Yerevan Perspectives International Music Festival
 

«Բոլոր ֆիլմերն էլ կոմերցիոն են, պարզապես պիտի կարողանաս ճիշտ մենեջմենթ անել»

«Բոլոր ֆիլմերն էլ կոմերցիոն են, պարզապես պիտի կարողանաս ճիշտ մենեջմենթ անել»
22.03.2019 | 03:16

«Իրատեսի» հյուրը ռեժիսոր, արվեստագիտության թեկնածու ԱՐՍԵՆ ԱՌԱՔԵԼՅԱՆՆ է: Նա վերջերս իր «Հայելու միջով» ֆիլմով մասնակցել է «Կինոասամբլեա Դնեպրում» միջազգային կինոփառատոնին՝ արժանանալով Առաջին մրցանակի, և «Հանդիպում» Ստրետենսկի 14-րդ ուղղափառ միջազգային կինոփառատոնին՝ արժանանալով Պատվոգրի:
Մեր զրույցը այս և այլ թեմաների շուրջ է:

-Արսեն, Ձեր «Հայելու միջով» ֆիլմում զուգահեռ երկու պատում է հյուսվում. մեկն իրականության կինոպատկերն է, մյուսը՝ պատրանքի: Որպես մարդ և որպես ստեղծագործող՝ ո՞ր հարթությունն եք նախընտրում՝ շոշափելի, տեսանելի իրականությու՞նը, թե՞ հորինվածը, երևակայականը:
-Ես շատ եմ հավանում Հեմինգուեյի խոսքերը. այն հարցին, թե ինչով են իրար նման բոլոր լավ գրքերը, նա պատասխանել է, որ լավ գրքերն ավելի ճշմարիտ են, քան իրականությունը: Ռեժիսորի, կոնկրետ ինձ համար իրականությունն այլ բան է, իսկ իրականությունը մեկնաբանելը, պատմելը և «ստեղծելը»՝ այլ ու ավելի կարևոր մի բան: Ոչ մեկին հետաքրքիր չէ, երբ ներկայացնում ես այն, ինչ տեսնում են բոլորը: Իմ ֆիլմի հերոսները կույր մարդիկ են, բայց նրանք այնքան բան են տեսնում, այնքան հետաքրքիր են մեկնաբանում իրենց տեսածը, որ տեսնող աչք ունեցողներից շատերին դա տրված չէ: Ի սկզբանե ֆիլմը կոչվում էր «Տեսնել», որովհետև նայելն ու տեսնելը շատ տարբեր բաներ են:

-Ձեր «Մայրիկ» ֆիլմում ներկայացվում է մոմի լույսի միջով ձգվող սպասումը, որի վերջնագծում մահն է: Ինչո՞ւ եք մայրիկ երևույթի բազմաշերտությունից ընտրել ու գեղարվեստորեն մատուցել հատկապես այս ճանապարհը, այս խորհուրդը:
-«Մայրիկն» իմ առաջին ֆիլմն է, նկարել եմ քսան տարի առաջ: Ֆիլմը նվիրել եմ տատիկիս: Երբ փոքր էի, տատիկս ինձ համար սվիտեր էր գործել, ես այն հագել ու գնացել էի մանկապարտեզ: Դաստիարակչուհին հիացած հարցրեց, թե որտեղի՞ց ենք գնել այն, ես պատասխանեցի, որ տատիկս է գործել: Նա ասաց. «Տատիկդ ոսկի ձեռքեր ունի»: «Ոսկի ձեռքերի» գաղափարն իմ մեջ մնաց դեռ այդ ժամանակվանից: Եվ ես Մայրիկի ամբողջ կյանքն իմ ֆիլմում ցույց եմ տվել ձեռքերի միջոցով:
-Եվ ֆիլմի վերջին կադրում Մայրիկի դագաղի շուրջը հավաքվածների ձեռքերն ենք տեսնում՝ խորհրդավոր դասավորությամբ: Այս տեսարա՞նն է եղել ասելիքի մեխը:
-Այդ տեսարանում այն ձեռքերն են, որոնց կյանք է տվել Մայրիկը, որոնք իր կողքին չեն եղել, երբ նա դեռ ողջ էր: Հայերի մոտ այդպես է, չէ՞: Քանի դեռ մարդն ապրում է, ժամանակ չունեն նրան տեսնելու, նրա հետ լինելու, հենց մահանում է, հենց այդ լուրն ստանում են, ամեն բան թողնում-գալիս են: Ես սա եմ ցանկացել ասել իմ ֆիլմով: ՈՒ ոչ էլ մենակ հայերի մոտ է այդպես, շատ ազգությունների մոտ կա դա: Եվ սա «ստուգված» ֆիլմ է այն առումով, որ նայել են տարբեր ազգությունների մարդիկ, ու բոլորը նույն զգացողությամբ են ընկալել: Մի վրացի տղա ֆիլմը նայելուց մեկ օր անց եկավ փաթաթվեց ինձ ու պատմեց, որ զանգել է մորը, հուզվել-լաց եղել, խոստովանել, որ շատ է սիրում նրան: Այս իմաստով ֆիլմն իր առաքելությունը կատարել է:
-Այսինքն հաստատվում է պարզ ճշմարտությունը՝ էսթետիկական արժեք ունենալուց բացի՝ ֆիլմը, առհասարակ արվեստը, նաև դաստիարակում ու վերադաստիարակում է:
-Դաստիարակել-վերադաստիարակելը չգիտեմ, բայց որ ազդում է մարդկանց վրա, դա հաստատ է:
-«Հայելու միջով», «Մայրիկ» և համանման ֆիլմերը կարո՞ղ են հակակշռել ագրեսիա, սարսափ սփռող, նպատակասլացորեն բթացնող ֆիլմերին, որոնք համատարած են, ցավոք, ու պահանջված:
-Այդպիսի ֆիլմերի մեջ կան այնպիսիք, որոնք նպատակ ունեն ուղղակի հանգստացնելու մարդկանց: Ես այս դեպքում պիտի հիշեմ Բերտոլուչիի խոսքը. նա վատ և լավ ֆիլմերի տարբերության մասին ասել է, թե լավ ֆիլմն այն է, որը դառնում է հանդիսատեսի սեփականությունը: Իսկապես, եթե ֆիլմը լավն է, դու այն երբեք չես մոռանում, քսան տարի առաջ էլ տեսած լինես, այն քեզ հետ է, քո հիշողությունից չի ջնջվում, քո ներքինի մի մասնիկն է:
-Ձեր նկարած ֆիլմերը լայն սպառման համար չեն, զանգվածային ցուցադրությունների համար չեն, «եկամտաբեր» չեն: Այնինչ այսօր կինոն համարվում է ապրանք, կինո ստեղծելը՝ արտադրություն, արդյունաբերություն: Սա Ձեզ չի՞ հուսահատեցնում:
-Բոլորովի՛ն: Ես հիմա իմ մեղավոր ու սխալ կարծիքն եմ հայտնում. երբ ասում են՝ կոմերցիոն կինո, կարծում են, թե դա էժան, տափակ հումորով նկարված կամ ոստիկանի հզոր կերպարով, դետեկտիվ ժանրում արված ֆիլմերն են, որոնք գրավում են մեծաքանակ հանդիսատեսի: Բայց այսօր ամենակոմերցիոնը Փարաջանովի ֆիլմերն են, որոնք ցուցադրվում են բոլոր բարձրակարգ կինոփառատոներում և ոչ միայն գումարներ են բերում, այլև ապահովում մեծ հեղինակություն և՛ մեր երկրի համար, և՛ մեր ժողովրդի:
-Ե՛վ ավելի մեծացնում իր՝ Փարաջանովի փառքը:
-Դե՛, Փարաջանովին արդեն ոչինչ պետք չէ, ինչ որ անում են նրա ֆիլմերը, մեզ համար են անում՝ հայերիս: Այնպես որ, բոլոր ֆիլմերն էլ կոմերցիոն են, պարզապես պիտի կարողանաս ճիշտ մենեջմենթ անել: Ես նոր եմ վերադարձել «Կինոասամբլեա Դնեպրում» միջազգային կինոփառատոնից: Գիտե՞ք՝ ի՜նչ հանդիսատես կար, ինչպե՜ս էին առավոտից երեկո ֆիլմեր դիտում: Թեև սա մեզ համար էլ անսովոր երևույթ չէ, որովհետև երևանյան կինոփառատոների ժամանակ էլ է նույն վիճակը՝ լեփ-լեցուն դահլիճներ, հետաքրքրված հանդիսատես: Այսինքն՝ սխալ է մտածել, թե վատ ֆիլմերով կարողանում են բթացնել մարդկանց: Նույն այդ մարդկանց, եթե լավ բան ես տալիս, սիրում ու գնահատում են, ունենում այդ լավի պահանջը: Եվ իմ «Հայելու միջով» ֆիլմը այնքան խորությամբ էին ընկալել, այնքան մանրամասնություններ էին հասկացել, այնպիսի հարցեր էին տալիս ֆիլմի մասին, որ ես զարմանում էի: Երևի պատահական չէր, որ ֆիլմս ստացավ առաջին մրցանակ:

-Դասավանդում եք տարբեր բուհերում՝ կինոյի և թատրոնի ինստիտուտում, մանկավարժական համալսարանում, սլավոնական համալսարանում, այսինքն՝ անմիջականորեն կապված եք մեր հասարակության ամենաըմբոստ, ամենանախաձեռնող զանգվածի հետ: Ո՞ր բուհի ուսանողների հետ աշխատելն է ավելի հետաքրքիր ու արդյունավետ:
-Նախ շնորհակալ եմ, որ օգտագործեցիք «աշխատել», ոչ թե «դաս տալ» արտահայտությունը: Որովհետև ես նրանց հետ իսկապես աշխատում եմ ու ամեն օր իրենցից մի նոր բան սովորում: Շատ համարձակ են այսօրվա երիտասարդները, շատ ճկուն են, շատ շնորհալի են, շատ բազմերանգ են: Գունապնակի նման են, բոլոր գույները կան նրանց մեջ: Մեկ-մեկ թամբալություն են անում, բայց դա էլ պիտի լինի: Ի միջի այլոց, իմ ֆիլմերում նկարվում են իմ ուսանողները: Ես նրանց հետ աշխատում եմ նաև որպես կոլեգաների:
-Մենք ամիսներ առաջ միասին գիտաժողովի մասնակցեցինք Արցախում: Այսօրվա քաղաքական փոփոխությունների ֆոնին ինչպե՞ս եք պատկերացնում արցախյան հիմնախնդրի հանգուցալուծումը, հնարավո՞ր եք համարում Արցախի վերադարձը բանակցային սեղանի շուրջը:
-Նախ ասեմ, որ այդ գիտաժողովի օրերին ունեցածս տպավորությունները շատ վառ են, ու մինչև հիմա էլ շարունակվում է կապս այնտեղի համալսարանի ուսանողների հետ: Ինձ շատ է դուր գալիս, որ արցախցիները ամփոփված չեն իրենք իրենց մեջ, իրենց փոքր երկրի, աշխարհից կտրված միջավայրի ներկայացուցիչներ չեն զգում: Նրանց կռիվն աշխարհի հետ է, իրենք հսկաների դեմ են պայքարում: Ես նրանց ասացի, որ երբ Արցախում շրջում եմ, ինձ թվում է՝ Սպարտայում եմ, մարդիկ ասես զինվորներ լինեն, ուժեղ են, վախ չունեն ոչնչից, կասկած չկա մեջները: Արցախցի ուսանողներին շատ դուր եկավ ասածս, բայց նրանք ինքնավստահ ավելացրին. «Ի՞նչ Սպարտա, Սպարտայում երեք հարյուր հոգով էին, իսկ մենք երկու-երեք հոգով էինք կռվում»: Այսինքն՝ նրանք նույնիսկ այդ համեմատությանը համաձայն չեն, մտածում են, որ իրենք ավելին են: Ինչ վերաբերում է Արցախի վերադառնալ-չվերադառնալուն բանակցային սեղանի շուրջը, ես դրանից գլուխ չեմ հանում: Գիտեմ, թե ինչ բարդ բան է քաղաքականությունը: Բայց և գիտեմ այն, ինչ բոլորի համար էլ ակնհայտ է, ու ես նոր բան ասած չեմ լինի, եթե ասեմ, որ Արցախի հարցը վաղուց լուծված է թե՛ արցախցիների, թե՛ բոլոր մյուսների համար: Եվ Արցախի հարցով ի պաշտոնե զբաղվող մարդկանց ես մաղթում եմ, որ պարզապես կարողանան գտնել խնդրի լուծման իրավաբանական ձևակերպումը: Հիմա թե ինչպես դա կանեն, ինչ թուղթ ու բանաձև կգրեն, դրանից շատ բան չի փոխվի, որովհետև Արցախի հարցը լուծված հարց է, և որևէ հայ դրան չի կասկածում:
(շարունակելի)


Զրույցը վարեց
Կարինե ՌԱՖԱՅԵԼՅԱՆԸ

Դիտվել է՝ 1654

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

DiplomatRadio Mao