Alexander Romanovsky - Armenian STATE Symphony OrchestraYerevan Perspectives
 

Հումորիստի բացառիկ սենսացիան

Հումորիստի բացառիկ սենսացիան
02.04.2019 | 14:14

Վլադիմիր Զելենսկու ցնցող ճեղքումը արձանագրված էր հարցումներով, վերլուծվել ու ջանադիր քննարկվել էր, այնուամենայնիվ, Ուկրաինայի նախագահական ընտրությունների առաջին փուլում մարտի 31-ին նրա հաղթանակը բացառիկ սենսացիա է: Նախ` որովհետև նա կոմիկ է և բացարձակապես անտեղյակ քաղաքականությունից` նա կարողացավ ընտրողներին համախմբել մի արդյունքով, որ վեր էր բոլոր սպասումներից: Էքզիտ պոլերի մեծ մասի համաձայն` նա հավաքել է 30%` հարցումների վերին շեմը և դա լավ նշան է ապրիլի 21-ին նշանակված երկրորդ փուլի համար` գրում է Բենուա Վիտկինը Le Monde-ում: Նրա մրցակից Պյոտր Պորոշենկոն երկրորդ տեղում է` 18%: Հեռացող նախագահը վճարում է իշխանության բնական բարոյական մաշվածության համար և կրկնվող կոռուպցիոն սկանդալների, որ մինչև վերջին պահը զարդարում էին նրա մանդատը: Նրան հաջողվեց խուսափել ստորացուցիչ հեռացումից առաջին փուլում` այդ ճակատագիրը վիճակվեց ընտրությունների վետերան Յուլիա Տիմոշենկոյին (15%), որ երրորդ անհաջողությունն է կրում բարձրագույն իշխանության համար պայքարում: Ռուսամետ ճամբարում, որ ներկայացված է 2 թեկնածուներով, ընտրողների որոշակի արտահոսք կա` հավաքվել է 14%, որ վկայում է Մոսկվայի նվազող ազդեցությունը Ուկրաինայի վրա:


Զելենսկու ոճը հակիրճ ու թեթև է, բայց սխրանքը, որ գործեց 41-ամյա դերասանը` ռեկորդային կարճ ժամանակում շրջելով ուկրաինական քաղաքական շախմատի տախտակը, իսկապես ցնցող է: Չնայած արևելքում շարունակվող պատերազմին, ուկրաինացիներն ընտրեցին նորությունն ու նույնիսկ անփորձությունը: Պորոշենկոյի հագած` Գերագույն գլխավոր հրամանատարի համազգեստը բավարար չէր, որ ստիպեր մոռանալ համընդհանուր աղքատացման, ձանձրացրած կոռուպցիայի ու կասկածելի գործարքների մասին: Զելենսկուն աջակցող պաշտոնյաներից մեկը ընտրություններից մի քանի օր առաջ ամփոփեց այդ տրամադրությունները. «Երբ դուք անբուժելի հիվանդ եք և ձեզ առաջարկում են փորձնական բուժում, վախենալու է, բայց դուք համաձայն եք»: Ի տարբերություն ԱՄՆ նախագահ Ռոնալդ Ռեյգանի, որ համբերատար կառուցում էր կարիերան կինոդերասանների գիլդիայի նախագահից մինչև Կալիֆորնիայի նահանգապետ, Վլադիմիր Զելենսկին նախկինում չուներ հրապարակային պարտականություններ: Կոմիկ դերասան` ծնված ռուսալեզու արդյունաբերական Կռիվոյ Ռոգի հրեա ընտանիքում, նախ մասնակցել է երգիծական շրջանային մրցույթներին, հետո դարձել հաջողակ կոմիկ ու պրոդյուսեր: Ի տարբերություն մյուս քաղաքական գործիչների, որ գրանցված են պոպուլիստների կատալոգում` Իտալիայում Բեպե Գրիլոյի կամ ԱՄՆ-ում Դոնալդ Թրամփի, Վլադիմիր Զելենսկին չի մարմնավորում ոչ մի քաղաքական ուղղություն: Երիտասարդ դերասանը նման չէ ոչ ձախ պոպուլիստներին, որ համառորեն վերաբաշխում են պահանջում, ոչ աջ պոպուլիստներին, որ նույնականության կամ կողմնակիներին չընդունելու կոչ են անում: Պյոտր Պորոշենկոն ազգային օրակարգի պահպանող էր ներկայանում, Զելենսկին հաճույքով խոսում էր ռուսերեն ու կարծես ձգտում է դանդաղեցնել հրապարակային տարածքի «ուկրաինացումը», որ վարում է հեռացող թիմը: Զելենսկին կողմ է չափավորր լիբերալ քաղաքականության, որ բավականին տարածված է մի սերնդի ներկայացուցիչների շրջանում, ում համար «պետություն» բառը գողության հոմանիշ է դարձել: Նրա թիմը այս շաբաթ Le Monde-ին է ներկայացրել սեփականաշնորհման, հարկերի ապակարգավորման ու նվազեցման ծրագրերը: Զելենսկին հրաժարվում է շեշտը դնել հասարակության բևեռացման վրա` լինելով աննախադեպ պոպուլիստ ու միավորիչ: Կասկածներ են ծագում նախևառաջ Զելենսկու մեթոդի նկատմամբ: Նոր թեկնածուն ընտրարշավը տարավ որևէ քաղաքական բառ չասելով` բավարարվելով ընդհանուր ու հայտնի կարգախոսներով ու կատակներով: Խուսափելով լրագրողների հետ հանդիպումներից` նա ընտրարշավն անցկացրեց առանց որևէ հանրահավաքի, բացառապես իր շոուի և սոցիալական ցանցերի միջոցով` ճարպկորեն պահպանելով խառնաշփոթը իր և մտացածին կինոհերոսի միջև: Ամբողը ընթացքում նրա թիմը տարածում էր առաջարկներ, որ նվազագույնը ռեալիստական չեն` ուսուցիչների աշխատավարձի բարձրացում մինչև 4000 եվրո, թեպետ այսօր ստանում են 250 եվրո: Պարզ չեն նրա ծրագրերը Դոնբասի խաղաղ կարգավորման հարցում, նա պնդում է, որ մտադիր չէ շրջանը Վլադիմիր Պուտինին զիջել: Նա Պորոշենկոյի պես չի հայտարարում, որ հույս ունի արագ վերադարձնել Ղրիմը: Որոշ դիտորդներ ու ընտրողներ կասկածում են Զելենսկու անկեղծությանը, կոռուպցիայի ու օլիգարխիկ ցանցերում խճճված Ուկրաինան արմատապես բարեփոխելու ունակությունը բավականին կասկածելի է:
Բենուա Վիտկին, Le Monde


Հ.Գ. Պյոտր Պորոշենկոն ունի 3 շաբաթ, որ ընտրողներին ներշնչի` կայունությունը գերադասելի է արկածներից: Կիրակի նա եզակի համակերպում ցուցադրեց ու ընդունեց, որ իր երկրորդ տեղը «ծանր դաս է»:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 1040

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

DiplomatRadio Mao