Parker quartet
«Իրատես» թերթի հաջորդ համարը լույս կտեսնի մայիսի 31-ին:               
 

«Բարեփոխումներին դեմ է աշխատում պետական ապարատի առնվազն 50 տոկոսը»

«Բարեփոխումներին դեմ է աշխատում  պետական ապարատի առնվազն 50 տոկոսը»
15.03.2019 | 01:35

Սպասվող օպտիմալացման, գործազրկության ավելացման, ներդրումային տխուր պատկերի ֆոնին օր օրի մեծանում է հանրային դժգոհությունը իշխանությունից։ Մարդիկ «հեղափոխություն» անելուց հետո սպասում էին, որ իրենց կյանքի որակը կբարելավվի, աշխատանք կունենան, բայց ստացան հակառակ արդյունքը։ Ոչ միայն քաղաքացու սոցիալ-տնտեսական վիճակը չբարելավվեց, այլև ունեցածն էլ կորցնելու վտանգի առաջ է կանգնել։ Իսկ իշխանությունը կարծես խճճվել է կառավարության կառուցվածքի փոփոխության, օպտիմալացման, հարկային օրենսգրքի բարեփոխման լաբիրինթոսում, ցանկանում են մի ձեռքով մի քանի ձմերուկ բռնել, բայց դա չափազանց ծանր է անփորձ ու երիտասարդ իշխանավորների համար։ Դրա համար բոլոր փոփոխությունները կամ կիսատ-պռատ են, կամ թերի, կամ էլ առանց ճիշտ հաշվարկների։ Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի ԱԺ մշտական հանձնաժողովի նախագահ ՎԱՐԱԶԴԱՏ ԿԱՐԱՊԵՏՅԱՆՆ «Իմ քայլը» խմբակցության այն պատգամավորներից է, որ խորհրդարան գալու առաջին օրերին հայտարարեց, թե պետք չէ ոչ էական հարցերի վրա ժամանակ վատնել, հասարակությունն օր առաջ սպասում է տնտեսական փոփոխությունների, ԱԺ-ն պետք է գործի անցնի։ Պատգամավորից հետաքրքրվեցինք` այսօր նրան բավարարու՞մ են տնտեսության զարգացման տեմպերը։

