Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

«Նախիջևանյան հուշարձանների կործանման գործում ևս բարոյական պատասխանատվություն

«Նախիջևանյան հուշարձանների կործանման գործում ևս բարոյական պատասխանատվություն
15.03.2019 | 02:59

«Իրատես»-ի գլխավոր խմբագիր Փիրուզա Մելիքսեթյանին


Հարգարժան խմբագիր, Նախիջևանի հուշարձանների վերաբերյալ ԱՄՆ-ի «Hyperallergic» («Հայպերալերգիկ») ամսագրում լույս տեսած հոդվածի առիթով, հատուկ «Իրատես»-ի համար հարցազրույց էի տվել լրագրող Գարիկ Ավետիսյանին։ Ցավոք, Ավետիսյանն առանց իմ գիտության, ինչպես և կրճատված տարբերակով ու այլ վերնագրով սույն հարցազրույցը տրամադրել է նաև այլ լրատվամիջոցի: Սա համարելով լրագրողական էթիկայի և հեղինակային իրավունքի խախտում, որն ամենայն հավանականությամբ, լրագրողի կողմից կատարվել է անգիտակցաբար, խնդրում եմ Ձեր տրամադրության տակ գտնվող հարցազրույցը հրապարակել և այս խոսքս էլ հրապարակել որպես հավելում։
Հարգանքներով՝ Արգամ ԱՅՎԱԶՅԱՆ
13.03.2019

ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, մի շարք մրցանակների դափնեկիր, Գրական փաստագրության միջազգային ակադեմիայի ակադեմիկոս, հայագետ ԱՐԳԱՄ ԱՅՎԱԶՅԱՆԻ գիտական գործունեության վերաբերյալ այսպիսի գնահատանքով են անդրադարձել բազմամիլիոն ընթերցողներ ունեցող Նյու Յորքի մշակութային առաջատար պարբերական «Hyperallergic» («Հայպերալերգիկ») ամսագրում ս/թ փետրվարին Սիմոն Մաղաքյանն ու Սառահ Փիքմանը իրենց հրատարակած «Վարչակարգը թաքցնում է բնիկ հայոց մշակույթի ավերումը» կարևոր հոդվածում, ինչպես և Հ1-ի փետրվարի 20-ի «Լուրեր»-ին տված իր հարցազրույցում Ս. Մաղաքյանը։ Նախիջևանի պատմության ու մշակույթի, արվեստի ու ազգագրության, վիմագրության ու լեզվի, քանդակագործության ու ճարտարապետության, հայագիտական այլևայլ խնդիրների վերաբերյալ անխոնջ գիտնականի ավելի քան կեսդարյա գիտական գործունեությունը ավելի քան արժանվույն են գնահատել հեղինակները։
Ա. Այվազյանը Նախիջևանի վերաբերյալ հրատարակած ավելի քան 250 գիտական ու գիտահանրամատչելի հոդվածների, 48 առանձին գրքերի հեղինակ է, հանրածանոթ և հանրային անհատ։ «Hyperallergic»-ում հրապարակված հոդվածի առիթով էլ նա «Իրատեսի» հյուրն է։

-Պարոն Այվազյան, վերջերս ԱՄՆ-ի մշակութային առաջատար պարբերականներից «Hyperallergic» («Հայպերալերգիկ») ամսագիրը հրատարակել է Սիմոն Մաղաքյանի և Սառահ Փիքմանի «Վարչակարգը թաքցնում է բնիկ հայոց մշակույթի ավերումը» ծավալուն և փաստավավերագրական հոդվածը։ Հեղինակների փաստմամբ` այդ կարևոր հրապարակմանը օժանդակություններ ցուցաբերած մասնագետներից եք նաև Դուք։ Հակիրճ պատմեք,, խնդրեմ, Ձեր համագործակցության մասին։
