Թե՛ PR-ի, թե՛ քաղաքական հանդիպումների տեսակետից Արմեն Սարգսյանը շատ շահեկան դիրքերում է

Թե՛ PR-ի, թե՛ քաղաքական հանդիպումների տեսակետից Արմեն Սարգսյանը շատ շահեկան դիրքերում է
22.03.2019 | 02:37

Ինտերնետ հարթակներում և սոցիալական ցանցերում վերջին շրջանում բավականին ակտիվացել է հարցումների ինստիտուտը։ Հարցախույզերի հիմնական թեման հետևյալն է՝ որքանով է հասարակությունը գոհ թավշյա հեղափոխության արդյունքներից։ Ակնհայտ է, որ նման հարցումները կատարվում են որոշակի ուղղորդմամբ։ Եվ նույնաբովանդակ տարբեր հարցումները գրեթե նույն արդյունքն են գրանցում. հարցվածների մոտ 40 տոկոսը հիասթափված է թավշյա հեղափոխությունից, նոր կառավարության գործունեությունից։ Թեև այդ հարցումներում ակնհայտ են հայկական սոցիոլոգիային բնորոշ տարրեր, այնուամենայնիվ, դրանց արդյունքներից կարելի է որոշակի եզրակացություններ կատարել։ Թերևս առանց հատուկ սոցհարցումների և ուսումնասիրությունների էլ պարզ է, որ հասարակության մի հատվածի, հատկապես նոր իշխանություններից գերսպասումներ ունեցողների մոտ կա որոշակի հիասթափություն։ Հեղափոխական էյֆորիան գրեթե վերացել է։
Պարզ է, որ նման զարգացում կանխատեսվում էր. գուցե ոչ այսքան արագ, բայց հիասթափության ալիքը սպասելի էր։ Իշխանության վարկանիշի, ժողովրդականության անկմանը զուգահեռ, բնական է, որ հասարակության շրջանում պետք է առաջանար նաև այլընտրանքի, իրական ընդդիմության պահանջարկ։ Բոլոր իշխանությունների օրոք էլ ուշ թե շուտ ծագում է «եթե ոչ այս իշխանությունը, ապա էլ ո՞վ» հարցը։ Ըստ էության առաջանում է պահանջարկ, և քաղաքականության մեջ նույնպես, շուկայական օրենքների համաձայն, պետք է լինի նաև համարժեք առաջարկ։


Նիկոլ Փաշինյանը՝ որպես փորձված քաղաքական գործիչ, որը մինչև իշխանության հասնելը բավականին բարդ ճանապարհ է անցել, անկախ նրանից, թե ինչ գնահատականներ է տալիս իր ասուլիսներում, շատ լավ հասկանում է ստեղծված իրավիճակն ու նոր իշխանության շուրջ ձևավորված մթնոլորտը։ Ըստ էության, ՀՀ վարչապետը փորձում է պահանջարկի-առաջարկի ձևավորման պայմաններում ստեղծել իր հակաքայլը։ Այդ հակաքայլը շատ կանխատեսելի և ավանդական է։ Փաշինյանն ու նրա թիմը փորձում են ներկայացնել, որ այլընտրանք կոչվածը և ընդդիմությունը նույն հակահեղափոխությունն է կամ հին ռեժիմը՝ ռևանշի ձգտող Ռոբերտ Քոչարյան-Սերժ Սարգսյան տանդեմով։ Սա շատ պարզունակ մանիպուլյացիա է։ Եթե անգամ հասարակությունը խիստ հիասթափված է և դժգոհ նոր իշխանություններից, այնուամենայնիվ, այդ նույն հասարակությունը թերևս նույն ուժգնությամբ ժխտում է նաև հինը։ Եվ այս պայմաններում Նիկոլ Փաշինյանն ու նրա քարոզչամեքենան որպես նոր իշխանությունների այլընտրանք շարունակում են ներկայացնել Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի, անգամ Լևոն Տեր-Պետրոսյանի վարչախմբերը՝ հույս փայփայելով, որ այս պարագայում գուցե հասարակությունը շատ չընդվզի, սպասելու պատրաստակամություն հայտնի, միայն թե հին իրականությանը հետդարձի հեռանկարը չսպառնա։
Այս պահի դրությամբ վաղ է խոսել նորաստեղծ կուսակցությունների մասին, որոնք ձգտում են դառնալ այլընտրանք, սակայն դեռևս բջջային մակարդակում են ու կայացման փուլում։ Այս պարագայում մնում է այլընտրանք փնտրել այն ուժերի մեջ, որոնք չեն ասոցացվում գործող իշխանության հետ, ոչ էլ սերտ կապեր են ունեցել նախկինների հետ։
Նիկոլ Փաշինյանը շատ լավ հասկանում է, որ իրական այլընտրանքներ կարող են ծագել բոլորովին այլ տեղից։ Դրանով է թերևս պայմանավորված, որ վերջին շրջանում բավականին սառն են հարաբերությունները վարչապետի և ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի միջև։ Թեև այսօրվա իշխանական քարոզչամեքենան Արմեն Սարգսյանին ամեն կերպ փորձում է մղել երկրորդ-երրորդ պլան, այնուամենայնիվ, ՀՀ նախագահի վարկանիշը բավականին բարձր է, կայուն, նույնիսկ ժամանակ առ ժամանակ հետաքրքրությունը երկրի նախագահի նկատմամբ շատ ավելի է մեծանում։


