ReAnimania 2019
 

«Փորձելու ենք աշխատել նկարիչների միության հետ, որի ղեկավար կազմը բավականին ստեղծագործաբար է լուծում ՀՆՄ-ի առաջ ծառացած խնդիրները»

«Փորձելու ենք աշխատել նկարիչների միության հետ, որի ղեկավար կազմը բավականին ստեղծագործաբար է լուծում ՀՆՄ-ի առաջ ծառացած խնդիրները»
05.04.2019 | 04:05

«Իրատեսի» հյուրը հրապարակախոս, «Կերպարվեստ» պարբերականի խմբագիր ՎՐԵԺ ԱՌԱՔԵԼՅԱՆՆ է: Ապրիլի 14-ին լրանում է Վրեժի 65-ամյակը, ինչը և դարձավ այս հարցազրույցի առիթը։


-Վրեժ, «Կերպարվեստ» պարբերականը Հայաստանի նկարիչների միության տպագիր մարմինն էր: Միությունում կատարվել են փոխություններ, ընտրվել է նոր նախագահ, գործում են նոր վարչություն, նոր քարտուղարություն, կան նոր ծրագրեր: Ի՞նչ ճակատագիր կունենա «Կերպարվեստն» այսուհետ:
-«Կերպարվեստ» պարբերականը հիմնադրել է ՀՆՄ նախկին նախագահ Կարեն Աղամյանը, այն տպագրվել է 2003-2014 թվականներին: Տպագրությունն ընդհատվեց 2014-ին ֆինանսական պատճառներով: Այժմ ունեմ նպատակ հրատարակելու նոր հանդես՝ «Կերպարվեստ կենտրոն» անունով: Ես և իմ նկարիչ ընկերը՝ Մկրտիչ Մկրտչյանը, ստեղծել ենք նույն անունով ընկերություն, որը պետք է հրատարակի այդ հանդեսը: Մկրտիչը ոլորտում աշխատանքի երկարամյա փորձ ունի, ի մասնավորի եղել է «Գոյ» թատրոնի բեմադրիչ-նկարիչ:
-Ո՞րն է «Կերպարվեստ կենտրոն» կազմակերպության և հանդեսի գլխավոր առաքելությունը:
-Այս կարգի հանդեսի բացակայությունը Հայաստանում առկա է: Անելիքները կերպարվեստի շուկայում շատ են: Հայաստանում կան շուրջ 1000 պրոֆեսիոնալ, բարձրակարգ նկարիչներ, որոնք ունեն լրջագույն խնդիրներ, քանի որ խորհրդային շրջանի պետական պատվերի համակարգն այլևս չի գործում: Դա վերացել է, և նոր դաշտ չի ձևավորվել: Կան, իհարկե, առանձին պատկերասրահներ, որ զբաղվում են նկարիչների գործերի իրացմամբ, բայց կա անկախ հանդեսի անհրաժեշտությունը: Հրապարակախոսի հանդգնությունն ինձ մղում է նաև մեկ այլ քայլի՝ ստեղծել կերպարվեստի մեկենասների ինստիտուտ Հայաստանում: Երևի թե այդ գործով վերջին զբաղվողները եղել են Մանթաշովը, Արամյանցը, Խան-Քելեքյանը, Գյուլպենկյանը, ապա նրանց փոխարինելու է եկել խորհրդային պետպատվերի ինստիտուտը, որը շատ բարձր մակարդակի վրա էր: Մենք այժմ պիտի լցնենք այս բաց դաշտը: Մի քանի պոտենցիալ մեկենասների հետ արդեն ունենք համաձայնություններ: Թույլ տվեք ասել, որ սրանում դեր ունեն նաև իմ հեղինակությունը, կապերն այս դաշտում: Նկարիչն արարիչ է՝ իր արարման խորհրդով: Նա մտնում է արվեստանոց ու նկարում: Աշխարհում ոչ մի տեղ նկարիչն ինքն իրեն չի գովազդում, իր հանրահռչակմամբ չի զբաղվում: Իսկ մերոնք դա անում են հարկադրված: 1970-ականներին այստեղ էին եկել ֆրանսիացի նկարիչներ, որոնց շատ զարմացրել էր մեր նկարիչների ազատ կյանքը: Այն