Ջեյմի Դեվիս
 

Գերագույն հոգևոր խորհուրդն ավարտել է աշխատանքները

Գերագույն հոգևոր խորհուրդն ավարտել է աշխատանքները
15.03.2019 | 18:17

Մարտի 12-14-ը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, տեղի ունեցավ Գերագույն հոգևոր խորհրդի ժողովը ընդլայնված կազմով:


Ժողովի նիստերն ատենապետեցին Արևմտյան Եվրոպայի Հայրապետական պատվիրակ Գերաշնորհ Տ. Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը, ԱՄՆ Հայոց Արևմտյան թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանը և Արցախի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը:
Եռօրյա ժողովի օրակարգում ընդգրկված էին Եկեղեցու վարչական, կազմակերպա-իրավական, կանոնական, կարգապահական, սոցիալական և Եկեղեցու առաքելության արդյունավորմանն առնչված այլ հարցեր:


Ժողովի սկզբում անդրադարձ կատարվեց մարտի 8-ին վախճանված Կոստանդնուպոլսի Հայոց Պատրիարք երջանկահիշատակ Տ. Մեսրոպ արքեպիկոպոս Մութաֆյանի վերջին օծման և հուղարկավորության արարողություններին: Տեղեկացվեց, որ առաջիկա օրերին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի պատվիրակությունը կմեկնի Ստամբուլ մասնակցելու Մեսրոպ Պատրիարքի հուղարկավորությանը և սգացյալ ժողովրդին փոխանցելու Ամենայն Հայոց Կաթողիկոսի վշտակցության խոսքը: Պատվիրակության կազմում ընդգրկված են Գերաշնորհ Տ. Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը, Գուգարաց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանը և Մայր Աթոռի դիվանապետ Գերաշնորհ Տ. Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը:


Ազգային-Եկեղեցական ժողովի գումարման կազմակերպչական աշխատանքների ընթացքի մասին զեկույցով հանդես եկավ կազմակերպիչ հանձնախմբի ատենապետ Գերաշնորհ Տ. Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը` հանգամանորեն ներկայացնելով կազմակերպիչ հանձնախմբի, օրակարգի հարցերի նախապատրաստման նպատակով ստեղծված 7 հանձնախմբերի աշխատանքների ընթացքը:


ԳՀԽ անդամները լսեցին նաև Մայր Տաճարի վերանորոգության ընթացքի մասին զեկույցը: Տաճարի վերանորոգության նախագծի ճարտարապետ Ամիրան Բադիշյանը և Մայր Աթոռի գլխավոր ճարտարապետ Արա Վարդանյանն անհրաժեշտ լուսաբանությունները տվեցին տաճարի ամրակայման և վերանորոգության, նաև հընթացս աշխատանքների ծագող նոր խնդիրների մասին: Տեղեկացվեց, որ տաճարի ներքին աշխատանքները ծրագրվում է ավարտել 2020-ին: Նկատի ունենալով Ազգային-Եկեղեցական ժողովի նախապատրաստական աշխատանքների ծավալը և ժամանակատարությունը, Մայր Տաճարի վերանորոգման ընթացքը` Գերագույն հոգևոր խորհուրդը Ամենայն Հայոց Կաթողիկոսի գլխավորությամբ որոշեց Ազգային-Եկեղեցական ժողով գումարել 2020-ի նոյեմբերի 1-8-ը: Մայր Տաճարի նորոգության պատճառով նպատակահարմար նկատվեց Ամենայն Հայոց Կաթողիկոսի գահակալության 20-ամյակին նվիրված հանդիսությունները ևս անցկացնել առաջիկա տարի:
Ժողովի ընթացքում անդրադարձ կատարվեց Եկեղեցի-պետություն հարաբերություններին, տեղեկացվեց ՀՀ վարչապետի հրամանով ստեղծված աշխատանքային խմբի մասին, որի նպատակն է առավել զորացնել եկեղեցի-պետություն գործակցությունը ի նպաստ երկրի հզորացման: Գոհունակությամբ լսելով զեկույցը` ԳՀԽ անդամները կարևորեցին պետության հետ գործակցությունը և հաջողություններ մաղթեցին նորակազմ աշխատանքային խմբի աշխատանքներին:


Գերագույն հոգևոր խորհուրդը զեկույց լսեց Հայոց Եկեղեցու գործառնությունների բարելավման ծրագրի ընթացքի վերաբերյալ, որը համակարգվում է «Դավիդյան» հիմնադրամի նախագահ և բարեգործ Ասո Դավիդյանի կողմից: Տեղեկություններ տրվեցին կատարված աշխատանքի և առաջիկա անելիքների մասին։ Վերջում Վեհափառ Հայրապետը Գերագույն հոգևոր խորհրդի անունից գնահատանք հայտնեց համակարգող խմբին իրենց ջանադիր ծառայության համար։


Կոմիտաս Վարդապետի և Հովհաննես Թումանյանի ծննդյան 150-ամյակներին նվիրված միջոցառումների ծրագիր-առաջարկ ներկայացրեց հոբելյաններին նվիրված միջոցառումների կազմակերպման հանձնախմբի ատենապետ Գերաշնորհ Տ. Անուշավան եպիսկոպոս Ժամկոչյանը: Քննարկումների արդյունքում Գերագույն հոգևոր խորհուրդը որոշեց տարվա կտրվածքով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում և թեմերում կազմակերպել հիշատակի արարողություններ և հոգևոր-մշակութային, գիտակրթական, գեղարվեստական, ճանաչողական միջոցառումներ:


2019-ը Ամենայն Հայոց Կաթողիկոսը հռչակել է որպես Ընտանիքի տարի: Այս շրջանակներում ժողովականները անդրադարձ կատարեցին հայ ընտանիքի առջև ծառացած արդի խնդիրների հաղթահարման գործում Հայոց Եկեղեցու հովվական առաքելությանը հայրենիքում և սփյուռքում` որդեգրելով Մայր Աթոռի և թեմերի կողմից իրականացվելիք մի շարք հոգևոր, սոցիալական, գիտաճանաչողական, հովվական, քարոզչական ծրագրեր:
Գերագույն հոգևոր խորհրդի անդամներին ներկայացվեց նաև Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի 2018-ի գործունեության տեղեկագիրը: Ժողովականները քննության առան նաև Մայր Աթոռի գործունեության ֆինանսական հաշվետվությունը և Վերստուգիչ հանձնախմբի տարեկան զեկույցը: Գերագույն հոգևոր խորհրդի ժողովն ավարտվեց Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնության խոսքով և «Պահպանիչ» աղոթքով:

Դիտվել է՝ 194

Մեկնաբանություններ

DiplomatRadio Mao
Natalia Oreiro in Yerevan