-Նախ, սխալված չեմ լինի, եթե փաստեմ, որ Նյու Յորքի մշակութային «Hyperallergic» ամսագրի այդ վերլուծական հրապարակումով միջազգային հանրությանն առաջին անգամ է հանգամանալից ներկայացվում է 1997-2006 թթ. Ադրբեջանի պետական քաղաքականությամբ վանդալիզմի ենթարկված Նախիջևանի հայկական հուշարձանների իրողությունը։ Փաստավերլուծական այդ հոդվածը, հրապարակվելուց անմիջապես հետո, հայտնվել է և, կարծում եմ, առաջիկայում էլ կգտնվի այլ լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում։ Օրինակ, այդ հրապարակմանն արդեն անդրադարձել են գերմանական «Perlintaucher.de Das Kulturmagazin»(18.02.2019), ԱՄՆ-ում հրատարակվող «The California Courier»(26.02.2019), «Ջիհադ Watch» «իսլամաֆոբիկ» հեղինակավոր կայքը և այլ լրատվամիջոցներ։ Հայաստանի մի քանի լրատվամիջոցներ («Mediamax», Հ1, «Առավոտ») ևս անդրադարձել են այս հրապարակմանը։ Կարծում եմ` այն պետք է թարգմանվի և հայ ընթերցողի համար տպագրվի հայաստանյան որևէ պարբերականում։
Ինչ վերաբերում է այդ հոդվածի հեղինակների հետ իմ համագործակցությանը, ապա պիտի նշեմ, որ ԱՄՆ-ի Ելի համալսարանի դասախոս, պատմական գիտությունների թեկնածու Սառահ Փիքմանին չեմ ճանաչում, իսկ Սիմոն Մաղաքյանին ճանաչում եմ 10 տարուց ավելի՝ նրա ուսանողական տարիներից, ակտիվ ու պարբերաբար նամակագրական կապեր ու հեռախոսազրույցներ ենք ունեցել նախիջևանյան հուշարձանների զանազան խնդիրների վերաբերյալ, տրամադրել եմ նրան հետաքրքրող անհրաժեշտ տեղեկություններ ու փաստավավերագրական լուսանկարներ, որոնցից մի քանիսը տպագրվել են նաև այդ հոդվածում։ 2013-ին հանդիպել ենք նաև Երևանում։ Նա 15 տարի է, ինչ բնակվում է ԱՄՆ-ում և քաղաքագիտություն է դասավանդում Կոլորադոյի համալսարանում։ Պիտի փաստեմ նաև, որ Սփյուռքում գործող հայագետների, ծագումով հայ մտավորականների թվում առհասարակ, Ս. Մաղաքյանը եզակի անձնավորություն է, աննահանջ ու հետևողականորեն հետամուտ է լինում նախիջևանյան մշակութային արժեքների եղեռնագործությունը դատապարտելու գործին։ Այդ նպատակով նա 2006-ին պատրաստեց «Արաքսի նոր արտասուքը» տեսաֆիլմը, 2007-ին հայտնի «History today» պարբերականում հրատարակեց «Սուրբ քարերի լռությունը Ադրբեջանում» հոդվածը։ 2007-ին հիմնադրել է https://www.djulfa.com/the_Story/ կայքը, որտեղ հետևողականորեն տեղադրում է Նախիջևանին վերաբերող զանազան նյութեր։ Նրա նախաձեռնությամբ Ջուղայի խաչքարերից մեկի պատճենված կրկնօրինակը կանգնեցվել է Կոլորադոյի նահանգի խորհրդարանի շենքի բակում։
Ի միջի այլոց, նրա ավագ քույրը՝ ռեժիսոր և լրագրող Արփի Մաղաքյանը, Սիմոնի հոդվածի հրապարակումից հետո «Mediamax»-ում փետրվարի 19-ին հրապարակեց «Նախիջևանի մշակութասպանդն ու եղբորս սրտի բացը» հետաքրքիր հոդվածը։ Այդ հոդվածում Արփին շատ իրավացիորեն գրել է. «Սիմոնի անսահման սերը և հետաքրքրությունը հայկականությամբ այնքան փոքր հասակից է սկսվել, որ դժվարանում եմ հիշել՝ երբ ու ինչից սկսվեց։ Միայն հիշում եմ, որ դպրոցի դասերը պատրաստելուց հետո բակ դուրս գալու փոխարեն հայոց պատմության, ցեղասպանությունների, պատմաքաղաքական թեմաներով գրքեր էր կարդում, և երբ փորձում էինք համոզել, որ մաքուր օդ շնչելու համար գոնե դուրս գա, զայրանում էր, ասելով որ իրեն հանգիստ թողնենք, ինքն այդպես է հանգստանում։
