Պոլսո Հայոց պատրիարքի հարցը՝ Թուրքիայի մտրակի և բլիթի քաղաքականության ներքո

Պոլսո Հայոց պատրիարքի հարցը՝ Թուրքիայի մտրակի և բլիթի քաղաքականության ներքո
19.03.2019 | 02:07

Չնայած Պոլսո Հայոց պատրիարք Մեսրոպ արքեպիսկոպոս Մութաֆյանի մահվան կապակցությամբ Թուրքիայի պաշտոնական շրջանակներից հնչող ցավակցական խոսքերին՝ այնուամենայնիվ, Մութաֆյանի մահվան կապակցությամբ թուրքական իշխանություններն այնքան էլ չէին տխրել. այսպես է կարծում թուրքագետ, «Արևելք» վերլուծական կենտրոնի վերլուծաբան ԿԱՐԵՆ ՍԻՐՈՒՆՅԱՆԸ։ Վաղուց արդեն գաղտնիք չէ, որ Թուրքիան այդ աթոռին ունի իր թեկնածուին՝ Արամ Աթեշյանին, որին էլ նախագահ Էրդողանն ամեն գնով կփորձի նշանակել Կոստանդնուպոլսի պատրիարք։


«Պատրիարք Մութաֆյանը հայկական համայնքի և Էջմիածնի համար ցանկալի թեկնածու էր։ Նրա օրոք հայկական համայնքը որոշակիորեն կարողանում էր ցույց տալ իր դեմքը, ինչու չէ, գտնվել կիսանկախ դրության մեջ, ինչը ներկայիս թուրքական իշխանությունների շահերից այդքան էլ չէր բխում։ Շատ անթաքույց կերպով Թուրքիայի նախագահը ամբողջ երկրի իշխանությունը վերցրել է իր ձեռքը։ Եթե շատ ուշադիր նայենք նախագահական ընտրություններից հետո վերջին գործընթացներին, կտեսնենք, որ բոլոր լծակները կենտրոնացել են Էրդողանի ձեռքում։ Այս տեսանկյունից բոլորովին էլ զարմանալի չէ, որ Էրդողանն իր լիակատար վերահսկողության տակ է առնելու նաև հայոց պատրիարքարանը։ Խոսքը նաև Թուրքիայի էթնիկ բոլոր փոքրամասնությունների մասին է և բոլոր ժամանակներում, քանի որ ցանկացած ազգային հարց միշտ էլ պայթյունավտանգ է եղել Թուրքիայի համար։ Այս ժամանակահատվածը բացառություն չի կազմում։ Ըստ էության, Աթեշյանի հնարավոր նշանակումը բխում է հենց այդ քաղաքականությունից»,- ասում է Կարեն Սիրունյանը։


