«Հայաստանում ամեն ինչ կարելի է արտադրել բացի կոկա-կոլայից, բենզինից և շաքարից»

«Հայաստանում ամեն ինչ կարելի է արտադրել բացի կոկա-կոլայից, բենզինից և շաքարից»
02.04.2019 | 03:07

«ՄԵՐ ԵՐԵՍԸ ՄԻՇՏ ԴԵՊԻ ՀԱՅԱՍՏԱՆ Է ՈՒՂՂՎԱԾ»


ՍԱՐՖԻՍ ԷՐՔՈԼԸ ստամբուլահայ սակավաթիվ այն հայերից է, ովքեր գործարարի ներուժն ու կարողությունները սիրով ներդնում են Հայաստանի տնտեսության զարգացման գործում:
Սարֆիսի ծնողները Կեսարիայի նահանգից գաղթել են Ստամբուլ, որտեղ էլ ծնվել է Սարֆիսը: Ստամբուլահայերը եղել են արհեստների սիրահար և մշտապես ունեցել են սեփական գործն ու արհեստանոցը: Սաֆիսի հայրը զբաղվել է մետաղյա կահույքի արտադրությամբ, սակայն որդին, ստանալով քիմիայի ճարտարագետի մասնագիտություն, որոշել է զբաղվել տեքստիլի արտադրությամբ: Արդեն 40 տարի է, ինչ Սարֆիսը հիմնել է տեքստիլի արտադրություն, ունի սեփական խանութ, որտեղ վաճառում է իր արտադրած բարձրորակ տրիկոտաժե հագուստեղենը:


1999 թվականին Սարֆիսն առաջին անգամ այցելեց Հայաստան որպես զբոսաշրջիկ, այնուհետև այցելությունները դարձան ավելի հաճախակի: Տարվա ընթացքում երեք-չորս այցելությունների նպատակը ոչ միայն հայաստանցի ընկերների հետ գործարար կապերն են, այլև Հայաստանի օդն ու ջուրը, Երևանից Մասիս սարի գեղեցկությամբ ու վեհությամբ հիանալու ցանկությունն է: Սարֆիս Էրքոլը համագործակցում է «Սաթենկար» ՍՊԸ-ի հետ` ձեռնարկությանը մատակարարելով տեքստիլ հումք:


Սարֆիս Էրքոլի համոզմամբ` 15 միլիոն բնակչություն ունեցող Ստամբուլի մեջ ապրող շուրջ 70 հազար հայերն ուծացումից զերծ մնալու համար պետք է ապրեն հայկական համայնքում:
-Շատ կարևոր է հայերի շրջանում ապրելն ու հարաբերվելը, հակառակ դեպքում կցրվես ու կձուլվես: Համատեղման համար լավագույն միջոցը երգչախմբերն են, դպրոցները, միությունները, ակումբները, և մենք միշտ դրանց մեջ ենք ապրում: Իմ ընկերներին հանդիպեցի ու ծանոթացա Ստամբուլում գործող «Սայաթ-Նովա» երգչախմբի միջոցով, որի անդամներից է «ԱԿՕՍ» ամսագրի հայկական բաժնի խմբագրապետ Բագրատ Էստուկյանը, որի շնորհիվ ծանոթացա հայաստանաբնակ գործարար Հովհաննես Խոշոյանի՝ ներկայումս «Սաթենկար» ՍՊԸ-ի գործադիր տնօրենի հետ: Երգչախմբի անդամներով ուխտել էինք Զատիկը նշել Հայաստանում, Բջնիի Սուրբ Աստվածածին եկեղեցում, ինչն իրականություն դարձրինք 2000 թվականին: Դրանից հետո Հայաստան այցելություններն ավելի հաճախակի դարձան: Ստամբուլի մեջ հայ մնալու համար միշտ Հայաստանի հետ կապը պահում ենք, ստամբուլահայի համար Հայաստանը իր արևն է, մեր երեսը միշտ դեպի Հայաստան է ուղղված,- պատմում է Սարֆիսը, որ նաև Ստամբուլում հայկական Կենտրոնական միության անդամ է:
Սարֆիսի խոսքով` Թուրքիայում «հայ ըլլալն իր նրբությունն ունի», ցանկացած հայ ծանոթ է այդ նրբությանը: Խնդիրներից զերծ մնալու համար հարկավոր է ապրել հայաշատ Փաքրքյուղ, Քուրթուլուշ, Սամաթիա թաղերում:


«ՀԱՐԿԱՎ, ԿՈՒԶԵՆՔ, ՈՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՄԻՋԵՎ ՃԱՆԱՊԱՐՀԸ ԲԱՑ ԼԻՆԻ»


Չնայած դիվանագիտական հարաբերությունների բացակայությանը` Հայաստանի ու Թուրքիայի միջև առևտուրը տարեցտարի նոր թափ է առնում, և եթե 1990-ականների վերջին երկու երկրների միջև առևտրաշրջանառությունը կազմում էր ընդամենը 40 մլն դոլար, ապա 2018 թվականին երկու երկրների միջև առևտրաշրջանառությունը կազմել է 200-300 միլիոն դոլար:


1990-ականներից սկսած հայկական շուկայում կարելի էր հանդիպել թուրքական արտադրանք՝ հիմնականում հագուստեղեն: Սարֆիս Էրքոլը հիշում է, որ այդ տարիներին Ստամբուլի փողոցներում եթե հանդիպում էին հայաստանցի հայի, աշխատում էին օգնել, որ վերջինս դժվարություն չկրեր: Հայերն այնտեղ վաճառքի համար տանում էին գրքեր, գորգեր, զանազան ապրանքներ, սակայն, Սարֆիսի փոխանցմամբ, ինքն օգնում էր հիմնականում գրքերի վաճառքի հարցում, պատահել է, որ Ստամբուլում օգնել է վաճառելու Հայկական հանրագիտարանի հատորները:
-Թուրքիայում ապրող հայերը մեծ վարկանիշ ու վստահություն են վայելում, ուստի զարմանալի չէր, որ ասենք իմ անունով որևէ հայաստանցի 100-200 հազար դոլարի ապրանք գներ: Սակայն երբեմն պատահում էր, որ նրանք չարաշահում էին մեր վստահությունն ու կամեցողությունը: Թեև հետագայում նմանները շուկայից դուրս մղվեցին: Եթե բարեխիղճ ես, դու այնտեղ խնդիր չես ունենա, Թուրքիայի տնտեսության զարգացման մեջ հայերն իրենց ներդրումն ունեն: Ես արտադրում եմ տրիկոտաժե ներքնաշոր և մեծ քանակով վաճառում իմ խանութում, ես թուրքական իշխանությունների հետ որևէ խնդիր չեմ ունենում,- ասում է սփյուռքահայ գործարարը:

«ՀԱՅԵՐԵՆԸ ՄԵՐ ՀՈԳԻՆ Է, ՇՈՒՆՉԸ, ԱՄԵՆ ԳՆՈՎ ՊԻՏԻ ՊԱՀԵՆՔ ԱՅՆ»


