«Ռուսաստանին ռազմավարական պարտության հասցնելու համար Հավաքական Արևմուտքը, ՈՒկրաինայից հետո, ձգտում է ապակայունացնել իրավիճակը հետխորհրդային տարածքի այլ հատվածներում, այդ թվում՝ Հարավային Կովկասում, խարխլելու Ռուսաստանին տարածաշրջանի երկրների հետ կապող դաշինքային և գործընկերային հարաբերությունները: Ռուսաստանը կշարունակի զարգացնել փոխադարձ հարգալից և փոխշահավետ համագործակցություն տարածաշրջանի բոլոր պետությունների հետ»,- ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։                
 

ԱՄՆ Պետդեպը 2018-ի զեկույցում բարելավումներ է արձանագրում Հայաստանում մի շարք ոլորտներում

ԱՄՆ Պետդեպը 2018-ի զեկույցում բարելավումներ է արձանագրում Հայաստանում մի շարք ոլորտներում
16.03.2019 | 01:14

Փաշինյանի կառավարությունը նոր թափ հաղորդեց 2008-ի նախագահական ընտրություններից հետո տեղի ունեցած իրադարձությունների հետաքննությանը՝ մեղադրանքներ ներկայացնելով մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների, փաստում է ԱՄՆ Պետդեպարտամենտի այս տարվա զեկույցը՝ Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության վերաբերյալ: Զեկույցն արձանագրում է, որ անցած ամիսներին ՀՔԾ-ն Մարտի 1-ի հանգամանքները պարզելու համար մի շարք նոր քրեական գործեր է հարուցել, մեղադրանքներ են առաջադրվել սահմանադրական կարգի տապալման, պաշտոնական դիրքի չարաշահման, կտտանքների, կաշառատվության ու Մարտի 1-ի հետաքննության ապացույցները կեղծելու համար: Փաստելով, որ նոր կառավարությունը քայլեր է ձեռնարկում՝ պատասխանատվության ենթարկելու մեղավորներին, Պետդեպարտամենտը մեջբերում է Եվրախորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչի արձագանքը. «Այդ քայլերը պետք է արվեն զգույշ և խստորեն համապատասխանեն օրենքի գերակայությանը, դատարանների անկախությանը, թափանցիկությանը՝ խուսափելու հնարավոր վրեժխնդրության կամ ընտրովի արդարադատության մեղադրանքներից»:


Նախորդ տարիներին, որպես կանոն, Պետդեպի այս զեկույցները քննադատում էին Հայաստանի իշխանություններին համակարգային կոռուպցիայի, լրագրողների և ընդդիմադիրների դեմ բռնությունների, խոսքի ու հավաքների ազատությունը ճնշելու, իրավապահների անպատժելիության ու ընտրությունների ժամանակ տեղի ունեցած խախտումների համար: Այս անգամ զեկույցը փաստում է. «Դեկտեմբերի 9-ին Հայաստանում առաջին անգամ իսկապես մրցակցային ընտրություններ տեղի ունեցան, նոր կառավարությունն էլ մի շարք հետաքննություններ է սկսել իշխանական համակարգում արմատացած կոռուպցիան վերացնելու, ապօրինի հարստացման դեպքերը բացահայտելու ուղղությամբ»: Այս շարքում որպես օրինակ է բերվում երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետ Վաչագան Ղազարյանի դեպքը, որի կնոջը պատկանող գիշերային ակումբից իրավապահները ավելի քան մեկ միլիոն դոլար էին առգրավել, հետո նույնքան էլ գտել էին Ղազարյանի ձերբակալման պահին՝ նրա մոտ եղած ճամպրուկում: 3 ամսում` անցած տարվա մայիսից օգոստոս, հարկային մարմինները հայտնաբերել են շուրջ 87 միլիոն դոլարի հասնող չարաշահումների ու պետությանը հասցված վնասի դեպքեր, դրանց վառ օրինակներից մեկը նախկին պատգամավոր Սամվել Ալեքսանյանի հետ կապվող «Երևան Սիթի» սուպերմարկետների ցանցն է, որը, ըստ կառավարության, բյուջե չի վճարել տասնյակ միլիոնների հասնող հարկեր:


Թավշյա հեղափոխությունից հետո Պետդեպը դրական փոփոխություններ է արձանագրել նաև քաղաքական ազատությունների ու իրավունքների ոլորտում:
«Նախկինում բազմաթիվ հաղորդումներ կային, որ Հայաստանի իշխանությունները գաղտնալսում են հեռախոսազրույցները և հաղորդակցության մյուս միջոցները՝ մի շարք անձանց, այդ թվում՝ իրավապաշտպաններին, ակտիվիստներին ու քաղաքական գործիչներին վերահսկողության տակ պահելու և այդ «դոսյեներով» նրանց ճնշելու համար: Իշխանափոխությունից հետո ակտիվիստներից ու իրավապաշտպաններից շատերի համոզմամբ՝ նման վերահսկողություն չկա», - նշում է զեկույցը: Քաղաքական բանտարկյալներին վերաբերող հատվածում Պետդեպը նշում է՝ որոշ իրավապաշտպան կազմակերպությունների կողմից քաղբանտարկյալ համարվող անձինք հեղափոխությունից հետո ազատ են արձակվել, նոր քաղաքական բանտարկյալների մասին հաղորդումներ չկան:
«Թեև օրենքը չի սահմանափակում քաղաքական կուսակցությունների գրանցումը, այդուամենայնիվ, նախկինում Հայաստանի իշխանությունները ճնշում էին քաղաքական բազմակարծությունը այլ միջոցներով», - հիշեցնում է Պետդեպը՝ հավելելով, որ այս ոլորտը ևս անցած տարվա մայիսից հետո բարելավվել է: «Քաղաքական բազմակարծությունը ընդարձակվել է, թեև որոշ փորձագետներ պնդում են, թե մի շարք հարթակներում, առաջին հերթին՝ սոցիալական մեդիայում, հասարակությունը առավել անհանդուրժող է դարձել և ծայրահեղական, հատկապես՝ նոր կառավարության հասցեին քննադատության նկատմամբ: Ընդդիմադիր որոշ ուժեր պնդում են, թե նոր կառավարությունը ուղղորդում է հասարակական ճնշումն իրենց դեմ», - նշում է Պետքարտուղարությունը:


Խոսքի ազատության մասով Պետքարտուղարությունը փաստում է, որ թավշյա հեղափոխությունից առաջ կառավարությունը տնտեսական ճնշումներ էր բանեցնում լրատվամիջոցների դեմ՝ իր համար նախընտրելի և ոչ քննադատական լուսաբանումն ապահովելու համար: «Իշխանափոխությունից հետո լրատվական միջավայրը դարձել է առավել ազատ, այդուամենայնիվ, որոշ լրատվամիջոցներ դեռ խուսափում են նոր կառավարության հասցեին քննադատական մեկնաբանություններից՝ «հակահեղափոխական» չերևալու համար, - փաստում է Պետդեպը: - Հանրային հեռուստատեսությունը, ըստ լրագրողական որոշ կազմակերպությունների, շարունակում է լուրերը ներկայացնել կառավարամետ տեսանկյունից»: Նախկինում Պետդեպը փաստում էր, որ իրավապաշտպանները լուրջ մտահոգություններ ունեն բանակում մահվան դեպքերի և դրանց՝ կասկածների տեղիք տվող հետաքննությունների, կտտանքներով կորզվող ցուցմունքների վերաբերյալ: Այս անգամ, ըստ զեկույցի, ՀՔԾ-ն քրեական գործ է հարուցել այդօրինակ մի գործի հիմքով․ «Ըստ իրավապաշտպան կազմակերպության, սա առաջին դեպքն է վերջին տարիներին, երբ բանակում արձանագրված մահվան դեպքի հետաքննությանը զուգահեռ քրեական գործ է բացվում՝ գնահատելու քննիչների հնարավոր օրինախախտումները»: Զեկույցը նշում է, որ այժմ իշխանություններն առավել բաց են նաև Ոստիկանության ու իրավապահ համակարգի մյուս ներկայացուցչներին պատասխանատվության ենթարկելու, օրինազանցներին պատժելու հարցում: Ներքին զորքերի նախկին ղեկավար, գեներալ-լեյտենանտ Լևոն Երանոսյանին մեղադրանք է առաջադրված պաշտոնական լիազորությունները չարաշահելու, ցուցարարների դեմ բռնություն գործադրելու համար, հիշեցնում է զեկույցը՝ հավելելով, որ մայիսի 13-ին էլ ՀՔԾ-ն մեղադրանք էր ներկայացրել փոխգնդապետ Արմեն Ղազարյանին՝ դատարանի նկուղում «Սասնա ծռերին» ծեծելու գործով:
Ամենախնդրահարույց ոլորտը, որտեղ Պետդեպը էական փոփոխություններ չի արձանագրել դատական համակարգն է: Զեկույցը փաստում է, որ դատարանները հիմնականում անկախություն ու չեզոքություն չեն ցուցաբերում, և իշխանափոխությունից հետո էլ դատավորների կողմնակալության հարցում կասկածները չեն փարատվել: «Փաստաբանները նշում են, որ նախկինում Վճռաբեկ դատարանն էր թելադրում ստորին ատյաններին՝ ինչ որոշում կայացնեն մեծ հնչեղություն ունեցող գործերով: Դիտորդներից շատերը պնդում են, թե Սահմանադրական դատարանի նախկին նախագահ Գագիկ Հարությունյանի գլխավորած նոր կառույցը՝ Բարձրագույն դատական խորհուրդը դատավորներ է նշանակում միայն այն անձանց, որ կապ ունեն նախկին իշխանությունների հետ: Բացի այդ, փաստաբանները նշում են, որ խորհրդի կողմից դատավորների նշանակումը, առաջխաղացումն ու տեղափոխումը թուլացնում է արդարադատության անկախությունը: Քաղաքացիները կարող են բողոք ներկայացնել՝ մարդու իրավունքների ենթադրյալ ոտնահարումների համար, սակայն դատարանները հասարակության մեծ մասի կողմից ընկալվում են կոռումպացված», - արձանագրում է ԱԱՄՆ Պետդեպարտամենտի զեկույցը:

Դիտվել է՝ 386

Մեկնաբանություններ