Ջեյմի Դեվիս
 

«Գյուղացուն լավ նայեք, երկիր կերակրողը նա է»

«Գյուղացուն լավ նայեք, երկիր կերակրողը նա է»
15.03.2019 | 02:32

Ձյունառատ Արագած և Արայի սարերի միջև, Քասաղ գետի աջ ափին փռված Արայի գյուղն ամբողջովին ծածկված է փետրվարի վերջերին տեղացած առատ ձյան շերտով: Պարզ արևից փայլատակող ձյունածածկը փակել է ճանապարհը, դաշտերն ու հանդերը: Տանիքներից բարձրացող ծուխն ու բակերում համաչափ դարսված վառելափայտի շարքերը վկայում են, որ այս կողմերում ձմեռը դեռ նահանջելու միտք չունի:


Արային Ապարանի տարածաշրջանի պատմական բնակավայրերից է։ Գյուղն ունեցել է Բազարջիկ, Բազարջուկ անվանումները: Արայի է վերանվանվել 1946-ին: Բնակավայրի թիկունքում Արագած սարն է, դիմացը՝ Արա լեռը: Շուրջ 200-ամյա գյուղի առաջին բնակիչները՝ 29 ընտանիք, 1828-1830 թվականներին Մանազկերտից եկել-հաստատվել են Արայիում: Բնակավայրի առաջին «շինությունը» եղել է մի կիսաքանդ ջրաղաց, տարիներ անց կառուցվում է Սուրբ Աստվածածին եռախորան դահլիճով եկեղեցին: Ապրելու համար հողի տված բարիքը քիչ էր, ուստի 1890-ականներից արայեցիները մեկնում են աշխատանքի Երևան և երևանամերձ տարածքներ, աշխատում հիմնականում այգիներում: Նրանց ջանասիրությունը չի վրիպում Երևանում ապրող մեծահարուստ, իրենց բարեգործություններով հայտնի Աֆրիկյանների ընտանիքի աչքից, որոնք առատ հատկացումներ էին անում Երևանի դպրոցներին ու որբանոցներին: Աֆրիկյան եղբայրեներից Տիգրան Աֆրիկյանը 1906 թվականին գյուղի կենտրոնում, գետակի ափին, կառուցում է այդ ժամանակների համար լավագույն հարմարություններ ունեցող դպրոցական շենք, որը ծառայում է մինչև 1970-ական թվականները։ 1906-1920 թթ. Աֆրիկյանները հոգացել են նաև դպրոցի ուսուցիչների վարձատրության և դպրոցի կենսագործունեության հետ կապված ֆինանսական ծախսերը։ Դպրոցական շենքը մինչև 1923 թվականը ողջ Ապարանի տարածաշրջանում եղել է միակը։ Գյուղի 100-ից ավելի տղամարդ 1918 թվականի մայիսի 22-29-ին մասնակցել է Ապարանի հերոսամարտին: Հայրենիքին նվիրվածությունը 135 արայեցիներն ապացուցել են նաև Երկրորդ համաշխարհային պատերազմում, նրանց գրեթե կեսը չի վերադարձել: Պապերի և հայրերի օրինակով դաստիարակված ժառանգները մասնակցել են խորհրդա-աֆղանական պատերազմին, շատ ավելի ուշ նաև արցախյան պատերազմին։ Գյուղի մուտքից ոչ հեռու կա մի գեղեցիկ գմբեթավոր կառույց՝ 1999-2001 թթ. արայեցի իրավաբան Իրինա Գալստյանի նախաձեռնությամբ և Բոստոնի հայության աջակցությամբ կառուցված որդեկորույս մայրերին նվիրված Սուրբ Մարիամ - Սուրբ Եղիսաբեթ մատուռը:

ԱՐԱՅԻՈՒՄ ԿՅԱՆՔՆ ԻՆՉՊԵՍ ՈՐ ԿԱ
Արային գտնվում է Ապարանի խոշորացված համայնքի կազմում: Գյուղ մտնող ճանապարհը եզրապատող բարդու և ուռենու ծառերը ձգվում են գյուղամեջ: Ճանապարհի աջ ու ձախ կողմում ցանկապատով առանձնացված հողամասերը սպասում են ձյան հալոցքին: Հողի մշակը նույնպես սպասում է: Շաբաթներ հետո այդ հողամասերում կծաղկեն խնձորի, տանձի, դեղձի, սալորի, ավելի ուշ` ընկույզի ծառերը, պնդուկն ու խաղողը: Կարկտահարությունը, սելավը, առատ տեղումները, ուժեղ քամիները, ձնաբուքը, երաշտը, ցրտահարությունը, կայծակները արայեցիների համար սովորական երևույթ են: Փորձն ու կանխատեսումը արայեցիներին հարկադրում են նախապես միջոցներ ձեռնարկել, հնարավորինս նվազեցնել վնասի չափերը, քանի որ փոխհատուցման հույս չունեն:


