«Պատկերացնու՞մ եք՝ ինչ լուրջ մեղադրանք է ներկայացված Վազգեն Սարգսյանին»

«Պատկերացնու՞մ եք՝ ինչ լուրջ մեղադրանք է ներկայացված Վազգեն Սարգսյանին»
26.03.2019 | 00:37

1999-ի Հոկտեմբերի 27-ին գլխատվեց Հայաստանի պետականությունը։ Այս ոճրագործության կատարողները հայտնի են, բայց մինչ այսօր բոլորին անհայտ են նրանց թիկունքում կանգնած ուժերը։ Քաղաքական տարբեր հոսանքների ներկայացուցիչներ բազմաթիվ վարկածներ են նշում, սակայն կոնկրետ կենտրոնի, անձի վերաբերյալ իրավապահ համակարգն այդպես էլ պատասխան չունի։ Օրերս քաղաքական օրակարգը կրկին ցնցվեց, երբ ՊՆ նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանը ծավալուն բաց նամակ հրապարակեց, որտեղ խոսք կար նաև Հոկտեմբերի 27-ի և Վազգեն Սարգսյանի մասին։ Արձագանքը չուշացավ։ Անկախ Հայաստանի ամենացավոտ այս էջի վերաբացումը կարող է շատ բան ջրի երես հանել, բայց դեռ մեծ հարց է՝ այս իշխանությունը պատրա՞ստ է այս մեծ «բեռին»։ «Իրատեսը» Հոկտեմբերի 27-ի և Շիրխանյանի նամակի բովանդակության շուրջ զրուցեց ոճրագործության օրը խորհրդարանի դահլիճում ներկա ՀՀԿ անդամ, արցախցի ՀԱՄԼԵՏ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ հետ։

-Օրերս Պն նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանը բաց նամակ հրապարակեց, որը Ռոբերտ Քոչարյանին էր ուղղված, սակայն պատմական դրվագների հիշատակումն ավելի շատ առնչվում էր Վազգեն Սարգսյանին։ Ձեր կարծիքով, որքա՞ն ճշմարտություն կա այդ նամակում։
-Այն մարդիկ, ովքեր ծանոթ են այդ ժամանակահատվածին, այդ օրերի վկան ու ականատեսն են եղել, բնականաբար բացասական կարծիք կունենան հիշյալ նամակի բովանդակության առնչությամբ։ Նամակ գրողը փորձել է գերագնահատել իր դերն այդ ժամանկահատվածում։ Ես այդ գործընթացների մասնակիցն եմ եղել ու ականատեսը, ճանաչում եմ և Ռոբերտ Քոչարյանին, և Վահան Շիրխանյանին։ Կառաջարկեի Քոչարյանի և Շիրխանյանի առերեսում անել։ Չեմ կարծում, որ այսօր էլ՝ 2019-ին, Շիրխանյանը կկարողանա նայել Ռոբերտ Քոչարյանի երեսին ու նման «համարձակ» արտահայտություններ անել։ Ամբողջովին կեղծիք է այն, որ նա իբր առաջարկել է 35000 փախստականներին տեղակայել Ստեփանակերտի հարակից, ազատագրված գյուղերում։ Այդ էտապում Ղարաբաղի կանանց, երեխաների մեծ մասը տեղափոխված էր Երևան ու դեռ չէր վերադարձել այնտեղից։ Գործնականում անհնար էր, որ պատերազմող երկիրն իր վրա վերցներ 35000 փախստականի տեղավորման խնդիրը։ 1992-ին մարտական գործողությունները, բնականաբար, դեռ ավարտված չէին և հայտնի էլ չէր, թե երբ կավարտվեին։ Եթե ինքն իրոք, որպես պաշտպանության փոխնախարար, իր տեղում է եղել, պետք է այսքան բանը հաշվի առներ ու իմանար։ Նույնիսկ հարկավոր էլ չէ այս փաստը Քոչարյանը ժխտի կամ հաստատի, որովհետև մարդիկ, որոնք այդ օրերի թոհուբոհի մեջ են եղել, ազնվություն ունենալու դեպքում կհայտարարեն, որ անհնար էր այդքան մարդ տեղավորել Ղարաբաղում։ Իսկ նամակի ողջ ընթացքում անընդհատ «ես-ես»-ի կարևորումն ուղղակի անլուրջ է, որովհետև այդ ժամանակ պետական գործիչների «պլեադայում» նախարարի տեղակալներ չկային, որոնք կարող էին որոշումներ ընդունել, ազդել նախագահի գործողությունների վրա։ Ինչպես այսօր է՝ ո՞վ է նախարարի տեղակալը, որ երկրի առաջին դեմքի գործողություններն ուղղորդի։
