Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Թմրամոլությունը հիվանդություն է և մեղքի հետևանք

Թմրամոլությունը հիվանդություն է և մեղքի հետևանք
29.03.2019 | 00:03

«Բայց բարու և չարի գիտության ծառից մի՛ կերեք, որովհետև այն օրը, երբ ուտեք դրանից, մահկանացու կդառնաք» (Ծննդ. 2;17)։
Աստվածաշնչի առաջին իսկ էջերից մարդը իմանում է հոգու և մարմնի ախտերի փոխադարձ կապվածության և ներգործության մասին:


Ինչպես և նախազգուշացրել էր Աստված, երբ առաջին մարդը ճաշակեց գիտության ծառից, նա մահացավ: Սակայն մահը սկզբում հասավ ոչ թե իր մարմնին (մարմինը մահացավ 930 տարի հետո իր ստեղծման օրվանից), այլ անոչնչանալի հոգուն: Այսպիսով, հոգու ապականությանը հաջորդեցին մարմնի ապականումը և մահը: Այստեղ կարելի է անցկացնել զուգահեռներ այն երևույթի հետ, երբ հոգեկան գործոնները մարմնական հիվանդությունների պատճառ են դառնում, ինչը բժշկական լեզվով կոչվում է հոգեսոմատիկա: Իսկ կրոնական լեզվով կարելի է ավելի պարզ ասել` և՛ մարմնական, և՛ հոգեկան հիվանդությունները մեծ մասամբ մեղքի հետևանքներ են:


Այս կապակցությամբ պետք է խոսենք մի հիվանդության` դիվային ախտ և մեծ չարիք թմրամոլության մասին, որը նույնպես մեղքի հետևանք է և շատ հնուց է տարածված մարդկության մեջ, բայց վերջին ժամանակներում այդ հոգեկործան մոլուցքը համաճարակի պես մեծ արագությամբ սկսեց տարածվել աշխարհով մեկ:
Ինչ խոսք, այսօր արդեն ականատես ենք դառնում մի շարք երկրներում մարիխուանայի օգտագործման օրինականացման երևույթին: Մարիխուանան բույս է, որը օգտագործվում է որպես ծխախոտ: Իսկ ի՞նչ գիտենք մենք մարիխուանայի մասին: Բոլորը միաբերան կասեն, որ դա թեթև թմրանյութ է: Միայն առաջին հայացքից է թվում, որ ոչ մի վտանգավոր բան չկա, և կախվածություն, իբրև թե, չի առաջացնում: Սակայն երկրորդ հայացքից պատկերը կտրուկ փոխվում է. դժբախտաբար, ոչ մեկը չի խոսում մարիխուանայի պարբերաբար օգտագործումից առաջացող դաժան հոգեբանական կախվածության մասին: Մարիխուանան ճիշտ կլինի դասակարգել ծանր թմրանյութերի շարքում, որովհետև որքան թույլ է ֆիզիկական կախվածությունը, այնքան ավելի ուժեղ է հոգեբանական կախվածությունը: Մարդը պարզապես չի տեսնում մարիխուանա ծխելուց հրաժարվելու իմաստը, որովհետև դրա մեջ չի տեսնում ռեալ վտանգը: Այն կզգացվի ավելի ուշ, երբ արդեն հնարավոր չի լինի որևէ բան փոխել: Ոչ մեկը թող չմտածի, որ կկարողանա դիմակայել: Այս ամենը վաղ, թե ուշ բերելու է թմրանյութից խիստ կախվածության, իսկ դա արդեն հիվանդություն է, որը թուլացնում կամ ընդհանրապես վերացնում է բարոյական պատասխանատվությունը կատարված արարքների համար: Բայց չէ՞ որ մարդը հասավ այդ կախվածությանը քայլ առ քայլ, ամեն անգամ գիտակցված որոշումներով, իր կամքի համաձայնությամբ: Այսպիսով, ծանր մեղանչում է նա, ով սկսում է թմրանյութ օգտագործել, և նա, ով այն մատչելի է դարձնում ու նպաստում դրա տարածմանը: Իրականում «թեթև» կոչված թմրանյութերը ամենավտանգավորն են:
Այստեղ հարկ է մի փոքր պատմական անդրադարձ կատարել և հիշել, թե ինչպես ոչ վաղ անցյալում` 16-րդ դարում, սովորական ծխախոտը սկսեց տարածվել նախ Փարիզում, այնուհետև ամբողջ Ֆրանսիայում, իսկ հետո սկսվեց ծխախոտի հաղթարշավը Եվրոպայում ու ամբողջ աշխարհում: Հիշենք, որ սկզբնական շրջանում ծխամոլությունը հետապնդվում էր և խիստ պատժվում, իսկ Անգլիայում ծխողներին խայտառակում և մահապատժի էին ենթարկում: Սակայն ծեծը, մահապատիժը և այլ միջոցներ ապարդյուն եղան այդ հոգեկործան կրքի դեմ, որի արագ տարածումը ողջ աշխարհում նման էր համաճարակի, կարծես մի դիվային ուժ` մարդկայինը գերազանցող, մարդկանց ստրուկներ էր դարձնում այդ վնասակար սովորությանը, որին շատերը ցմահ կապված մնացին և այդպես էլ չկարողացան ազատվել: Թերևս ժամանակին ևս գտնվել են մարդիկ, որոնք ջերմեռանդ պայքար են մղել ծխախոտի տարածման դեմ, բայց ո՞վ կպատկերացներ, որ շուտով այդ արգելված ծխախոտը պիտի օրինական ձևով վաճառվի խանութներում: Իսկ ծխողներից այսօր ո՞վ է լրջորեն գիտակցում, որ ծխախոտը իրականում «թեթև» թմրանյութ է պարունակում, հակառակ դեպքում կախվածություն չէր առաջացնի և չէր վերածվի ծխամոլության: Ահա այսպես, մարդու համար կործանարար ամեն բան սատանան փորձում է ներկայացնել որպես «թեթև» կամ «օգտակար»: Զարմանալի չէ, որ այսօր էլ սատանան գրոհում է մեզ նույն սցենարով` առաջարկելով նոր «թեթև» թմրանյութ-ծխախոտ` մարիխուանան` արդեն ծխամոլությամբ վարակված աշխարհին, որտեղ մարդը անաստված կյանքից իր հոգում առաջացած սովն ու դատարկությունը ձգտում է լրացնել նոր, ավելի թունդ` իրականությունից անջատող թմրանյութերով, իսկ դևերը ծաղրում են` նայելով, թե ինչպես գերիները պիտի պայքարեն նոր գերության դեմ:


Իսկ հիմա փորձենք վերլուծել թմրանյութերի օգտագործման պատճառները և թմրամոլության երևույթն ընդհանրապես:
Թմրանյութից խիստ կախվածության սինդրոմը իրապես ծանր հիվանդություն է, երբ կամազուրկ վիճակում հայտնված մարդը այլևս ընդունակ չէ իր արարքների համար պատասխանատու լինել, ինչը իր հերթին դրդում է նրան կատարելու ավելի ծանր հանցանքներ` գողություն, անառակություն, մարդասպանություն և այլն, իսկ երբեմն էլ թմրամոլը դիմում է ինքնասպանության: Երբ մարդը առաջին անգամ իր կամքի համաձայնությամբ ճաշակում է թմրանյութի «քաղցրությունը», նա իր սեփական կամքով և գիտակցաբա՛ր է թույլ տալիս, որ այդ չարիքը մուտք գործի իր կյանք, և հետագայում բախվում է դրա ողբերգական ու դառը հետևանքների հետ: Մարդը անջատվում է իրականությունից, ընկնում զգայական խաբկանքի գիրկը` չհասկանալով, որ հայտնվել է սատանայի թակարդում: Եվ սրանից հետո մարդը կորցնում է ճիշտ որոշումներ կայացնելու կարողությունը, կամքը թուլանում է, և դուռ է բացվում դիվային աշխարհ: Երբ մարդու կամքը թուլացած է, խավարային ուժերը շատ հեշտությամբ իշխանություն են վերցնում նրա վրա, և մարդը դիվահարվում է, ինչը, ըստ էության, անհնար է, երբ նա սթափ գիտակցություն ունի: Թմրանյութերը կատարում են հենց այդ «առաքելությունը»` հասցնելով մարդուն կամազուրկ ենթակայությանը դևերին: Հաստատված փաստ է, որ հնուց ի վեր և առայսօր, որպես կանոն, թմրանյութ օգտագործում են կախարդները, հմայողները, նաև հեթանոսական «մարգարեները»` դիվապաշտ ծիսակատարությունների ժամանակ:


Թմրանյութերի օգտագործումը միշտ էլ ծանր մեղք է, եթե այն բժշկական նպատակով չի օգտագործվում (օրինակ, մորֆին): Մեղքը սկսվում է այն պահից, երբ մարդը, ընդունելով թմրանյութը, համաձայնում է, որ չարիքը ներխուժի իր կյանք: Հետագայում մարդը անզոր է գտնվում պայքարելու այս մեղքի դեմ, և դրան բաժնեկից է դարձնում նաև իր հարազատներին (որոնք, կարեկցանքից ելնելով, որպեսզի թեթևացնեն նրա տանջանքները, օգնում են թմրանյութի նոր բաժին ստանալ): Վերջապես, թմրանյութը դանդաղ քայքայում է մարդու առողջությունը և տանում ինքնաոչնչացման, այդ իսկ պատճառով դա հակասում է «Մի՛ սպանիր» աստվածային հինգերորդ պատվիրանին: Այս պատվիրանը հրահանգում է իր սեփական, ինչպես նաև այլ անձերի առողջության պահպանումը:
Ի՞նչն է մարդուն դրդում կանգնելու ինքնաքայքայման ճանապարհին: Պարզաբանենք, նախ ի՞նչ է ալկոհոլի կամ թմրանյութերի օգտագործումը: Հաճախ և համարյա միշտ դա փախուստ է իրականությունից: Փախուստ էմոցիոնալ ապրումներից և լիցքաթափվելու պահանջ: Իսկ ի՞նչն է դառնում մարդկային կյանքում այդ էմոցիոնալ ցավի, ապրումների պատճառը, իհարկե, հանգամանքները, որոնք անհրաժեշտ են մարդուն` դուրս գալու հարմարավետության, փափուկ կյանքի ոլորտից և դառնալու ավելի ուժեղ, իմաստուն և կարողանալու հարմարվել կյանքի պայմաններին: Որովհետև բոլոր դժվարին հանգամանքները, որոնք պատահում են մարդուն իր կյանքի ճանապարհին, տրվում են ոչ որպես պատիժ, այլ որպեսզի մարդը կարողանա հաղթահարել կյանքի դժվարությունները և հասնել դրված նպատակներին, կենտրոնացնել սեփական ուժերը սթրեսային վիճակներից դուրս գալու համար: Իսկ դա պահանջում է հոգեկան ուժերի լարում, մեծ համբերություն, հավատք և Աստծուն աղոթելու շնորհ:


Տեր Ընծա քահանա ՄԻՐԶՈՅԱՆ
Դարբասի հոգևոր հովիվ

Դիտվել է՝ 3387

Մեկնաբանություններ