«Իրատես» թերթն ու irates.am կայքը մեկնում են արձակուրդ: Թերթի հաջորդ համարը լույս կտեսնի սեպտեմբերի 6-ին, իսկ կայքը կթարմացվի սեպտեմբերի 2-ից:               
 

Լիբերալ-հանդուրժողական ճահճում հայտնված Եվրոպայում հետայսու էլ ոչինչ չի փոխվի

Լիբերալ-հանդուրժողական ճահճում հայտնված Եվրոպայում հետայսու էլ ոչինչ չի փոխվի
02.04.2019 | 02:54

Ռուսաստանում, բնականաբար, զգուշորեն են մեկնաբանվում մուսուլմաններին առնչված քաղաքական իրադարձությունները՝ տեղական թե միջազգային բնույթի: Քաղաքական նրբանկատությունն արդարացված է. երկրում սեփական մուսուլմանների թիվն անցնում է 20 միլիոնից, իսկ որոշ տվյալներով մոտենում է 30 միլիոնին:


Ահա և, Նոր Զելանդիայում տեղի ունեցած հակամուսուլմանական ահաբեկչական գործողության կապակցությամբ, ինչպես կոմունիստների ժամանակ էին ասում, ցասումնալից դատապարտումով հանդես եկավ և իր խորին ցավակցությունը հայտնեց նախագահ Վլադիմիր Պուտինը: Եվ ոչ միայն նա:
Այդուհանդերձ ռուսական լրատվամիջոցներում արյունալի իրադարձության առիթով հայտնվեցին նաև կարծիքներ, որոնք թերևս սպասելի էին, սակայն «ոչ կոռեկտ» քաղաքական առկա իրողությունների տեսանկյունից: Քրիստոնյաների կողմից վաղ թե ուշ նման բան պիտի տեղի ունենար, պիտի լցվեր համբերության բաժակը, ու կրկնվեր բրեյվիկյան փորձը, երբ օր օրի Եվրոպայի մուսուլմանացման գործընթացը իրականություն է դառնում եվրոպացիների հոգևոր-քաղաքական իմպոտենցիայի հենքի վրա: Ճիշտ է, հակամուսուլմանական դժգոհության բունտը պայթեց հեռավոր Նոր Զելանդիայում, սակայն այնտեղ էլ եվրոպացիներ են ապրում: Առայժմ: Ի վերջո, ի՞նչ էր հայտարարում ահաբեկիչ Բրենտոն Տարանտն ինքը. «Իմ ինքնությունը եվրոպական է, և ամենակարևորը՝ իմ արյունը եվրոպական է»:


Արդյո՞ք իրավացի չեն այն ռուս քաղաքական մեկնաբանները, որոնք արձանագրում են, որ ավստրալական ծագումով ժամանակավոր նորզելանդացու խելահեղ ոճրագործությունն ըստ էության ուղղված էր ոչ այնքան անմեղ մուսուլմանների դեմ, որքան Եվրոպան քրիստոնեազերծող ու ներգաղթի միջոցով մուսուլմանացնող քաղաքագետների դեմ՝ ի դեմս առաջին հերթին ինքնակործանման կուրսի կարկառուն ներկայացուցիչ Անգելա Մերկելի: Ահաբեկիչն այնքան էր համոզված իր արարքի «արդարացիության» մեջ, որ գործողության ժամանակ չէր էլ թաքցրել դեմքը՝ երեսը: Իսկ մինչ այդ իր բոլոր մտքերը քրիստոնյա եվրոպացիների դեգրադացման վերաբերյալ արտահայտել էր 74-էջանոց մանիֆեստում. «Ես կարծում եմ, որ ժողովուրդների միջև գոյություն ունեն ռասայական տարբերություններ, և դրանք մեծ ազդեցություն ունեն մեր հասարակության վրա: Ծնելության ցուցանիշները ևս այդ տարբերությունների մի մասն են կազմում, և մեծ ծնելությամբ ներգաղթյալներին անհրաժեշտ է դուրս մղել մեր երկրներից, որպեսզի ապահովենք մեր եվրոպական ռասայի գոյությունը: Պետք է վերջ տալ «սպիտակ ցեղասպանությանը»: Մահմեդական ներգաղթյալները պետք է լքեն եվրոպական երկրները: Պետք է կանգնեցնել տարբեր մշակույթների ու արյան միախառնումը: Սպիտակամաշկ մարդիկ պետք է դիմեն ակտիվ գործողությունների»: Եվ այլն:
Տարանտի մանիֆեստում անշուշտ կան նաև բացահայտ անմարդկային կոչեր, անհարկի զգացմունքային պոռթկումներ, պարզապես անհեթեթություններ: Սակայն հազիվ թե ահաբեկիչը փորձել է հավակնել նաև գաղափարախոսի դերակատարմանը:


Իսկ ինչքանո՞վ էր անաչառ արևմտյան լրատվամիջոցների իսլամամետ բողոքի հզոր ալիքը, հարցնում է ռուսական թերթերից մեկը: ՈՒ՞ր էին նրանք, երբ մուսուլմանները պայթեցնում էին մադրիդյան գնացքը (192 սպանված, 2050 վիրավոր), իրականացնում Բեսլանի եղեռնագործությունը (385 սպանված, 783 վիրավոր), արյուն էին հեղում մոսկովյան մետրոյում (40 սպանված, 102 վիրավոր), եգիպտացի քրիստոնյաների կոտորած էին սարքում եկեղեցում կրոնական տոնախմբության ժամանակ (47 սպանված, 100-ից ավելի վիրավոր) և այլն: Իրո՞ք «ահաբեկչությունը չունի ազգություն և կրոն»:


Ցանկացած մասշտաբային ահաբեկչական գործողությանը հետևում են բազում վերլուծություններ, մեկնաբանություններ ու հետևություններ նման խելակորույս քայլերի դրդապատճառների ու հետևանքների մասին: Խոհերի տեղիք է տալիս ռուս քաղաքագետներից մեկի հետևյալ տեսակետը՝ լիբերալ-հանդուրժողական ճահճում հայտնված Եվրոպայում հետայսու էլ ոչինչ չի փոխվի, հակառակը, կուժեղացվի մզկիթների, մուսուլմանական զանազան հաստատությունների պաշտպանությունը, ավելի կոշտ կդառնա հակազդեցությունը ընդդեմ հակաիսլամական դժգոհության դրսևորումների, չի նվազի ներգաղթը և այլն: Ասել է՝ նույնքան անարգել կշարունակվի եվրոպական աշխարհամասի իսլամացումը:


Իսկ հիմա տեղին կլիներ «Իրատեսի» խորաթափանց ընթերցողներին ուղղել մեկ կոնկրետ հարց՝ ինչու՞ են գլոբալիստները մոլորակի բնակչության քանակի կրճատման (չմոռանանք «Ոսկե միլիարդի» տեսությունը) ու նրա կենդանակերպման չարանենգ ծրագրի իրագործումը սկսել քրիստոնեական աշխարհից:

Ռուբեն ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ
Մոսկվա

Դիտվել է՝ 1229

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

DiplomatRadio Mao