-Ասել է՝ Շիրխանյանը գերագնահատու՞մ է իրեն և իր ունեցած տեղեկությունները։
-Ես Շիրխանյանին շատ լավ ճանաչում եմ, վեց ամիս հետը աշխատել եմ։ Հատուկ ծրագրերի կոմիտե կար, բերեցին այնտեղ, հետո արագ տարան։ Ինքը շատ լավ գիտի, թե ինչու Վազգենն իրեն այնտեղից տարավ։ Այդ նամակն ավելի շատ Վազգեն Սարգսյանի մասին է։
-Ազնի՞վ է արդյոք այսօր իբր իրողություններ հրապարակել, երբ մյուս կողմը ողջ չէ և չի կարող հակադարձել։
-Այս նամակով փորձ է արվում ավելի շատ վարկաբեկել Վազգեն Սարգսյանին։ Զարմանում եմ` ինչպես է նա Վազգեն Սարգսյանի անունից հանդես գալիս։ Վազգեն Սարգսյանին ես հրաշալի գիտեմ ու գիտեմ նաև, թե ում ինչպես էր ընդունում։ Բայց Վազգենը մնում էր Վազգեն և այսօր նրա գործողություններն աղավաղել պետք չէ։ Ռոբերտ Քոչարյանին Հայաստան տանելու ամենամեծ «մեղավորը» Վազգեն Սարգսյանն էր։ Երբ Քոչարյանին Արցախից տարան, Արցախի վերնախավը շոկի մեջ էր, բայց նա մտածեց, որ այդպես է պետք։ Պատմության գնահատելու հարցն էր, արդյոք ճի՞շտ էր այդ էտապում Արցախից Քոչարյանին Հայաստան տանելը։ Վազգեն Սարգսյանը քաղաքական ծրագիր ուներ և իրագործում էր, իսկ փոխնախարարի մակարդակի մարդիկ այդ ծրագրերի իրագործմանը չէին մասնակցում, ընդհանրապես դրանցից խաբար էլ չէին։
-Շիրխանյանը պնդում է, որ շատ լարված էին Սարգսյանի և Քոչարյանի հարաբերությունները։ Դուք այդ տարիներին նման բան զգացե՞լ եք։
-Վազգենի քաղաքական կշիռն այդ ժամանակ այնպիսին էր, որ նման լարվածություն բացառվում էր։ Քոչարյանը նոր մարդ էր Հայաստանում, այդ տարիներին չուներ այն թիմը, որ կարող էր հակակշռել Վազգենի քաղաքական թիմին։ Հետևապես այդ լարվածությունը գոնե տեսանելի չէր։ 98-ին Քոչարյանը դարձավ նախագահ և այս փաստը նկատի ունենալով Շիրխանյանը կրկին վարկաբեկում է Վազգեն Սարգսյանին՝ նրան մեղադրելով ընտրակեղծիքների մեջ։ Իբր Քոչարյանը 29 տոկոս է ստանում ու Վազգենի «թեթև ձեռքով» դառնում է 73 տոկոս։ Դուք պատկերացնու՞մ եք՝ ինչ լուրջ մեղադրանք է ներկայացված Վազգեն Սարգսյանին։ Այս նամակով ավելի շատ վարկաբեկվում է Վազգեն Սարգսյանը, քան Ռոբերտ Քոչարյանը։ Քոչարյանին որևէ մեղադրանք չի ներկայացնում, բոլորն էլ գիտեն` 1998-ին նախագահական ընտրություններն ով է անցկացրել։
-Բավական ուշագրավ է, որ այս նամակից իշխանությունն առանձնացրել է հենց այս կետը, և գործ է հարուցվել 98-ի ընտրությունները կեղծելու համար։ Փաստորեն, ըստ էության, ոչ թե Քոչարյանի, այլ Վազգեն Սարգսյանի՞ դեմ է գործ հարուցվում։ Ի՞նչ է սա նշանակում։
