Առերեսվելու խնդիր ունեն

Առերեսվելու խնդիր ունեն
19.03.2019 | 01:39

Նախորդ շաբաթը բուռն էր հասարակական ընդվզումներով: Երևանում քաղաքային իշխանությունները, խիստ առաջնային համարելով օպերային թատրոնի հարակից տարածքի կանաչապատման հարցը, որոշ սրճարանների ապամոնտաժմամբ էին զբաղված: Առանց աշխատանքի մնացած բողոքող ու ճանապարհ փակող մարդկանց հետ քաղաքապետ Հայկ Մարությանն այդպես էլ չհանդիպեց, փոխարենը կենտրոնի թաղապետն ուներ բոլոր հարցերի պատասխանը. լավ ենք անում` քանդում ենք, որոշումը փոփոխման ենթակա չէ:
Երևանից ոչ այնքան հեռու` Արարատի մարզում էլ մի քանի օր է ավշարցիներն են դասադուլ ու գործադուլ անում՝ պահանջելով նախկին տնօրենի ու նրա տեղակալի վերադարձը: Տեղի դպրոցում փորձում է իրավիճակ փոխել մարզպետ Գարիկ Սարգսյանը՝ մորաքրոջ հարսին դպրոցի փոխտնօրեն կարգելով: Արագածոտնի մարզի Արագած համայնքի բնակիչներն էլ մարտի 17-ին փակել էին Երևան-Վանաձոր միջպետական ճանապարհը՝ պահանջելով դադարեցնել Գեղարոտ գետի վրա գործող երկու հէկերի աշխատանքը։ Ցուցարարներին հանդարտեցնելու գնացած մարզպետ Դավիթ Գևորգյանին գյուղացիները չեն ընդունել, սուլել ու վիրավորական բառեր են ասել նրա հասցեին, իսկ երբ փորձել է հեռանալ, շրջապատել են ծառայողական ավտոմեքենան։ Գևորգյանի նյարդերը տեղի են տվել, դուրս է եկել մեքենայից, ու բանակռիվը շարունակվել է «արան դու ես» դիմելաձևով:


Նման մի տհաճ խոսակցություն էլ Գարիկ Սարգսյանն է ունեցել մարզի բնակիչների հետ: Ավշարցիները վարչապետին բողոքել են, թե Սարգսյանն իր ազգականներին է փորձում աշխատանքի տեղավորել: Խնդիրը ոչ թե վարչապետի ներկայությամբ մարզպետին հանդիմանելն է, այլ այն, որ իշխանության ներկայացուցիչները լրջագույն խնդիր ունեն շփվելու, առերեսվելու իրենց իսկ ընտրազանգվածի հետ:


Մարզպետների «առերեսումը», կարծում ենք, այսքանով չի սահմանափակվի, գյուղատնտեսական տարվա մեկնարկի հետ շուտով առավել թեժ բանավեճերի ու միջադեպերի ականատես կլինենք: Ոչ միայն նրա համար, որ այդ մարդիկ լավ չեն պատկերացնում ոլորտը, այլև այն պատճառով, որ պետական չինովնիկին բնորոշ հիվանդագին հպարտություն են ձեռք բերել: Մարզպետներից քանի՞սն են այցելում իրենց մարզի համայնքներ, քանիս՞ն են ականջալուր գյուղաբնակների խնդիրներին. երևի գիտեն` թերևս «գառն անտառի պտուղ է, ծառից է կախված լինում»:


«Կարգին Հայկոյին» քաղաքապետ կարգած երևանցիները 4 օր շարունակ չկարողացան տեսնել ու զրուցել նրա հետ: Գուցե գիտեր, որ հարցերի ու մեղադրանքների տարափին չի դիմանա, դրա համար էլ նախընտրեց նախապես գրված տեքստով ու հարցերով հարցազրույց տալ Հանրային հեռուստաընկերությանը ու ասել՝ շատ էլ սիրուն է, ժողովուրդ ջան: Իսկ ու՞ր մնացին խոստումները, թե հետայսու ամեն բան հանրաքվեով է որոշվելու, որոշողն էլ ժողովուրդն է: Ավելին, Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամներից մեկն ասում է, թե Facebook-ի մեկնաբանություններից պարզ դարձավ, որ մարդկանց մեծամասնությունը կողմ է սրճարանների ապամոնտաժմանը: Հասկանու՞մ եք` քաղաքը Facebook-ով են կառավարում: Առնվազն տարակուսելի է քաղաքապետ Մարությանի այն պնդումը, թե Օպերայի հարակից տարածքը պետք է մշակույթով շնչի: Բարձր մշակույթի մասին խոսում է մի մարդ, որն իր «անուրանալի ներդրումն» ունի մշակութային միջավայրը քարուքանդ անելու և հեռուստաեթերի նշաձողն իջեցնելու հարցում:


Փաշինյանի ընտրած կադրերն անում են հնարավորը նոր իշխանությունների վարկանիշը չեզոքացնելու համար: Բավական է փոքր-ինչ զգայուն թեմա, բողոքի ալիք, և չինովնիկները բացահայտում են, թե ինչ է թաքնված «դմփ-դմփ, հու» անող «բարի» հայացքի հետևում:


Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ

Դիտվել է՝ 1407

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

DiplomatRadio Mao