Մեծ Բրիտանիան բանակցություններ է սկսել չորս երկրի հետ, որոնք կարող են ընդունել թագավորությունից վտարված անօրինական ներգաղթյալներին։ Ինչպես գրում է The Times թերթը, վկայակոչելով իր տրամադրության տակ գտնվող Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ի փաստաթղթերը, այս հարցի շուրջ երկխոսություն է ընթանում Հայաստանի, Բոտսվանայի, Կոտ դ'Իվուարի և Կոստա Ռիկայի հետ:                
 

Հայկական սկզբունքները՝ ընդդեմ Մադրիդյան սկզբունքների

Հայկական սկզբունքները՝ ընդդեմ Մադրիդյան սկզբունքների
29.03.2019 | 01:17

Եվ այսպես՝ այսօր Վիեննայում տեղի կունենա Փաշինյան-Ալիև երկար գովազդվող հանդիպումը, որը, ըստ էության, իշխանության գալուց հետո Նիկոլ Փաշինյանի առաջին պաշտոնական հանդիպումն է Ադրբեջանի նախագահի հետ։ Երկու երկրների ղեկավարների միջև նախորդ բոլոր շփումներին տրվել են տարատեսակ անվանումներ՝ ծանոթություն, խորհրդակցություն և այլն։


Քանի որ Արցախյան թեմայով այսօրվա հանդիպումը Նիկոլ Փաշինյանի՝ որպես բանակցողի առաջին պաշտոնական դեբյուտն է, ուստի տարբեր շրջանակներում առկա են օբյեկտիվ ու սուբյեկտիվ լուրջ կասկածներ ու թերահավատություն։ Սրանց գումարվում են նաև մամուլում արվող արտահոսքերը, թե դրսի ուժերի կողմից նախաձեռնված և իրականացված թավշյա հեղափոխության իրական նպատակը կարող է լինել Արցախի հարցում հայկական կողմի դիրքերը թուլացնելն ու զիջումների գնալը։


Ի՞նչ վարկածներ են շրջանառվում Փաշինյան-Ալիև հանդիպման հետ կապված։ Իհարկե, փորձագետների, լրագրողների առաջին շեշտադրումը հետևյալն է՝ արդյոք կարո՞ղ է արդյունավետ լինել այդ հանդիպումը։ Նախ և առաջ հասկանանք՝ ի՞նչ է նշանակում արդյունք։ Արդյունքը կարող է լինել և՛ դրական, և՛ բացասական։ Այս առումով փորձագետներից շատերը նշում են, որ արդյունք ասվածը շատ հարաբերական է։ Հայկական կողմի համար բանակցային սեղանին դրված Մադրիդյան փաստաթուղթը՝ իր երեք սկզբունքով և վեց տարրով, ակնհայտորեն չի բխում հայկական երկու պետությունների՝ Հայաստանի և Արցախի հանրապետությունների շահերից, քանի որ այնտեղ թերևս չկա հայությանը, հայկական կողմին հետաքրքրող գլխավոր հարցի պատասխանը՝ ի՞նչ կարգավիճակ է վերապահվելու Արցախին։ Կարգավիճակի և անվտանգության գերխնդիրները, որոնց մասին միշտ սիրել են խոսել թե՛ նախկին, թե՛ ներկա իշխանությունները, այս փաստաթղթում որևէ կերպ արտահայտված չեն։ Բազմիցս նշվել է, որ Մադրիդյան սկզբունքներում խոսքը ազատագրված տարածքները հանձնելու դիմաց ինչ-որ անորոշ հեռանկարով ու պայմաններով ինքնորոշման և հանրաքվեի մասին է։


Ակնհայտ է, որ այն հույսերը, թե Ադրբեջանն անընդհատ մերժելու է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների՝ Մադրիդյան սկզբունքների շուրջ առաջարկությունները, իսկ Հայաստանը կառուցողական երևալու համար անընդհատ շեշտելու է, թե այդ փաստաթուղթը կարող է լինել բազային, այս պահի դրությամբ բերում է բավականին լուրջ խնդիրների, քանի որ համանախագահների վերջին հայտարարությունների վերաբերյալ Ադրբեջանի դրական վերաբերմունքը Հայաստանին փաստի առաջ է կանգնեցնում։ Եթե մինչ այժմ Ադրբեջանը մերժում էր այդ փաստաթուղթը, ապա այժմ, ըստ էության, փոխել է մարտավարությունը, և եթե Հայաստանի նախկին իշխանությունները նշում էին, թե համաձայն էին այս փաստաթուղթը քննարկելու, ապա Ադրբեջանի համաձայնությունից հետո ՀՀ գործող ղեկավարները փաստի առաջ են կանգնել։ Որոշ փորձագետներ սա համարում են նախկին իշխանությունների ավանտյուրայի հետևանք։


