Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը Հայաստան արգելել են: Նա «Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ է հայտարարել: «Ես Հայաստանից գնացողը չեմ, ես հենց այստեղ՝ «Զվարթնոց» օդանավակայանի անձնագրային բաժնում, հայտարարում եմ հացադուլ։ Առանց որոշումը ցույց տալու, առանց հիմնավորման արգելել են իմ մուտքը իմ հայրենիք։ Միգուցե` որովհետև լուսաբանել եմ Ոսկեպարի դեպքերը, եղել եմ Ոսկեպարում»,- իր տեսաուղերձում նշել է Նիկոլյանը:                
 

Մենք, ֆինները, ֆուտբոլն ու…աշխարհագրությունը

Մենք, ֆինները, ֆուտբոլն ու…աշխարհագրությունը
29.03.2019 | 00:24

Պիտի որ մոռացած չլինեք Ֆինլանդիայի ընտրանու հետ ֆուտբոլի Հայաստանի հավաքականի սպասվելիք դիմակայության մասին պատմող նախորդ նյութիս վերտառությունը՝ «Առաջին միավորների ակնկալիքով» ու նյութի հույս ներշնչող տոնայնությունը: Սակայն այնպես էլ չէ, թե նյութն էս կոտրած ձեռքով այդպես վերնագրելիս մեջս տագնապ չկար, որ այսօրվա օրը գալու է, ու պիտի մոտավորապես Չերչիլի հանգույն բացատրություն տամ, թե ինչու այնպես չեղավ, ինչպես ակնկալվում էր ու եղավ այսպես, ինչպես կասկածվում էր, բայց չէր բարձրաձայնվում:

Հիմա կասեք` ա՜յ թե համեմատեց:
Բնականաբար` Չերչիլի մասով:
Հա բա պիտի համեմատեմ ու ինչու՞ չասեմ, որ ֆուտբոլն էլ քաղաքականության նույն… շատ կոպիտ չլինելու համար այսպես ձևակերպենք՝ նույն փոդրաթ ընկերուհին է:
ՈՒզում եք՝ Ծերեթելու հաշվեք, ուզում եք՝ տրասի (լեզվի տեսչության ականջը խուլ մեղավորիս «Տրասը մայրուղին է» հիշեցնելիք անաղարտ հայերենով ու այպանող տոնով):
Չէ, քավ լիցի, խոսքս մեծ ֆուտբոլի մասին չէ:
Մեծ ֆուտբոլը, ինչպես կասեր մեր պատկից հարևան ձյաձ Ժոժոն (անձնագրով՝ Ժորժը, ինչը լենինականյան մեր այդ տարիների ընկալման համար չափից ավելի եվրոպական հնչողության բան էր), վերին գաղափար է:


Խոսքս մերոնց խաղացած ֆուտբոլի մասին է, որն այդ ապշեցուցիչ մարզաձևի հետ այնքանով աղերսներ ունի, որ մերոնք էլ են տասնմեկ հոգով խաղադաշտ դուրս գալիս, որ մերոնք էլ են…
Մի խոսքով, ձևական կողմերը պահպանվում են, սակայն Մարքսին Էնգելսի հետ որքան էլ խոր հորենք, փիլիսոփայության հերն էլ, որպես դիսցիպլին, էն անտեր Թալեսից մինչև նիկոլյան այս լուսապայծառ օրեր բռնենք ու մինչև յոթ պորտն անիծենք, մեկ է, էդ անտեր հարցերի հարցի՝ ձևի ու բովանդակության խնդիրը չենք կարող իրարից տարանջատ դիտարկել:
Առավել ևս՝ ներկայացնել:


Ախր, տղերք ջան (էս ես, հարգելի ընթերցող, մեր ֆուտբոլիստների հետ եմ առանձնազրուցում՝ քեզ ժամանակավորապես հայտարարելով խաղից դուրս), ձեր հոգուն մատաղ, որ գնդակի հետևից վազում եք, այդ վազելու ընթացքում չպիտի մոռանաք (դժվար թե մարզիչը հուշած չլինի), թե ինչի համար եք վազում, պիտի չմոռանաք, որ եթե դեմներդ արգելք է հայտնվում մրցակցի ֆուտբոլիստի կամ, ծայրահեղ դեպքում, դաշտի եզրերին եղած դրոշակի տեսքով, ձեր առաջնահերթ խնդիրն այդ արգելքը շրջանցելն է, ոչ թե խոյահարելը պոզերով, իսկ մեկ այլ տարբերակով՝ կոտոշներով ջնջխելը:
Ախր ֆուտբոլը, ո՞նց բացատրեմ, որ ցավոտի հետ վիրավորական էլ չհնչի, ֆուտբոլը, ոտքերով խաղ լինելուց զատ, նաև ուղեղի խաղ է, ու էդ անտեր ուղեղի և ոտքերի համակցված գործադրումն է, որ իր ընդհանրության մեջ դառնում է ֆուտբոլ, իսկ դուք՝ հավաքականի համար արդեն ենթադրյալ հասուն մարդ, հլա այն գնդակ տշելու հետ եք շփոթում:
Ախր հիմա ո՞վ է տշում:


