Ի՞նչ են ուզում «Սասնա ծռերը» և ինչո՞ւ

Ի՞նչ են ուզում «Սասնա ծռերը» և ինչո՞ւ
19.03.2019 | 08:15

Երեկ «Սասնա ծռեր» կուսակցության անդամ Վարուժան Ավետիսյանը հայտարարել է, որ կուսակցությունը սկսում է Լեռնային Ղարաբաղը մարզի կարգավիճակով Հայաստանի կազմում ներառելու գործընթաց: Ճիշտ է` չի պարզաբանել` ինչպե՞ս` հանրաքվեով, երկու երկրների խորհրդարանների՞ որոշմամբ: «Սասնա ծռերը» պատրաստ են քննարկումների և կարծում են, որ վերջնական որոշում կայացնողը պետք է լինի Արցախում ձևավորվելիք նոր իշխանությունը: Կուսակցության մեկ այլ անդամ` Ժիրայր Սեֆիլյանը, հարցազրույց է տվել «Ազատությանը» և ասել, որ պետք է շտապել, քանի որ Արցախի վրա կախված է «աբխազացման վտանգը»: Ավելին` հույս է հայտնել, որ «այս գործընթացին օժանդակող լինելու է այսօրվա երևանյան գործող իշխանությունը»: Նախ` ի՞նչ ասել է «երևանյան գործող իշխանություն»: Քաղաքապետ Հայկ Մարությա՞նը: Թե՞, այնուամենայնիվ, վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Եթե ոչ Հայկ Մարությանը, այլ` Նիկոլ Փաշինյանը, նա «երևանյան» իշխանություն չէ, այլ` Հայաստանի Հանրապետության: Եվ ՀՀ վարչապետը ոչ մի անգամ իր պաշտոնավարման ընթացքում չի խոսել ԼՂ հարցը Արցախը Հայաստանին միացնելով լուծելու տարբերակի մասին, ուրեմն` ինչի՞ վրա է Ժիրայր Սեֆիլյանի հույսը: Սեֆիլյանը չի բացատրել նաև ի՞նչ է նշանակում «աբխազացման վտանգ», ընդամենը` «Մենք ունենք այս կարծիքը այս պահին, առաջիկա օրերին փակագծերը մենք կբացենք»:

Բացի այդ` պարզվել է, որ ԼՂ-ում արդեն պաշտոնապես գրանցված կուսակցությունը մինչև 2020-ի ընտրությունները փորձելու է Արցախը Հայաստանին միացնելուն կողմ ոչ-իշխանական ուժերի համախմբմամբ իշխանափոխություն անել Ղարաբաղում: Եթե չհաջողվի, «նույն մոբիլիզացիան կիրականացնեն արդեն ընտրությունների շուրջ». «Առաջնահերթորեն այդ համախմբումը պետք է լինի միացման գաղափարի շուրջը, և դրանից հետո նոր այդ համախմբումը իր մեջից ծնի առաջնորդող խումբ, և, ինչու չէ, նաև՝ համակարգող, որը կարող է լինի նախագահի թեկնածուն: Եվ այդ քայլերը կատարելուց հետո կարելի է ժողովրդին հրավիրել Ստեփանակերտի փողոցներ, հրապարակներ և ժողովրդի ճնշմամբ իրականացնել իշխանափոխություն մինչև 2020-ի մայիսը: Սակայն ինչ-ինչ պատճառներով եթե չհասցրեցինք, մենք պետք է ընտրությունների առիթը օգտագործենք նույն մոբիլիզացիան իրականացնելու համար»: Հարց` եթե վերջնանպատակը Արցախը Հայաստանին միացնելն է, ո՞րն է ընտրության նպատակը: Որ նորընտիր նախագահը հրաժարական տա ու հայտարարի իրեն ՀՀ 11-րդ մարզի մարզպե՞տ: Բայց մարզպետները ոչ թե ընտրվում, այլ նշանակվում են: Փաստացի` ՍԾ-ի ղեկավար անդամն ինքն էլ չի պատկերացնում ՍԾ նախաձեռնած գործընթացի ոչ ընթացքը, ոչ ավարտը, ոչ էլ իմաստը: Ու ընդհանրապես` ի՞նչ է ուզում ՍԾ-ն, որ 2018-ին ՀՀ ԱԺ ընտրություններում 1 տոկոս ձայն ստացավ, բայց չհասկացավ, որ հասարակությանն իր գաղափարները, մեղմ ասած, չեն հուզում ու չեն համոզում: Բայց անհաջողությունը Հայաստանում հիմք էր տեղափոխվելու Արցախ, որտեղ 2020-ի ընտրությունները պարարտ հող են խառնակչության ու պատմության մեջ մտնելու: Ամեն ինչ կարող էր այլ լինել, եթե ժամանակին ինքն իրեն Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար հայտարարած Ժիրայր Սեֆիլյանը (որևէ մեկի մտքով անցե՞լ է պարզել` ինչու՞ հատկապես «առանձակի գումարտակ»` եթե առանձին, ումի՞ց առանձին, եթե եզակի, ինչո՞վ եզակի) արժանանար ուշադրության ու գնահատվեր պատերազմի տարիներին իր գործադրած ջանքերի հանգույն, բայց կռվում էր ոչ միայն նա ու լավ էր կռվում ոչ միայն նա:

Չգնահատվածության սինդրոմը նրան տարավ քաղաքականություն, բայց քաղաքական պատկերացումները (ու դա արդեն կենսագրությունից է գալիս) համարժեք չէին ու չեն Հայաստանում ստեղծված իրավիճակին` գաղափարի ու զենքի միջև ընտրություն քաղաքականության մեջ Հայաստանում չկա: Փոխարենը կան մի խումբ մարդիկ, որ գաղափարի կենսագործումը հնարավոր համարում են միայն զենքով, նույնիսկ երբ հրապարակավ հայտարարում են, որ զենք այլևս չեն գործադրելու: Եվ այդ մի խումբ մարդիկ անընդհատ ասպարեզ են իջնում իրենց գործողություններով կամ հայտարարություններով, երբ Արցախի հարցում Հայաստանը ստանում է կամ բարենպաստ իրավիճակ, կամ փորձում է ստեղծել բարենպաստ իրավիճակ: Ու մի խումբ մարդկանց հրահանգվում է խանգարել: Նրանք էլ կատարում են հրահանգը` ԱՌԱՆՁՆԱԿԻ ջանադրությամբ ու մեթոդներով: Նույնիսկ` համոզմունքով: Ու այս խառնիճաղանջը հենց այն ժամանակ, երբ Նիկոլ Փաշինյանը ի լուր աշխարհի խոսում է Արցախի սուբյեկտության բարձրացման պետական քաղաքականության մասին` պնդելով, որ բանակցային գործընթացում Արցախը պետք է լինի լիարժեք մասնակից կողմ, ինչպես նախատեսված է Մինսկի խմբի հիմնարար փաստաթղթերով: Եթե ուզում եք իմանալ` իրականում ինչու՞ են իբր «առանձնակի» Ժիրայր Սեֆիլյանը ու իբր «համահայկական» ՍԾ-ն այստեղ ու հիմա այդ հայտարարություններն անում, պարզեք` ու՞մ է ձեռնտու, որ Նիկոլ Փաշինյանը ձախողվի Արցախի հարցում: Ո՞ր երկրի ծրագրերին է հակադրվում Նիկոլ Փաշինյանը և ու՞մ նպատակներն է հետաձգում կամ տապալում: Այլ բացատրություն չկա:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ. «Ազատությանը» հարցազրույցում Ժիրայր Սեֆիլյանը նաև ասել է. «Ղարաբաղը Հայաստանի կազմում մարզի կարգավիճակով ներառելու գործընթացից բացի, այսօրվանից «Սասնա ծռերը» Լեռնային Ղարաբաղում սկսում են ստորագրահավաք՝ պահանջով, որ Արցախում հաշվառված քաղաքացիները նաև Հայաստանում համապետական ընտրություններին և հանրաքվեների մասնակցելու հնարավորություն ունենան: Վստահ եմ` հազարավորներն են ստորագրելու: Սա ուղղված է ՀՀ ԿԸՀ-ին և ոստիկանությանը»: Հարց` իսկ Հայաստանի Հանրապետությունում ցանկանու՞մ են, որ ԼՂՀ քաղաքացիները մասնակցեն ՀՀ համապետական ընտրություններին ու հանրաքվեներին և ի՞նչ իրավական հիմքով: Իսկ եթե պարզվում է, որ չեն ուզում, ինչ հրաշալի խաղաքարտ է Ժիրայր Սեֆիլյանը նվիրում Իլհամ Ալիևին: Կամ` իսկ Հայաստանը կարո՞ղ է ընտրել Արցախի իշխանությանը ու մասնակցել Արցախի հանրաքվեներին, եթե այո` ինչպե՞ս: Եթե ոչ` ինչու՞, երբ արցախցիներին այդ իրավունքը Ժիրայր Սեֆիլյանը տալիս է: Եվ վերջապես Սամվել Բաբայանի մասին: Սեֆիլյանը հայտարարում է, որ Ղարաբաղում «հին կլանների» ներկայացուցիչները չպետք է ակտիվանան ընտրություններում, բայց նաև հայտարարում է «Սամվել Բաբայանի ակտիվացումը Արցախում մենք ողջունել ենք»: Սամվել Բաբայանը հին չէ՞, անսահման նո՞ր է: Սեֆիլյանը գտնում է, որ «ոչ մի շրջանակ իրավունք չունի խոչընդոտելու Սամվել Բաբայանի քաղաքական գործունեությունը», բայց` «հորդորել ենք Սամվել Բաբայանին, որ ճիշտ պիտի լիներ ինքը աջակցողի դերում լիներ՝ մեր պատկերացրած նոր անձնավորությանը հասցնելու իշխանության»: Հիմա ի՞նչ է ուզում անձամբ Ժիրայր Սեֆիլյանը: Կամ` ՍԾ-ն: Ու ինչպե՞ս է Ժիրայր Սեֆիլյանը, որ իբր չի ցանկանում Արցախի «աբխազականացումը», բացատրում Սամվել Բաբայանի հայտարարությունները, որ հարցի այլ լուծում չկա, բացի Արցախը ռուսական մանդատի տակ դնելը` դարձյալ չբացատրելով, թե դա ի՞նչ է նշանակում:

Դիտվել է՝ 1364

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

DiplomatRadio Mao