Մեկնարկային պայմաններում մինչև բանակցություններն ակնհայտ է, որ կողմերը շատ հեռու են համաձայնությունից։ Այս փաստաթղթի հիմնական դրույթն այն է, որ Հայաստանը աստիճանաբար, որոշակի գրաֆիկով պետք է զիջի ազատագրված տարածքները, որոնք ի դեպ, ըստ Արցախի սահմանադրության, Արցախի անքակտելի մասն են, իսկ Ադրբեջանը պետք է համակերպվի այն մտքի հետ, որ Արցախը կարող է լինել իր տարածքից դուրս, նախ միջանկյալ կարգավիճակով, ապագայում հանրաքվեի միջոցով լուծելով կարգավիճակի հարցը։
Հայկական երկու պետություններն էլ հստակ արտահայտվել են, որ չեն պատրաստվում նման զիջումների գնալու, առավել ևս, որ Ադրբեջանը որևէ փոխադարձ զիջման մասին չի խոսում։ Ադրբեջանն էլ, բնականաբար, չի պատկերացնում Արցախն իր կազմից դուրս։ Այս պարագայում պարզ է, որ սկզբունքային հարցերի շուրջ թե՛ հայկական, թե՛ ադրբեջանական կողմերը որևէ միլիմետր չեն մոտեցել բանակցային թեմաների քննարկման արդյունքում։ Առավել ևս, որ հայկական կողմը պնդում է, թե ձևաչափը պետք է վերանայել՝ Արցախը վերադարձնելով բանակցային սեղանի շուրջ ու վերականգնել դեռևս Բուդապեշտի ԵԱՀԿ գագաթնաժողովում ամրագրված բանակցային ձևաչափը։ Այս պայմաններում խոսել Վիեննայի հանդիպման հեռանկարների մասին առնվազն միամտություն է կամ անհիմն լավատեսություն։
Կարելի է կանխատեսել, որ Նիկոլ Փաշինյանը իրեն ապահովագրելու համար ի սկզբանե ասելու է, որ վիեննական ձևաչափը բանակցություններ կոչել չի կարելի, այն ընդամենը հանդիպում է, որի ընթացքում ինքը փորձելու է սեփական օրակարգով հանդես գալ՝ մեջտեղ բերելով իր կողմից շրջանառության մեջ դրված թեզերը՝ Արցախը վերականգնել որպես բանակցային կողմ և միջազգային կառույցներից ու միջնորդներից պարզել Մադրիդյան փաստաթղթում առկա երեք սկզբունքն ու վեց տարրը, քանի որ նշված կետերի նկատմամբ հայկական և ադրբեջանական կողմերն իրենց մոտեցումներն ու մեկնաբանություններն ունեն։ Սա Նիկոլ Փաշինյանի համար կարող է ժամանակ շահելու միջոց դիտարկվել, ինչը կավելացնի նրա բանակցային ռեսուրսը։


Ինչ վերաբերում է Արցախը բանակցային կողմ դարձնելուն, ապա Ալիևը հստակ ներկայացրել է իր դիրքորոշումը. Ադրբեջանում անընդունելի են համարում Արցախի մասնակցությունը բանակցային գործընթացին։ Թեև փորձագետներից ոմանք համարում են, որ եթե հայկական կողմը այս նախապայմանը շատ պնդի, ապա Ադրբեջանը գուցե համաձայնի, սակայն միաժամանակ պահանջելով, որ բանակցային գործընթացում առանձին պետք է ներկայացված լինի նաև Արցախի ադրբեջանական համայնքը։ Պարզ է, որ եթե Ադրբեջանն իր բանակցային զինանոցից սեղանի վրա դնի այս թեզը, ապա այն կրկին փակուղու առջև կկանգնեցնի հայկական կողմին։ Ամեն դեպքում Հայաստանի կողմից բարձրացված երկու հարցերն էլ հանգեցնում են փակուղու։ Եվ ուշ թե շուտ հայկական կողմը բարձրացնելու է Մադրիդյան սկզբունքների անգործունակության թեզը. ինչպես փորձն է ցույց տալիս, Մադրիդյան սկզբունքները ոչ թե խաղաղության են հանգեցրել, այլ պատերազմի։ Առայժմ այս մասին ակնարկներով է հնչեցվում, բայց ուշ թե շուտ հայկական կողմը հանգելու է դրան։
Այս համատեքստում հատկանշական է ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի հայտարարությունը, որտեղ ասվում է, որ հանձնախումբը վերահաստատում է իր սկզբունքային ընդդիմադիր դիրքորոշումը Մադրիդյան սկզբունքների նկատմամբ, որը խորապես սխալ, անշրջահայաց և անհամաչափ առաջարկություն է ԵԱՀԿ Մինսկի խմբի կողմից` Արցախի կարգավիճակի և անվտանգության վերաբերյալ: Սա վկայում է, որ ԱՄՆ-ում հայկական լոբբիի ազդեցիկ կառույցներից մեկը ըստ էության սկսում է աշխատել այդ ուղղությամբ։ Ընդ որում, ոչ միայն հայտարարությունների մակարդակում են դրանք արվելու, այլև ԱՄՆ իշխանությունների շրջանում լոբբինգի տեսքով։


