Alexander Romanovsky - Armenian STATE Symphony OrchestraYerevan Perspectives
 

Ինչու՞ է վարչապետն իր ներկայությամբ պատվում հանցագործություն կատարած ընկերությանը

Ինչու՞ է վարչապետն իր ներկայությամբ պատվում հանցագործություն կատարած ընկերությանը
09.04.2019 | 00:59

ՊԵԿ-«Սպայկա» ընկերություն մարտում հաղթեց ՊԵԿ-ը։ Երեկ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը բավարարեց ՊԵԿ քննչական վարչության քննիչի միջնորդությունը և 2 ամսով կալանավորեց «Սպայկա» ընկերության տնօրեն Դավիթ Ղազարյանին։ Հիշեցնենք, որ ՊԵԿ-ը ընկերությանը մեղադրում է 7 միլիարդ դրամ հարկ չվճարելու մեջ: Նախորդ մի քանի օրերին Դավիթ Ղազարյանը իրավիճակը պարզաբանող և մեղադրանքը հերքող հայտարարություններով հանդես եկավ, սակայն դատարանը դա բավարար չհամարեց։ Ասել է՝ տնտեսական հեղափոխությունը սկսված է։ Նիկոլ Փաշինյանն ընդամենն օրեր առաջ գնաց այդ ընկերություն, նստեց նրանց մեքենաները, լուսանկարվեց, խոսեց կաթի մթերումից, համտեսեց ընկերության արտադրած պանիրը, ու... շատ չանցած ձերբակալվեց այդ ընկերության տնօրենը։ Անշուշտ, հազիվ թե ՊԵԿ-ն այդ չարաշահումները հենց մեկ-երկու օրվա ընթացքում հայտնաբերեց, ուրեմն հարց՝ ինչու՞ է վարչապետն իր ներկայությամբ պատվում այն ընկերությանը, որը 7 մլրդ դրամ հարկ չի վճարել։ Թե՞ ինքն էլ չի հավատում այդ թվին։ Անկախ այն հանգամանքից` «Սպայկա» ընկերությունը թու՞յլ է տվել տնտեսական այդ հանցագործությունը, թե՞ ոչ, մի բան ակնհայտ է. սա վերստին անհաջող իրականացված գործողություն է, որը մի կողմից վանելու է գործարար աշխարհին, մյուս կողմից էլ տուժելու են այս խոշոր մթերող ընկերության հետ պայմանագրեր ունեցող քաղաքացիները։ Շուտով մթերման շրջանը մեկնարկում է, և գյուղացին կանգնելու է խնդրի առաջ։ Ավելին, ընկերության տնօրենությունն էլ հայտարարեց, որ մթերում չի անելու։ Հիմա ՊԵԿ-ի այս օպերացիայից ո՞վ է ավելի շատ վնասներ կրում։ Եթե ապացուցվի 7 մլրդ հարկ չվճարելու խախտումը, շատ լավ, բյուջե կվերադարձվի մեծ գումար և հույս կա, որ նպատակային կծախսվի։ Իսկ եթե մեղավորությունը չհաստատվի, ո՞վ է պատասխան տալու այն գյուղացուն, որի բերքն այդպես էլ չմթերվեց։ Եթե տնտեսական հեղափոխությունը սահմանափակվում է ընկերությունների տնօրեններին ձերբակալելով, ուրեմն սա ոչ թե տնտեսական հեղափոխություն է, այլ բյուջեն բոլոր հնարավոր ձևերով համալրելու մղում։


Այս ամենում կա շատ էական մի հանգամանք. մի՞թե հնարավոր չէր առանց մեծ աղմուկի այս հարցին լուծում տալ, ի՞նչ է փորձում ներդրողներին այս քայլով հասկացնել Նիկոլ Փաշինյանը։ Հնարավոր չէ՞ր առանց բեմականացումների «Սպայկա» ընկերությանը պարտավորեցնել կատարելու հարկային պարտավորությունները։ Իսկ որ պետությունը դա կարող էր անել՝ ունենալով ծանրակշիռ ապացուցողական բազա, կասկածից վեր է։ Այս պարագայում դատարան դիմելու հարց էլ չէր առաջանա։ Եթե գործն արդեն դատարան է հասել, նշանակում է ՊԵԿ-ը բավական թույլ հիմնավորումներ է ներկայացրել ընկերությանը։

Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 994

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

DiplomatRadio Mao