-Տնտեսական փոփոխությունների տեմպն իշխանությամբ չի պայմանավորված, այլ ժողովրդով,- ասաց Կարապետյանը։- Բերեմ մի օրինակ. շենքերում տեղադրված հին, մեծ ժամացույցներ կան, որոնք երկար տարիներ չեն աշխատել ու հանկարծ պետք է գործի դրվեն։ Պատկերացնու՞մ եք, որքան դժվար են ատամնանիվներն իրար հետ պտտվելու։ Հայաստանում մոտավորապես նույն վիճակն է. «ատամնանիվներն» ուզում են ժանգից ազատվել ու պտտվել, բայց դրա համար ժամանակ է պետք։ Հիմա դեռ ճռռալու պահն է, երբ ուզում են տեղից պոկվել։ Հուսով եմ՝ մինչ տարեվերջ այդ «ատամնանիվները» ներդաշնակ կպտտվեն։
-Ասել է՝ իշխանությունն առաջնորդողի իր դերը մի կողմ է դրել, և ժողովուրդը պետք է ինքնակազմակերպվի ու գնա տնտեսական փոփոխությունների։ Այս ամենում ո՞րն է իշխանության դերը։
-Տնտեսական հեղափոխությունն առաջնորդում է ձեռնարկատիրությունը, իշխանությունը պետք է ապահովի բավարար պայմաններ, որ կոռուպցիա, մենաշնորհներ չլինեն, հավասար դաշտ լինի ձեռնարկությունների համար և բարենպաստ հարկային դաշտ։
-Ենթադրենք, չկա կոռուպցիա, չկա մենաշնորհ, դրանք բավարա՞ր են տնտեսություն զարգացնելու համար։
-Անհրաժեշտ են նաև աջակցության որոշ գործիքներ։ Ինչպես կառավարության ծրագրում էր նշված՝ մեկ պատուհան ներդրողների համար։ Նոր սկսող ձեռնարկություններին, տեխնոլոգիական ընկերություններին գյուղատնտեսությանն աջակցող արագ քայլեր են պետք։ Բայց այն, որ տնտեսական աշխուժացումն ու առաջընթացը ձեռնարկությունների խնդիրն է, միանշանակ է։
-Այսօր արդեն պետությունն իր պարտավորությունները կատարելու խնդրի առաջ է կանգնած, աշխատավարձերի ուշացում կա, կառավարության մեր աղբյուրներն էլ փաստում են, որ բյուջեում գումարներ չկան։ Դուք գիտե՞ք այդ մասին։
-Ես տեղյակ չեմ, ավելին, վստահ եմ, որ այդ տեղեկությունն իրականությանը չի համապատասխանում («Իրատեսի» նախորդ համարում Փարաջանովի թանգարանի տնօրեն Զավեն Սարգսյանը տեղեկացրել էր, որ իրենց աշխատավարձն ուշացնում են. «Չեմ հասկանում` ինչ են ուզում անել, բայց մեր կյանքը բարդացրել են… Այսօր ամսի 11-ն է, ոչ մի հիմնարկ աշխատավարձ չի ստացել, կարո՞ղ եք պատկերացնել»- Ռ. Խ.)։
-Որքան էլ ականջահաճո հայտարարություններ հնչեն, առանց ֆինանսական հոսքերի տնտեսություն հնարավոր չէ զարգացնել։ Որտեղի՞ց եք գտնելու ֆինանսական աղբյուրներ։
-Այդ աղբյուրները մեր ներքին խնայողություններն են և դրսի ներդրումները։ Դրսում հարյուրավոր մարդիկ հետաքրքրված են Հայաստանում ներդրումներ անելու գաղափարով, Հայաստանում ապրող մարդիկ էլ հակված են իրենց խնայողությունները Հայաստանում ներդրումների վերածելու։ Եթե ընդդիմությունը, մամուլը, ֆեյսբուքյան ակտիվիստները անընդհատ չպնդեն, որ մեր երկիրն ահավոր մեծ վտանգների առաջ է կանգնած, ուր որ է պատերազմ կսկսվի, ներդրումներ կլինեն։
-Պատերազմի վտանգն իրակա՞ն չէ։
-Ոչ։
-Ի՞նչ հիմքեր ունեք դա պնդելու։
-Հայաստանը, որպես անկախ դերակատար, սկսել է իր խոսքը թելադրել աշխարհին։ Հիմա բոլորը փորձում են հասկանալ, թե ինչ է անում Հայաստանը։
-ՈՒ հասկանու՞մ են մեզ։
-Երկար ժամանակ է պետք, որ հասկանան։ Քանի դեռ չեն հասկացել, մենք խաղաղ ենք, վստահ եղեք։
-Մենք խաղաղ ենք, բայց ունենք ռազմատենչ հակառակորդ, մեր իշխանությունն ասում է, որ ժողովուրդներին պետք է պատրաստել խաղաղության։