Մինչ օրս ես պահում եմ նրա պատանեկան տարիների բանաստեղծությունների տետրը, որտեղ մեր պապերի քաղաք ՈՒրֆայի մասին բանաստեղծություններ կան (ենթադրում եմ, որ ինքը մոռացել է այս տետրի գոյության մասին)։
Թերևս, հայրս է, որ վարակել էր իրեն ու մեզ խելագար սիրով դեպի մեր հողը, մեր արմատները, մեր խաչքարերը, մեր մշակույթը»։
Խոստովանեմ, որ Արփիի հոդվածը կարդալիս հուզվեցի, քանզի հիշեցի իմ մանկության ու պատանեկության, դպրոցական տարիները, որ հար և նման են Արփիի վերհուշին։ Այստեղ նշեմ նաև այն հանգամանքը, որ այդ հոդվածի հրապարակումը, որի վրա հեղինակներն աշխատել են մեկ տարուց ավելի 2017-ին, նախապես մեկ այլ հրատարակչի՝ «History Today» լոնդոնյան ամսագրի համար էր նախատեսված։ Սակայն նրա հրապարակումը 2018-ին, բախվելով Ադրբեջանի ստեղծած խոչընդոտներին, հրատարակվեց միայն 2019-ին` «Hyperallergic» ամսագրում։ Հոդվածի հրապարակման այսպիսի խոչընդոտումը ինձ ինչ-որ տեղ հիշեցնում է 1970-ական թվականները, երբ Երևանում՝ Նախիջևանի վերաբերյալ գրած իմ հոդվածները խմբագրությունից խմբագրություն էի տանում և մի քանի ամիս հետո, զանազան մերժումներով, հետ վերցնում։ Միով բանիվ, Ադրբեջանն աշխատում է հետևողականորեն և բոլոր ճակատներով, իսկ մենք... Ժողովրդական լեզվով ասած՝ տերովին տերն է տարել, անտերին՝ գելը։
-Հոդվածում փաստեր են բերված նաև այն մասին, որ Նախիջևանի հայկական վանքերի ու եկեղեցիների տեղերում արդեն ադրբեջանական մզկիթներ են կառուցվել։ Ի՞նչ կասեք այս մասին։
-Միանգամայն ճիշտ է։ Այդ մասին իմ հոդվածներում ու հարցազրույցներում, հեռուստահաղորդումներում բազմիցս եմ նշել։ Ադրբեջանը պետականորեն մշակված ծրագրով, 20-25 զինվորներից կազմված խմբերով հիմնահատակ պայթեցրել և գետնի երեսից վերացրել է հայկական բոլոր եկեղեցիները, գերեզմանատներն ու խաչքարերը, այլևայլ հուշարձաններ, որոնց թիվը անցնում էր 27 հազարից։ Վերջին տարիներին ընթերցողը լրատվամիջոցներից քաջատեղյակ է, թե ադրբեջանական շուրջ 70-80 զինվորներ ինչպես են կոտրատելով ու խճաքարերի վերածելով Հին Ջուղայի ավելի քան 4500 հոյակերտ խաչքարերն ու խոյաձև տապանաքարերը Արաքս գետը լցրել։ Վերջին տարիներին էլ՝ 2008-2017 թթ., Նախիջևանի մի շարք բնակավայրերի, օրինակ, Ագուլիսի, Աբրակունիսի եկեղեցիների տեղերում կառուցել են մզկիթներ, մի մասի տեղերում՝ դպրոցներ ու այլ շինություններ, իսկ աշխարհիկ հուշարձանների մի մասն էլ արդեն սկսել են աղավաղել և ներկայացնել որպես ադրբեջանական հուշարձաններ։ Օրինակ, վաղ միջնադարյան և հռչակավոր Երնջակ բերդի ավերակ շինությունները աղավաղելով վեր են ածել տուրիստական հանգրվանի, Նախիջևան քաղաքում Նոյի անվամբ կառուցել են դամբարան և վերածել թանգարանի։ Ցավոք, այսպիսի օրինակները շատ են։