ժամանակ ֆրանսիայում և այլ երկրներում 30-40 մարդ էր ապրում՝ միայն ստեղծագործելով: Մեզ մոտ մոտ 800 նկարիչ կար այդ տարիներին, որոնք բոլորն էլ ունեին 8000 ռուբլու պետական պատվեր: Խորհրդային կաղապարված, գաղափարախոսկան երկրում կար մշակույթը վերահսկող բաժին Կենտկոմում և կար կուլտուրայի մինիստրությունը: Դրանցից ոչ մեկը նկարիչների միությանը կարգադրող մարմին չէր: Պատվերները գալիս էին նկարիչների միություն, վերջինս էլ որոշում էր, թե որ նկարիչն ինչպիսի պատվեր պիտի կատարի: Իհարկե, կար Լենին, Ստալին, կոլտնտեսուհի նկարելու, քանդակելու անհրաժեշտությունը, բայց մարդը դրանից հետո ուներ ազատ ժամանակ, որը կարող էր տրամադրել իր նախընտրած թեմաներին: Հիմա այս վիճակը հնարավոր չէ վերականգնել, բայց պետություն և նկարիչ կապը պետք է կարգավորվի, շտկվի: Մենք փորձելու ենք աշխատել նկարիչների միության հետ, որի ղեկավար կազմը բավականին ստեղծագործաբար է լուծում ՀՆՄ-ի առաջ ծառացած խնդիրները։ Փորձելու ենք դաշտը կարգավորել մեր առաջարկներով: Ի դեպ, երբ զբոսաշրջիկը գալիս է այստեղ, նրա նպատակը հանգստանալն է, նաև՝ կերպարվեստ տեսնելը: Նրան կա՛մ տանում են Փարաջանովի թանգարան, կա՛մ Գաֆեսճյան կենտրոն: Գաֆեսճյան կենտրոնի զբոսայգին գեղեցիկ է, հարդարուն, բայց ինձ համար ամոթալի է, որ լուրջ ավանդույթներ, գործող տաղանդավոր նկարիչներ, քանդակագործներ, ունենալով հանդերձ, ցույց ենք տալիս օտարի արվեստը: Դա կարող էր լինել, բայց մինչ այդ պետք է մերը ներկայացնել: Երևանի ամեն մի շրջանում կարող է լինել այդպիսի մի այգի, որում տեղադրված կլինեն հայ քանդակագործների ստեղծագործությունները: Փորձելու ենք սիմպոզիումների միջոցով վերականգնել պուրակային մշակույթը Երևանում: Մտադրություններ ունենք՝ կապված Ծիծեռնակաբերդի, Ազգային ժողովի այգու, Հանրապետության Հրապարակի հետ:
-Միանգամից առաջարկ անեմ. Դերենիկ Դեմիրճյանի տուն-թանգարանի առջև կա անխնամ, փնթի մի տարածք, որը մենք երազում ենք վերածել պուրակի և տեղադրել այնտեղ Սամվել Ղազարյանի հեղինակած Դերենիկ Դեմիրճյանի արձանը: Կօգնե՞ք մեզ մեկենաս գտնելու, քանի որ քաղաքապետարանի համաձայնությունն արդեն ունենք:
-Մեծ սիրով: Իսկ ինչու՞ միայն Դեմիրճյանի արձանը, այդտեղ կարելի է ստեղծել Քաջ Նազարի պուրակ, նաև դնել Դեմիրճյանի մյուս հերոսների արձանիկները:
-Հրաշալի բան կստացվի, երևանցիները գոհ կլինեն այդ նախաձեռնությունից, վստահ եմ:
-Այսպիսի ծրագրերը պետության վրա չեն թողնվելու, դրանով պետք է զբաղվի մեկենասների խորհուրդը: Երաժշտությանը հավասար քանդակը ձևավորում է ճաշակ, մտածողություն, մարդկային որակ: Լավ քանդակներ պիտի տեղադրվեն, դրանք պետք է ընտրվեն մրցույթների միջոցով, մասնագիտական կարծիքի հիման վրա: Այնպես որ, անելիքները շատ են, և մենք գործն սկսում ենք զրոյական կետից:

-Այս անելիքների բերումով հրապարակախոսի հարթակը լքելո՞ւ է Վրեժ Առաքելյանը:
-Հրապարակախոս, նաև երգիծաբան Վրեժ Առաքելյանը ճիշտ է, ուզում է մտնել կերպարվեստի դաշտ, բայց կշարունակի գրել: Հրապարակախոսությունից չես փախչի: Այս գործունեությունն էլ է հրապարակային գործունեություն, սա էլ հրապարակախոսության մեկ այլ տեսակ է: Ես ինչ-որ ձև կգտնեմ արտահայտվելու, երևի ամիսը մեկ անգամ հանդես կգամ երգիծական օրատորիաներով: Այլ հարց է, որ չեմ մտնում քաղաքականության մեջ: Ես իմ տեսակով անելիք չունեմ այդտեղ: Դեռ 1995-ին դիմեցի, որ դուրս գամ հանրապետական կուսակցությունից, բայց ինձ հեռացրին:
-Եթե մարդը քաղաքականությամբ չի զբաղվում, քաղաքականությունն է զբաղվում նրանով: Այս համատեքստում ի՞նչ կասես:
-Այսօր Հայաստանը կարծես թե դուրս է գալիս վասալային վիճակից: Մենք ո՛չ Ռուսաստանի վասալն ենք ուզում լինել, ո՛չ ուրիշ մեկի: Շատ ողջունելի էր Հայաստանի և Արցախի Հանրապետությունների անվտանգության խորհուրդների համատեղ նիստը: Բայց մեր երկրի ներքին օղակներում ուղղակի նենգադուլ է: Կարծում եմ՝ գործող խորհրդարանը աշնանը գոնե պետք է լուծարվի, որովհետև իր անելիքը խորապես չի ընկալում: Կարծես թե կիրթ մարդիկ են, չեմ կարող մտածել, թե հայրենասիրության պակաս կա որևէ մեկի մեջ: Բայց պետականաշինության հարցում շատ են կաղում: Այս հեղափոխության մեծագույն խարանն էին պարգևավճարները: Եթե ուզում են այդ խարանից մաքրվել, պետք է պարգևավճարները չեղարկվեն:
-Մանավանդ որ հասցեատերեր մեր երկրում շատ կան այդ գումարների համար:
-Անկախ Հայաստանի գլխավոր ողբերգություններից մեկն այն է, որ մեր հերոսները շատ արագ դառնում են հակահերոսներ: Մեզ մոտ իսկական պատերազմը սոցիալական դաշտում է գնում: Բազմաթիվ փայլուն ասպետներ, ռազմաճակատում իսկապես սխրանքներ գործած մարդիկ պատերազմի ավարտից հետո դարձան ավելի մեծ չարիք այս պետության համար, քան իսկական հանցագործները: Չպետք է մոռանալ, որ դևը անկում ապրած հրեշտակն է: Մենք երևի հարստությանը, վայելքին չենք դիմանում:
-Դե՜, աստվածաշնչյան ճշմարտություն է՝ արծաթի փորձությունը դաժան փորձություն է:
-Այո՛, դաժան փորձություն է: Բայց աշխարհի շատ երկրներ հաղթահարել են այդ փորձությունը:
-Շատ երկրներ էլ վերացել են աշխարհի քարտեզից, մինդեռ մենք 5000 կամ ավելի տարիներ, հաղթահարել-չհաղթահարելով, շարունակվում ենք, չէ՞:
-Շարունակվում ենք: Դրանում մեզ օգնում են մեր դասականները իրենց դասերով՝ Թումանյանը, Չարենցը, Դեմիրճյանը, Կոստան Զարյանը, Սևակը, մյուսները: «Քաջ Նազարը» երբեք չի հնանում:
-Նիկոլ Աղբալյանն ասել է, թե Քաջ Նազար են ոչ միայն անձինք, այլև կուսակցություններ, հիմնարկություններ: Մեր ապրած կյանքում քանի՜ այդպիսի կուսակցություններ ու հիմնարկություններ տեսանք:
