Amadinda
 

Զելենսկու ճարպիկ քայլը

Զելենսկու ճարպիկ քայլը
05.04.2019 | 14:11

Ուկրաինայի նախագահ Պորոշենկոյի դեմ հեռուստամենամարտում նրա անփորձ մրցակից Զելենսկին կարող է միայն տանուլ տալ` գրում է Քրիստինա Խեբելը Der Spiegel-ում: Երկրորդ փուլից առաջ կոմիկը հարձակվում է` ուլտիմատում ներկայացնելով: Զելենսկու ցանկությամբ` Կիևի ֆուտբոլի մարզադաշտն է դառնալու վայրը, որտեղ նա կբանավիճի Պորոշենկոյի հետ` նորությունը Facebook-ում հայտնել է Զեկենսկին: Իր ուլտիմատումը նա ներկայացնում է` գտնվելով առավել ուժեղ դիրքերում` հաղթելով ընտրությունների առաջին փուլում: Զելենսկին լավ դաս տվեց գործող նախագահին ու քաղաքական իստեբլիշմենտին: Նա անսովոր քայլ է արել` հմտորեն ընտրելով մի վայր, որտեղ Պորոշենկոն ստիպված է լինելու պաշտպանվել: Հեռուստաբանավեճը Զելենսկու համար ռիսկային է: Կոմիկ դերասանը չափազանց անփորձ է քաղաքականության մեջ և ի վիճակի չէ պրոֆեսիոնալ Պորոշենկոյին մրցակցություն ցույց տալ բանավեճում` բովանդակության տեսակետից: Մինչև այսօր դերասանը որևէ քաղաքական ելույթ չի ունեցել: Նրա գաղափարները ներկայացնում են փորձագետները, խորհդականները հանդիպում են լրագրողների հետ, որ բացատրեն նրա առաջին ծրագիրը: Քաղաքական գործիչ Զելենսկին շատերի համար անծանոթ է: Կոմիկը հաճույքով խոսում է ռուսերեն, և ուկրաիներեն արագ արձագանքը նրա ամենաուժեղ կողմը չէ: Նրա տեսաուլտիմատումը կազմված էր սցենարին լիովին համապատասխան, որ վկայում է` նրա թիմը և աշխատում է, և մեծ արդյունք է ակնկալում: Զելենսկուն ներկայացնում են ՙկռուտոյ՚, որովհետև նա չի հետևում քաղաքականության մեջ հաստատված կարգուկանոնին, նա վարում է իր գիծը և ոչ միայն օլիգարխ Կոլոմոյսկու հեռուստաալիքով, այլև նախևառաջ սոցիալական ցանցերով, որտեղ Պորոշենկոն թույլ է ներկայացված:


Դեբատները մարզադաշտում` լավ ծանոթ են Զելենսկուն` իր շոուներում նա ելույթ էր ունենում մարզադաշտերում հազարավոր մարդկանց առաջ: Պորոշենկոն, երկար չմտածելով, Facebook-ում հրապարակեց պատասխան տեսագրությունը` համաձայնելով առաջարկին: Նա ցանկանում է այդ դեբատները` վստահ լինելով, որ կարող է հաղթել ու նոր ընտրողների իր կողմը տանել: Ընտրությունների երկրորդ փուլում նրա արդյունքները կախված են իրավիճակից, թե առաջին փուլում այլ թեկնածուների օգտին քվեարկած որքան մարդու կարող է համոզել իրեն ձայն տալ և բողոքական տրամադրությունները նվազեցնելու կարողությունից` այդպիսով Զելենսկուն դիմակայելով: Պորոշենկոն համաձայնել է մրցակցի պահանջներից մեկին, գնդակը նորից Զելենսկու դաշտում է:
Քրիստինա Խեբել, Der Spiegel


Հ.Գ. Ոչ երրորդ տեղում հայտնված Յուլիա Տիմոշենկոն, ոչ մյուս թեկնածուները որևէ հայտարարություն չեն արել, որ իրենց ձայները տալիս են երկրորդ փուլ դուրս եկած թեկնածուներից որևէ մեկին: Դա նշանակում է, որ նրանց ընտրախավը կամ չի գնա ընտրության, կամ ինքնուրույն պետք է կողմնորոշվի: Բոլոր դեպքերում` ապրիլի 21-ի ընտրություններից 2 օր առաջ` ապրիլի 19-ին, նշանակված դեբատները որոշակի ազդեցություն կունենան: Պորոշենկոն ընդունել է նաև Զելենսկու երկրորդ պայմանը` բուժզննում անցնել դեբատներից առաջ` համոզվելու, որ թեկնածուներից ոչ մեկը թմրամոլ կամ հարբեցող չէ: Բայց դա էլ կարող է Զելենսկուն չօգնել` նախագահությունը չափազանց լուրջ գործ է, որի սցենարը անձամբ են գրում, և ընտրողները դա գիտեն:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 1294

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

DiplomatRadio Mao
«Արաքս Դավթյան-70». հոբելյանական համերգ