-Շատ ցավալի փաստեր են։ Հետաքրքիր է` Հայաստանի պատկան մարմինները և առհասարակ մեր գիտական ու մտավորական շրջանակներն ի՞նչ դիրքորոշում ունեն այս առնչությամբ։
-Ցավալի ու մտատանջող հարց եք տալիս։ Խնդրի մասին հրապարակավ բազմիցս եմ արտահայտվել։ Այնուամենայնիվ, եթե համառոտ ասեմ, ապա պիտի նշեմ, որ մենք, մի քանի բացառություններից զատ, ոչինչ չարեցինք ազգովին։ Թող ամենևին խիստ չթվա ասածս, քանզի մեր ազգային ու պետական աններելի անտարբերությունն էր, որ Ադրբեջանին իրավունք տվեց 1997-2006 թթ. անարգել վանդալիզմի ենթարկել հայոց բազմադարյան նյութական մշակույթի նախիջևանյան հուշարձանները և պատասխանատվության չենթարկվել։ Ցավոք, դա արդեն պատմական անհերքելի փաստ է։ Այնպես որ, նախիջևանյան հուշարձանների կործանման գործում Հայաստանը ևս բարոյական պատասխանատվություն է կրում և այս անտարբերության ու անգործության համար սերունդները մեզ հաստատապես չեն ներելու։
Մաղաքյանն ու Փիքմանը իրենց հոդվածում իմ տասնամյակների աշխատանքը համարում են լեգենդար, ինձ` աշխարհի լռությունը դատապարտողի. «Նախիջևանի հայկական անցյալի ոչնչացումը նավթով հարուստ Ադրբեջանի կողմից նրան ավելի վատն է դարձնում, քան «Իսլամական պետությանը», սակայն ՅՈՒՆԵՍԿՕ-ն և արևմտյան երկրների մեծ մասը չտեսնելու են տալիս»։ «Իսլամական պետության» կողմից քանդված կառույցները, ինչպես Պալմիրան, կարող են վերականգնել, պնդում է Այվազյանը, սակայն «այն ամենը, ինչ մնացել է Նախիջևանի հայկական եկեղեցիներից և խաչքարերից, որոնք գոյատևել էին երկրաշարժերից, խալիֆներից, Թամեռլանից և Ստալինից հետո, իմ լուսանկարներն են»։
Վերոնշյալ ասածներս փաստելու համար մի քանի իրողություններ։ Այսպես.
ա) Ադրբեջանական լոբբին վերջին 15-20 տարիներին հետևողական աշխատանքներ է կատարում, որպեսզի ռուսական, եվրոպական, ամերիկյան կենտրոնական լրատվամիջոցներում հակաադրբեջանական նյութեր չհրապարակվեն։ Ավելին, ամեն ինչ գործադրելով կաշառում են օտարազգի հեղինակներին, որպեսզի նրանք հանդես գան Հայաստանը և հայկական մշակույթը պախարակող հրապարակումներով։ Նշեմ նաև, որ այսպիսի աշխատանքներն իրականացվում են պետականորեն, միլիոններ են ծախսվում։
բ) Ի տարբերություն Հայաստանի նախագահների, Ալիևների ստեղծած հիմնադրամի միջոցներով ամեն տարի Ադրբեջանի պատմությունն ու մշակույթը պրոպագանդող, կեղծիքներով առլեցուն օտարալեզու գրականություն է տպագրվում և անվճար առաքվում աշխարհի առաջատար երկրների գիտական, ուսումնական, քաղաքական ու միջազգային այլևայլ կենտրոններին ու կազմակերպություններին։
գ) Ադրբեջանի ղեկավարությունը, վարպետորեն տիրապետելով իրենց երկրի հեղինակությունն ապահովելու և գործած հանցանքները կոծկելու, անհրաժեշտ կազմակերպություններին ու պատասխանատուներին կաշառելու արվեստին, վերջին տարիներին պարբերաբար կաշառում է Եվրամիության հանձնաժողովների անդամներին, ՅՈՒՆԵՍԿՕ-ում և այլ կազմակերպություններում կարևոր դերակատարում ունեցող մարդկանց։ Օրինակ, Ադրբեջանը նախիջևանյան հուշաձանների