-Եթե այդ գործը հարուցել են, նշանակում է սլաքներն ուղղված են ոչ թե դեպի Ռոբերտ Քոչարյան, այլ Վազգեն Սարգսյան։ Այսօրվա ընտրությունները հո Նիկոլ Փաշինյանը չի՞ անցկացրել։ Ընտրական գործընթացները կեղծելու հիմնական հեղինակը ԿԸՀ-ն է, ոչ թե առանձին անհատ։ Քոչարյանը Հայաստան եկել է 97-ին, այդ մեկ տարվա ընթացքում այդ ինչ արեց, որ կարողացավ ընտրությունները կեղծել։ Հետևապես այս ամենն ավելի շատ ուղղված է Վազգեն Սարգսյանին, ոչ թե Ռոբերտ Քոչարյանին։
-Ո՞րն է այս պահին նման բովանդակությամբ նամակի հրապարակման նպատակը։ Հնարավո՞ր է իշխանության մատն էլ է խառն այս ամենին։
-Ճանաչելով Շիրխանյանին, չեմ կարծում, որ այս ամենում իշխանության մատը խառն է։ Այդ մարդը իր քաղաքական ողջ կարիերայում միշտ այսպիսի վիճակներում է եղել։ «Մուտիլովկաներ», բանսարկություններ, հետո հայտնվեց զինված բանդայի կազմում։ Մի բան էլ, եթե քննչական մարմիները Շիրխանյանի նամակը որպես ազնվագույն մեղադրանք են ընդունում և քրեական գործ հարուցում, նշանակում է` դատական գործընթացում դեռ եղած Շիրխանյանին սկզբում պիտի ազգային հերոսի կոչում տան՝ զինված բանդան կազմավորելու համար, ազգի հայր հռչակեն, հետո այդ ազնվագույն մարդու նամակը հիմք համարեն՝ քրեական գործ հարուցելու համար։
-Այս ամենը Ռոբերտ Քոչարյանի գործի հետ կապ ունի՞։
-Ոչ մի կապ, քանի որ Ռոբերտ Քոչարյանի անունն օգտագործելով, փորձում է իրեն կարևորել, որ իբր 1992-ի հունիսին քաղաքական հիերարխիայում այնպիսի դիրք էր զբաղեցրել, որ կարող էր Արցախի ազատագրական շարժման ղեկավարի հետ խոսել շարքային, փողոցային լեքսիկոնով։ Ախր, այդ ժամանակ ովքեր ճանաչում էին Քոչարյանին և Շիրխանյանին, ինչու հիմա հանդես չեն գալիս, այն ժամանակվա գործիչներից որևիցե մեկը կհավատա՞ Շիրխանյանին, որ նա կունենա այնպիսի դուխ, որ կարող է Քոչարյանի հետ այդպես խոսել։ Այն ժամանակ նոր-նոր ձևավորված բանակն ուներ դաշտային հրամանատարներ, եթե նա մեր դաշտային հրամանատարներից մեկին փորձեր դիտողություն անել, իր համար շատ ծանր հետևանքներ կունենար։ Վազգեն Սարգսյանը բոլորովին այլ անձնավորություն էր, պատմական դեմք, իսկ նրա շուրջ խցկված մարդիկ չեն կարող պատմական դեմք լինել։ Շիրխանյանն ընդհանրապես ի՞նչ դեր ունի մեր պետականության ստեղծման, կառուցման մեջ։ Պահեստապետի մակարդակով եկել է ՀՀՇ, ֆիզիկայի ինստիտուտում աշխատում էր, որքան գիտեմ, պարետ։ Այն ժամանակ ՀՀՇ խցկվեցին տարբեր կարերիստներ։ Հո բոլորը պատմական դեմքեր չե՞ն։ Այդ նամակը խայտառակություն է մեր հասարակության, պատմության, անցյալի համար։
-Հնարավո՞ր է, որ Հոկտեմբերի 27-ի գործը վերաբացվի և հնչեղ բացահայտումներ լինեն։
