Ջեյմի Դեվիս
 

Իսկ ինչու՞ 6 և ոչ 16 միլիոն

Իսկ ինչու՞ 6 և ոչ 16 միլիոն
15.03.2019 | 02:44

«Ես փոքր տարիքում՝ 1993-1994 թվականներին, սարերում նրա համար չեմ կռվել, որ էսօր մի երկու գալուստիկով երիտասարդը նենց պայմաններ ստեղծեն, որ թողնեմ գնամ իմ երկրից»,- վիրավորանքը զայրույթին խառնած՝ մեզ հետ զրույցում ընդգծեց արտարժույթի փոխանակման կետերից մեկի աշխատակիցը։ Եվ այսպես, ֆինանսների նախարարության լավատեսությունը չարդարացավ։ Ավելին, օրերս կառավարության շենքի առջև բողոքի զանգվածային ակցիան փաստեց, որ ֆինանսների նախարարության պաշտոնյաների խոսքը, մեղմ ասած, գործի հետ չի համապատասխանում և սա փաստ է։


Դեռևս 2018-ի նոյեմբերին, երբ ներկայացվում էին «Հարկային օրենսգրքում» սպասվելիք փոփոխությունները, ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանը մեզ հետ զրույցում ասաց, որ գազավորված ըմպելիքների ակցիզային հարկից գները չեն բարձրանա. «Տեղական արտադրողների հետ այդ ուղղությամբ քննարկումները դեռևս շարունակվում են, և նրանց ցանկացած առաջարկ ի գիտություն է ընդունվում։ Այնպես որ, ամեն բան կախված է այդ քննարկումների արդյունքից։ Ինչ վերաբերում է այն մտավախությանը, թե ԱՀ-ի բարձրացմամբ հյութերի գինը կարող է բարձրանալ, ապա այդ մտավախությունը չեմ կիսում։ Կարծում եմ` առանձնապես գնի բարձրացում չի լինի, քանի որ հարկային բեռը մեծ չէ։ Առաջարկվում է ակցիզային հարկը սահմանել 10 %-ի չափով, բայց ոչ պակաս 30 դրամ՝ 1 լիտրի համար։ Ամեն դեպքում, ամեն ինչ կախված է իրավիճակից, մրցակցությունից։

Հնարավոր է, որ արտադրողն այդ ամբողջ ծախսը վերցնի իր վրա, որպեսզի գնի բարձրացում տեղի չունենա»։ Եվ այսպես, եթե արտադրողների հետ նշված քննարկումներն անգամ կայացել են, ապա դատելով վերջին օրերի բողոքներից, պետք է ենթադրել, որ այդ քննարկումների ժամանակ արտադրողների գլխի տակ «փափուկ բարձ» են դրել։ Եթե ոչ, ուրեմն այդ հանդիպումները կրել են զուտ ձևական բնույթ։ Երկրորդ՝ շատ տարօրինակ է, որ ֆինանսների նախարարի տեղակալն իր պաշտոնին ոչ հարիր վերլուծություն է անում։ Անգամ տարրական դասարանի աշակերտի համար էլ պարզ է, որ եթե ակցիզային հարկը տասը տոկոս է կազմելու (30 դրամ՝ մեկ լիտրի համար), ապա մեկ լիտր ըմպելիքը, ինքնաբերաբար, կթանկանա ոչ պակաս, քան 30 դրամով։ Երրորդ՝ ինչու՞ պետք է արտադրողը ավելացած այդ ամբողջ ծախսը վերցնի իր վրա, որպեսզի գները չբարձրանան։ Ի՞նչ նորագույն մոտեցում է սա, աշխարհում ընդունված տնտեսագիտական կանոններում ևս կարծրատիպե՞ր են փորձում կոտրել։ Զավեշտալին այն է, որ այս ամենը ներկայացվում է մարդկանց առողջության պահպանման մտահոգությամբ։ Օստապ Բենդերը կասեր «Почем опиум для народа?»։

Հաջորդ լրջագույն և խնդրահարույց հարցը տարեկան պետտուրքին է առնչվում։ Արտարժույթի փոխանակման կետերի և գրավատների սեփականատերերի ու աշխատակիցների զայրույթը շատ տեղին է։ Առաջարկվող փոփոխությամբ արտարժույթի փոխանակման կետերի տարեկան տուրքը 50 հազարից դառնում է 3 մլն դրամ, իսկ գրավատներինը՝ 100 հազարից՝ 6 մլն դրամ։ Ամենավտանգավորն այստեղ այն է, որ տնտեսաֆինանսական ոչ մի հիմնավորում չի ներկայացվում, թե ինչու, ինչ հաշվարկներից ելնելով են գրավատների և արտարժույթի փոխանակման կետերի համար սահմանել նման աստղաբաշխական թվեր։ Միևնույն ժամանակ նկատենք, որ թեև առևտրային բանկերի համար ևս բարձրացել է տարեկան պետտուրքի չափը, այնուհանդերձ, դա խիստ մեծ չէ, հաշվի առնելով բանկերի մեծ կապիտալիզացիան։ Նման մոտեցումը ինքնին նշանակում է, որ խնդիրներ են ստեղծվելու այս ոլորտի փոքր և միջին բիզնեսի համար։ Ինչու՞։ ՈՒ՞մ է դա պետք։ Այս ֆոնի վրա շատ տրամաբանական է, երբ գրավատների և փոխանակման կետերի աշխատակիցներն ասում են, որ այդպիսով պետությունն ուզում է իրենց դուրս մղել դաշտից և մեծացնել խոշոր ֆինանսական կառույցների դերը։