Արմեն Սարգսյանի աճող վարկանիշի և հնարավոր այլընտրանք ընկալվելու տիրույթում պետք է դիտարկել վարչապետ-նախագահ ակնհայտ հակամարտությունն ու մրցակցությունը։ Վերջին օրերին մենք ականատես եղանք բացահայտ երկու դրվագի։ Արմեն Սարգսյանը միայն ձևականորեն հրավիրվեց Արցախում կայանալիք երկու երկրների անվտանգության խորհրդի նիստին։ Եվ քանզի հրավերի մեթոդոլոգիան նախագահի սրտով չէր, վերջինիս գրասենյակը պաշտոնապես հայտարարեց` քանի որ ուշ երեկոյան է ստացվել հրավերը, տեխնիկական պատճառներով այն ընդունել հնարավոր չէր։ Որպես փորձված քաղաքական գործիչ և դիվանագետ՝ Արմեն Սարգսյանը հրավերի այս ձևը գուցե համարեց վիրավորանք, ոչ հարիր վերաբերմունք իր կարգավիճակին։ Վարչապետ Փաշինյանն էլ իր վերջին ասուլիսում առանձնապես չթաքցրեց, որ պրոտոկոլային որոշակի խախտումներ եղել են։ Մի քիչ դժվար է լուրջ ընդունել վարչապետի այն փաստարկը, թե ինքը զանգում էր Արմեն Սարգսյանին և չէր կարողանում վերջինիս հետ կապ հաստատել, ուստի երրորդ դեմքին է պատվիրում նախագահին հրավիրել Անվտանգության խորհրդի նիստին։ Տեխնոլոգիաների և զարգացած կապի այս դարում նման մանրուքներ վկայակոչելն այնքան էլ լուրջ չէ, մանավանդ որ այս երկու գործիչներն էլ շատ հմտորեն օգտվում են կապի նորագույն տեխնոլոգիաներից։ Եվ վարչապետի կողմից ասուլիսում հնչեցված հայտարարությունը, ըստ էության, դեմարշ էր նախագահի հասցեին։


Եվ երկրորդ դրվագը, որ երևան է հանում վարչապետի ու նախագահի միջև տարաձայնությունները. Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլու այցի ժամանակ վարչապետն ու նախագահը առանձին-առանձին ընթրիքի են հրավիրել Վպաստանի նախագահին՝ միմյանց սակայն չհրավիրելով այդ ընդունելություններին։
Նիկոլ Փաշինյանը հրապարակայնորեն փորձում է Արմեն Սարգսյանին իր տեղը ցույց տալ։ Այստեղ կարծես թե խաղը բաց է ընթանում։ Պատահական չէ, որ ժամանակ առ ժամանակ իշխանական ուղղվածության լրատվամիջոցներում քննարկվում է նախագահի հնարավոր իմփիչմենտի հարցը խորհրդարանում, որտեղ իշխող քաղաքական ուժը ճնշող մեծամասնություն ունի։ Այդ սպառնալիքն անընդհատ կախվում է Արմեն Սարգսյանի գլխին, որպեսզի վերջինս զսպի իր և իր վրա խաղադրույք կատարող անձանց հնարավոր ամբիցիաները։


Նկատենք, սակայն, որ Արմեն Սարգսյանն ու նրա թիմը բավականին գրագետ են գործում։ Թե՛ PR-ի, թե՛ քաղաքական հանդիպումների տեսակետից Արմեն Սարգսյանը շատ շահեկան դիրքերում է։ Ըստ էության, նա հանդիպում է մարդկանց, ում այսօր անտեսում է Նիկոլ Փաշինյանը։ Մասնավորապես, նախագահն ընդունեց գործող կառավարության կողմից անտեսվող Լևոն Արոնյանին։ Հավանաբար Լևոն Արոնյանի միակ մեղքն այն է, որ շախմատի ֆեդերացիայի նախագահը Սերժ Սարգսյանն է։ Արմեն Սարգսյանն օրերս հանդիպում ունեցավ նաև լեգենդար հետախույզ Գևորգ Վարդանյանի տիկնոջ հետ։ Սա նույնպես որոշակի ընտրազանգվածի վրա ազդեցություն ունեցող գործոն է։ Բացի այդ, դա կարող է լուրջ ուղերձ հանդիսանալ Ռուսաստանին, որն իր փափուկ ուժի քաղաքականությունը հիմնականում կառուցում է Հայրենական մեծ պատերազմում հայ և ռուս ժողովուրդների համատեղ պայքարի վրա։ Արմեն Սարգսյանի գործունեությունը բազմավեկտոր է։ Թե՛ Բայդենի, թե՛ Ռուսաստանի հետ կապված անձանց հետ ակտիվ շփումները հուշում են, որ ՀՀ նախագահը աշխարհաքաղաքական կենտրոններին ցանկանում է հասկացնել, որ իրադարձությունների որոշակի դասավորվածության դեպքում կարող են իր վրա խաղադրույք կատարել։ Այս պարագայում հասկանալի է Նիկոլ Փաշինյանի ու նրա թիմի արձագանքը. նրանք որպես իրական վտանգ տեսնում են հենց Արմեն Սարգսյանին ու նրա հետ կապված հեռանկարը։
Թերևս որպես այլընտրանք է դիտարկվում նաև նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը։ Այս համատեքստում ժամանակ առ ժամանակ որոշակի լուրեր են ասպարեզ նետվում՝ Կարեն Կարապետյանին կապելով մերթ Սերժ Սարգսյանի, մերթ Ռոբերտ Քոչարյանի հետ։
Այսպիսով՝ ասուլիսում վարչապետի վարդագույն ակնոցներով հնչեցրած հայտարարություններն ու իրականությունը բոլորովին այլ են։ Ամեն դեպքում ակնհայտ է, որ քաղաքական դաշտում որոշակի խմորումներ են սկսվել։ Եվ սա դեռևս սկիզբն է։


Արամ Վ. ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 1473

Մեկնաբանություններ