-Շա՛տ: ՈՒ մեր այսօրվա իշխանությունները պիտի դա լավ հասկանան: Ես որքան ընկալում եմ, Նիկոլը մի մեծ խաչ է վերցրել իր վրա և ուզում է պատվով տանել: Բայց դա խաչակրաց արշավանքի է վերածվում: Նրա դեմ գործում է իր ստեղծած համակարգը: Այս անպատասխանատվությունը, այս բուֆետային հայրենասիրությունը ինչի՞ են նման: Ես կարծում եմ, որ խորհրդարանում աշխատավարձերը երկու-երեք անգամ պիտի կրճատվեն: Եթե արվել է թավշյա, սիրո և համերաշխության հեղափոխություն, մենք պիտի դրա պտուղը քաղենք: Չե՛նք քաղում:
-Մենք մեր ապահովության ենթագիտակցական ընկալումն ունենք, հավանաբար: Գուցե մտածում ենք, որ աշխարհում ինչ աղետ էլ լինի, մենք ինչ-որ կերպ դուրս կպրծնենք, ինչպես եղել է հազարամյակներ շարունակ: Թեև ինչքա՞ն կարելի է դուրս պրծնելով, մազապուրծ լինելով բավարարվել:
-Այո՛, մենք կանք, բայց ինչպե՞ս կանք: Սա է հարցը: Ապրիլի 23-ը` 3-րդ նախագահի հրաժարականի օրը, հայտարարվել է «Քաղաքացու օր», որը, ըստ ՔՊ-ական Հովիկ Աղազարյանի, վերածվելու է խրախճանքի` խաշլամայով և օղիով։ Սա մեկնաբանության կարիք չունի։ Քաղաքացու օր, այո, բայց ամեն պահ հանրային թափթփուկը ոտնահարում է երկրի քաղաքացու իրավունքն ու արժանապատվությունը։ Երևանը դժոխային աղմուկից չի ձերբազատվում, վաղ առավոտից քաղաքը հերկում են մոտոարշավորդները, մութն ընկնելուն պես էլ` հրավառողները։ Սա՞ է հեղափոխության ձեռքբերումը։ Կասկածում եմ։ ՀԴՄ կտրոններով տնտեսություն չես պահի: Պետք է պետական մենաշնորհներ հաստատվեն տնտեսության կարևոր ոլորտներում: Հիմա ուզում եմ հասկանալ` էդ 7 մլրդ պարտքը ինչպե՞ս է փակվելու: Ես «Իրատեսում» գրել եմ. «Քանդվել է քրեաօլգարխիկ համակարգը, տեղում քաղաքակիրթ օլիգոպոլիա է ծնվել»: Եթե մեզ նման մարդկանց խոսքը չի հասնում ղեկավարներին, դա նորմալ չէ: Եթե հասարակությունից մեկուսանում է ղեկավարությունը, դա տանում է փակուղի, այդպես փակուղում հայտնվեցին Լևոնը, Ռոբերտը, Սերժը: Ես լավատես եմ, բայց կարծում եմ, որ մեր ղեկավարները վերջապես պետք է հասկանան պետություն կառուցելու խորհուրդը: Ռուսաստանի Պետդումայի պատգամավոր, գրող, հրապարակագիր Ալեքսանդր Պրոխանովը մի եզակի բան է ասել. «Հայաստանը ռուս ազատամիտ մտավորականության համար աշխարհաքաղաքական կամ տնտեսական տարածք չէ, Հայաստանը նախ և առաջ քրիստոնեական միստիցիզմի ահռելի պաշար է, և դրանով է թանկ ու կարևոր մեզ համար»: Այսինքն՝ օտարներն աշխարհում մեր կարևորությունն զգում են, մեր հեչ պետքը չէ:


Զրույցը վարեց
Կարինե ՌԱՖԱՅԵԼՅԱՆԸ

Դիտվել է՝ 1829

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

DiplomatRadio Mao