Իսկ գուցե բողոքող կողմը սխալվու՞մ է, և այն խնդիրները, որոնք մատնանշվում են, չե՞ն կարող առաջանալ։ Գուցե այդպիսով պետությունը փորձում է օրինականացնել հնարավոր մեծ եկամուտները, որոնք կարող են ունենալ նշված փոքր ֆինանսական հիմնարկները։ Սրանից ելնելով, փորձեցինք հասկանալ, թե տարեկան որքան եկամտահարկ է վճարում, ասենք, 2 քմ տարածք ունեցող արտարժույթի փոխանակման կետը Երևանի կենտրոնական հատվածներից մեկում։ «Մենք տարեկան վճարում ենք 30 տոկոս եկամտահարկ։ Ճիշտ է, «Հարկային օրենսգրքում» առաջարկվող փոփոխությունների համաձայն, այն կազմելու է 20 տոկոս։ Ըստ երևույթին, պետական պաշտոնյաները մտածել են, որ եթե եկամտահարկի տոկոսն իջեցնում են, ապա այն կոմպենսացնելու համար պետք է բարձրացնել պետտուրքի չափը։ Սակայն սրանք անհամեմատելի են գումարային առումով։ Մեր եկամտային հարկը տարբեր տնտեսավարողների մոտ, ըստ փոխանակման կետերի մեծության, միջինը տարեկան կազմում է 500-ից մինչև 1 մլն դրամ, քանի որ առք ու վաճառքի մարժան շատ է նեղացել, և մենք այսօր առք ու վաճառք ենք իրականացնում 0,5 և 1 կետային մարժաներով։ Հիմա նախատեսվող պետտուրքի 3 մլն դրամը 60 անգամ ավելի է։ Գրավատները, արտարժույթի փոխանակման կետերի նման, ունեն միայն մեկ գործիք և աշխատում են այդ գործիքով։

Այսինքն, փոխանակման կետերը միայն արտարժույթի և դրամի կանխիկ առք ու վաճառք են իրականացնում, իսկ գրավատները ունեն դրամով գրավ դնելու գործիք։ Այսինքն, առևտրային բանկերի և ունիվերսալ վարկային կազմակերպությունների գործիքները բազմազան են։ Այս իրավիճակում, երբ համահարթեցում է գնում, սա արդեն կողմնապահություն է։ Չպետք է մոռանալ, որ բանկերի կապիտալիզացիան 37 մլն դրամ է, սակայն վերջիններիս պետտուրքի չափը 3,5 մլն-ից պետք է դառնա 7 մլն դրամ։ Հիմա պատկերացրեք՝ ինչ տեղի կունենա, եթե փոքրերի և խոշորների միջև համահարթեցման նշան դրվի։ Մենք ստիպված կփակվենք, աշխատատեղեր կկորցնենք»,- մեզ հետ զրույցում այսպես էին իրենց մտահոգությունն արտահայտում գրավատների և արտարժույթի փոխանակման կետերի աշխատակիցները։
Եվ այսպես, «Հարկային օրենսգրքի» փոփոխությունները դրված են օրենսդիրի սեղանին։ Բողոքավորների կռիվը, ըստ երևույթին, կշարունակվի արդեն ԱԺ-ում։ Քննարկումը թեժ կլինի, սակայն սա չէ կարևորը, կարևորն այն է՝ բարձրացված խնդիրը լուծում կստանա՞, թե՞ ոչ։ Մի կողմից իշխանությունը կարևորում է փոքր և միջին գործարար խավի «առողջացման» հարցը, մյուս կողմից, «վիրուսակիր» օրենքներ են ներմուծվում դաշտ, ինչը կարող է «ախտահարել» ներդրողներին։ Բնականաբար, ցանկացած ներդրող կարևորում է այն մոտեցումը, որ ցուցաբերում է պետությունը իր գործարար խավի նկատմամբ։


Ժասմեն ՎԻԼՅԱՆ

Դիտվել է՝ 297

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

DiplomatRadio Mao
Natalia Oreiro in Yerevan