Yerevan Perspectives International Music Festival
 

Ո՞րն է աշխարհը կառավարող հզորների գլխավոր նպատակը այս կոնկրետ հարցում

Ո՞րն է աշխարհը կառավարող հզորների գլխավոր նպատակը այս կոնկրետ հարցում
22.03.2019 | 03:12

Պետք չէ առանձնակի խորաթափանց մարդ լինել հասկանալու համար պարզ մի բան. Հայաստանից հետո տևական ժամանակ ապրելով Եվրոպայում թե Ռուսաստանում, նախկին հայաստանցին չի կարող չհանգել անառարկելի մի հետևության՝ իր հայրենիքի մեծագույն արժեքը, հարստությունը, կենսագոյության գլխավոր պայմանը ավանդական հայ ընտանիքն է՝ առողջ հայրիշխանությամբ, դստեր, կնոջ, մոր, տատիկի եզակի-առինքնող պաշտամունքով: Ցանկացած նորմալ, կրկնում ենք, նորմալ ազգ կերազեր ունենալ նման համերաշխ ու ներդաշնակ ընտանիք:


Ահա և, առնվազն տարօրինակ է, երբ Հայաստանում ամենատարբեր մակարդակների չինովնիկները լուրջ դեմքով խոսում են մեր երկրում գենդերային հավասարության ներմուծման մասին: Մինչդեռ ի՜նչ անհավասարության մասին է խոսքը: Հասկացանք, ձգտելով դեպի «քաղաքակիրթ» Եվրոպա, մենք հարկադրված-պարտադրված պիտի ընդունենք նրանց շատ «արժեքները»: Բայց կույր ձևանալ ու չտեսնել, որ այդ այլասերիչ բարոյազրկության գլխավոր թիրախներից մեկը հենց ավանդական ընտանիքի քայքայումն է ու դրա վերացումը, կործանարար սխալ կլինի: Արտաքին հայացքից է միայն «վսեմ» երևում երկու սեռերի տխրահռչակ գենդերային հավասարության հռչակումը: Էլ չենք ասում, որ Եվրոպայում սեռերի թիվն արդեն անցնում է վեցից: Այդ աշխարհամասում հասարակական զուգարաններում արդեն տեղադրվում են երրորդ սեռի համար նախատեսված տարբերանշաններ: Առայժմ միայն՝ «երրորդ»: Այսինքն, գենդերային հավասարությունը որպես դեմոկրատիայի բարձրագույն դրսևորում կյանք է առնում նաև եվրոպական պետքարաններում:
Եվ այսպես, ո՞րն է աշխարհը կառավարող հզորների գլխավոր նպատակը այս կոնկրետ հարցում: Հայտնի է, որ մարդկության պատմության մեջ քաղաքականության, տնտեսության, գիտության, արվեստի և շատ այլ բնագավառներում միշտ գերիշխել են տղամարդիկ: Մեղք չի լինի ասել, որ մտավոր ու ստեղծարար առումով կանայք զիջել են տղամարդկանց: Ֆեմինիստները այս պարագան համարում են անարդարացի, տղամարդկանց մեղադրում են արական շովինիզմի մեջ և կրքոտ կերպով պահանջում հավասարություն: Եվ եվրոպական որոշ երկրներում, օրինակ, նախարարական պաշտոնները մեխանիկորեն հավասար չափով բաշխվում են երկու սեռերի միջև (ապագայում երևի՝ վեց սեռերի միջև):


Նորերս հայոց խորհրդարանի պատգամավորուհիներից մեկը ի լուր համայն հայության հիշեցրեց կին արարածի մի հատկանշական կողմը՝ պարտականությունը՝ երեխաներ ունենալ: Ահա և, հավասարացնելով երկու սեռերին և տղամարդուն զրկելով նրա ավանդական առավելություններից, գլոբալիստները խնդիր են դնում կնոջը ուղղորդել դեպի քաղաքական, գործարար վերադաս պաշտոններ, մեռցնել նրա մեջ երեխաներ ունենալու նշյալ սուրբ առանձնահատկությունը, ընտանիքի զգացումը: Ռուսական հեռուստատեսությամբ վերջերս ցուցադրվեց մի ռեպորտաժ Հոլանդիայից: Սկզբում ռուս լրագրողը զրուցում էր ներգաղթյալ մուսուլման կանանց հետ, հետաքրքրվում, թե ինչու նրանց համար 5-6 երեխան նորմա է: Վերջիններս պատասխանում էին, որ պետությունն իրենց ընտանիքներն ապահովում է բնակարանով, բավարար նպաստով, անվճար բուժօգնությամբ և այլ արտոնություններով: Այդ դեպքում ինչու երեխաներ չունենալ, իրենց ինչին է պետք աշխատանքը ու առավել ևս պաշտոնը: Այնուհետև լրագրողը դիմեց տեղացի սպիտակամաշկ մոտ երեսնամյա կանանց թե օրիորդների, փորձելով պարզել, թե ինչու նրանք չեն ամուսնանում և եթե ամուսնանան, քանի երեխա կունենան: Սրանք պատասխանեցին, որ իրենք գերադասում են զբաղվել կարիերիայով, գենդեր տղամարդկանց հետ հավասար զբաղեցնել ղեկավար ու փողաբեր պաշտոններ: Իսկ ինչ վերաբերում է երեխաներին, ապա լավագույն դեպքում իրենք կունենան 1-2 երեխա, ընդ որում բնավ էլ պարտադիր չէ, որ օրինական ամուսին-ընտանիք ձևավորեն: Եվ ինչու են զարմանում եվրոպացիները, եթե իհարկե զարմանում են, երբ իրենց քթի տակ աշխարհամասում ձևավորվում են ամբողջ մուսուլմանական բնակավայրեր, նույնիսկ քաղաքներ:


Ժամանակակից ինքնակործան Եվրոպայի համար բնորոշ չէի՞ն աշխարհամասի թերևս միակ «դուխով» ղեկավարի՝ Հունգարիայի նախագահ Օրբանի վերջին հայտարարությունը և եվրոպական բյուրոկրատական վերնախավի արձագանքը: Ինչ ասաց Օրբանը. հայտնեց ընդամենը մեկ ազգանպաստ ցանկություն՝ մեզ պետք չեն այլակերպ միգրանտները, նրանց անորակ բազմացումը, մեզ պետք է, որ հունգար մայրերը ծնեն հունգար երեխաներ: Եվ ի՜նչ անբարոյական մեղքերի մեջ ասես նրան չմեղադրեց Եվրախորհրդի նախագահ Ժան-Կլոդ Յունկերը՝ Օրբանը ռասիստ է, ոչ դեմոկրատ, ոչ հանդուրժող, ոչ մարդասեր, հակագենդեր և այլն: Ո՜նց թե, եվրոպացի կինը ոչ թե հրապուրվի պաշտոնասիրությամբ, այլ մանկածնությա՞մբ: Սա է Եվրոպայի ներկա իրողությունը:


Բերենք ռուս մի սոցիոլոգ-քաղաքագետի ընդամենը մեկ եզրակացություն. «Ես մեծ կասկածներ ունեմ, որ համաշխարհային խարդավանքների անդրկուլիսյան տերերը միտումնավոր են կանանց մղում առաջին պլան: Նրանք ուզում են տղամարդուն դուրս մղել ասպարեզից և ճանապարհ հարթել կոլեկտիվ կինարմատի համար, որն առավել թույլ է, դյուրահավատ, զգացմունքային և հեշտորեն ենթարկվող մեքենայությունների: Որը, միևնույն ժամանակ, պարզունակորեն շնորհապարտ է զգում այն բանի համար, որ իրեն գերազանցություն են տալիս ու պահում կարևոր գործերի համար: Անհամեմատ հեշտ է նրա հետ գործ ունենալ: Ցավ չէ, որ քաղաքականության, լրատվամիջոցների, ասենք ամեն ինչի մտավոր մակարդակը բոլորի աչքի առաջ նվազում է: Փոխարենը աշխարհի իրական տերերը անհամեմատ անարգել են իրականացնում իրենց մարդակործան չար խաղերը»:


Ի դեպ, նկատելի չէ՞, որ Հայաստանի լրագրողական միջավայրում ևս սկսում է գերակշռել կանանց հասարակությունը: Թեև նույնքան ակնհայտ է, որ տղամարդ հայ քաղաքագետները իրենց խիստ շոյված են զգում, երբ բավականին հաճախ հայտնվում են հենց ինքնահպարտ հայ լրագրողուհիների սեղմ շրջափակման մեջ: Միաժամանակ Հայաստանում մտահոգություններ են հայտնում, որ երկրում աճում է ամուսնալուծությունների քանակը: Միգուցե սրանք գենդերային հավասարության վնասակարության սոսկ ծաղիկներն են: Հատկապես ավանդական ընտանիքի հարցում երբեք չի կարելի եվրոպացի դառնալ: Ժամանակակից Եվրոպան երբեմնի Եվրոպան չէ, որ քաղաքակրթություն էր տարածում աշխարհում:


Ռուբեն ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ
Մոսկվա

Դիտվել է՝ 2378

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

DiplomatRadio Mao