«Եթե առաջ հեղափոխությունները կալաշնիկովներով էին անում, հիմա դրանց փոխարինել են հեռախոսները»

«Եթե առաջ հեղափոխությունները կալաշնիկովներով էին անում, հիմա դրանց փոխարինել են հեռախոսները»
29.03.2019 | 00:50

«Իրատեսը» շարունակում է զրույցը ռեժիսոր, արվեստագիտության թեկնածու ԱՐՍԵՆ ԱՌԱՔԵԼՅԱՆԻ հետ:


Զրույցի այս հատվածում մենք հիմնականում անդրադառնում ենք ռեժիսորի նկարահանած հետաքրքիր մի ֆիլմի, որը պատմում է հայաստանյան անհայտ ու առեղծվածային հուշարձաններից մեկի՝ Դաշտադեմի ամրոցի մասին:
Փաստագրական ու խաղարկային տարրերի համադրությամբ ստեղծված «Դաշտադեմի ամրոցը» ֆիլմը հետաքրքիր բացահայտում կարող է դառնալ ոչ միայն իր ինքնությունն ու անցյալը պրպտելու հակված հայ մարդու, այլև պատմական ճշմարտություններով ու հնագույն առասպելաբանությամբ հետաքրքվող օտարազգի զբոսաշրջիկների համար:
Իհարկե, զրույցի այս հատվածում ևս Արսեն Առաքելյանի հետ արծարծում ենք ոչ մշակութային, օրախնդիր թեմաներ:

(Նախորդ մասը)


-Արսեն, մեծ պատմական ինֆորմացիա և առասպելաբանություն է պարունակում Ձեր «Դաշտադեմի ամրոցը» ֆիլմը, որը փաստագրության և խաղարկային կինոյի տարրերի ճկուն համադրությամբ եք նկարել: Ի՞նչ եք կարծում, մենք առհասարակ շատ չե՞նք տրվում միֆերի, առասպելների ազդեցությանը:
-Ընդհակառակը, քիչ ենք տրվում, քիչ ենք հավատում միֆին, առասպելին: «Դաշտադեմի ամրոցը» ֆիլմը ստեղծված էր ոչ նյութական արժեքների հանրահռչակման նպատակով: Ոչ նյութականը միշտ ավելի հզոր է: Ես միշտ մտածում եմ, որ այս կյանքում ամեն ինչ կինո է, չկա մի բան, որ կինոյի օրենքներից դուրս լինի: ՈՒ աշխարհում գոյություն ունեցող օրենքներից չեն խախտվում միայն չգրված օրենքները: Գրված բոլոր օրենքները (թող ների ինձ Աստած՝ անգամ Աստվածաշնչում գրվածները) անպայման ինչ-որ կերպ, ինչ-որ ժամանակ խախտվում են, չգրվածները՝ երբեք: Միֆերը, միֆոլոգիան չգրված օրենքների աշխարհն են: Այնքան հեշտ է ասել մի բան, որի ճշգրիտ լինելուն ոչ ոք չի հավատում, որը համարվում է հեքիաթ: Դու գիտես, որ այդպես է, ու համարձակ ասելիքդ ասում ես, քո առասպելը պատմում ես: Ինչո՞վ է արվեստագետը տարբերվում քաղաքական գործչից: Նրանով, որ նա ասում է այն, ինչ իր երևակայությունից է ծնվում, ու ինքը պարտավոր չէ պատասխան տալ իր ասածի համար: Ոչ թե պատասխանատու չէ, այլ պարտավոր չէ ասել ճշմարտությունը: Իսկ շատ անգամ այդ երևակայությունից ծնվածը անհամեմատ ավելի ճշմարիտ է, քան իրական ճշմարտությունը: Հայկական ժողովրդական իմաստնությունն ասում է՝ ճշմարտությունն իմացվում է երեխայից կամ գժից: Այդ երեխան կամ գիժն արվեստագետն է: Իսկ քաղաքական գործիչը, որ իբրև թե պիտի ասի ճշմարտությունը, որ իրավունք չունի ստելու, իրականում ամենամեծ սուտասանն է: ՈՒ եթե քաղաքական գործչի համար դժվար է ասել այդ սուտը, արվեստագետի համար շատ հեշտ է, որովհետև նա հավատում է իր ասածին ու հանգիստ ասում է այն: Եթե արվեստագետն անկեղծ է, նրա ասածին հավատում են: Առհասարակ, անկեղծությունը շատ կարևոր է: Ես սերիալ նայողին ավելի եմ հարգում, քան իրենց շինծու պահվածքով ներկայացող արվեստագետներին, որոնք «փախած» արվեստագետի կերպարի մեջ են մտնում, հայտարարում, որ իրենք երբեք սերիալ չեն նայում, որ իրենք այդ ամենից բարձր են կանգնած: Բայց շատ սերիալներ կան, որոնք այնքան լավ են նկարված, որ այդ կեղծ արվեստագետները չեն էլ կարող նման մակարդակի գործ ստեղծել:
-Դուք հետաքրքրվո՞ւմ եք այդ տեսակի ֆիլմերով, ժամանցի համար դիտու՞մ եք այդպիսիք:
-Անշուշտ, լուրջ, բարձրարժեք կինոն անքննելի է, բայց նաև շատ եմ նայում մարտաֆիլմեր, ֆանտաստիկ ֆիլմեր, իհարկե` որակով արվածները: Ո՞վ է ասել, թե դրանք չի կարելի նայել: Ի վերջո, երբ մարդը ֆիլմ է նայում, գնում է թատրոն կամ կինոդահլիճ, ինչո՞ւ է դա անում. ուզում է, որ իրեն խաբեն: Մեծ հաշվով՝ դա է: Առհասարակ, կյանքը, որպես այդպիսին, թատրոն է, կինո է, գեղեցիկ կամ ոչ գեղեցիկ սուտ է, խաղ է:

-«Դաշտադեմի ամրոցը» ֆիլմում փաստագրությանը զուգահեռ մատուցվում է հորինվածքը, խաղը՝ գեղարվեստական պերսոնաժների ու կինոպատումների միջոցով: Իսկ ֆիլմի ավարտին շատ գործնական առաջարկ է արվում՝ դարձնել այդ ամրոցը տուրիզմի կենտրոն: Սա իսկապես կարող է կենսական նշանակություն ունենալ հենց այդտեղի բնակիչների համար, քանի որ կապահովի զբոսաշրջիկների հոսք, ֆինանսական եկամուտներ: Այսինքն՝ պատմությունը, առասպելը կդառնան իրական կյանքի կազմակերպմանը նպաստող լուրջ գործոն: Կա՞ այդ նպատակին միտված որոշակի ծրագիր:
-Ֆիլմը մշակույթի նախարարության պատվերով է արված՝ հենց Դաշտադեմի ամրոցը զբոսաշրջության կենտրոն դարձնելու նպատակով: Եվ կարծում եմ, որ այդ նպատակն իրագործելի է: Մենք շատ բաներ աշխարհում իմանում ենք ֆիլմերի, երաժշտության, նկարչության, գրականության, այսինքն՝ արվեստի միջոցով: Երբ ես Ամերիկայում էի, փնտրում էի այն Նյու Յորքը, որը տեսել էի ֆիլմերում:
-Գտա՞ք:
-Այո՛, գտա: Երբ ուզում ես, գտնում ես: Շատ հաճախ մենք իրականությունը չենք նկատում, տեսնում ենք ու չենք հավատում, որ մեր տեսածն իրականություն է: Հայտնի պատմություն է, որ Չապլինն իրեն նմանակողների մրցույթում ընդամենը երրորդ տեղն է գրավել: Նմանակելն ու ստեղծագործելը շատ տարբեր բաներ են:

-Մենք հենց հիմա մեր իրականության ընկալման շատ բարդ ընթացքի մեջ ենք: Զանգվածային լրատվադաշտի կողմից այնպիսի գրոհ է կազմակերպված մեր դեմ, որ մենք մեր ապրած կյանքի պատկերն ավելի շատ տեսնում ենք որպես դրանց մատուցած տեղեկատվություն, քան որպես այն իրականություն, որի մեջ ապրում ենք:
-Միշտ էլ այդպես է եղել: Ձևերն են փոխվել: Եթե առաջ հեղափոխությունները կալաշնիկովներով էին անում, հիմա դրանց փոխարինել են հեռախոսները: Նախկինում հեղափոխականներն առաջին հերթին գրավում էին փոստը: Հեռագիր էին ուղարկում տարբեր կողմեր, տեղեկացնում հեղափոխության մասին: Հիմա դրա փոխարեն հեռախոսներով SMS են ուղարկում կամ LIVE են մտնում: Ընդամենը սա է փոխվել, ու գործընթացներն են արագացել: Ինձ համար մարդկության ամենամեծ գյուտը ոչ թե անիվն է, այլ վարագույրը: Որովհետև եթե մարդը չի տեսնում այն, ինչ պիտի տեսնի, սկսում է աշխատեցնել երևակայությունը: Իսկ հասկացող մարդիկ շատ լավ գիտեն, թե ինչքանը պետք է ցույց տալ, ինչքան ճեղք պետք է թողնել, ինչպիսի տեսանելիություն պիտի ապահովել: Դրանք ղեկավարվող պրոցեսներ են: Հիմա մեզ մոտ բոլոր մասնագետներն աշխատում են քաղաքականության վրա: Աշխարհի բոլոր երկրներում նախագահական ընտրությունները կազմակերպվում են որոշակի գործոնների կիրառությամբ: Օրինակ՝ նախագահության թեկնածու Օբամային հարցնում են, թե նա իր երեխաներին տրված խոստումը կկատարի՞, շուն կգնի՞ նրանց համար, եթե ընտրվի նախագահ: Աշխարհի տարբեր կետերում մարդիկ են զոհվում, մեծ բախումներ են լինում, իսկ Ամերիկայի նախագահի թեկնածուին այդպիսի պարզունակ հարց է ուղղվում: ՈՒ մարդիկ մտածում են՝ ի՜նչ լավն է էս Օբաման, շուն խոստացավ, շուն առավ…
-Այսինքն՝ վարագույրի շնորհիվ գլխավոր խնդիրները մնում են վարագույրի հետևում, քողարկվում են, կոծկվում, իսկ հանրությանը ցույց են տրվում անկարևոր, սիրուն բաներ, այո՞:
-Այո՛: Եվ մեզ թվում է, թե շատ լավ բաներ են արվում: ՈՒ մեզ մնում է ոչ թե տեսնել այն, ինչ կա վարագույրի հետևում, այլ ստեղծել սեփական վարագույրը: Երբ երևակայությունը քոնն է, ոչ թե ուրիշների կողմից ղեկավարվող, դու ավելի հզոր ես: ՈՒ մենք վերադառնում ենք միֆերին, որոնք միշտ էլ ավելի հզոր են եղել, քան բացահայտն ու իրականը:
-Ի՞նչ նոր ֆիլմ ունեք, որ դեռ չի ներկայացվել հանդիսատեսին:
-Իմ գիտական ղեկավարի՝ Սուրեն Հասմիկյանի հետ արդեն տարիներ շարունակ աշխատում ենք մի նախագծի վրա, որը կոչվում է «Վտանգված է մարդը»: Քանի որ դժվար է լիամետրաժ ֆիլմ նկարել մեր պայմաններում, մի քանի ֆիլմերից բաղկացած ալմանախ ենք նկարում: Փոքր նովելները միացվելու են իրար ու դառնալու են լիամետրաժ ֆիլմ: Տարբեր մարդկային ճակատագրեր, տարբեր էություններ են ներկայացվում ֆիլմում: Կարծում եմ՝ այս տարի կավարտենք ու կամբողջացնենք ֆիլմը և կինոնկարի միջոցով ցույց կտանք մարդու վտանգված լինելու անհանգստացնող խնդիրը:

Զրույցը վարեց
Կարինե ՌԱՖԱՅԵԼՅԱՆԸ

Դիտվել է՝ 2517

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

DiplomatRadio Mao