Yerevan Perspectives
 

ԿԳ նախարարը ո՞ւխտ է գնացել

ԿԳ նախարարը ո՞ւխտ է գնացել
17.03.2019 | 18:07

«Երուսաղեմի Հայոց պատրիարք Ամենապատիվ Տ. Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանի հրավերով՝ ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը մարտի 15-17-ը աշխատանքային այցով մեկնել է Իսրայել՝ Երուսաղեմ։ ՀՀ կառավարության և ԱԺ պատվիրակության կազմում են ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը, ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանը, ՀՀ պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանը և ՀՀ կրթության և գիտության փոխնախարար Լուսինե Առաքելյանը:
Այցի նպատակն է՝ ծանոթանալ Երուսաղեմի Միաբանության, Հայոց ժառանգավորաց վարժարանի և Ընծայարանի գործունեության ու հայկական ժառանգության պահպանման հետ կապված խնդիրներին, նոր պայմանավորվածություններ ձեռք բերել երկկողմ փոխգործակցության զարգացման ուղղությամբ։


ՀՀ անկախությունից տարիներ ի վեր սա ՀՀ կրթության և գիտության նախարարին ուղղված Երուսաղեմի հայոց պատրիարքարանի առաջին պաշտոնական հրավերն է:
Երուսաղեմի պատրիարքարանը, հանդիսանալով Հայ առաքելական եկեղեցու ինքնավար աթոռներից, տարիներ շարունակ ուղղակի համագործակցություն չի իրականացրել ՀՀ ԿԳՆ-ի հետ։ Մինչդեռ ներկայումս հատկապես տվյալ տարածաշրջանում հայկական ինքնության և մշակութային ժառանգության պահպանման ու հայագիտության զարգացման հարցերը շատ կարևոր են Հայոց ցեղասպանագիտության տեսանկյունից: Տարիներ շարունակ հետևողական և նպատակամետ համագործակցության աշխատանքի բացակայության հետևանքով Իսրայելում կուտակվել են բազմաթիվ չլուծված հարցեր, առկա է համագործակցության չօգտագործված ռեսուրս։ Անորոշ է Իսրայելում գործող Հայոց ժառանգավորաց վարժարանի և Ընծայարանի կարգավիճակը։ Վարժարանի ուսումնական գործընթացը և մանկավարժական կադրերի խնդիրները նոր լուծումներ են պահանջում, հայկական եկեղեցուն պատկանող տարածքները ենթարկվում են հարձակումների, փակման եզրին է հայտնվել Երուսաղեմի համալսարանում հայագիտական բաժինը, ըստ հարկի չի օգտագործվում Երուսաղեմի հայկական եկեղեցու մատենադարանը, հասունացել է Թել-Ավիվի
համալսարանում հայագիտական ամբիոն հիմնելու, Հայոց ցեղասպանությունը դասավանդելու խնդիրը: Նշված բոլոր խնդիրներն ընդգրկված են ԿԳ նախարարի այցի օրակարգում։ Նախատեսվում են հանդիպումներ Երուսաղեմի Հայոց պատրիարքի, հայ համայնքի ներկայացուցիչների հետ»:


Առաջին հայացքից` սովորական տեղեկատվություն է: Համենայն դեպս` ԿԳ սուպերնախարարի համար, որ Հայաստանում ավելի քիչ է լինում` թանկագին աշխատաժամանակը ընծայելով արտասահմանյան փորձի ուսումնասիրմանը: Իրականում, մեղմ ասած, արտառոց լուր է: Ու ոչ այն պատճառով, որ վերջերս Իսրայելն ու Երուսաղեմը հայտնվել են պետական ուշադրության կենտրոնում: Եթե նկատեցիք` ԿԳ «փորձասեր» նախարարը Իսրայելում որևէ հանդիպում չունի պետական կառույցների հետ` գոնե Իսրայելի ԿԳ նախարարի: Հանդիպումները սահմանափակվում են Երուսաղեմի Հայոց պատրիարքարանում: Եվ եթե իրապես նպատակն է ծանոթանալ Երուսաղեմի Միաբանության, Հայոց ժառանգավորաց վարժարանի և Ընծայարանի գործունեության ու հայկական ժառանգության պահպանման խնդիրներին, նոր պայմանավորվածություններ ձեռք բերել երկկողմ փոխգործակցության զարգացման ուղղությամբ, տարակույսի տեղիք է տալիս պատվիրակության կազմը: Ինչո՞վ են զբաղվելու ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը, ՊՆ փոխնախարար Գաբրիել Բալայանը: Առավելևս` ինչու՞ պատվիրակության կազմում ընդգրկված չեն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի ներկայացուցիչները, որ նաև կազմակերպում են Ժառանգավորաց վարժարանի սաների ընդունելությունը: Երուսաղեմի պատրիարքարանը Հայ առաքելական եկեղեցու նվիրապետական աթոռներից է և գտնվում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի գերակայության ներքո: Այսինքն` բոլոր խնդիրները, որ ԿԳ սուպերնախարարը պատրաստվում է լուծել, լուծելու է մի տարածքում, որ, մեղմ ասած, իր ենթակայության տակ չէ: Այս շրջագծում հատկապես ընդգծվում է Հայ առաքելական եկեղեցու ներկայացուցչի բացակայությունը պատվիրակության կազմում, որտեղ նախարարից բացի նաև ԿԳ փոխնախարար Լուսինե Առաքելյանն է: Նա ի՞նչ է անելու Երուսաղեմում, երբ այնտեղ է նախարարը: Կամ` նախարարը չի տիրապետում այն գիտելիքներին ու փորձին, որ ունի փոխնախարարը, կամ` փոխնախարարի ու նախարարի համատեղ այցը բյուջեի վատնում է: Փաստացի` միայն ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանն է ճիշտ ընտրված, եթե, իհարկե, այցի ընթացքում ստացած տեղեկությունները փոխանցելու է վարչապետի ենթակայությամբ ստեղծվելիք կառույցի ղեկավարին, որ կոչված է փոխարինել սփյուռքի նախարարությանը:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ. Օրերս Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ավարտվեց Գերագույն հոգևոր խորհրդի ժողովը: Ժողովի ընթացքում անդրադարձ կատարվեց Եկեղեցի-պետություն հարաբերություններին, տեղեկացվեց ՀՀ վարչապետի հրամանով ստեղծված աշխատանքային խմբի մասին, որի նպատակն է առավել զորացնել եկեղեցի-պետություն գործակցությունը ի նպաստ երկրի հզորացման: Գոհունակությամբ լսելով զեկույցը` ԳՀԽ անդամները կարևորեցին պետության հետ գործակցությունը և հաջողություններ մաղթեցին նորակազմ աշխատանքային խմբի աշխատանքներին:
Փաստորեն` եկեղեցին ու պետությունը շատ տարբեր են պատկերացնում եկեղեցի-պետություն գործակցությունը: Ու եկեղեցին չի ուզում ընդունել, որ պետությունը գործում է իր տարածքում, մեղմ ասած` առանց հիմքերի ու իրավասությունների: Ու եթե հաշվի առնենք Երուսաղեմի Հայոց պատրիարք Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանի անձն ու գործունեության կերպը, պետությունը Հայ Առաքելական եկեղեցու նվիրապետական աթոռների հետ հարաբերությունները զարգացնելու ուրույն ճանապարհ է ընտրել: Համենայն դեպս` մամուլում շրջանառվող լուրերով` որոշ ժամանակ առաջ էլ Մեծի Տանն Կիլիկիո Արամ առաջինին էին այցի գնացել Ալեն Սիմոնյանը, Լենա Նազարյանը և Հրաչ Հակոբյանը` դարձյալ առանց Հայ առաքելական եկեղեցու ներկայացուցչի: Ու ի՞նչ է այս ամենը նշանակում: Ուխտագնացություննե՞ր Մայր Աթոռի նվիրապետական աթոռներ: Սքանչելի է, որ հայ բարձրաստիճան պաշտոնյաներն այդքան մեծ հավատ ունեն ու այդքան կապված են Աստծուն: Ու ի՞նչ կկատարվի Հայ առաքելական եկեղեցու հետ, եթե իր պնդումով խորապես հավատացյալ Նիկոլ Փաշինյանը որոշի, որ ինքը մեր օրերի Պապ թագավորն է: Առանց պատմական դեպքերի համակողմանի ուսումնասիրության ու մեր ժամանակների հետ համադրելիության որևէ չափանիշ ունենալու: Վերջապես` եթե նվիրապետական աթոռներն այդքան կարևոր են պետության համար` ինչու՞ պետությունը իր որևէ պաշտոնյայով ներկա չէր Կոստանդնուպոլսի հայոց պատրիարք Մեսրոպ արքեպիսկոպոս Մութաֆյանի հուղարկավորությանը: Իմաստ ունի՞ բացատրել, թե նրանց մասնակցությունը ի՞նչ նշանակություն էր ունենալու Թուրքիայի հայ համայնքի համար: Կամ` հայ-թուրքական հարաբերությունների: Կամ` Կոստանդնուպոլսի հայոց նոր պատրիարքի ընտրության: Հարցեր են, որոնց պատասխանները, ցավոք, այնքան էլ հրապարակային քննարկման ենթակա չեն:


Իսկ ընդհանրապես` Երուսաղեմի Հայոց պատրիարք Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանը հրավիրել է ՀՀ ԿԳ նախարարին, իսկ ինքը որոշել է մարտի 17-ին մասնակցել Պոլսո Հայոց պատրիարք Մեսրոպ արքեպիսկոպոս Մութաֆյանի հուղարկավորությանը: Օրը վաղուց էր հայտնի և պատրիարքը կարող էր ճիշտ ծրագրել իր ժամանակացույցի հանդիպումները: Տպավորիչ հյուրընկալություն է, չէ՞:

Դիտվել է՝ 971

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

DiplomatRadio Mao