Արայիի վարչական տարածքի ղեկավար ԷԴԻԿ ՊԵՏՐՈՍՅԱՆԸ «Իրատես»-ի հետ զրույցում նշեց, որ 1996 թվականից մինչև 2017-ը եղել է համայնքի ղեկավար, խոշորացումից հետո արդեն համարվում է վարչական տարածքի ղեկավար: Նրա խոսքով` 660 բնակիչ ունեցող համայնքն ունի ութնամյա դպրոց, որտեղ սովորում է 25 աշակերտ, ցանկացողները հաճախում և ավարտում են ուսումը հարակից գյուղերի դպրոցներում: Գյուղում մանկապարտեզ չկա, բայց կա նախակրթարան:


Բնակչության հիմնական զբաղմունքը հողագործությունն ու անասնապահությունն է: Հացահատիկային կուլտուրաների մշակումն այնքան էլ տարածված չէ: Արայիի բնակչության եկամտաբեր զբաղմունքը ազնվամորու մշակումն է, որով զբաղվել է դեռևս1960-ական թվականներից; Մթերման հարցն ինքնին լուծվում է վերավաճառողների շնորհիվ: Բնակիչները շահագրգռված են ազնվամորու հողատարածքների ընդլայնմամբ, քանի որ այն եկամտաբերությամբ գերազանցում է կարտոֆիլին:
Անասնապահությունը Արայիի բնակչության երկրորդ զբաղմունքն է: Գյուղն ունի 750 խոշոր եղջերավոր անասուն, որոնց թիվը մայիսին 250-300-ով ավելանում է: Էդիկ Պետրոսյանի փոխանցմամբ` կաթի հիմնական մթերողը «Աշտարակ Կաթ»-ն է, որն էլ կաթը մթերում է լիտրը 200 դրամով, ու թեև մայիսին արոտի դուրս եկած կովերի կաթնատվությունն ավելանում է, սակայն կաթի մթերման գինը նվազում է մինչև 80-90 դրամ՝ խառնելով վարկերի տակ կքած բնակիչների հաշիվները: Տոնական օրերին 2000-2400 դրամով վերավաճառողին հանձնած միսը Ապարանի շուկայում վաճառվում է 3000 դրամով: Շահողը անասնապահության ծախսերից ու վարկերի գլխացավանքից հեռու մսավաճառն է:
Արայիի վարչական տարածքը մինչ 2010 թվականը եղել է 1019 հեկտար, որից հետո համայնքին տրամադրվեց 2300 հեկտար արոտավայր: Համայնքի բյուջեն 15 միլիոն դրամ է, 1 մլն 300000 դրամը հավաքվում է հողի հարկից, 1400000-ը՝ գույքահարկից, 500000-ը՝ վարձակալությամբ տրված տարածքներից, մնացած գումարը պետության կողմից հատկացվող դոտացիան է: Համայնքի սուղ բյուջեի պատճառով կրճատվել է համայնքապետարանի աշխատակազմը:


Ներհամայնքային ճանապարհների 15 %-ը ասֆալտապատ է, իսկ մնացածը՝ խճապատ և գրունտային: Փողոցները մեծ մասամբ լուսավորված են: Գյուղը գազիֆիկացված է, թեև օգտագործվում է նաև վառելափայտ: Լուծված է նաև խմելու ջրի խնդիրը:
Արայիի վարչական տարածքի ղեկավարը հպարտությամբ նշում է, որ գերմանական ՋԵ-ԱՅ-ԶԵԹ կազմակերպության աջակցությամբ Արագածի աջակողմյան լանջին շուրջ 50 հեկտար մակերեսով անտառ են հիմնել, որի աշխատանքներին մասնակցել են ոչ միայն Արայիի, այլև հարևան համայնքների բնակիչները: Տնկվել են եղևնի, հացենի, կաղնի, որոնց բնական աճն ապահովված է: Ի դեպ, գյուղի կանաչապատման սկիզբը դրվել է 1890-1900-ական թվականներին։ Այդ ժամանակներում են տնկվել Մհերի, Ասոյի, գլխավոր (գլավնի) Դավթի, Բեգոյի, Եփրեմի, Մարտիրոսի հայտնի անտառապուրակները, որոնց մի մասը 1930-ական թվականներին ամբողջովին հատվել է Ապարան գյուղի շինարարություններն իրականացնելու համար։ Անտառապուրակների որոշ հատվածներ այսօր էլ պահպանվել ու կրում են իրենց հին տերերի անունները։


