Մի ներողություն ունենք՝ Ձախ Հարութին ասելու

Մի ներողություն ունենք՝  Ձախ Հարութին ասելու
22.03.2019 | 03:09

Անցյալ տարվա ապրիլ ամսից, աշխարհի ցանկացած կետում, որտեղ գոնե մեկ հայ կար, հնչում էր. «Քայլ արա, մերժիր Սերժին»: Դա չիրագործված հեղափոխության միակ մխիթարանքն էր, որ այսօր էլ, որպես Հնդստանից բերված ընկույզ, յուղում է մերժելուց հետո էլ մի կուշտ փորով հաց չկերած հայորդու ականջը: Լավ, մերժելը՝ մերժել, քայլելը՝ քայլել, բայց ա՞յդ ոճով, առանց մեծ ու փոքր, առանց հաստ ու բարակ, կարճ ու երկար հարցնելու՞:

Ժամանակը չէ՞ հետ նայելու, հասկանալու համար, որ «համազգային մերժողականությամբ» արվել են բաներ, որոնք սխալ էին, անընդունելի: Օրինակ, սիրված երգիչ Հարութ Փամբուկչյանը՝ Ձախ Հարութը, այդ մերժողականության հանիրավի զոհերից մեկն էր:
2018 թվականի մայիսի 10-ին, ԱՄՆ-ում, համերգի ժամանակ տեղի հայերն ուղղակի անարգանքի սյունին գամեցին երգչին, միայն այն բանի համար, որ նա իր համերգներից մեկի ժամանակ, երգելիս խոնարհվել է հանրապետական կուսակցության վերնախավի առաջ: Միջանկյալ նշեմ, որ մեղադրողներն այն մարդիկ են, որոնք անհագ հրճվանքով լսում են անվերջ աղմկող Ռուբեն Հախվերդյանի ու անվերջ լռող Արթուր Մեսչյանի երգերը: Դրանք այն նույն մարդիկ են, որոնք ժամանակին Նիկոլ Փաշինյանին «քոռ Լևոնի համհարզ» էին անվանում:
Միջադեպից հետո երգիչը հիվանդանոցում էր հայտնվել, ինչը նույնպես հրճվանք էր պատճառել ոմանց։


Ժողովրդական հայտնի խոսք կա՝ հարյուր լավությունդ չեն հիշի, մի չարածդ ամբողջ կյանքում երեսով կտան: Ես, իհարկե, չեմ արդարացնում Ձախ Հարութի՝ հանրապետականների առաջ խոնարհվելը, ինչը, ի դեպ, անմեղ մի բան է անհայտ ծերուկին հանրությանը որպես Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի պապ ներկայացնելու համար։ Բայց, եթե սկսել ենք հիշել անցյալը՝ հասկանալու համար, մերժել, թե ոչ, եկեք հիշենք սկզբից, ասենք, անցյալ դարավերջից, երբ Հարութ Փամբուկչյանն իր բարեգործական համերգների ողջ հասույթն ուղղում էր երկրաշարժից տուժածներին, իսկ մինչ այդ, ազգային երգեր երգելու համար, որպես այլախոհ, հալածվում խորհրդային իշխանության կողմից: Դա այն նույն ժամանակաշրջանն էր, երբ այսօրվա Ամերիկայի հայ համայնքի՝ Հարութ մերժող մասսայի զգալի մասը դեսպանատների առաջ էր լուսացնում՝ ելքի վիզա ստանալու և ճողոպրելու, փախչելու համար, սեփական հայրենիքը պատերազմի ժամանակ դավաճանաբար լքելու համար:


Ցավում եմ, որ այդ դեպքից հետո ներկա իշխանության որևէ անդամ ներողության որևէ ժեստ չարեց՝ ուղղված Հարութ Փամբուկչյանին: Ցավում եմ, որ նախկին հանրապետականներն այսօր կամաց-կամաց կրկին իշխանության են գալիս, անշուշտ, երկրորդ շարքի մակարդակով, բայց Հարութ Փամբուկչյանը մի արտիստիկ խոնարհման համար նման վերաբերմունքի է արժանանում: Ցավում եմ, որ սիրո ու հանդուրժողականության վախճանը հենց մեկնակետում եղավ՝ ատելությամբ ու անհանդուրժողականությամբ: Ցավում եմ, որ թավիշը թաղիթ դարձավ ու իրենով փորձեց խեղդել սիրելի երգչին, որին ժողովուրդը լավ է ճանաչում և շատ է սիրում, ի տարբերություն հրագանման պալատական սազանդարների, որոնք հրճվանքով ծափահարում էին Հարութ Փամբուկչյանի հանդեպ տեղի ունեցած սանձարձակությունը:
Որքան էլ Հարութ Փամբուկչյանին փորձեն տեղավորել ռաբիսի շրջանակների մեջ, միևնույն է, ժողովուրդը նրա մաշված պիջակը չի փոխի օրվա պալատական աշուղների գլխի հետ:


Գևորգ ԳՅՈՒԼՈՒՄՅԱՆ

Դիտվել է՝ 2002

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