Լավ, տշել երևույթի ծագումնաբանության մեջ չխորանանք, քանզի այն մեզ հեռուներ կտանի, ու դառնանք օր առաջ երկրի վարչապետ հետ ունեցած հանդիպումին, որ հատուկ ձեզ համար կազմակերպել էր ֆեդերացիայի նախագահը՝ ոչ թե ձեզ վրա դուխով տղա բերելու միտումով, այլ նրա օրինակով վարակելու ազնիվ ձգտումով:
Լա՜վ, բա որ Նիկոլը եկավ ձեզ մոտ ու դեսից-դենից ահագին խոսեց, հո հետն էլ չասեց, թե խաղադաշտ մտեք ու դուխով քայլեք: Բա չասե՞ց, որ քայլելը էֆեկտ է տալիս բոլորովին այլ ոլորտում ու այլ մարզիչների հմուտ ուսուցանմամբ (արդեն չեմ էլ հիշում՝ դրան, դրանց քեռի Սե՞մ էին ասում, թե՞մ էին ասում, թե՞ բեմ էին ասում՝ մարդ արդեն մի կարգին էլ չի հուշում հիշելիքը: Բայց հիշողությունից էս գանգատս (սա ասում եմ, որպես համընդհանուր հիշեցում, ու խոսքս բոլորիդ է ուղղված) ձեզ հիմք չի տալիս, որ էն ս-ով սկսվողի ու ս-ով վերջացողի անունը տաք մոտս: Աշխատեք թերատ գիտելիքներով չփայլել):
Հետո, ասեմ, ջահել եք, իմանաք՝ ամեն տեղ կամ ամեն տեղից տեղ քայլելը չէ, որ հաղթանակ է երաշխավորում կամ փոփոխությունների հանգեցնում: Հասկացանք՝ Գյումրիից Երևան, ու էդ ճամփեն, եթե մոլորյալներ կան, որ ուզում են կրկնեն, արդեն մի անգամ անցած-եղած բան է, ինչպես որ արդեն մեկ անգամ անցած-եղած բան է Ստեփանակերտից Երևան ճամփան:


Վսյո:
Մոռացեք:
Մի բանը մի անգամ է լինում իր կուսական վիճակում:
Հիմա հո չե՞մ նստելու ձեզ անատոմիա ու ֆիզիոլոգիա բացատրեմ:
Ես հո ձեր կենսաբանության ուսուցիչ ընկեր Վռամը չե՞մ («Սարոյան եղբայրներ» կինոնկարի միջի դաշնակ ընկեր Վռամի հետ չշփոթել. սա քաղաքական կարևորության հարց է, «իմքայլականները» կիմանան, կզայրանան):
Հա, ուրեմն՝ ֆուտբոլը:


Ֆուտբոլը… բայց եթե ես հիմա նստեմ ու մեր հավաքականի տղաների համար հատուկ ասեմ, թե ֆուտբոլն ինչ բան է, ասածս կնմանվի մի գոլի վրա խաղացած էն իրենց չիմացած բանին:
Ասել է թե՝ ես կասեմ, ես էլ կլսեմ, ու մեջտեղը ոչինչ չի փոխվի, բացի նրանից, որ հիմնարկում նորից կընկնեմ հարվածի տակ, թե այդքան բան ասելու կողքին մեծ բան կլինե՞ր, որ ասեիր առանձնապես մեծ հաշվով չենք պարտվել, ընդամենը երկու գոլ ենք բաց թողել ու էդ 0։2 հաշվով պարտությունը 0։2 հաշվով պարտությունից ավելի ուրիշ հաշիվ չի ենթադրում, քանի որ մերոնք գոլ չեն խփել:
Մերոնց էլ գոլ չխփելը որը՞ս է:
Չեն ուզել՝ չեն խփել:
Տո, եթե կուզեք ճիշտը իմանալ, լա՜վ էլ արել են:
Մի խաղի պատճառով արժե՞ր հիմա էլ ֆինների հետ հարաբերություն լարել:
Նաև դրանց պապերը չէի՞ն, որ էն կողքինների հետ, մի հավաքականություն կազմած, նստեցին նավերն ու հայդա իրենցից ներքև եղած երկրներ…
Ո՞Ւմ էինք մի կտոր հաց տվել, որ ավելի հարավի մասին աշխարհագրությունից դրանց գիտելիքները սահմանափակ էին:
Ի՞նչ է, ֆուտբոլային այս առճակատումը բավարար չափով համոզիչ չեղա՞վ:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 2277

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