Amadinda
 

Խտրականությունը պետք է վերացվի

Խտրականությունը պետք է վերացվի
26.03.2019 | 00:28

«Առողջապահությունում մենաշնորհի ձևավորմանը նպաստում է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը»,- մեզ հետ զրույցում նշում են տարբեր ԲԿ-ների ղեկավարներ և պրակտիկ բժիշկներ։ Վերջիններս իրենց այս պնդումը հիմնավորում են հատկացվող պետպատվերի քաղաքականությամբ։ Ըստ ներկայացվածի 2019-ի սկզբից գրեթե բոլոր բուժհիմնարկներում 10-25 %-ով կրճատվել է պետպատվերը, բացառությամբ «Աստղիկ» ԲԿ-ի։ Հետաքրքիրն այն է որ «Աստղիկ» ԲԿ-ի պետպատվերը ոչ միայն չի կրճատվել, այլև մի քանի անգամ ավելացել է։


Այս մոտեցումն անհավասար մրցակցային պայմաններ կարող է ստեղծել, ինչը, բնականաբար հարվածելու է մյուս կլինիկաների շահերին։ Այլ կերպ ասած, առողջապահության նախարարաությունը պետպատվերի տրամադրման գործընթացն իրականացնում է յուրայինների և մյուսների սկզբունքով, իսկ թե ինչու, կարծում ենք, դժվար չէ կռահել. ամեն ինչ իր գինն ունի։


Բայց, որպեսզի մերկապարանոց ենթադրությունների գիրկը չընկնենք և հանրության դժգոհությունը միակողմանի չներկայացնենք, առողջապահության նախարարությանը հարցում արինք, թե որ կլինիկաներին է պետպատվեր հատկացվել, որոնցում է պետպատվերը կրճատվել, և որոնք են դրանք։ Առողջապահության նախարարության պատասխանը էլ ավելի խորացրեց մեր կասկածները. «Ձեր առաջին և երկրորդ հարցման վերաբերյալ հայտնում ենք` 2019-ի պետական պատվերի տեղադրման նպատակով ՀՀ առողջապահության նախարարություն 187 բժշկական կազմակերպություն ներկայացրել է հայտ բարդ ընթացակարգով և 282 բժշկական կազմակերպություն` պարզ ընթացակարգով։ Առողջապահության նախարարության պաշտոնական կայքում «Պետական պատվերի տեղադրման կարգ» դարանում տեղադրված է առողջապահության նախարարի 2018-ի հունվարի 19-ի և 2019-ի հունվարի 25-ի «Պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնության և սպասարկման պայմանագրային գործընթացի կանոնակարգման և կազմակերպությունների պայմանագրային գումարների հաստատման մասին» թիվ 103-Ա և թիվ 166-Ա հրամաններով հաստատված կազմակերպությունների տարեկան պայմանագրային գումարների վերաբերյալ տեղեկատվությունը, որտեղ կարող եք տեսնել կազմակերպությունների ցանկը, տրամադրված գումարների չափը, ինչպես նաև պայմանագրային գումարների ավելացումները և պակասեցումները»։ Նախ` այս պատասխանն ավելի շատ խորհուրդ էր, որպեսզի հարցի պատասխանը ստանանք իրենց կայքից։ Նկատենք, որ առողջապահության նախարարի սիրած գործը լրագրողների հարցերին չպատասխանելն ու իրենց կայքը մատնանշելն է, աշխատակիցներն էլ ընդօրինակում են նախարարին։ Իսկ գուցե նախարարությունը միտումնավո՞ր է խուսափում կոնկրետ պատասխանից, որպեսզի հարցից հարց չառաջանա և չբացահայտվի իրական պատկերը, որը շատ հեռու է ֆեյսբուքյան գրառումներից։ Եվ եթե առողջապահության նախարարությունը մեր այս հոդվածից հետո հիշի, որ բարձրացվել են բուժաշխատողների աշխատավարձերը, շտապենք ասել, որ աշխատավարձերի բարձրացումը պետպատվերի հաշվին չէ, որ պետք է բարձրացվի, դրանք միմյանց հետ կապ չունեցող գործընթացներ են։


Եվ մինչ առողջապահության նախարարի ֆեյսբուքյան էջում դիֆիրամբներ են հղվում նրան, բժշկական հանրությունը շարունակում է դժգոհել` այս անգամ արդեն բուժաշխատողներին սոցփաթեթի մեջ ընդգրկելու կողմնակալ քաղաքականությունից։ Թվում էր` վերջապես գործնականում լավ բան արվեց, պոլիկլինիկաների բուժաշխատողներն ընդգրկվեցին սոցփաթեթում, սակայն գործնականում մոտ 500 աշխատող դուրս է մնացել այս ծրագրից, քանի որ երեք պոլիկլինիկաներ չեն ներառվել այս ծրագրում։ Ինչու՞։ Մեր այս հարցին առողջապահության նախարարությունից պատասխանեցին. «Պոլիկլինիկաների աշխատակիցների սոցիալական փաթեթի շահառու լինելը սահնմանված է ՀՀ կառավարության 2014-ի մարտի 27-ին N375-Ն որոշման հավելված N1-ով հաստատված կարգի 2-րդ կետի 2-րդ ենթակետի «ա» պարբերության համաձայն, ըստ որի, պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով ծրագրի շրջանակներում բժշկական օգնություն և սպասարկում ստանալու իրավունք ունեն 50 % և ավելի պետության բաժնեմաս ունեցող միայն ամբուլատոր-պոլիկլինիկական բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությունների (դիսպանսերներ, պոլիկլինիկաներ, բժշկական ամբուլատորիաներ, գյուղական առողջության կենտրոններ) հաստիքացուցակով նախատեսված հաստիք զբաղեցնող և նորմալ աշխատաժամանակի 50 %-ից ավելի աշխատաժամանակով աշխատողները (այդ թվում` վարչական)՝ բացառությամբ տնտեսական (տեխնիկական) սպասարկում իրականացնող աշխատողների»։


Ընդունենք որ այդ երեք պոլիկլինիկաները մասնավոր ԲԿ-ների ենթակայության տակ են, սակայն չմոռանանք, որ դրանք աշխատում են պետական մասնաբաժին ունեցող պոլիկլինիկաների ընթացակարգով և տվյալ վարչական շրջանում հաշվառված բնակիչներին մատուցում են միայն անվճար ծառայություն։ Այսինքն, ստացվում է, որ վերջիններս աշխատում են պետական պոլիկլինիկաների սկզբունքով, սակայն զրկված են սոցփաթեթից։ Բնականաբար, այս բացը կարելի էր լրացնել հենց սկզբում, երբ որոշում էր ընդունվում պոլիկլինիկաների բուժաշխատողներին ևս սոցփաթեթ հատկացնել, թեև, կարծում ենք, հիմա էլ ուշ չէ անհրաժեշտ փոփոխություն ամրագրել և վերջ դնել խտրականությանը։


Ժասմեն ՎԻԼՅԱՆ

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 1671

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

DiplomatRadio Mao
«Արաքս Դավթյան-70». հոբելյանական համերգ