-Երբ ասում ենք՝ պատրաստվել խաղաղության, նկատի ունենք, որ մեր բանակը պետք է լինի տարածաշրջանում ամենաուժեղը, մեր ժողովուրդը պետք է լինի տարածաշրջանի ամենապատրաստված ժողովուրդը նաև պատերազմական իրավիճակի դեպքում։ Դա մեր առաջին հաղթաթուղթն է՝ հաղթանակի հասնելու համար։
-Ի՞նչ ենք անում ամենաուժեղ բանակ ու ամենապատրաստված ժողովուրդ ունենալու համար։
-Մենք ունենք ռազմարդյունաբերություն, կոմիտե, հիմա ռազմական արդյունաբերությունը զարգացնելու համար գործողություններ են արվում, տարբեր միջոցառումներ կան նաև բանակում՝ մարտունակությունը բարձրացնելու համար։ Եթե հետևեք այդ քայլերին, կտեսնեք, որ իրավիճակն էապես փոխվում է, և առաջիկա 2-3 տարվա ընթացքում անճանաչելի կդառնա ռազմարդյունաբերությունը Հայաստանում։
-Ռազմարդյունաբերությունն այն ոլորտն է, որ բավական մեծ գումարներ, ներդրումներ է պահանջում, 2-3 տարում որտեղի՞ց են լինելու այդ ներդրումները։
-Հիմնական ներդրողը մեր պետությունն է, պետական բյուջեն, այսինքն, մեր պետությունը հակված է այս ոլորտում մեծ ներդրումներ անելու։
-Մեր բյուջեն այդքան մեծ հնարավորություններ ունի՞ այսօր։
-Ռազմարդյունաբերության և բանակի համար պահանջվող ներդրումների աղբյուրը պետական բյուջեն է ու մեր ժողովուրդը։ Այսինքն, մեր հարկերը պետք է վճարենք, որպեսզի պետբյուջեն լրացվի և ծախս անի ռազմարդյունաբերության մեջ։ Մյուս աղբյուրը, որի մասին խոսել է նաև վարչապետը, թալանված գումարների վերադարձն է, որը հիմնականում կուղղվի ռազմարդյունաբերությանը։
-Կարծում եք, թալանված միջոցներն այնքան շատ են, որ դրանով կարող ենք ռազմարդյունաբերությու՞ն զարգացնել։
-Նախնական գնահատականով՝ 3 մլրդ դոլարի մասին է խոսքը։
-Դա դեռ հայտարարություն է, իսկ թե ե՞րբ ու ի՞նչ չափով դրանք կարող են պետությանը վերադարձվել, լրիվ այլ խոսակցության նյութ է։
-Դրանք պետությանը վերադարձվելու ընթացքում են, ամեն շաբաթ, ամիս տեսնում ենք, որ դրանք իրականություն են դառնում։ Որպեսզի այս գործընթացն արագ լինի, պիտի մեր հասարակության յուրաքանչյուր անդամ դրան օգնի։
-Ինչպե՞ս օգնի, ՀԴՄ կտրո՞ն պահանջի, դառնա տնտեսական ակտիվի՞ստ։
-Ամեն մեկն իր տեղում կարողանա գործընթացին նպաստել, լրագրողը` իր գործունեության մեջ, գործարարը, պետծառայողը՝ իրենց։ Հիմա, ցավոք, բարեփոխումներին դեմ է աշխատում մեր լրատվական դաշտի 80 տոկոսը, պետական ապարատի՝ առնվազն 50 տոկոսը։ Սա շատ վատ գործընթաց է, բայց մենք կհաղթահարենք։
-Հեղափոխության սկզբում խոստացված Հայաստանը ե՞րբ է լինելու։
-Մեր իշխանությունը ժողովուրդն է։ Իմ երազած Հայաստանի մասին կարող եմ ասել, որ այն կլինի 20 տարվա ընթացքում։
-Այդքան սպասե՞լ կլինի։
-Համենայն դեպս, ես աշխատում եմ այդ ուղղությամբ։
-Իսկ իշխանությու՞նը։
-Մի անգամ պարզեցինք, որ մեր իշխանությունը ժողովուրդն է։ Ժողովուրդն էլ է աշխատում, կառավարությունն էլ։
-«Մեր իշխանությունը ժողովուրդն է» ձևակերպումը շա՜տ պոպուլիստական է։
-Պոպուլիստական է, թե ոչ, բայց դա սահմանադրությամբ էլ է ամրագրված։

Զրույցը՝
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԻ

Դիտվել է՝ 914

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

DiplomatRadio Mao