Թուրքագետը նաև կարծում է, որ այստեղ, սակայն, գործ ենք ունենալու Թուրքիայի երկակի ստանդարտների քաղաքականության հետ՝ քաղցրաբլիթի և մտրակի տեսքով. «Թուրքիայում այժմ պատրաստվում են տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին։ Էրդողանը այս փուլում կփորձի ազգային փոքրամասնությունների, այդ թվում հայերի հետ զերծ մնալ որևէ հակասությունից։ Եվ ինչպես միշտ, թուրքական կառավարության կողմից հայերի հասցեին կհնչեն շատ բարի, լավ խոսքեր։ Չեմ բացառում, որ այս փուլում Էրդողանն ընդգծի, թե հայերի համար ցանկալի պատրիարք կբազմի պատրիարքական աթոռին։ Սա քաղցրաբլիթի քաղաքականությունն է, և այս համատեքստում Էրդողանի կատարած հայերեն գրառումը սոցիալական ցանցում հենց այդ միտումն ունի՝ ցույց տալու համար, որ, այո, թող բոլորն իմանան, թե որքան լավ են տրամադրված նախագահն ու թուրքական կառավարությունը հայերի նկատմամբ։ Սա հայտնի տեխնոլոգիա է, որ կիրառվում է ոչ միայն Թուրքիայի կողմից։ Սակայն կա նաև զուգահեռ ներքաղաքական այլ իրավիճակ։ Արևմուտքի վարած քաղաքականության, ներքաղաքական իրավիճակի սրման պատճառով Թուրքիայում այսօր գլուխ է բարձրացրել իսլամական և ազգայնական գործոնը։ Թուրքիան այսօր ազգային և իսլամական հստակ գործոններ է օգտագործում տարբեր հարթակներում՝ և՛ արտաքին, և՛ ներքին քաղաքական։ Այս ֆոնին ուշագրավ է Նոր Զելանդիայում տեղի ունեցած ահաբեկչությունը։ Պարզ է դառնում, որ ահաբեկչի ինքնաձիգի վրա հայատառ գրություն կա՝ Սարիղամիշի ճակատամարտ։ Ահաբեկիչը եղել է Թուրքիայում, ավելին, սպառնացել է Թուրքիային, որ դեպի Եվրոպա տանող այդ ճանապարհն ինքը փակելու է և թույլ չի տալու, որ Թուրքիան առաջ խաղա դեպի Եվրոպա, կվերացնեն Կոստանդնուպոլիսը և այլն, և այլն։ Իրականում այս երևույթը կարող է հարուցել մեծ խնդիրներ։ Եվ սա կարող է շատ նրբորեն օգտագործվել Թուրքիայի իշխանությունների կողմից։ Սա երկակի քաղաքականության մյուս մասն է՝ մտրակի քաղաքականությունը, որը կբանեցվի հայկական համայնքի նկատմամբ ՏԻՄ ընտրություններից հետո։ Եթե հանկարծ հայկական համայնքը սկսի դժգոհել Աթեշյանի թեկնածությունից, գուցե ոչ Էրդողանի, ապա մամուլում մեկ այլ գործչի կողմից կարող է հայտնվել Սարիղամիշի ճակատամարտի մասին գրությունը։ Փաստորեն, մենք ունենք երկու գրություն՝ մեկը Էրդողանի հայերեն ցավակցական գրությունը սոցցանցում՝ սա քաղցրաբլիթի քաղաքականությունն է, մյուս գրությունը՝ Սարիղամիշի թեմայով, որը մտրակի տեսքով կօգտագործվի հայերի դեմ։ Տարբեր ամբիոններից կհնչեցվի, թե գուցե այդ ահաբեկիչը կապ ունի հայկական համայնքի հետ, և իրավիճակը կդառնա առավել քան պայթյունավտանգ։ Այդ գրությունը կարող է օգտագործվել թուրք-ադրբեջանական հակահայկական քարոզչության մեջ՝ այդպիսով դրդելով իսլամական աշխարհին հայության դեմ։ Ցանկացած իրավիճակում դա կարող է իրագործվել, ուստի մենք պետք է բավականին զգուշավոր քաղաքականություն վարենք, և տեղի հայությունը պետք է զգուշանա, որպեսզի թիրախում չհայտնվի, ինչը շատ հավանական է»։


Կարեն Սիրունյանը նկատում է, որ այս համատեքստում շատ օպերատիվ է գործել ՀՀ արտաքին գործերի նախարարությունը, որը, հասկանալով պահի լրջությունը, հարցումներ է ուղարկել նորզելանդական իշխանություններին՝ րոպե առ րոպե մանրամասն տեղեկություններ ստանալու ահաբեկչի հետ կապված. «Այս ահաբեկչության մեջ իհարկե որևէ հայկական գործոն չի կարող լինել, բայց համենայն դեպս ԱԳՆ-ի կողմից պաշտոնական հայտարարության տեսքով պետք է ասվի, որ հայերը, որտեղ էլ գտնվեն, առնչություն չունեն ահաբեկչությունների հետ, և երբևէ հայությունը միտված չէ որևէ երկրի դեմ ահաբեկչություն կազմակերպելու»։

Սերգեյ ՍԱՂՈՒՄՅԱՆ

Դիտվել է՝ 730

Մեկնաբանություններ

DiplomatRadio Mao