եղեռնագործությունն անտեսելու և Հայաստանի բողոքներն անհետևանք թողնելու համար ՅՈՒՆԵՍԿՕ-ին առատաձեռն փոխանցումներ էր կատարում։ Ավելին, ՅՈՒՆԵՍԿՕ-ի նախկին ղեկավար Իրինա Բոկովային կաշառելու նպատակով նրա ամուսնու հաշվեհամարին գումարներ է փոխանցել։ Նույն ձեռագիրն է նաև Բոկովային նախորդող ՅՈՒՆԵՍԿՕ-ի ղեկավար Կոիչիրո Մածուրանի պարագայում, որն այժմ Ադրբեջանի պրոպագանդիստական «Բաքվի բազմամշակութայնության կենտրոնի» հոգաբարձուների խորհրդի անդամ է:
Ասացեք, խնդրեմ, Հայաստանի ո՞ր նախագահն է այսպիսի հոգատարություն ցուցաբերել մեր երկրի մշակույթի միջազգային հեղինակությունն ապահովելու գործում։ Մեր նախագահներն ու այլ չինովնիկներ, ի տարբերություն Ադրբեջանի ղեկավարների, անկուշտների ու չտեսների նման լցրել են միայն սեփական գրպանները, և սա մեծ, շա՜տ մեծ ամոթ է։
դ) Մեկ այլ փաստ նշեմ։ 2007 թ. նոյեմբերին Հարվարդի համալսարանում իմ «Նախիջևան. պատմաճարտարապետական, մշակութային վկայախոս-նշխարների գիտահեղինակային լուսանկարների ցուցահանդեսի» բացմանը նախորդած 6-7 ամիսներին՝ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը, ԱՄՆ-ում Ադրբեջանի դեսպանատունը Հարվարդի համալսարանի ղեկավարության, ձեռնարկի հովանավորի վրա ճնշումներ էին գործադրում, որպեսզի այն չբացվի։ Ի հեճուկս Ադրբեջանի գործադրած ջանքերի, ցուցահանդեսի բացումը եղավ, և ցուցադրությունը տևեց 18 օր։ Ի հակադրություն այդ ուղղությամբ Ադրբեջանի եռանդուն, բայց և այնպես անարդյունք ջանքերի, ամերիկահայ համայնքային ու ազգային կազմակերպությունները՝ ԱՄՆ-ի հայ դատի գրասենյակը, Կալիֆոռնիայի հայագիտական ամբիոնը, թերթերն ու եկեղեցին աններելի պասիվություն ցուցաբերեցին։ Ահա մեր ու հակառակորդի գործունության միջև առկա տարբերությունները։
ե) Նշեմ մեկ այլ փաստ։ Երբ 1997-2006 թթ. Ադրբեջանը ոչնչացնում էր Նախիջևանի հուշարձանները, Երևանում էլ՝ 2006 թ. ոչնչացվեցին հենց այդ հուշարձանների մասին իմ գրած և 1990 թ. տպագրված եռալեզու (հայերեն, անգլերեն, ռուսերեն) իմ «Նախիջևան. Գիրք հուշարձանաց» հատորի 30 հազար տպաքանակի 26 հազար պատրաստի օրինակները։ Այս գրքի ծավալի ու ծախսերի վերաբերյալ մոտավոր կամ ամբողջական պատկերացում կազմելու համար նշեմ, որ այն 21x26 սմ չափսի, 39 պայմանական-տպագրական մամուլ ծավալով (368 մեծադիր էջ) ունեցող գիրք է: ՈՒնի կոշտ (N7) կազմ և սուպերշապիկ: Հատորում տպագրված են Նախիջևանի պատմական գավառների հուշարձաններից (վանքեր, եկեղեցիներ, կամուրջներ, խաչքարեր, բերդեր, տապանաքարեր, ժայռապատկերներ, որմնանկարներ, հնագիտական իրեր) 65-ի հատակագիծ-չափագրությունները և 400 լուսանկարներ, որոնցից 250-ը` գունավոր տպագրությամբ: Նկատենք. պատկերազարդ և գունավոր տպագրությամբ, մինչ այդ ոչ միայն Նախիջևանի վերաբերյալ, այլև առհասարակ Հայաստանում տպագրված այդօրինակ գրքերի թվում հատորը եզակիներից մեկն էր, որի 30000 տպաքանակի համար օգտագործվել էր ավելի քան 35 