Նկատենք, որ շատ փորձագետների կարծիքով այժմ լուրջ տարաձայնություններ կան երկու համանախագահ երկրների՝ Ռուսաստանի և Միացյալ Նահանգների միջև։ Եթե նույնիսկ տեսականորեն համարենք, որ Մադրիդյան սկզբունքները գործունակ են, և կողմերը համաձայնում են փոխզիջումների, այստեղ տարաձայնություն կարող է առաջանալ խաղաղապահ կոնտինգենտի շուրջ։ Պարզ է, որ ԱՄՆ-ի համար այս հարցում սկզբունքայինը տարածաշրջանում կայունությունը, անվտանգությունը, ժողովրդավարությունը չեն, այլ Իրանի հետ սահմանի վերահսկման թեման։ Այս հարցը շատ սկզբունքային նշանակություն ունի ԱՄՆ-ի համար՝ հաշվի առնելով Միացյալ Նահանգների գործող վարչակազմի քաղաքականությունն Իրանի նկատմամբ։ Ռուսաստանը, որ համարում է այս տարածաշրջանը իր աշխարհաքաղաքական շահերի ազդեցության անմիջական գոտի, թույլ չի տա՝ իր զորքերից բացի, այլ զինված ուժեր, առավել ևս ամերիկյան, տեղաբաշխված լինեն այդ սահմանին։ Առավել ևս դրան չի համաձայնի Իրանը։


Անկասկած, Փաշինյանի բանակցային ռեսուրսները հարստացան ԱՄՆ-ի կողմից Գոլանի բարձունքները որպես Իսրայելի տարածք ճանաչելու փաստով։ Եվ այստեղ թերևս առավել կարևոր է, որ այդ ճանաչումը Միացյալ Նահանգների նախագահը պայմանավորեց նրանով, որ Գոլանի տարածքները բարեկամ Իսրայելի անվտանգության երաշխիքներից մեկն են։ Ոմանք, ուզեն թե չուզեն, այստեղ զուգահեռներ Արցախի ազատագրված տարածքների հետ, խոսքը նախ և առաջ անվտանգության երաշխիքների մասին է, ցանկության դեպքում կարող են և անցկացնել։ Բացի այդ, Փաշինյանը՝ որպես իր բանակցային պորտֆելի ոչ ուղղակի, բայց այնուամենայնիվ որպես փաստարկ կփորձի անպայման ներկայացնել այն, ինչի մասին նա օրերս հայտարարեց Ազգային ժողովում՝ այս տարվա հեղափոխական տնտեսական հրաշքի մասին։ Թե որքանով այդ փաստարկը կաշխատի, այ, դա մեծ հարցական է, քանի որ ակնհայտ է, որ Հայաստանում, մեղմ ասած, ոչ բոլորն են հայտարարված ցուցանիշները հավաստի համարում։


Այսպիսով՝ պետք է արձանագրել, որ Մադրիդյան սկզբունքների շուրջ կա ռազմավարական տարաձայնություն ռուսների և ամերիկացիների միջև, ինչը թերևս կարող է Հայաստանին մանևրելու հնարավորություն տալ։ Հայկական կողմը կարող է հույս փայփայել, որ ճիշտ դիվանագիտական խաղի, այդ թվում նուրբ և լոբբիստական աշխատանքի շնորհիվ հնարավոր է հայկական շահն առաջ տանել։


Արամ Վ. ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 1931

Մեկնաբանություններ