Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Ոչինչ չանելու արվեստ

Ոչինչ չանելու արվեստ
19.03.2019 | 01:26

Ջոյսը փայլուն պատասխան ունի հարցին` ի՞նչ էիր անում ողջ պատերազմի ընթացքում, Ջերոմ: «Ես գրում էի «ՈՒլիսեսը»:
Հանճարեղ է, ջոյսորեն խորքային, բազմաշերտ:


Ինչո՞վ են զբաղված հայոց նորօրյա իշխանությունները հեղափոխությունից հետո: «Լայվ» են անում: Օպտիմալացնում են կառավարության կառուցվածքը՝ ստեղծելով գործազուրկների հսկա բանակ, ձեռքի հետ էլ բողոքում, թե նախորդները, կոալիցիոն կառավարություն պահելով պաշտոններ են ավելացրել, մոռանալով, որ իրենք խորհրդարանն են հենց սկզբից «բեզռազմեր» դարձրել: Հաջորդիվ` խորհրդարան են կանչում իրենց թիմակիցներին, հարց տալիս, աշխատանքի պատրանք ստեղծում, տուն գնում: Կարելի է շատ երկար շարունակել այս ցանկը` արված «ոչ մի բանի» մասին։ Մի քանի օրից լրանալու է մեկ տարին, ինչ իրենք իշխանություն են և, բացի «քանդելուց», ոչինչ չեն արել։


Կանգ է բոլոր ոլորտներում արտքաղաքականից (ՀԱՊԿ քարտուղարի հարց, գազի խնդիր), Ղարաբաղյան խնդրից մինչև ներքաղաքական գրեթե բոլոր հարցեր, էլ առավել` մամուլի նկատմամբ վերաբերմունք:
Մեր այսօրվա «թիրախը» կրկին Ղարաբաղյան խնդիրն է, սակայն մեկ-երկու խոսք` մամուլի ներկայացուցիչ վարչապետի օրոք մամուլի նկատմամբ առկա դրսևորումների մասին: Նկատենք` քաղհասարակության խարակիրիից հետո, հերթը մեդիա ոլորտինն է: Այնտեղ, ինչպես և Ղարաբաղի հարցում, իմքայլականները բացեցին հերթական Օվերտոնի պատուհանը: Իհարկե, կարելի էր լայնշուրթ ժպտալ լրագրող Լուլուի բարձրաձայնումների վրա, բայց քանի որ «տան» գաղտնիքը «քյորփից» կիմանան, վերջինս, ինչպես և ամիսներ առաջ Սասուն Միքայելյանը, ջրի պես հանեց իշխող կուսակցության իրական մտորումները` մամուլի մի մասին բացասել-բոյկոտելու, մյուս` լավ մասից արդար-ճշգրիտ ինֆորմացիա ստանալու մասին:


Չխորանանք, թե ինչ կարող էր լինել «Սերժի վախտ», եթե տիկին Ռիտան էլ ունենար թերթ, ու ՀՀԿ-ից որևէ մեկը խորհուրդ տար կարդալ տիկին Ռիտայի խմբագրած թերթը` որպես բացառիկ, որպես արդար ինֆորմացիայի վերջին ատյան:
Հենց նույն Նիկոլն ի՞նչ կաներ խորհրդարանում` ամբիոնի առաջ, ամբիոնի վրա, ամբիոնից վեր: Բայց, ինչպես Վանոն կասեր, թողնենք Լուլուին իր «ախմախության հետ միայնակ», անցնենք առաջ, ցավալիորեն արձանագրելով, որ «վերևները» նույնպես չունեն պետական, իրական մեծ հոգսերի գիտակցման ու լուծման անհրաժեշտություն: «Լայվը», շոուն եղան ուղիղ ճանապարհ` երկիրն իրենցով լցնելու, «աղքատ գլխով» հանրության ուշադրությունն իրենց վրա բևեռելու, իրենց ազդեցության դաշտից դուրս չթողնելու համար:
Այս օրերին հայաստանյան փորձագիտական (և ոչ միայն) հանրությունը, շունչը պահած, փորձում է հասկանալ. ի վերջո, ի՞նչ է տեղի ունեցել Ղարաբաղյան խնդրի առնչությամբ Արցախում հրավիրված ԱԱԽ նիստում. ի՞նչ ընդհանուր որոշում է կայացվել այնտեղ` ինչի՞ մասին: Չէ՞ որ բավականին տարբեր-տարբեր բաներ են խոսվում այդ ամենի մասին:
Ոչ մի պարզաբանում: Ոչ մի հաղորդագրություն: Փոխարենը Փաշինյան Նիկոլը գիրք է կարդում, բանաստեղծություն արտասանում, «անսպասելի» գնում է մի գյուղ, տեսնում աղքատության տակ կքած գյուղացիքին, հարցնում` «բա ինչի մի էրկու ոխչար չեք մտցնում էդ գոմը, ոչխարը որ յոնջա ա ուտում, չի ուռու՞մ»։ Հետո քաղաքական մասն էր` Ավշարում. վարչապետ Փաշինյանին տեղյակ պահեցին, որ գյուղի դպրոցում մեկ շաբաթ է դասադուլ է, որովհետև նոր տնօրենը իր մորաքրոջ հարսին ուսմասվար է բերել, դպրոցն էլ ոչ ուսմասվարին, ո՛չ էլ տնօրենին «չի ուզում»: «Հա, մորաքրոջս հարսն է» հաստատեց «կոկորդիլոսագետ», «41 հազար հեկտար» ունեցող մարզպետը։ Շատերը սպասում էին, որ ասֆալտին փռող, պատերին ծեփող, մատը բոլորի վրա թափ տվող, ձայնը գլուխը գցող վարչապետը հրես ուր որ է կպայթի, կժայթքի... Ավա՜ղ. վարչապետն իր կարծիքը ներս հրեց ու քար լռություն պահպանեց խնդրի առնչությամբ:


Ի՞նչ ասեր` Գարիկ, խնամին ու ծանոթը մեր հեղափոխությունից հետո տեղ չունեն մեր կյանքում, մենք մերժել ենք այդ ամենը, ինչպես մերժեցինք Սերժին, մերժեցինք նախորդների այդ կարգի արատավոր դրսևորումները:
Բա Գարիկը չէ՞ր ասի` պարոն վարչապետ, որ վերադառնաք Երևան, իմ կողմից բարևեք Հրաչին, Սիփանին, Հակոբին, Մանթաշյանին…
Կասե՞ր: Իհարկե: Եթե նա կարողացավ կոկորդիլոսների գործը գլուխ բերել, սա ի՜նչ է, որ չկարողանար:


Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 3381

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