տոննա կավճապատ (120 գր.) թուղթ, մի քանի տոննա ստվարաթուղթ, մոտ 8000 մ քաթանատիպ լիդերին: Այնպես որ, այդ ծախսաշատ հատորը լույս աշխարհ բերելու համար օգտագործվել էին բազմամիլիոն պետական միջոցներ: Իսկ այս ամենը, ինչպես տեղին է ասել, ոչնչացվել է խղճի խայթ ու պատասխանատվություն չունեցող հայ մարդկանց ձեռքով, որոնցից և ոչ մեկին պատասխանատվության չենթարկեցին։ Ասել է` այդ գործում ադրբեջանական ու հայկական վանդալիզմները գտնվել են հավասար հորիզոնականներում։ Այնպես որ, ոչ մի հույս չկա, թե Հայաստանը իրապես կարող է հետամուտ լինել և Ադրբեջանին պատասխանատվության ենթարկել։
-Մաղաքյանի հոդվածում խոսվում է այն մասին, որ նրան աջակցություն են ցույց տվել նաև ադրբեջանցիներ՝ իրավապաշտպան, պատմաբան Արիֆ Յունուսն ու մեկ ուրիշ պատմաբան, որը չի ցանկացել ներկայանալ։ Խոսք կա նաև գրող Աքրամ Այլիսլիի Հ. Ալիևին հղած հեռագրի մասին։ Ի՞նչ կասեք այս առնչությամբ։
-Միանգամայն ճիշտ է։ Ադրբեջանում ողջ բնակչությունը չէ, որ հակահայկական դիրքորոշում ունի։ Կան նաև առողջ դատողություն ու խաղաղասեր դիրքորոշում ունեցող մտավորականներ, թեպետ նրանց թիվն այնքան էլ մեծ չէ և, հասկանալի պատճառներով, բացեիբաց չեն կարողանում արտահայտվել։ Հիշենք, օրինակ, այն փաստը, որ 1990 թ. Բաքվի իշխանությունների կազմակերպած հայության ջարդ-եղեռնագործությունների ժամանակ գտնվեցին ադրբեջանցիներ, որոնք, անտեսելով իրենց կյանքին սպառնացող վտանգը, հարևան և ընկեր հայերի թաքցնելով` փրկեցին և ապա օգնեցին նրանց անվնաս հեռանալու Բաքվից։ Այնպես որ, Ադրբեջանի շարքային քաղաքացիների մի մասն ամենևին էլ ալիևներ ու սաֆարովներ, ազգայնամոլ ու հայատյաց թշնամիներ չէ։
Ինչ վերաբերում է հումանիստ գրող Աքրամ Այլիսլիին, ապա նա իրապես ցավ է ապրել, երբ Ագուլիսի եկեղեցիները ոչնչացրել են Նախիջևանի զինուժի միջամտությամբ։ Նա այդ առիթով 1997 թ. հունիսի 10-ին Վերին Ագուլիսից հեռագրել է Ադրբեջանի նախագահ Հ. Ալիևին և խնդրել, որ դադարեցնեն այդ վայրագությունները։ Ավա՜ղ, ադրբեջանական պետական վանդալիզը չկասեցվեց։ Հետագայում՝ 2012 թ. վերջերին Մոսկվայի «Դրուժբա նարոդով» ամսագրի 12-րդ համարում հրապարակած իր «Քարե երազներ» վիպակում Այլիսլին հարևանցիորեն ակնարկում է նաև Ագուլիսի եկեղեցիների ավերման փաստը, որտեղ նշում է, որ իբր Ագուլիսի այժմյան բնակիչներին (ադրբեջանցիներին) անհայտ է, թե երբ են դրանք կառուցվել և երբ ավերումների, փլատակների վերածվել: Հստակ է, որ սրտացավ հեղինակը, հասկանալի պատճառներով, չէր կարող իրողությունը գրել, առավել ևս՝ խոսել այդ հանցագործությունները կազմակերպած պարագլխին հղած իր հեռագրի մասին։

Հարցազրույցը`
Գարիկ ԱՎԵՏԻՍՅԱՆԻ

Լուսանկարներ

. .
  • Աբրակունիսի Ս. Կարապետ վանքի եկեղեցին  1970-ական թվականներին (լուս.՝ Ա. Այվազյանի)
  • Հին  Ջուղայի գերեզմանատան տարածքի 2006 թ.  զինվորական հրաձգարանի վերածված  տեսքը
Դիտվել է՝ 1028

Մեկնաբանություններ