-Հոկտեմբերի 27-ի տուժողները, որոնց մեջ եմ նաև ես, ամենաշահագրգիռն են, որ գործն ամբողջությամբ բացահայտվի, քանի որ այդ օրը նաև շատ հարազատներ, մտերիմներ են կորցրել՝ սկսած Վազգեն Սարգսյանից, Լեոնարդից։ Բայց պետք է բացահայտվի ոչ թե այնպես, որ մեկին բռնեն ասեն՝ սա է հիմքում կանգնած։ Հոկտեմբերի 27-ը բարդ, հակասական գործ է, մինչև այսօր հնարավոր չէ հասկանալ, թե ինչու տեղի ունեցավ այդ ոճրագործությունը։ Հոկտեմբերի 27-ի բացահայտումն անհրաժեշտություն է, ցանկացած ժողովրդի կյանքում տեղի ունեցած այդպիսի ողբերգություն վաղ, թե ուշ բացահայտվում է։ Մինչ օրս մենք չգիտենք, թե որն է եղել այս հանցագործության մոտիվացիան։ Ինչու գլխատվեց հանրապետությունը։ Կատարողները հայտնի են, բանտում վեր ընկած են, բայց ո՞րն էր մոտիվը։ Որպես տուժող` մասնակցել եմ դատական գործընթացներին, այդ տականքների հետ դատարանում առերեսում է եղել, այդ ընթացքում էլ չհասկացա, թե այդ մարդկանց մոտիվացիան ո՞րն է եղել, որ մտան դահլիճ ու անզեն մարդկանց գնդակահարեցին։ Եթե Հոկտեմբերի 27-ը բացահայտվեր, հնարավոր է Մարտի 1-ը չլիներ։
-Այսինքն, դա նույն շղթա՞ն է։
-Իհարկե, հանցագործությունները շղթայաբար են լինում։ Հոկտեմբերի 27-ը փաստորեն չբացահայտվեց, չիմացանք այդ մարդիկ ում կողմից էին ուղղորդվում։ ՈՒզենք, թե ոչ, Հոկտեմբերի 27-ն անպայման բացահայտվելու է։
-Այս իշխանությունը կկարողանա՞ դա անել։
-Հաճախ մի քննչական խումբ կարող է ավելին անել, քան իշխանությունն ամբողջությամբ։ Լրագրողը մի հետաքննական նյութով կարող է շատ բաներ ջրի երես հանել։ Միշտ իշխանություններին ենք մեղադրում, բայց չենք խոսում այն քննիչների մասին, որոնք գործի կեսից պաշտպանում են Վազգենին, իսկ մյուս կեսին էլ՝ իշխանություններին։ Դրա համար էլ չի բացահայտվել։ Մարտի 1-ը ինչու՞ չի բացահայտվել, որովհետև օբյեկտիվ քննություն չի գնում, բայց ժամանակը կգա, երբ և Հոկտեմբերի 27-ը, և Մարտի 1-ը կբացահայտվեն։
-Որպես Հոկտեմբերի 27-ին ԱԺ-ում ներկա եղած մարդ, երբ այսօր լսում եք, թե երկու կողմից ինչեր են ասում, ի՞նչ հետևությունների եք հանգում։
-Ես դահլիճում եմ եղել, չգիտեմ այդ ժամանակ Շիրխանյանը որտեղ է եղել։
-Ոմանք ասում են, թե նրան տեսել են ԱԺ մուտքի աստիճանների վրա, հայտնի թղթապանակով։
-Չգիտեմ աստիճանների վրա է եղել, զուգարանում, դա դժվար չէ պարզել։ Բայց, օրինակ, ես գիտեմ, որ այդ օրը ԱԺ-կառավարություն հարցուպատասխանին չպետք է գար Լեոնարդ Պետրոսյանը։ Իմ մտերիմ ընկերն էր, ասել էր, որ չորեքշաբթի չի գալու, ուրբաթ օրը ես պետք է կառավարություն գնայի, միասին պետք է տեղ գնայինք (Լեոնարդ Պետրոսյանը ևս սպանվեց Հոկտեմբերի 27-ին- Ռ.Խ.)։ Շիրխանյանին և բոլորին կոչ եմ անում՝ չաղավաղել մեր պատմությունը։ Այդ ամենի ակնատեսները կոչված են անաղարտ պահելու պատմությունը, ոչ թե զոհված մարդկանց անունից ինչ-որ բաներ ասելու։ Պատմական ժամանակահատված ենք անցել, և ովքեր երջանկություն են ունեցել այս տարիներին ողջ մնալու, պարտավոր են պատմությունը ճիշտ ներկայացնել, ոչ թե անձնական ամբիցիաներից ելնելով, կեղծել անցյալը։ Աշխատում եմ ծայրահեղ օբյեկտիվ լինել, քանի որ նոր սերունդն