Amadinda
 

Հենման կետ

Հենման կետ
09.04.2019 | 00:44

Մինչև 2023-ի խորհրդարանական ընտրությունները մնաց 4 տարի: Գուցե աբսուրդ է 2019-ի ապրիլի 9-ին խոսել ԱԺ ապագա ընտրությունների մասին, երբ 2018-ի դեկտեմբերին արտահերթ ընտրություններով ընտրված խորհրդարանում դեռ միմյանց անուններով չգիտեն ու եղած-չեղած 5 ամիս է անցել: Բայց դա միակ աբսուրդը չէ: Ամենաաբսուրդը, թերևս, փաստն է, որ թավշե հեղափոխությունը բոլորում է մեկ տարին, իսկ հենման կետ այդպես էլ չի գտել: Հենման կետ` իրագործելու փոփոխությունները, որոնց համար արվել է:


2018-ի դեկտեմբերի 9-ի ընտրություններով թավշե հեղափոխության քաղաքական փուլն ավարտվեց` իշխանությունն ամբողջացավ ՔՊ-ի ձեռքում: 2019-ի ապրիլի 9-ին ակնհայտ է` իշխանությունը չգիտի ինչ անել իր իշխանությունը ու նույնիսկ այս ընթացքում չի կարողացել խորհրդարան ներկայացնել ու ստանալ կառավարության նոր կառուցվածքի հաստատումը: Ոչ այն պատճառով, որ ԱԺ-ն դիմադրում է: Կառավարությունը չի ներկայացնում, իսկ դա Սահմանադրության խախտում է: Կառավարությունը հրաշալի նիստեր է անում ամեն հինգշաբթի` վարչապետը միշտ գտնում է մի ոլորտ, որ հաթաթա տա ու սարսափ տարածի ամենալեգիտիմ իշխանության անունից, ու դա կոչվում է տնտեսական հեղափոխություն: Ի՞նչ է պետք, որ «ամենալեգիտիմ վարչապետ» Նիկոլ Փաշինյանի մտածողության չիպը փոխվի` ջնջվի ջարդել-փշրել-պատերով տալու ու բալանդով բերան փակելու փուլը և փոխարենը գործի աշխատել ու աշխատեցնելու անհրաժեշտության գիտակցությունը, այլապես երկիրը կանգնելու է դեֆոլտի առաջ: Հեղափոխություն պիտի կատարվի վարչապետի մտածողության մեջ, հիմք ընդունելով, որ.


1. ՀՀ ոչ բոլոր քաղաքացիներն են հանցագործներ` անցյալում, հիմա ու հետո:
2. Անմեղության կանխավարկածը հավասարապես վերաբերում է բոլորին, չի կարելի կառավարել մեղավորության կանխավարկածով:
3. Հայրենասիրությունը ՔՊ-ի մենաշնորհը չէ, հազարավոր մարդիկ հայրենիքը պակաս չեն սիրում ՔՊ-ից ու պարտավոր չեն արդարանալ, որ ՔՊ-ի հետ չեն քայլել, առավել ևս, որ ՔՊ ոչ բոլոր անդամներն են Նիկոլ Փաշինյանի հետ Գյումրի-Երևան ճանապարհն անցել ու Երևանում ցանցային հեղափոխություն արել:
4. Պոպուլիզմը գործուն զենք է քաղաքականության մեջ, բայց պետությունը պոպուլիզմով չես կառավարի ու տնտեսությունը պոպուլիզմով չես աշխատեցնի` ծրագիր է պետք ու գործ:
5. Տարատեսակ տեղեկատվության հոսքի մեջ դժվար է գլխավորն ու երկրորդականը, ճիշտն ու սխալը, իրականությունն ու թյուրիմացությունը պարզել ու ճիշտ որոշումներ ընդունել: Մասնագետներ են պետք: Սեփական անսխալականության վրա հենվելը մեծագույն սխալն է:
6. Հայաստանին պետք են աշխատատեղեր ու կենսամակարդակի փոփոխություն, պետք չէ հայտարարել, որ դա մի օրում ու մի ժամում չի արվում: Դա բոլորը գիտեն, ոչ ոք չգիտի` ի՞նչ է արվում արդյունաբերությունը գործարկելու ու կոնկրետ մեկ համակարգաստեղծ գործարան բացելու համար:

7. Ժողովուրդը արագ է վերածվում ամբոխի, ամբոխի սիրած գործը պատվանդաններից կուռքերին վար բերելն է: Հայաստանը փորձադաշտ չէ, որ քաղաքական ուժերը տեսություններ փորձարկեն ու հեռանան, մեզ պետք են ռեալ փոփոխություններ:
ՈՒ ի՞նչ ունենք մենք:
Գրեթե կազմալուծված լեռնամետալուրգիա: Երբ ամիսներ շարունակ հնարավոր չէ փորձաքննություն անցկացնել ու պատասխանել սակրալ հարցին` «Լիդիան Արմենիանը» սպառնալի՞ք է Ջերմուկի հանքային ջրերին կամ Սևանին, թե՞ ոչ: Ի՞նչն է խանգարում: Այնքան երկարում է գործընթացը, որ օրավուր ակնհայտ է դառնում. պատճառը բնապահպանները չեն, պատճառը քաղաքական է: Եվ անլուրջ տեսք ունի այն երկրի վարչապետը, որ հեգնում է միջազգային արբիտրաժային դատարաններին: Ի վերջո` խնդիրը ոչ «Լիդիանն» է, ոչ թիթեռը, ոչ միջազգային արբիտրաժը, ոչ չգիտես ինչու անհնար դարձած փորձաքննությունը: Խնդիրը Հայաստանի հպարտ քաղաքացիներն են, նրանց ամեն օր կողոպտում է սեփական կառավարությունը` չլուծելով պետական գանձարանը ռեալ փողեր բերող հարցը: Ոչ ոք պատասխան չի տալիս: Նույնքան անլուրջ տեսք ունեն հեղափոխություն արած երկրի գործադիր ու օրենսդիր իշխանությունները, որ ամիսներ չեն կարողանում փոփոխություններն ամբողջացնել Հարկային օրենսգրքում:

Փոխարենն ամեն շաբաթ նոր սկանդալներ են` հարկատեսակների փոփոխությունների, կառավարությունների որոշումների դեմ, որոնք հայտնի չէ` ինչու՞ են ընդունվում և ի՞նչ խնդիրներ են լուծում` բացի բյուջեն լցնելը, բայց այնքան կարճամիտ են, որ մի ձեռքով լցնելիս, մյուս ձեռքով դատարկում են: Սկանդալները կյանքի պարտադիր մասն են ու արդեն զարմանալի չեն: Օրինակ` մշակույթի նախարարություն չունենք, բայց ունենք մշակույթի նախարար: Ի՞նչ հիմքով: Եվ ի՞նչ հիմքով է նախարարը աջ ու ահյակ հրամաններ տալիս, որոնցով հարց չի լուծվում, ավելանում են խնդիրները: ՈՒ ամեն անգամ հարցը հասնում է «ամենալեգիտիմ վարչապետ» Նիկոլ Փաշինյանին, որ այս կամ այն կերպ խնդիրը լուծի: Հարց` ինչու՞ է վարչապետը դիմազրկում ու կամազրկում պետական համակարգը: Ի՞նչ նպատակ ունի բոլորին ու ամեն ինչ իրենից կախվածության մեջ դնելը: Հեղափոխությունը կատարվեց հին համակարգը քանդելու ու անձիշխանություն սահմանելու՞ համար: Եթե «ամենալեգիտիմ վարչապետը» մտահոգ է պետության ինստիտուցիոնալ հիմքերի կայացմամբ, ինչու՞ է խուսափում սահմանադրական փոփոխություններից: Ինչու՞ չի հրաժարվում սուպերվարչապետությունից և իր լիազորությունները չի ցանկանում վերաբաշխել խորհրդարանի ու նախագահի միջև: Օր առաջ` ամրապնդելով իշխանությունն ու անցյալին վերադարձի անդառնալիության կետը: Ո՞վ ասաց, որ Սահմանադրության փոփոխությունը պարտադիր նշանակում է վերադարձ նախագահական կամ կիսանախագահական կառավարման: Ինչու՞ հեղափոխություն արած ժողովրդին չի վստահվում հանրաքվեի միջոցով լուծել իր ապագան ընտրելու պատասխանատվությունը: Հայաստանի հպարտ քաղաքացուն տեղ-տեղ հավատում, տեղ-տեղ չե՞ն հավատում: Այն տպավորությունն է, որ Հայաստանի իշխանությունը ոչ կառավարության ձեռքում է, ոչ վարչապետի, այլ միմյանց են փոխանցում ՊԵԿ-ն ու ԱԱԾ-ն: Նրանք են ամեն օր ապահովում լրահոսի հիմնական մասը, ոչ միայն հասարակությանը զբաղեցնելու հարցն են լուծում, այլև որոշում են տնտեսության զարգացման ուղղություններն ու փակում կամ բացում հեռանկարները: Վերջին սկանդալը «Սպայկա» ընկերությանն է վերաբերում, որ խոշորագույն մթերող, արտահանող, վերամշակող և բեռնափոխադրող ընկերություններից է և հայտարարել է մթերումները դադարեցնելու մասին, երբ ՊԵԿ-ի քննչական կառույցը քրեական գործ է հարուցել հարկերից խուսափելու գործով: Ընկերության հիմնադիր Դավիթ Ղազարյանը հայտարարել է, որ ընկերությունը դադարեցնում է մթերումը` չի ցանկանում մինուսով աշխատել ՊԵԿ-ի հետապնդման պայմաններում: Նա հարց է բարձրացրել` ինչու՞ ՊԵԿ-ն ամիսներ շարունակ ուսումնասիրելով իրենց գործունեությունը, չի բարձրաձայնել հարկային պարտավորության մասին: Ղազարյանը հայտարարել է, որ ՊԵԿ-ի գործողությունը խոչընդոտում է 100 միլիոն ներդրումային ծրագրին: ՊԵԿ-ն ընկերության դեմ քրգործ է հարուցում Հայաստանում նորագույն տեխնոլոգիայով պանրի գործարանի բացումից հետո, որ «Սպայկայի» ներդրումն է: Երեկ դատարանի որոշմամբ Դավիթ Ղազարյանը կալանավորվեց: Եթե կա հանցակազմ, որն ապացուցվում է, մեղավորը պիտի պատժվի: Բայց ո՞րն է ՊԵԿ-ի նպատակը` բոլորին պատժելով` տնտեսությունը կանգնեցնե՞լը, թե՞ աշխատանքի հնարավորություն տալը: Դատելով Դավիթ Ղազարյանի հայտարարություններից, ընկերությունն ուսումնասիրում են ամիսներ շարունակ: Քանի՞ ամիս իրավունք ունի ՊԵԿ-ը ուսումնասիրություններ կատարելու: «Սպայկայի» տնօրենը հայտարարել է, որ այս ամիսներին իր հետ չի եղել որևէ հանդիպում ու հիշեցում հարկային պարտավորության մասին և չի ընդունում մեղադրանքը: Եթե «Սպայկան» դադարեցնի մթերումները, ՊԵԿ-ը ի՞նչ է անելու: Տարիներ շարունակ գյուղացիներն իրենց արտադրանքը հանձնել են «Սպայկային», ձևավորվել է համակարգ, որը քանդվելու դեպքում հարվածելու է գյուղացուն: «Սպայկան» ընդամենը օրինակ է` ինչպես է իշխանությունը հարաբերվում բիզնեսի, առաջին հերթին խոշոր բիզնեսի հետ։ Գուցե «Սպայկային» առաջադրվող մեղադրանքը ճիշտ է, և ընկերությունը պետք է պետությանը վճարի չվճարված հարկերը, բայց խնդիրը պետք է լուծել կազմալուծելո՞վ խոշոր բիզնեսի աշխատանքը։ Դա չի՞ նշանակում քրեական գործով կոլապսի ենթարկել տնտեսությունը: Քաղաքական ու տնտեսական խնդիրները չունեն նույնական լուծումներ: «Նախորդ հանցավոր ռեժիմի» դեմ պայքարը տնտեսության մեջ չի կարող հանգել ձերբակալությունների ու բիզնեսների դադարեցման: Ռեպրեսիվ մեթոդները հանգեցնելու են ցնցումների։ Իշխանությունը պետք է ունենա հաշտության բանաձև, որը հնարավորություն կտա աշխատել` առանց անվերջ անցյալից կախելու: Թավշե հեղափոխությունից անցել է մեկ տարի, բոլոր քիչ թե շատ հայտնի գործարարների դեմ իրավապահները հարուցել են քրեական գործեր, որոնք չեն ավարտվում: Այսինքն` նրանց ընկերությունների գործունեությունն առկախված է` արտադրանք տալու, աշխատավարձեր բարձրացնելու, արտադրության ծավալ մեծացնելու, շահույթ բերելու, հարկերը վճարելու: Ի՞նչ հարց է լուծում տնտեսության գլխին կախված քաղաքական գիլիոտինը և ու՞մ է ձեռնտու: Իշխանությա՞նը, թե՞ ժողովրդին: Սա տնտեսություն է` դեֆոլտը գուցե վարչապետի ու նախարարների գրպանները չդատարկի, բայց պետության ու քաղաքացու գրպանները դատարկելու է միանշանակ: Եվ ո՞վ է շահելու: Դեկտեմբերի 9-ից ասֆալտին փռելու ու պատերով տալու, բալանդելու պրակտիկան պիտի պահանջարկը կորցներ, բայց Նիկոլ Փաշինյանի չիպը չփոխվեց, ու ամեն ինչ մնաց նույնը` արդեն աշխատելով իր դեմ, որովհետև դեկտեմբերի 9-ից այլևս ինքն է տնտեսության վիճակի միակ պատասխանատուն: Տնտեսական հեղափոխություն չի լինում առանց խոշոր կապիտալի։ Բիզնեսի հետ պետությունը չի կարող մահակով խոսել, եթե ուզում է արտադրանք ստանալ: Նրանց հետ մեղավորության կանխավարկածով չի կարելի հարաբերվել: Նրանք պակաս հայրենասեր չեն հաստատ ու ավելի փորձառու են միանշանակ:


Կամ` ֆեյքերի սկանդալը: Կառավարության նիստում վարչապետը ԱԱԾ պետին հրահանգում է ֆեյքերին հակահարված տալ, ու ձերբակալվում է «Դուխով Հայաստան բաց հասարակություն» էջը վարողը: Եվ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը հայտարարում է, որ ֆեյքերի հետ կապված վարչապետի հանձնարարությունը արդեն կատարվել է` ձերբակալվել է մեկ անձ։ Վե՞րջ: Այլևս ֆեյքեր չկա՞ն: Հարցը լուծվե՞ց: Բայց դա ծիծաղելի է: Արթուր Վանեցյանն իրավացի է, երբ ասում է. «ԱԱԾ-ն չի պայքարում ֆեյքերի դեմ, ԱԱԾ-ն պայքարում է այն հայտարարությունների ու հայտարարություններ անողների դեմ, որոնց հայտարարությունների պարունակության մեջ կա հանցակազմ։ Եթե հայտարարության մեջ հանցակազմ չկա, ԱԱԾ-ն այդտեղ որևէ գործ չունի անելու, որովհետև խոսքի ազատությունը ամենակարևոր սկզբունքն է, որը մենք չենք կարող խախտել»: Դա հենց ԱԱԾ-ի գործը չէ՞ր` առանց վարչապետի միջամտության: ՈՒրեմն` շոուն ինչի՞ համար էր` հարցը չի լուծվելու ու լուծում չունի միջազգային մակարդակով: Շատ չէ՞ թատրոնը: Գուցե պատճառը պիեսի բացակայությունն է:

Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Հ. Գ. Անցած շաբաթ Ադրբեջանը տեղեկացրեց, որ ծնվել է երկրի 10 միլիոներորդ բնակիչը: Որքա՞ն է Հայաստանի բնակչությունը և ի՞նչ է արվել մեկ տարում ժողովրդագրական վիճակ փոխելու համար: Որևէ մեկին հետաքրքրու՞մ է: Օրինակ, Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարին` լինելով ազգային անվտանգության առանցքային հարց: Կամ` վարչապետին: Ընդհանրապես` պետությունն ունի՞ հենման կետ, թե՞ ապավինում է գրավիտացիայի օրենքին:
Ապահովությունը պլան Ա-ից բացի Բ և Գ է պահանջում, մեր պլանը պլան չունենալն է, փաստացի` անկանխատեսելիությունը: Հենման կետը եղել ու մնում է տնտեսությունը: ՈՒնե՞ս տնտեսություն, երկիրդ զարգանում է, չունե՞ս` զբաղվում ես պոպուլիզմով ու զարգացնում թատրոնի ժանրը կյանքում: Մինչև ընտրություններ:

Դիտվել է՝ 1078

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

DiplomatRadio Mao
«Արաքս Դավթյան-70». հոբելյանական համերգ