Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը Հայաստան արգելել են: Նա «Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ է հայտարարել: «Ես Հայաստանից գնացողը չեմ, ես հենց այստեղ՝ «Զվարթնոց» օդանավակայանի անձնագրային բաժնում, հայտարարում եմ հացադուլ։ Առանց որոշումը ցույց տալու, առանց հիմնավորման արգելել են իմ մուտքը իմ հայրենիք։ Միգուցե` որովհետև լուսաբանել եմ Ոսկեպարի դեպքերը, եղել եմ Ոսկեպարում»,- իր տեսաուղերձում նշել է Նիկոլյանը:                
 

«Լավագույն ճանապարհը դեպի տուն տանող, հայրենիք վերադարձնող ճանապարհն է»

«Լավագույն ճանապարհը դեպի տուն տանող, հայրենիք վերադարձնող ճանապարհն է»
29.03.2019 | 00:16

Ժամանակակից հայ գրականության ներկապնակն այնքան բազմերանգ ու գունեղ է, որ հաճախ նաև գրականության մասնագետներն են դժվարանում այս կամ այն գեղարվեստական երկի հաջողվածության և հեղինակի օժտվածության մասին սկզբունքային տեսակետ հայտնել, գնահատել գրական ընդհանուր գործընթացի համապատկերում, ուղղորդել կամ քննադատել, նաև ի ցույց դնել գրաված տեղն ու դիրքը ստեղծագործական որակի և զարգացումների սանդղակում: Մինչդեռ բոլոր ժամանակներում ընթացիկ գրականությանը բնորոշ են ոչ այնքան ստեղծագործական գլուխգործոցները, որքան մեծ հավակնություններից զերծ, սակայն յուրովի ընկալումներով և պատկերացումներով պատումները, նաև աշխարհընկալման ու հետաքրքրությունների իրենց շրջանակը, իրենց ասելիքն ունեցող հեղինակները, որոնց ստեղծագործությունը մնում է ստվերում, որովհետև գեղարվեստական մտածողության պոռթկում և ցնցում չէ, այլ ուղղակի ասացողի պարզ ու շիտակ խոսքն առ իր ընթերցողը:

Գրական-գեղարվեստական գործընթացը պայմանավորող օրինաչափությունների և առանձնահատկությունների խստապահանջ չափորոշիչների սահմանումը և բացարձակ բարձրարվեստ երկերի գնահատության կարծրատիպերի առկայությունը պատճառ են դառնում, որ բավական ուշագրավ երկեր հեղինակից ուղղակիորեն անցնեն ընթերցողին՝ առանց մասնագիտական վերլուծությունների և խորհրդատվության, որի կարիքը, հավատացած եմ, այդ հեղինակներն ունեն, որ հետագայում հաջողեն ձերբազատվել վրիպումներից, կողմնորոշվեն իրենց ասելիքի մատուցման թեմատիկ, ոճական, կառուցվածքային և այլ խնդիրներում: Չմոռանանք, որ ամեն մի ստեղծագործություն ունի իր ընթերցողը, իսկ վերջինս այն ըմբռնում է իր անձնական ընկալմամբ և մտածողությամբ, և հենց այդ երկերի շնորհիվ է ձևավորվում ընթացիկ գրականության ամբողջական պատկերն ու ընթացքը: Անհնար է հաշվի չնստել գրականության այն տեսակի հետ, որին բնորոշ չեն մեծ վերիվարումները, որը հավասարակշիռ և հանդարտ է, նույնքան անհրաժեշտ և անխուսափելի իր ներկայությամբ, որքան սպասվող և ավելի քան անհրաժեշտ կոթողային մտահղացումները: Այդօրինակ գրականությունն իր բնույթով, չտառապելով բացառիկության պատմուճան կրելու մարմաջով ու չփայփայելով մրցանակային դափնիների ու հռչակի անուրջներ, ժամանակի ընթացքում ապահովում է այն հենքը, որի վրա վերընձյուղվելու է ընթերցողի կողմից սպասված գեղարվեստական անուրանալի և անհերքելի հորինվածքը: Ասել է, թե նման է դանդաղ և անաղմուկ հոսող մի լայնահուն գետի, որը չի փոթորկվում և փրփրում, չի ալեկոծվում ու դուրս գալիս ափերից: Այդ ստեղծագործությունները կայուն հանդարտությամբ ապահովում են գրականության պարգևած հոգևոր կենսականության շարունակական լինելությունը, իր ցածր ու բարձր կոհակների թեկուզ և հաճախ աննկատ, սակայն գեղեցկությամբ և իմաստային բովանդակությամբ, որը նույնն է, թե յուրաքանչյուր հեղինակի ստեղծագործական երևակայության և գրողական հայացքին ենթակա տեսադաշտի անծայրածիր հորիզոնների դանդաղ, բայց նպատակային նվաճումը:

Այդուհանդերձ, գրողն ընտրում է իր թիրախները, կերտում ստեղծագործական միջավայր, որը իրենն է և որը հանրության դատին հանձնելով ձգտում է գործողությունների և կերպարների միջոցով ներկայացնել իր գլխավոր ասելիքը, որը ՄՈՒՇԵՂ ԲԱԲԱՅԱՆԻ երկրորդ գրքի՝ «Հորիզոնին չհասած» արձակ ժողովածուի պարագայում բազմաշերտ և բազմաբովանդակ է, որի հիմնական խորհուրդը, ըստ ժողովածուում զետեղված հղումի. «Հեղինակը շարունակում է բացահայտել մարդկային բնավորության կարևոր հատկանիշները՝ հայրենասիրություն, նվիրվածություն, պատասխանատվություն, ընկերասիրություն, կարոտ, հողի կանչ, նաև բացասական գծերը՝ նենգություն, փողի մոլուցք, վրեժխնդրություն, դավաճանություն»: Առերևույթ հավակնոտ այս բնորոշումները, ըստ էության խիստ ընդհանրական են, որոնց վերծանման արդյունքում ընթերցողը կհանդիպի իրական կերպարների, որոնք բացահայտվում են իրադարձությունների և գործողությունների տրամաբանական զարգացումների մեջ, երևույթների, որոնք տիպական են ժամանակակից իրականությանը, և որոնց ենթատեքստում հեղինակի միանշանակ հորդոր-զգուշացումն է՝ տարբեր հանգամանքներում ճիշտ կողմնորոշվելու, չսայթաքելու, չգայթակղվելու, վերջապես չդավաճանելու մարդկայնության և ճշմարտության սկզբունքներին: Այս պատումներում նա միանգամայն անկեղծ է, և թվում է, թե չկա հորինվածք, այլ հրամցված է իրական պատմությունների շարադրանք, որոնք իր հիշողության շտեմարանից ընտրելով ու առանձնացնելով նա նպատակահարմար է գտել մատուցելու հանրությանը: Նրա հերոսները պարզ ու հասարակ մարդիկ են, որոնք ապրում են մեր ժամանակներում, ապրում են մեր շրջապատում, մեր կողքին, միևնույն հոգսաշատ իրականության մեջ, սակայն ուրույն է նրանցից յուրաքանչյուրի ճակատագիրը, որը փորձարկվում է տարբեր իրավիճակներում, երբեմն իրենց անհեռատեսության, գուցե և միամիտ պարզության, երբեմն ծայրահեղ լարվածության մեջ, որը պատուհասում է հանգամանքների պարտադրմամբ: Պատկերվող իրադարձությունները երբեմն հյուսվում են դիպվածի շուրջ, ինչպես «Տատիկի գլուխ սոխը» նորավեպային պատմության մեջ, երբեմն փոխաբերական իմաստով հուշում միևնույն սխալը չկրկնելու մասին («Ճանճի փայտը»), անդրադառնում մեր ժամանակներին խիստ բնորոշ արտագաղթի հոգեբանական տխուր հետևանքներին, որպիսիք տառապալից կրում է միայնության մատնված ծնողը:

Վերջինիս պարագայում հեղինակը միջամտում է գործողություններին լավատեսական հանգուցալուծում գտնելով (ԱՄՆ իշխանությունները մերժում են մշտական բնակության իրավունքը), որը սակայն մասնավոր լուծում է տվյալ խնդրի արծարծման պարագայում: Կարծում ենք առավել համոզիչ կլիներ, եթե այդ երևույթի ողբերգականությունն իր ամբողջ մերկությամբ ներկայացվեր հենց այն տարբերակով, երբ ընկերոջ լքված ծնողներին որդիաբար այցելող հերոսը, որը և է հեղինակը, նրանց պատկերեր բարոյահոգեբանական հարվածի ահագնությամբ: Ինչևէ, հեղինակը նախընտրել է վերադարձի տարբերակը…
Միանգամայն այլ խնդիրներ են դրված ժողովածուի երեք մեծածավալ պատմվածքներում, որոնց հիմքում ընկած է հանցանքի գործոնը: Չնայած այդ հանգամանքին, դրանք չեն հարում դետեկտիվ ժանրին, այլ հետամտում են միանգամայն այլ նպատակ՝ ներկայացնելով մարդ արարածին պատուհասած իրավիճակային, սոցիալ-տնտեսական և բարոյահոգեբանական անակնկալների պայմաններում նրա դրսևորած վարքագիծը: Հեղինակն, ըստ երևույթին, տիրապետում է հարուստ փաստանյութի՝ ունենալով համապատասխան մասնագիտական փորձ քննչական մարմիններում, ինչպես ծանուցում են նրա համառոտ կենսագրական տվյալները: Կարելի է ենթադրել, որ իրադարձությունների ծավալման տրամաբանությունը, պատճառահետևանքային իրողությունների նկարագրությունը, գրողական դիտողականությունը նաև այդ փորձառության արդյունք են: Մի դեպքում դա ժամկետանց պարտքը վրացիներին չվերադարձնելու և հերոսուհուն նրանց վրեժխնդրությունից ազատելու թնջուկն է, որն ունենում է ցանկալի, նույնիսկ երջանիկ հանգուցալուծում («Հաղթելուն դատապարտվածները»), մյուս դեպքում՝ օտարության մեջ հանցագործ աշխարհի սարդոստայնում հայտնված հերոսն է, որը տարաբնույթ դեգերումներից հետո դառնում է վրեժխնդրության զոհ («Կամո»), իսկ «Հորիզոնին չհասած» պատումը բազմաթիվ առաքինություններով օժտված, սակայն կանացի խարդավանքների պատճառով բանտախցում հայտնված քննիչի ինքնակենսագրական, ինքնախոստովանական նամակն է որդուն, որը նա գրում է որպես իր արժանապատվությունը փրկելու միակ միջոց ինքնասպանություն գործելուց առաջ: Ինքնասպանություն, որը միակ ելքն է այն փակուղուց, որում հայտնվել է:


Հիշատակված բոլոր ստեղծագործությունները, բացի սյուժետային հիմնական ուղղվածությունից, հարուստ են մի շարք, այսպես կոչված, հարակից դեպքերի և դեմքերի նկարագրությամբ, բարոյահոգեբանական իրավիճակների վերլուծությամբ, խոհափիլիսոփայական և քնարական զեղումներով, որոնք հաճախ չունեն դեր ու նշանակություն, չեն կրակում չեխովյան հրացանի հանձնառությամբ, և մեր կարծիքով շեղում են գլխավոր նշանակետից՝ երբեմն թողնելով այնպիսի տպավորություն, թե հեղինակը ցանկանում է լրացուցիչ բացատրել այն, ինչը բացատրության կարիք չունի և հաստատված է արդեն իսկ, թե ցանկանում է ամեն մի գաղափար ստիպողաբար ներմուծել պատումի մեջ, որի կառույցը սակայն վանում է այն, որպես ավելորդ մեկնաբանություն: Անուրանալի գրողական ձիրքով և շնորհով թղթին հանձնված այս հետաքրքիր և ուսանելի պատմությունները, ամենայն հավանակությամբ, մասնագիտական խմբագրման արդյունքում, կդառնային առավել խոսուն, առավել արտահայտիչ՝ թոթափելով թեև առողջ հորդորներ պարունակող, բայց անտեղի հավելումները՝ պատմվածքին չառնչվող մտքերն ու դատողությունները, կամ դրանք կմիահյուսվեին սյուժեին՝ չառանձնանալով որպես հեղինակային միջամտություն և շեղում: Այդուհանդերձ, չարիք և դժբախտություն ծնող պատճառներից մեկը, գուցե և մեծ առումով առաջնայինը, հայրենի հողից, հայրական օջախից, մայրենի բնաշխարհից հեռանալն ու օտարության մեջ ապրուստ հայթայթելու, ապա նաև հարստանալու տենչն է, որը միշտ չէ, որ երջանկության գրավականն է: Այդ տենդը հաճախ զանազան անակնկալներ և պայմանականություններ է մատուցում, որ հանգեցնում են ողբերգական վախճանի:

Մուշեղ Բաբայանն իր ստեղծագործությամբ ներկայացնում է մի աշխարհ, որտեղ ապրում է ժամանակակից մարդն ու քաղաքացին և ասես զգուշացնում է նրան զերծ մնալ տխրահռչակ և աղետաբեր գայթակղություններից: Նրա պատմությունները հավաստի և իրական են, ասես պատճենահանումն են այն կյանքի, որ ապրում ենք մենք այսօր, հաճախ չնկատելով բազմաթիվ վտանգներ և մարտահրավերներ, որոնց միջով անցնում են մեր քաղաքացիները և աննկատ ու անպաշտպան մնում դրանց առջև: Եվ իհարկե, ամենից ապահով տեղը տունն է, ամենից ջերմ միջավայրը՝ հարազատ օջախը, որքան էլ դժվար լինի անհատին բազմաթիվ հիմնախնդիրների ինքնուրույն լուծումը: Հեղինակը պատմում է առանց գունավորելու կամ մթագնելու իրականությունը, հարազատ մնալով իր որդեգրած կյանքն ինչպես կա սկզբունքին: Տպավորությունն այնպիսին է, թե բազմաթիվ հետաքրքիր և ուսանելի պատմությունների տիրապետող գրողը պատմում է այդ ամենի մասին՝ մտերմիկ զրույցի ձևով և չբավարարվելով փոքր լսարանով, իր պարտքն է համարել գրի առնելու դրանք և հանձնելու հանրությանը, որպես գեղարվեստական ստեղծագործություն, որից հետևություններ անելու իրավունքն ու պարտականությունը ընթերցողինն է: Պատահական չէ, որ նրա հերոսների գերակշիռ մասը, ովքեր հեռու են տնից, հաճախ են տրվում կարոտին, հիշում իրենց գյուղը, գյուղական կյանքի մանրամասներ, վերհիշում անցյալի պատառիկներ:


Մ. Բաբայանի պատմվածքները հուշում են նաև, որ միևնույն է, վաղ թե ուշ չարիքն անպատժելի չի մնում, այն անխուսափելի է, եթե նույնիսկ իրավապահները չիրականացնեն: Բարության մեջ է կյանքի գեղեցկությունն ու հմայքը, որն իրացնելու և խոչուխութերի չենթարկվելու լավագույն տարբերակը հայրենի արմատներին հարազատ մնալն ու տնից չհեռանալն է, որին հաճախ դրդում են անտանելի պայմանները:
«Գիշերը, երբ մենակ մնաք, անպայման նայեք ձեր մեջ… Հիմա գտեք խենթ ճամփորդին, սեղմեք ձեռքը, շշնջացեք ականջին, որ լավագույն ճանապարհը դեպի տուն տանող, հայրենիք վերադարձնող ճանապարհն է…»,- այս է հեղինակի հորդորն ու պատգամը պանդխտության մեջ դեգերող և բախտ որոնող իր հայրենակիցներին:


Մուշեղ Բաբայանն ունի իր ուրույն աշխարհը, որի բնակիչները կռիվ ունեն կյանքի հետ, ունեն իրենց անհանգստություններն ու մտահոգությունները, սակայն չեն կաղապարվում իրենց անձնական տարածքում, այլ մեծապես աղերսվում են հասարակական իրականությանը տարբեր հարաբերություններով, որոնց ենթատեքստում, եթե փորձենք ընդհանրացնել, հավատարմությունն է ավանդական ճշմարտություններին, ժամանակների փորձությամբ հաստատված ապրելակերպի պահպանմամբ և դրանով իսկ իրենց կյանքի իմաստավորմամբ: Հերոսների միջոցով հրամցվում է հեղինակի ասելիքը, իսկ այն համեմված է կենդանի, ապրող մարդկանց բարության և մարդկայնության սկզբունքներով: Ի դեմս Մուշեղ Բաբայանի մենք գործ ունենք մի հեղինակի հետ, ում ակնդետ հայացքի առջև հասարակությանը հրամցված տարատեսակ, հաճախ խոցելի երևույթներ են, ում համար միանգամայն հաղթահարելի է նյութի դիմադրությունը, ով օժտված է պատմողական և նկարագրողական անուրանալի շնորհով, ում զինանոցում ամբարված է հարուստ փաստանյութ, որը նա սիրով տրամադրում է իր ընթերցողին՝ գեղեցիկ ապրելու մասին հուշելու պատրաստակամությամբ, և այդ ասելիքը կարևոր է, քանզի բխում է հարազատ արմատների և մարդկային առաքինությունների նկատմամբ խոնարհումից և քաղաքացիական պատասխանատվության բարձր զգացումից…
Կցանկանայի Մ. Բաբայանին տեսնել մեր գրականության մեջ դետեկտիվ ժանրի զարգացման դիրքերում, որի նկատմամբ ժլատ են եղել մեր գրողները, մանավանդ, այդ հնարավորությունը նա ունի թե ճանաչողական, թե տաղանդի առումով, նաև ներկայիս կյանքն է սիրահոժար տրամադրում ինքնատիպ և բացառիկ հանցագործությունների հարուստ փաստանյութ, և ինքն ի զորու է հմտորեն հրամցնելու այն, բայց, ինչպես փորձն է ցույց տալիս, անշնորհակալ գործ է խորհուրդ տալը նման հեղինակին, ում ստեղծագործության մտահղացումը միանգամայն ինքնաբուխ և ինքնուրույն է:

Դավիթ Մկր ՍԱՐԳՍՅԱՆ

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 1658

Մեկնաբանություններ