Է. Պետրոսյանի խոսքով` բնակլիմայական պայմանների առումով ռիսկային գոտում գտնվող գյուղի համար կառավարության առաջարկած գյուղատնտեսական ապահովագրությունը նպատակահարմար չէ:
-Մենք հակակարկտային կայանների կարիք ունենք: Գյուղի բնակիչը ողջ տարին տքնում է հողի վրա, բերքը բերում հասցնում է այն պահին, որ պետք է իրացնի, կարկուտը կամ երաշտը մեկ վայրկյանում հողին են հավասարեցնում բերքը, ինչպես երեք տարի առաջ եղավ ազնվամորու բերքահավաքի ժամանակ, երբ մարդիկ զրկվեցին ակնկալվող մեծ եկամտից: Եթե ապահովագրական համակագը ներդրվի ու վնասի 50 %-ը փոխհատուցվի, գոհ կլինենք: ՈՒնենք անապահով 10 ընտանիք, որոնց օգնում ենք մեր հնարավորության չափով,- ասում է Է. Պետրոսյանը:

«ՑԱՆԿԱՑԱԾ ԼԱՎ ԳԱՂԱՓԱՐ ՍԻՐՈՎ ԿԸՆԴՈՒՆԵՆՔ»
Համայնքի զարգացմանը նպաստող գործոններից են նաև ծրագրերն ու նոր գաղափարները: Է. Պետրոսյանի համոզմամբ` աջակցելու դեպքում լավ գաղափարներն իրենց գլխում էլ են ծնվում: Օրինակ, վատ չէր լինի հատկապես առատ բերքատվության կամ կաթի արտադրության ժամանակ մթերքի պահպանման համար ունենալ սառնարանային տնտեսություն, կամ զբոսաշրջության զարգացման համար ստեղծել նպաստավոր պայմաններ, օրինակ` վերանորոգել դեպի գյուղի պատմամշակութային կոթողներ ձգվող ճանապարհները: Ի դեպ, հայտնի է, որ այս տարածքում մարդիկ ապրել են 4-5 հազար տարի շարունակ և անընդմեջ։ Գյուղի ներկայիս անասնապահական համալիրի հիմքերը փորելիս բացվել են մ.թ.ա. 3-2-րդ հազարամյակների դամբարաններ։ Ցավոք, հնավայրը ոչնչացվել է, իսկ հազվագյուտ գտածոները ձեռքից ձեռք են անցել ու անհետացել։ Գյուղի հյուսիսարևմտյան կողմում մնում են վաղ և ուշ միջնադարյան բնակատեղիների հետքեր, իսկ գյուղի կենտրոնում գտնվող եկեղեցին իր մի մասով միջնադարյան սրբարան է եղել։ Գյուղից 1,5 կմ հարավ մնում են XIII դարում Արարատյան կողմնակալության կողմնակալ-հրամանատար, իշխանաց իշխան Վաչե Ավաչուտյանի կառուցած Արայիի իջևանատան, շրջակայքում՝ երկու ավերակ բնակավայրերի մնացորդներ։ Գյուղից 2 կմ հարավ-արևմուտք դեռ պահպանված են մ.թ.ա. 2-րդ - 1-ին հազարամյակների Արայի բերդ-ամրոցի հիմնային մասերը։


Արայի համայնքում զբոսաշրջիկների համար կարելի է կառուցել տաղավարներ, որտեղ նրանց կմատուցվի գյուղական ուտեստների համեղ տեսականի, զբոսաշրջիկները կգնեն գյուղական մթերքներ, սարերի հոտավետ խոտաբույսեր, շնորհալի կանանց ձեռքի աշխատանքներ: Գյուղի բնակիչը քիչ թե շատ եկամուտ կունենա:
Վատ չէր լինի նաև Արագած սարի հարթ լանջերն օգտագործել դահուկային սպորտի զարգացման համար, կառուցել ճոպանուղի: Արայի չքնաղ բնությունը, ալպիական մարգագետիները, Արագածի գագաթը հաղթահարելու բերկրանքը զբոսաշրջիկներին կգերեին նաև ամռանը:
-Լավ կլիներ երիտասարդ ընտանիքներին բնակարանով ապահովելու հնարավորություն ստեղծվեր, երկարատև, մի տասը տարով մատչելի տոկոսադրույքով վարկեր տրամադրվեին, երիտասարդությունը չէր հեռանա, իսկ գյուղն էլ կլցվեր մանկապարտեզի ու դպրոցի երեխաների աղմուկ-աղաղակով: Վատ չէր լինի նաև գյուղում կամ հարևան գյուղերում մթերման կետեր ստեղծել, որպեսզի մի կետում կաթը մթերվեր, մյուսում՝ միսը, կարտոֆիլն ու հատապտուղները: Գյուղացին տեղափոխման ու ճանապարհի համար շատ գումար չէր ծախսի, առանց այն էլ եղածը ստեղծում է վարկերով: Գյուղացուն պետք է լավ նայել, երկրի կերակրողը նա է,- ասում է Էդիկ Պետրոսյանը:


Անուշ ՆԵՐՍԻՍՅԱՆ

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 1489

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

DiplomatRadio Mao
Natalia Oreiro in Yerevan