այդ իրադարձությունների ակնատեսը չի եղել ու պետք է ճիշտ պատկերացում կազմի տեղի ունեցածի վերաբերյալ։ Երբեք չեմ փորձել իմ քաղաքական դերը մեծացնել, թե Վազգեն Սարգսյանն ինձ այս ասաց, Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը՝ այն։ Ես ավելի շատ բաների ականատես եմ եղել։ Եթե Շիրխանյանը մեկ-երկու պատմական դեմք է տեսել, ես շատերին եմ տեսել՝ սկսած Կարեն Դեմիրճյանից, բայց երբեք փորձ չեմ անի այդ մարդկանց հետ հավասար հանդես գալ, կարծիքներ հայտնել։ Այդպիսի բաներ չեն լինում, լիդերներին սովորաբար ոչ մեկը ոչ մի բան չի ասում, բացի այն, ինչ նրանք ուզում են լսել, ինչ նրանց դուր է գալիս։ Այս սերնդին կոչ կանեի չհավատալ այդ նամակի ոչ մի տողին։ Եթե քրեական գործ հարուցվի այդ նամակի հիման վրա, թող Շիրխանյանն իմանա, որ միայն ինքը չէ այդ իրադարձությունների մասնակիցը, հարյուրավոր մարդիկ կգան ու ցուցմունք կտան՝ սկսած Վազգեն Սարգսյանի ընտանիքի անդամներից։ Նա շատ վտանգավոր խաղ է սկսել, երբ փորձում է այս ողջ գործընթացներին մասնակից դարձնել Վազգեն Սարգսյանին։ Այս ամենը ինչպես կվերջանա, չեմ կարող ասել։
-Այսօր Ռոբերտ Քոչարյանը սահմանադրական կարգը տապալելու հոդվածով կալանավորված է, նամակում նրան ուղղված մի շարք մեղադրանքներ են ներկայացվում, հնարավո՞ր է սրանով լրացուցիչ «ալիբի» է ստեղծվում իրավապահների համար, որպեսզի Քոչարյանին հնարավորինս երկար պահեն բանտում։
-Չեմ կարծում, եթե Շիրխանյանի նման մարդու նամակի հիման վրա Հանրապետության 2-րդ նախագահին պետք է պահեն բանտում, այդ պարագայում կարելի է այլևս ոչ մի բանի չհավատալ։ Ավելին, վախենալ նաև վաղվա օրվա համար, որ մեկ ուրիշ Շիրխանյան կարող է գրել իմ կամ այն մարդկանց վրա, ովքեր այդ ժամանակ եղել են դահլիճում, ասելով, թե հենց այդ մարդիկ են կազմակերպել ոճրագործությունը։ Շատ հեշտությամբ գործ հարուցել ու ընթացք տալ այդ զառանցանքին։ Այս նամակը պատիվ չի բերում և մեր հանրապետությանը, և անկախ Հայաստանի իշխանություններին։ Շիրխանյանի նման մարդկանց նոր իշխանությունների հետ կապելը կործանիչ կլինի։ Ամեն մարդ ինքն է իր կենսագրությունը կերտում ու դրանից չի կարող փախչել։ Այնքան բաներ կան այդ անձնավորության հետ կապված, որ մարդիկ կարող են պատմել։ Պարզապես շատերը, այդ թվում ես, չենք կարող իջնել այդ մակարդակին, հարամել մեր անցած ճանապարհը՝ անձնական վրեժխնդրությունից ելնելով։ Որքան հնարավոր է շուտ պետք է մոռացվի այդ նամակի ու այդ մարդու մասին, նրան լրատվամիջոցներին մոտ թողնել չի կարելի։ Դատական գործընթացների ժամանակ ողբերգական վիճակով էր ներկայանում, վատառողջ էր, բայց մեկ ամսվա ընթացքում չէր կարող այդ ծանր հիվանդություններից ամոքվել, որ ողջ չարությունը թափի Ռոբերտ Քոչարյանի վրա։

Զրույցը՝
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԻ

Դիտվել է՝ 3012

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