Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Առաջին միավորների սպասմամբ

Առաջին միավորների սպասմամբ
26.03.2019 | 01:35

Այսօր Ֆինլանդիայի ընտրանու հետ խաղով ֆուտբոլի մեր ազգային հավաքականի համար կմեկնարկի «Եվրո-2020»-ի ընտրական փուլի երկրորդ դիմակայությունը: Նկատենք, որ օրվա մրցակիցների համար առաջին տուրի հանդիպումը հաջողված չի եղել: Ֆիններն արտագնայում երկու անպատասխան գնդակի տարբերությամբ զիջել են իտալացիներին, նույն հաշվով պարտությանը մոտ են եղել և մեր տղաները, պարզապես խաղավարտին մոտ նշանակված տասնմեկմետրանոցը, շնորհիվ Հենրիխ Մխիթարյանի անվրեպ իրացման, մեզ այլ հաշվով պարտություն է վերապահել: Իհարկե, պարտությամբ մրցաշարը սկսելը լավ բանի նշան չէ, սակայն որքան էլ տհաճ է, եղածն այս է:


Ի՞նչ ակնկալիք կարող ենք ունենալ այս «Եվրոյից»: Այո, այո՝ «Եվրոյից», քանզի ֆինների հետ խաղը ընդհանուրի ընդամենը մասն է, բաղադրիչ:
Եթե անկեղծ, մեր միակ նվաճումն այն է լինելու, որ այս մրցաշարը կարողանանք հնարավորինս արդյունավետ օգտագործել՝ դնելով մեր ապագա ընտրանու ծիլերը, որոնք պիտի ժամանակի մեջ ու ժամանակի հետ բողբոջ տան՝ փորձելով հնարավորինս օր առաջ մոտեցնել հայկական ֆուտբոլի երանելի օրերը, երբ մենք էլ էինք կռվան ու գործոն:
Թե որքան արագ կանցնենք մենք այդ ճանապարհը, լոկ Գերագույնին է հայտնի, բայց որ, նրա հովանավորությունն ունենալով, պիտի օր ու գիշեր աշխատել, այստեղ է մեր փրկությունը: Բարեբախտաբար, հայկական ֆուտբոլի գլխին մեկուկես տասնամյակից ավելի եղած թյուրիմացությունն իր նազիր-վեզիրներով այլևս անվերադարձ անցյալ է՝ թե՛ որպես մարդ, թե՛ որպես գործոն, որն իր քուչի բազարներով, ֆուտբոլի մասին դիլետանտից մի քանի անգամ ցածր մակարդակի դատողություններով ոլորտ էր ղեկավարում՝ փաստացի ավերելով, շուրջ բոլորն ամայացնելով ամեն ինչ:


Հարկավ պատասխանատվություն մեզ վրա չենք վերցնի՝ ասելով, թե իմացության գերազանց մակարդակով մեկն է անցել ֆուտբոլային տնտեսության գլուխ, սակայն գոնե այդ մեկը մեկն է, ով ազդեցության լծակների կողքին պատասխանատվության զգացում ունի ու, թերևս, նաև այնքան կուլտուրա, որ չի խառնվի պրոֆեսիոնալների աշխատանքին, այլ կլինի ոլորտի համար ուղիներ հարթող, նպաստավոր պայմաններ ստեղծող:


Այս գուցե թե մի քիչ էլ անհամորեն սկսված սկզբից անցնենք բուն խաղին:
Ֆուտբոլային մեր չափից ավելի համեստ իմացության հնարավորությունից օգտվելով՝ պիտի արձանագրենք, որ մեր այս վիճակում լուրջ մրցակից չէինք Բոսնիա-Հերցեգովինայի ընտրանուն, զիջում էինք բազմաթիվ ցուցիչներով, այդ թվում նաև շատ հասկանալի պատճառներով, բայց որ մերոնց մոտ կար կազմակերված խաղ վարելու ձգտում ու ցանկություն, կար խաղի վերահսկելի կառուցվածք, այս մեկը չափազանց կարևոր էր ու է: Այս առումով պիտի ողջունենք Արմեն Գյուլբուդաղյանցին ու ցանկանք, որ մեր մարզիչը հետևողական լինի իր առջև ծառացած խնդիրների լուծման գործում, որովհետև հավաքականը բոլորիս ցավն ու սերն է, ու նրա օր առաջ կայացումը ազգային կարևորության խնդիր է: Չմոռանանք, որ ֆուտբոլն ու առհասարակ սպորտը երկիրը հայտնի դարձնելու ամենագործուն միջոցներից են:


Ինչ խոսք, որ մեր հավաքականի մասին խոսքն այս խիստ ընդհանրական է ստացվում, բայց հավատացեք, որ մենք էլ ձեզ նման երազում ենք այն ժամանակները, երբ կմոլորվենք ասելիքի առատությունից ու թերթից տարածք կխնդրենք հնարավորինս ամբողջական լինելու համար, իսկ առայժմ ստիպված ենք բավարարվել այսքանով:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1758

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