Ժողովրդավարությունը Ղազախստանում անվերջ հղիություն է

Ժողովրդավարությունը Ղազախստանում անվերջ հղիություն է
21.03.2019 | 12:15

Ղազախստանի երկարամյա նախագահ Նուրսուլթան Նազարբաևը անսպասելի հրաժարական տվեց: «Ես մնում եմ ձեզ հետ»` հայտարարեց նա` ընդգծելով, որ մնում է Անվտանգության խորհրդի նախագահ: Դա ուրախացնում է ոչ բոլոր ղազախներին` գրում է շվեյցարական Tages-Anzeiger-ում Ցիտա Աֆենտրանգերը: Թեպետ Նազարբաևը երկար ժամանակ անվիճելի ու ընդունված նախագահ էր, վերջին տարիներին կենտրոնասիական երկիրը ճգնաժամի մեջ է: Ղազախստանն այսօր տուժում է նավթի ցածր գնից, բռնություններից ու կոռուպցիայից: Քանի դեռ Նազարբաևը տափաստանում նոր մայրաքաղաք Աստանան էր կառուցում, երկիրը մնում էր առանց ոչնչի: Եկել է հատուցման ժամը: Որ Նազարբաևի հեռանալու ժամանակն է, հասկացրին նաև հինգ փոքրիկները, որ անցած ամիս զոհվեցին հրդեհի ժամանակ, երբ ծնողները գիշերն աշխատում էին` ընտանիքը կերակրելու համար: Ողբերգությունը հարուցեց մայրերի կատաղի բողոքները` ընդդեմ աշխատանքի ահավոր պայմանների, աղքատության, վատ առողջապահության` վերջիվերջո վատ կառավարման: Նազարբաևը պարտավոր էր ինչ-որ քայլ անել: Թեպետ ավտոկրատ ու հզոր, ժողովրդի աճող դժգոհությունը Նազարբաևին տհաճություններ էր պատճառում: Զայրույթի խոսքերով Նազարբաևը ցրեց կառավարությունը` կարծես ինքը չէր կողոպտված երկրի նախագահը: Նոր կառավարությունը անմիջապես 3,6 միլիարդ ֆրանկի օգնություն առաջարկեց, որ փորձագետների գնահատականով` ողորմություն էր ժողովրդին: Թեպետ դրանք մեծ փողեր են, բաց շատ քիչ են սկզբունքային խնդիրները լուծելու համար` կախումը նավթից ու օլիգարխների գերիշխանությունը: Չափազանց քիչ են` Ղազախստանին տալու այն, ինչի կարիքն ունի` փոփոխություններ: Երբեմնի հզոր Նազարբաևն ավելի ու ավելի է վերածվում ստագնացիայի խորհրդանիշի: Անվտանգության խորհրդի նախագահի պաշտոնը նրան թույլ կտա հետագայում էլ որոշել երկրի ճակատագիրը: Գուցե Նազարբաևի հրաժարականը ընդամենը ևս մեկ տեղափոխություն է, որ կրկնվում է մի քանի ամիսը մեկ: «Ժողովրդավարությունը Ղազախստանում անվերջ հղիություն է»` տրտնջացել է թատերական ռեժիսոր Բոլատ Ատաբաևը: Ծրագրվու՞մ է հիմա` 30 տարի անց, ժողովրդավարության ծնունդ, ցույց կտան 2020-ի ընտրությունները: Նազարբաևի հրաժարականի ամենահավանական արդյունքը երևի կլինի տասնամյակների հոգեվարքից հետո քաղաքական դիսկուրսի ձևավորումը: Նա դեռ կարող է հանգիստ կառավարել` առանց մրցակցության ոչ հասարակական, ոչ քաղաքական իմաստով: Եթե սկսվեն փոփոխություններ, կդառնան ավտոկրատ Նազարբաևի վերջը և Ղազախստանի սկիզբը:
Tages-Anzeiger


Հ.Գ. Թերևս «հղիությունը» շարունակվելու է` երեկ Ղազախստանի Սենատի նախագահ ընտրվեց Նուրսուլթան Նազարբաևի դուստրը` Դարիգան: Նոր նախագահ
Կասիմ Ժոմարտ Տոկաևի որոշումով մայրաքաղաք Աստանան վերանվանվեց Նուրսուլթան, երկրի մարզկենտրոնների բոլոր կենտրոնական փողոցները նույնպես պետք է կրեն Նազարբաևի անունը, Աստանայում հայտնվի նախագահի արձանը։ Երեկ նրան շնորհվեց ազգային հերոսի և բազում այլ կոչումներ: Ստացվում էր` երկիրը շնորհակալ է, որ նա, իբր, հեռանում է։


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 955

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

DiplomatRadio Mao