Parker quartet
 
«Իրատես» թերթի հաջորդ համարը լույս կտեսնի մայիսի 31-ին:               
 

Ղեկավար կարող ես լինել, առաջնորդ` երբեք

Ղեկավար կարող ես լինել, առաջնորդ` երբեք
02.04.2019 | 02:14

Հայաստանյան երկու զուգահեռ իրականությունները` ներքաղաքական և արցախյան, առանձնապես հույս չեն ներշնչում եզրահանգելու, թե օրվա իշխողը երկրում տիրապետում է իրավիճակին, ունի հեռահար լուրջ ծրագրեր: Իներցիոն, պոպուլիզմով գերհագեցած քաղաքականությունը շարունակում է Հայաստանը տանել ոչ մի տեղ:


Ներքաղաքական զարգացումների առումով ճշգրտորեն աշխատեց նշանային համակարգը, արձանագրելով` «իրավիճակ ա փոխվել»: «Իմ քայլի» մեկ տարին նշանավորվեց հետաքրքիր կորագծով` առողջապահության փոխնախարարը բռնվեց կաշառք վերցնելիս: Ըստ «չար լեզուների»` Արթուր Վանեցյանը զգուշացրել էր առողջապահության նախարարին. «Դեպքեր կան ձեզ մոտ»։ Առողջապահության նախարարը հակադարձել էր` փաստեր են պետք:
Փաստն առկա է, ընդ որում, ըստ լավատեղյակների` բավականին հետաքրքիր «հեռանկարով»: ՈՒ եթե սրան էլ գումարում ես Նիկոլ Փաշինյանի ասած, օդում կախված լուրերի հանգամանքը, որ համանման իրավիճակ էր նաև պետական վերահսկողության վարչությունում, այն էլ տարին դեռ չբոլորած (Դավիթ Սանասարյանի հետ կապված նույնպես որոշ հետաքրքիր «գրառումներ» կան նույն ԱԱԾ-ում, սակայն ըստ «բանահյուսության»` Նիկոլ Փաշինյանն առանձնապես հակված չի եղել իրենց հետ հեղափոխական բեմում անխոնջ կանգնած Սանասարյանի խաթրին կպնելու, որովհետև դա կնշանակեր հեղափոխության ինքնագիտակցությանը կպնել, հորդորել էր` համբերել), միևնույն է, որքան էլ իշխանությունները փորձեն մախաթը պարկում պահել, մախաթը շատ «ծախող» դուրս եկավ. և ուղիղ այն օրը, երբ մեկ տարի առաջ քայլիստներն սկսել էին քայլել, ցուցանեց, որ նրանք ևս պակաս «թալանչին, կոռումպացվածը» չեն, քան «նախկինները»:


Դաժան է, բայց փաստ: Ընդ որում, էլ առավել դաժան է այս ամենի հեռանկարը, որովհետև հետևողական աշխատանքի դեպքում չի բացառվում, որ մնացած կառույցներում վիճակն էլ ավելի անմխիթարական լինի:
Թողնենք նրանց իրենց «ախմախության», ղեկավարելու անկարողության հետ միայնակ, անցնենք օրախնդրին:
Ղարաբաղյան հարց. անչափ միամիտ կլիներ որևէ կոնկրետ բանի սպասումը Վիեննայում տեղի ունեցած բանակցություններից: Արտահոսքեր դեռ կլինեն, սակայն արդեն իսկ Դավիթ Տոնոյանի ամերիկյան բարձրաձայնումը ցուցիչ է, թե ինչ է կատարվել չորս ժամ շարունակ` բանակցային սենյակում: Ոչի՛նչ: Բացի այն, որ ԵԱՀԿ ՄԽ-ն սեղանին է դրել պարոնայք Միլզի ու Բոլթոնի հայտնի բանաձևումը` խաղաղություն` տարածքների դիմաց, Փաշինյանն էլ ասել է` ես չեմ որոշողը, կանչեք Ղարաբաղին, թող նա ասի «տղամարդու իր որոշիչ խոսքը»:
Մինչ ԵԱՀԿ ՄԽ-ն տարբեր ձևաչափերով Փաշինյանին կհասկացնի` եղբայր, բա մի հատ չես պատմի՞, էդ հեղափոխությունդ ով արեց, ինչու արեց, ինչով արեց, թե՞ դու իսկապես կարծում ես, որ Չալոյի հետ Գյումրուց մեկ տարի առաջ քայլելով Երևան հասնելը, վարչապետ դառնալը, խորհրդարանում իշխելը, ուժեղ մանդատ ունենալը, 70 տոկոս հանրային աջակցություն ստանալը քո «սիրուն աչքերի» համար էր:


ՈՒ մինչ ԵԱՀԿ ՄԽ-ն (հանած Ռուսաստանը) կորոշեր ասելիքի «ձևաչափը», ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն Ամերիկայից ասաց իր որոշիչ խոսքը. եթե դուք մեզ ասում եք` տարածքներ` խաղաղության դիմաց և սպառնում պատերազմով, ապա մենք ձեզ ասում ենք` պատրաստ ենք պատերազմի, և քանի որ կա տիեզերական ճշմարտություն` մեկ անգամ եղածն էլի կլինի, քո ոտնատեղը քեզ եմ տալու, իսկ մենք առաջին պատերազմում հաղթել-տարածքներ ենք ձեռք բերել…

Ձգենք պաուզան. Տոնոյանը չի ասում, մենք հավելենք` ապրիլյան պատերազմում` «Սերժի վախտ», նույնպես մենք հաղթել ենք, որովհետև այդ հարձակման մաքսիմում ծրագիրը բոլորովին այլ էր, այն է` մինչ Ստեփանակերտ հասնել, ու մենք ստիպեցինք հերթական հաշտության համաձայնագիրը կնքել մեզ հետ, և ուրեմն` այս անգամ մենք պատրաստ ենք պատերազմի ու տարածքներ հետ բերելու:


Հասկանալի է` մենք «թարգմանում» ենք Տոնոյանի մտքերը. որոնց վրա Ռուսաստանը պատրաստակամ, «բարեհամբույր» ժպտում է, ու եթե ժպտում է, ապա… Հասկացաք:
Չնայած, այո, Տոնոյանի մտքերին ԵԱՀԿ ՄԽ մյուս հատվածը կարող է հարցումով հակադարձել, թե` պարոն նախարար, որ ասում եք` նոր պատերազմ, նոր տարածքներ, Հայաստանի անունի՞ց եք ասում, թե՞ Ղարաբաղի, քանզի դուք ՀՀ պաշտպանության նախարարն եք. այդ դեպքում ինչու՞ ձեր վարչապետը նույնպես չբանակցի, համաձայնություն տա սեղանին առկա տարբերակին, որպես Հայաստանի ղեկավար:
Բայց սա արդեն ուրիշ «կինոյից» է:


Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 2179

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

DiplomatRadio Mao