամեն օր թերթերում հայտնվում են հրապարակումներ` ո՞վ որտե՞ղ ու ինչքա՞ն կաշառք է վերցրել ու տվել: Համարենք` համակարգային կոռուպցիա չէ, այլ անհասկացողների ռեցիդիվ: Պաշտոնապես` չկա մոնոպոլիա: Մոնոպոլիայի պաշտոնական վերացումը համարյա մեկ տարում չստեղծեց ազատ մրցակցություն, որը պոպուլիստական կարգախոս չէ, որ հնչի ու իրականանա` պայմաններ են պետք: Կենսամակարդակի փոփոխությունը որևէ կերպ չի զգացվում, եթե չասենք, որ վիճակն ավելի է վատացել` օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառներով բարձրացող գների ու աշխատավարձերի ու կենսաթոշակների անփոփոխության պարագայում: Պետական կառավարման համակարգում բարեփոխումների շրջանակներում ստեղծվել է կատարյալ քաոս` կառավարության նոր կառուցվածքը ԱԺ-ն դեռ չի հաստատել, պաշտոնապես գործում են 12 նախարարություններ, 5 նախարարություններից 1-ը փակվել է, 4-ը միավորվելու գործընթացում են, և, մեղմ ասած, շունը տիրոջը չի ճանաչում: Արդեն ուրվագծվում է, որ սուպերնախարարությունների ստեղծումը` գործառնությունների պատճենումը վերացնելու նպատակով, բարդացնում է ոլորտային կառավարումը, ու այս ընթացքով պետական կառավարման արդյունավետության բարձրացման կամ կատարելագործման մասին դեռ երկար կխոսվի ու կգրվի: Ավելորդ ճանաչված պետական ծառայողների ճակատագիրը անորոշ է` հիմնականում գործում է նույն սկզբունքը` «Տերովին տերն է տարել, անտերին գելն է տարել»:

Ակնհայտ է` 12 նախարարություններով տնտեսական հեղափոխությունը ֆիկցիա է, պոպուլիզմը չի կարող տնտեսության շարժիչ դառնալ: Առավել ևս, որ տնտեսական զարգացման «ծրագրերը» կազմվում են հընթացս, իրադարձային են, չեն ուրվագծում երկրի բուն հնարավորությունները, չեն համապատասխանում բուն իրավիճակին: Մինչև հիմա խնդիր չի դրվել մեծ արդյունաբերության վերագործարկումը, որն աշխատատեղերի ստեղծման ու ժողովրդագրական խնդիրների լուծման հենքն է: Որևէ հոդաբաշխ բացատրություն չտրվեց` ինչու՞ Հայաստանը չպիտի ունենա էներգետիկայի նախարարություն: Ինչու՞ Հայաստանում խնդիր չի դրվում ատոմային էներգետիկայի զարգացումը, երբ կան բոլոր նախադրյալները: Ինչու՞ Հայաստանը չպիտի ունենա ջրային ռեսուրսների կառավարման նախարարություն` ունենալով բազմաշերտ խնդիրների խմելու ու ոռոգման ջրերի արտադրության ու բաշխման, ի վերջո` արտահանման ու բիզնեսի առումով: Ինչու՞ Հայաստանը չի կարողանում իր ընդերքի հարստությունն արդյունավետ օգտագործել, եղած հնարավորությունները փոշիացնում է` ենթարկվելով դատական գործընթացների ու դատավարությունները տանուլ տալու վտանգին` հընթացս խրտնեցնելով ներդրողներին, որ կարող էին Հայաստան գալ: Բարձրագույն պաշտոնների են նշանակվում մարդիկ, որ չունեն մասնագիտական գիտելիքներ ու կառավարման հմտություններ: Ավելին` իշխանական էլիտայում սկսվել է երկփեղկումը, խոսվում է հնարավոր պաշտոնանկությունների ու նույնիսկ քրեական գործերի հարուցման մասին: Պատճառները տարբեր են, հետևանքը նույնն է` իշխանության հեղինակության անկում: Գործադուլների-դասադուլների-հացադուլների-ճանապարհներ փակելու պրակտիկան դառնում է կենցաղ բոլոր ոլորտներում` առանց արդյունքների: Երևանում շարունակում են քանդվել շենքեր` հակառակ բարձրագոչ հայտարարությունների` այլևս երբեք և այլն, և այլն… Հեղափոխությունից հետո սիրո ու հանդուրժողականության կարգախոսներով Հայաստանի հպարտ քաղաքացիներին ամեն օր մատուցվում է պոպուլիզմի կրկնակի չափաբաժին, բայց սերն ու հանդուրժողականությունն այնքան են կերպափոխվել, որ չեն տարբերվում ատելությունից ու անհանդուրժողականությունից:

Հոդաբաշխ բացատրություն չունի քաղաքապետի` օպերային հարակից տարածքը սրճարաններից ազատելու ու անհապաղ ծառապատելու բուռն ցանկությունը, երբ վաղուց սրճարանները դարձել են քաղաքի մասը, որ գրավում են և զբոսաշրջիկներին, և աշխատատեղեր են ապահովում, և հանգստի կազմակերպման վայր են: Երևանում, դժբախտաբար, տասնյակ հեկտարներով տարածքներ կան, որ կարոտ են և ծառապատման, և քաղաքապետարանի ուշադրության, բայց Հայկ Մարությանը ֆիքսվել է այդ տարածքի վրա, որ հեղափոխության օրերին համընթաց չի քայլել:
Փոփոխություններ են կատարվում օրենքներում, որ հարկային բեռն են ավելացնում` մի հարկատեսակը մյուսով փոխելով, հետևանքը դառնում է փոքր ու միջին բիզնեսի վիճակի վատացումը: Ներդրումների մասին հրապարակումներ են շրջանառվում, իրական ներդրումների հետքերը չեն երևում:


Դատավարություններն ու քրեական քրոնիկոնը լրատվության առանցքն են, արդարությունը չի ավելանում: Հանցագործությունների բացարձակ աճ կա, որ արձանագրում է նաև ոստիկանությունը` կապելով համաներման հետ, բացահայտումների վիճակագրությունը շատ ավելի համեստ է, կանխարգելումը` զրո: Սպանությունների, ինքնասպանությունների, գողությունների ու թալանի թեման չի պակասում օրվա լրահոսից: Փաստացի` Հայաստանի հպարտ քաղաքացիները իրար սպանում ու կողոպտում են` ինչպես հեղափոխությունից առաջ: ՈՒ եթե կարճ ամփոփենք պատկերը` Հայաստանում իրականում չի կատարվել մթնոլորտի փոփոխություն, իսկ եթե կատարվել է, շատ արագ գոլորշացել է, որովհետև այսօր ու հիմա կյանքը այստեղ չի փոխվել: Նույնիսկ Նիկոլ Փաշինյանի հուզաթաթավ լայվերն են պակասել: Միակ փոփոխությունը` Գագիկ Ծառուկյանը սկսել է Աժ գնալ` մեկ նստաշրջանում մեկ անգամից ավելի հաճախականությամբ: Եվ գնալիս էլ լրագրողներին բողոքում է. «Օրինակ, եթե գործարարը պահում է 300 աշխատող և վճարում է 10 մլն դրամ հարկ, եթե այդ 10 մլն-ը դարձնում են 12, հնարավոր է 3-5 ամսվա ընթացքում այդ գործարարը սնանկ ճանաչվի, 300 ընտանիք տունը նստի, աղքատ լինեն կամ արտագաղթի ճանապարհը բռնեն, այդ բյուջեն 10 մլն էլ չի գնալու: Դրա համար այս ճգնաժամային վիճակում 10 մլն հարկը պետք է սարքել 7-8 մլն՝ խորհրդակցելով գործարարի հետ, որ եթե 8 մլն վճարես, հնարավո՞ր է, որ այդ 300 աշխատատեղը պահես: Եթե բյուջե գումար բերողին, աշխատատեղ ստեղծողին քամենք, մենք հաջողության չենք հասնի»: Ավելին` երբ լրագրողները հարցնում են` ձեր կարծիքով երկիրը ճգնաժամի մե՞ջ է, պատասխանում է. «Եղբայր, այսօր եթե ամեն ինչը թանկանում է, աշխատատեղերը կրճատում են, դա ի՞նչ է նշանակում: Իրավիճակը գնալով ծանրանում է, մենք պետք է քայլեր կատարենք: Պետությունը, բացի բյուջեն, պետք է կողմնակի գումարներ դրվեն, պետականորեն արտադրամասեր բացվեն, օրինակ, պղնձաձուլարան դրվի, կաուչուկի գործարանը բացվի, որ կողմնակի գումարներ լինեն, որ թոշակ էլ բարձրանա, այլ ծախսեր էլ արվեն: Միայն հարկեր բարձրացնելով հնարավոր չէ»: Մնում է հարցնել` չե՞ք փոշմանել, որ հեղափոխություն արեցիք, ավելի ճիշտ ջուր տվեցիք հեղափոխությունն անողներին:


Պահպանվում է Նիկոլ Փաշինյանի վարկանիշը, բայց նրա թելադրանքով ընտրված ու նրա նշանակած կադրերը կամաց քերում են նրա հպարտ պատվանդանը: Համենայն դեպս` Երևանի քաղաքապետը (+սկանդալային նախարարները) պատվանդանը ոչ մի դյույմ չի ավելացրել, եթե չասենք իր քայլերով քանդում է առասպելը, որ Նիկոլ Փաշինյանը չի սխալվում: Սխալվում է և լավ է սխալվում, իսկ տուժում են երևանցիները: Նաև` Հայաստանը: ՈՒ եթե Գագիկ Ծառուկյանն արդեն ասաց, որ կա ճգնաժամ, ու կան ճգնաժամի հետևանքները, ո՞վ պետք է ասի` ինչպե՞ս ճգնաժամը հաղթահարել: ՀՀԿ-ի վրա հույս չդնեք` նրանք արտաքին քաղաքականության մեջ են: ՀՅԴ-ն ու ԼՀԿ-ն վերագտել են «ռուսական» ուղին ու սպասում են X պահին: Մյուս կուսակցությունները ևս ունեն X ծրագրեր, գուցե նաև Y ու Z, բայց նրանք ևս սպասում են X պահին: Եվ միայն «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանն է համառորեն կոչ անում. «Հաջողության հասնելու միակ գրավականը Աստծո ամեն օրն ու ժամը օգտագործելն է Հայաստանի տնտեսությունը ոտքի հանելու, մեծ արդյունաբերությունը վերագործարկելու` աշխատատեղերի ստեղծումով մարդկանց կենսամակարդակը բարձրացնելու և ժողովրդագրական խնդիրները լուծելու համար: Պատերազմում կռվում են բանակները, բայց հաղթում կամ պարտվում են պետությունները»:


Պատերազմի մասին, ավելի ճիշտ` Ստեփանակերտում ՀՀ և ԼՂՀ Անվտանգության խորհուրդների համատեղ նիստի, որ փաստացի «մեր պատասխանն էր Չեմբեռլենին»` ի դեմս ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների: ՔՊ մի պատգամավոր 2-3 օր էկրաններից չէր իջնում ու անընդհատ կրկնում էր` ես ուշադիր նայում եմ, հետևում եմ` Ադրբեջանում լռություն է, ոչ մի դիսկուրս չկա, քննարկում չկա, ընդունում էր միայն, որ եղել են պաշտոնական գնահատականներ, բայց մեկ է` «դիսկուրս չկա»: Երբվանի՞ց են սկսել Երևանում այդքան մտածել ադրբեջանցիների մասին: Եթե իսկապես մտածում են, պիտի հասկացած լինեին, որ Ադրբեջանը տոտալիտար, մուսուլմանական երկիր է և այնտեղ անգամ եվրասիական տարածքի «ժողովրդավարական» պատկերացումներն են խիստ մոդեռնիստական: Որ այդ պետության խիստ «կիրթ», մի ժամանակ էլ պրագմատիկ համարվող նախագահը ունի իշխանությունը պահելու խնդիր ու չի կարող առանց իր իշխանությունը վտանգելու հրաժարվել Ադրբեջանի տարածքային ամբողջականության սկզբունքին կառչածությունից: Նա միայն մի լուծում ունի` սուբստանտիվ բանակցություն: Վերջ: Հազարատեսակ փառաբանությունները Նիկոլ Փաշինյանի` Լեռնային Ղարաբաղի հարցում «նոր որակի» քաղաքականությանը կամ այդ քաղաքականության հազարատեսակ դատափետումները ներքին լսարանի համար են: Ներքին օգտագործման ու ներքին սպառման, իսկ արտահանել պետք է բոլորովին այլ որակի քարոզչություն ու քաղաքականություն: Հայաստանում ու Արցախում պոպուլիզմ սփռելով կամ խրոխտանալով` հարցի լուծումը չի մոտենում: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների հետ առաջին հերթին, Արևմուտքի ու Արևելքի հետ հավասարապես պետք է աշխատել Հայաստանի իմիջը փոխելու, Հայաստանի Հանրապետության` իբրև պետության պատկերացումը փոխելու ու բացատրելու, որ մենք փոքր ու թույլ, 1915-ի ցեղասպանությամբ, 1988-ի երկրաշարժով ու Արցախի չլուծվող հարցով բնորոշվող ազգ ու պետություն չենք: Ոչ մեկից պակաս չենք, ու մեր արժեհամակարգի հիմքում համամարդկային արժեքներն են, և մեզ համար անկախությունն ու ինքնիշխանությունը արժեքների արժեք են: Գուցե այնքան ասենք, որ ինքներս էլ հասկանանք ու հավատանք: Իսկ ընդհանրապես` հեղափոխությունից հետո վարչապետ դարձած ու լրագրող Նիկոլ Փաշինյանը առաջինը պիտի զգար ու ընդուներ, որ ներսում ու դրսում հաջողության համար իրեն պետք է տեղեկատվության ու քարոզչության կազմակերպման կառույց, որը կկանոնակարգեր Հայաստանի Հանրապետության իմիջին ու հեղինակությանը վերաբերող հարցերի լուծումը երկրից դուրս` գործի դնելով ոչ միայն դեսպանությունները, այլև ժամանակակից տեխնոլոգիաները, իսկ երկրի ներսում կնպաստեր իշխանություն-ժողովուրդ փոխըմբռնմանը` ներառելով ոչ միայն քայլածներին, այլև չքայլածներին, հասարակության այն 46 տոկոսին, որ 2018-ի դեկտեմբերին ընտրությունների չի գնացել: Նա բոլորի վարչապետն է, ու նա պատասխանատու է բոլորի համար: Մյուսները ածանցյալ են ու այդպես էլ ընկալվում են:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Հ.Գ. …Եթե Իլհամ Ալիևը չի բանակցում անօրակարգ օրակարգով ու պնդում է սուբստանտիվը, ի՞նչ է անելու հայկական կողմը: ԵԱՀԿ Մինսկի խումբը պիտի վաղուց հասկանար` մադրիդյան սկզբունքները չեն աշխատում: Հանճարեղ են, բայց գործունակ չեն: Իրարամերժ 3 սկզբունքները և 6 կետերը որքան էլ բացատրվեն, չեն փոխվելու: Նորն է պետք հնարել` համահայկական հզոր ներուժն ու հեղափոխական լիցքը ո՞ր օրվա համար են, հետո էլ Ադրբեջանի մասին պիտի մտածել` մեղք են:

Դիտվել է՝ 929

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

DiplomatRadio Mao