Սարֆիս Էրքոլի կինը Ստամբուլի հայկական վարժարանում ուսուցչուհի է, դուստրը՝ Նարոդը, դասախոսում է, որդին՝ Շիրակը, մասնագիտությամբ ճարտարագետ է: Սարֆիսի ընտանիքը բազմիցս է եղել Հայաստանում: Նրա խոսքով` հայ մանուկներին ուծացումից զերծ պահելու համար ծնողներն անխտիր ուղարկում են հայկական վարժարան:
-Իմ օրինակով ասեմ, որ իմ ծնողները հայերեն չգիտեին, թեև մեծ հայրս գիտեր հայերեն, բայց հայրս չգիտեր: Սակայն իմ ծնողները ջանում էին, որ մենք հայերեն խոսել իմանանք: Մենք ուսանել ենք հայկական վարժարանում, թեև մանկապարտեզ գնալիս հայերեն մեկ բառ անգամ չգիտեինք, հետո ուսման տարիներին սովորեցինք: Իմ զավակները հայկական վարժարան են գնացել, ընդհանրապես հայ պատանիներն ու աղջիկները հաճախում են հայկական վարժարան, թեև հայերեն չեն հաղորդակցվում, սակայն գիտեն հայերեն: Մի մասը սահուն հայերեն կխոսի, մի մասն էլ դժվարությամբ: Ստամբուլում շատացել են խառնամուսնությունները: Առհասարակ մեզանից է կախված, թե որքանով կպահպանենք հայկական ծագումն ու լեզուն: Ժամանակին միությունները, ակումբներն ավելի գործուն էին, մենք միությունների մեջ մեծացանք: Այն ժամանակ խառնամուսնություններ չկային, հիմա շատացել են: Հիմա ծանոթություններ ձեռք բերելու հնարավորություններն ավելացել են՝ համացանցը, սրճարաններն ու ժամանցային վայրերը շատացել են: Ի դեպ, ասեմ, որ Հայաստանից էլ հարս ենք տանում: Ահավասիկ, քրոջս հարսը Հայաստանի աղջիկ է,- պատմում է Սարֆիսը:

«ՀԱՅԱՍՏԱՆԸ ՀԻՄԱ ԱՎԵԼԻ ԳՐԱՎԻՉ ՈՒ ՀՈՒՍԱԼԻ ԵՐԿԻՐ ԴԱՐՁԱՎ»


Սարֆիսի փոխանցմամբ` հավաքների ժամանակ իրենք հաճախ են քննարկում Հայաստանում ընթացող իրադարձությունները: Նախկինում Ստամբուլի հայկական թաղերում խոսակցություններ էին շրջում, թե Հայաստանում գործ սկսել հնարավոր չէ, թե մաֆիա կա, թե դրսի ներդրողը օլիգարխներից վախենում է, և դա ասում էին Հայաստանից մեկնածները: Սակայն Սարֆիսը հավաստիացնում է, թե նման բան չի նկատել Հայաստանում, հատկապես նոր իշխանության օրոք, երբ ներդրողների համար հուսալի պայմաններ են ստեղծվել: Ըստ նրա, Հայաստանում ամեն ինչ կարելի է արտադրել բացի կոկա-կոլայից, բենզինից և շաքարից: Ստամբուլահայերի շուրջ 10 տոկոսը ցանկություն ունի Հայաստանում բիզնես սկսելու, անգամ անձնագիր ձեռք բերելու համար դիմել է Հայաստանի կառավարությանը:

-Ժամ առաջ կուզենք, որ Հայաստանի և Թուրքիայի սահմանը բացվի, նորմալ հարաբերություններ հաստատվեն: Հայաստան հումքն ուղարկվում է Վրաստանով, ինչը ծախսատար է: Եթե ես Թուրքիայից ապրանք ուղարկեմ օրինակ Ֆրանսիա, ճանապարհածախսը կարժենա 2 հազար դոլար, մինչդեռ դեպի Հայաստան ճանապարհածախսը կրկնակի է: Հայաստանը հիմա ավելի գրավիչ ու դեմոկրատ, հուսալի երկիր դարձավ,- ասում է Սարֆիսն ու հավելում, որ Երևանում ամենահրապուրիչն ու տպավորիչը մեծ ու փոքր Մասիսներն են, որոնք այն կողմից իրենց տեսանելի չեն, իսկ հայկական խոհանոցից հավանել է տոլման, թեև Հայաստանի հայերի ու ստամբուլահայերի տոլմայի պատրաստման եղանակն ու բաղադրությունը տարբեր են: Հարցին, թե վերադարձին սովորաբար ինչ է տանում Հայաստանից, ասաց` ընկույզի մուրաբա, Օհանյան օղի և հուշանվեր, որի վրա, անշուշտ հայատառ, պետք է գրված լինի՝ Հայաստան և Արցախ:


Անուշ ՆԵՐՍԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 1089

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

DiplomatRadio Mao