Նեղոսի հատակին գտնվել է Հերոդոտոսի նկարագրած նավը

Նեղոսի հատակին գտնվել է Հերոդոտոսի նկարագրած նավը
20.03.2019 | 12:05

Աբու Կիր նեղուցում, Նեղոսի սկզբնամասից ոչ հեռու, գտնվել է հին եգիպտացիների առևտրական նավ, որի գոյությունը պատմաբանները հարյուրամյակներ կասկածի տակ էին առնում: Ինքնատիպ նավի, որ տեղացիներն անվանում էին «բարիս» առաջին հիշատակումը Հերոդոտոսի «Պատմություններում» է, որ Եգիպտոսում է եղել մ.թ.ա. 5–րդ դարում: Հին Հունաստանի պատմիչը բավականին մանրամասն է նկարագրել զարմանահրաշ նավը, բայց իրեղեն ապացույցներ չկային, որ նման նավ եղել է: Հերոդոտոսի ճիշտ լինելն ապացուցեց ռուս եգիպտագետ Ալեքսանդր Բելովը: Նա պարզեց, որ հնագետների հայտնաբերած հին նավը, որի տարիքը գնահատվում է 2500 տարի, հենց լեգենդար բարիսն է:


Տոնիս քաղաքը, որ հույներն անվանում էին Հերակլիոն (առասպելի համաձայն` այդտեղ էր ափ իջել Հերակլեսը), հիմնվել է 2700 տարի առաջ և մի քանի հարյուրամյակ Հին Եգիպտոսի մեծագույն նավահանգիստն ու առևտրական կենտրոնն էր: Բայց ծովը կամաց առաջ էր գալիս և 8-րդ դարավերջին քաղաքը վերջնականապես անցավ ջրի տակ: Հիմա Տոնիսը Աբու Կիր նեղուցի հատակին է, ափից 2,5 կիլոմետր հեռու և ծածկված է 10 մետր ջրի շերտով: Նրա ավերակները գտնվել են 20-րդ դարավերջին և մեծ մասը մինչև հիմա ուսումնասիրված չէ: Հերակլիոնի ծաղկման շրջանում, մ.թ.ա. 450-ին, Հերակլիոն է եկել Հերոդոտոսը և մանրամասն նկարագրել է քաղաքն իր գրքում: Պատմիչը գրել է նաև «Բարիս» անունով նավի մասին` պապիրուսե առագաստներով, որ շատ է զարմացրել իր անսովոր կառուցվածքով: Նավը կարծես կառուցված էր երկար փայտե «աղյուսներից», որ միմյանց ամրացված էին պղնձե գամերով: «Երբ այդպես կառուցում են նավի կմախքը, վերևից դնում են լայնակի սյուներ: Ողեր ընդհանրապես չեն անում, իսկ անկյունները փաթաթում են պապիրուսով»` պատմել է Հերոդոտոսը: Անսովոր էր և նավի կառավարումը. «Նավն ուներ միայն մեկ ղեկ, որն անցնում է ամբողջ նավախելով: Նման նավերը կարող են լողալ միայն ուժեղ համընթաց քամու դեպքում, նրանց քաշում են ափի երկայնքով»: Հերոդոտոսը մանրամասն նկարագրում է նավի շարժման մեխանիզմը և ճշտում. «Եգիպտացիները այդպիսի նավեր շատ ունեն, ոմանք մի քանի հազար տաղանդ բեռնատարողությամբ» (տաղանդը` 26 կիլոգրամն է): Այդ նավերից մեկը 2,5 հազարամյակ անց հայտնաբերվել է ջրասուզված նավահանգստում ստորջրյա հնագիտական ուսումնասիրությունների ժամանակ:


Հաշվի առնելով պատկառելի տարիքը` նավը կառուցվել է մ.թ.ա. 664 -332-ին, բավականին լավ է պահպանվել` նավակողմի 70% -ը կա: Ափամերձ տարածքում գտնվել են համարյա 60 նավերի բեկորներ, բայց հենց դա` համար 17-ն է, գրավել Ալեքսանդր Բելովի` ՌԴ ԳԱԱ եգիպտագիտական հետազոտությունների կենտրոնի աշխատակցի, հետաքրքրությունը: Նավի կմախքը նրան հիշեցրել է հինավուրց աղյուսներով կառուցված տուն: Նավախելի անցքով անցնում էր հաստ ղեկը: Բելովը պարբերաբար մեկնում էր Իրակլիոն պեղումների` 1999-ին հինավուրց քաղաքի հայտնաբերումից հետո: Նորից ու նորից վերադառնալով գտածոյին ու հետազոտելով նոր գտնված մասերը, նա համոզվում էր, որ «Նավ-17»-ը Հերոդոտոսի նկարագրած բարիսն է, միայն մի քիչ ավելի մեծ` երկարությունը 28 մետր է: Տեքստի և նավակողի բոլոր հատվածների համադրումը ի հայտ բերեց հարյուր տոկոսանոց համընկնում: Դա նշանակում է, որ ոչ միայն գտնվել է կորած բարիսը, այլև` Հերոդոտոսը բավականին ճշգրիտ նկարագրել է իր տեսածը:
BBC


Հ.Գ. Պետք էր Շլիմանը, որ թերահավատները հավատային Հոմերոսի «Ոդիսականին» ու հասկանային, որ Հոմերոսը իրական պատմություններ է դրել իր պոեմի հիմքում: Պետք էր Բելովը, որ հավատան Հերոդոտոսին: Ինչու՞ մարդիկ չեն հավատում, որ իրենցից առաջ էլ եղել են մարդիկ, որ տեսել ու գրել են տեսածի մասին: Իրեղեն ապացույցների հիմքով հավատը և ապրիորի հավատը այն տարբերությունը չէ, որով առանձնանում են գիտնականները ոչ գիտնականներից: Նույնիսկ գիտնականները պետք է հավատան անհավանականին, որ հավանական դառնա:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 1099

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

DiplomatRadio Mao