Հիմա ինչպե՞ս վարվի ներդրողը

Հիմա ինչպե՞ս վարվի ներդրողը
02.04.2019 | 02:40

Այնպիսի տպավորություն է, որ Հայաստանի կառավարությունը ներդրումներ ներգրավելու համար ոչ միայն լուրջ ջանքեր չի գործադրում, այլև անընդհատ խանգարում է այդ գործընթացին։ Հազիվ էին պատին ծեփելն ու ասֆալտին փռելը մոռացվել, Նիկոլ Փաշինյանը հերթական ներդրումային «մթնոլորտի» սաղմերը գցեց։ Կառավարության ծրագրի կատարման զեկույցը խորհրդարանում ներկայացնելու ժամանակ, անդրադառնալով «Լիդիան» ընկերության միջազգային արբիտրաժային դատարան դիմելու հարցին, Հայաստանի վարչապետն ասաց. «Լիդիանը» դիմում է միջազգային դատարան, վե՛րջ, կորանք ազգովի:

Դիմում է՝ դիմի։ Ինչի մենք մեզ էդքան անպաշտպա՞ն ենք զգում: Մեզ գալիս դիմում են, ասում են՝ մենք կդիմենք միջազգային դատարան, ու երբ զգում են, որ չի ուշաթափվում Հայաստանի ներկայացուցիչը, ասում են՝ ո՞նց, դուք մեզնից չե՞ք վախում, ո՛չ չենք վախում, ինչի՞ պիտի վախենանք, դուք մեզնից պիտի վախենաք, եթե վախենալու բան կա, ոչ թե մենք՝ ձեզնից»: Ինչպես Փաշինյանն է սիրում ասել՝ և ուրեմն՝ խոսքն ընդհանրապես ոչ «Լիդիանի» և ոչ էլ այդ ընկերության գործունեության վտանգների մասին է, վտանգն այլ տեղ է։ Երբ երկրի վարչապետն ուղերձ է տալիս մեծ ներդրումներ անել պատրաստվող ընկերություններին, որ անգամ միջազգային արբիտրաժային դատարան դիմելն իրենց համար ոչ մի բան է, Հայաստանի կառավարությունը դրանից «չի վախում», նշանակում է այստեղ ինչ-որ բան այն չէ։ ՈՒ պետք չէ կեղծ թեզեր առաջ քաշել, թե կառավարությունն ինքնուրույնություն, անկախություն է ցուցաբերում։ Սա այդ ոլորտը չէ։ Առանց համոզելու, երկրի գրավչությունը ներկայացնելու, երբեմն ուռճացնելու օտարերկրյա ներդրումներ չեն գա Հայաստան։ ՈՒզում են օրը 25 անգամ հայհոյեն ռուսներին, 15 անգամ՝ ԱՄՆ-ին, մեկումեջ էլ այս ու այն երկրին, միջազգային կառույցներին, ներդրողը չի ասելու՝ վայ, ինչ ինքնավար երկիր են, գնամ ներդրումներ անեմ, վերջը լավ կլինի։


Ճիշտ է, պետք չէ վախենալ միջազգային դատարաններից, բայց եթե դու խոշոր ներդրում ես ուզում բերել Հայաստան, հերիք չէ նրանք բախվելու են անմխիթար վիճակում գտնվող քո դատաիրավական համակարգին, մի հատ էլ հայտարարում ես, թե «թքած» ունես նաև դրսի իրավական գնահատականի վրա։ ՈՒ այս դեպքում երիցս ճիշտ է Նիկոլ Փաշինյանը. ով է այն մահապարտ-գործարարը, որ չի վախենա սեփական միջոցները վստահել այսպիսի երկրի։ Սակայն ներդրողին այսքան վանելուց հետո Փաշինյանն անում է իր ամենասիրելի հայտարարությունը. «Վարչապետը ոչ մեկի հետ «փայ» չի մտնի»։ Հիմա, խեղճ ներդրող, ի՞նչ անի, վստահի՞, որ երկրի ղեկավարը հակաօրինական մեթոդներով իր բիզնեսից մաս չի վերցնի, թե՞ հասկանա, որ միջազգային դատարանն էլ իրեն չի փրկի, եթե վարչապետը որոշի նրան պատին ծեփել։


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1334

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

DiplomatRadio Mao