Alexander Romanovsky - Armenian STATE Symphony OrchestraYerevan Perspectives
 

«Աղքատ» ուղեղի կարգախոսը՝ իսկ ո՞րն է իմ շահը

«Աղքատ» ուղեղի կարգախոսը՝ իսկ ո՞րն է իմ շահը
09.04.2019 | 01:17

Հարցադրումը կարող է դիտվել հեքիաթի կամ ֆանտաստիկայի ժանրից. մի՞թե մեր օրերում կան այդպիսի հնարավորություններ, և եթե կան, ապա ինչու՞ դրանք չեն իրացվում, չէ՞ որ դրանով կվերանա աղքատությունը, կկանխվի արտագաղթը, կբարգավաճի երկիրը: Վերնագրի ընդհանրական պատասխանը այսպիսին է. ունենք ահռելի ծավալի բնակլիմայական, հողային, թափոնների, մարդկային աշխատուժի, արտադրության արդյունավետ կազմակերպման, պատմամշակույթային, ֆինանսական, գիտատեխնիկական, ժողովրդագրական ռեսուրսներ, կոպիտ ասած՝ էժան հումք. էժան, որովհետև ռեսուրսը մերն է, գնովի չէ, իսկ հումքը արտադրանքի ինքնարժեքի 60-70 տոկոսն է: ՈՒրեմն, եթե ճիշտ օգտագործենք այս ամենը, ապա կարող ենք շուկա մտնել ցածր ինքնարժեքի արտադրանքով, որը բարձր մրցունակության, մեծ շահույթի` հարստանալու, գրավականն է, առաջ շարժվելու նախապայմանը: Արագ կհարստանանք, որովհետև ունենք թվարկվածի մեծ մասի օգտագործման փորձարկված, իրենց արդյունավետությունն ապացուցած լուծումները. պետք չէ ժամանակ կորցնել և նոր հեծանիվ հնարել:


Թվարկեմ այդ ռեսուրսները. 8 մլրդ խմ ջուր, որը չենք կարողանում օգտագործել ոռոգման ջրի պահանջարկը բավարարելու համար, գյուղատնտեսական նշանակության տարիներով չմշակվող հողատարածքներ, որոնք ընդհանուրի գրեթե կեսն են, դեգրադացված, անկում ապրող 1 մլն հեկտարից ավելի արոտներ և խոտհարքներ, որոնք տալիս էին հանրապետության կաթի ու մսի պահանջարկի 70 տոկոսից ավելին, և որոնց բերքատվությունը այսօր ցածր է նորմատիվից 2-3 անգամ, և որոնք, պաշտոնական տվյալներով, այսօր օգտագործվում են ընդամենը 60 տոկոսի չափով: Ռեսուրս են նաև տասնյակ հազարավոր հեկտարների հասնող մեր գյուղամերձ արոտները, որոնք այսօր վերածվել են անապատի և դրանով կանխորոշել դարերի պատմություն ունեցող մեր գյուղերի անկումը` հատկապես լեռնային և նախալեռնային գոտիներում: Խիստ անարդյունավետ է օգտագործվում թափոն համարվող «օրգանական պարարտանյութ» ռեսուրսը` գոմաղբն ու թռչնաղբը, երբեմն ի վնաս գյուղատնտեսության, հատկապես բնության: Սխալ կուտակման, մշակման, պահեստավորման պատճառով դրանք կորցնում են սննդանյութերի զգալի մասը և ախտածին մանրէներով վարակում դաշտերը: Էական է, հատկապես լեռնային և նախալեռնային շրջաններում, արևի էներգիայի ռեսուրսը, որի չնչին մասն է օգտագործվում, այն էլ ոչ այնքան արտադրատեխնոլոգիական, որքան զբոսաշրջիկներին հրապուրելու նպատակներով:


Պատմամշակութային ռեսուրսը էլ ավելի շահութաբեր կարելի է դարձնել, եթե կարողանանք զբոսաշրջիկներին ապահովել ամենօրյա որակյալ, ախորժալի, էժան սննդամթերքով, ճաշատեսակներով, ինչի հնարավորությունները մենք ունենք, որովհետև ունենք էժան, որակյալ, օրգանական անասնակերի, բուսամթերքի աճեցման գործնականում անսահման հնարավորություններ: Առանձին հրապույր է աշխարհի «մորժերին» Սևան հրավիրելու՝ տեխնիկական գիտությունների դոկտոր Վահան Համազասպյանի մտահղացումը` լճի ափին արևի ջերմությամբ տաքացվող փոքրաչափ լողավազաններ կառուցելով ու այդ նույն էներգիայով պատրաստված արևահամ խորտիկներ մատուցելով: Մարդկային ռեսուրսը, որը մեզ մոտ երևի ամենաէժանն է և աշխատանք չլինելու պատճառով երկրից փախչում է, ներառելով նշված գործառույթներում՝ էականորեն կարող է նպաստել արտադրանքի ինքնարժեքի իջեցման խնդիրը լուծելուն:


Աղքատության վերացման խնդրում մեծ ռեզերվ է արտադրության ճիշտ կազմակերպումը. առայսօր կաթի ու մսի արտադրությամբ զբաղվողների 80 տոկոսն ունի միջին հաշվով 3 գլուխ խոշոր եղջերավոր անասուն, որով բիզնես չես անի: Եվ վերջապես, ամենակարևորը, գիտատեխնիկական ռեսուրսը, որը միշտ էլ եղել է արտադրության, այդ թվում գյուղատնտեսության, արդյունավետության բարձրացման լոկոմոտիվը, բայց այսօր անհասկանալի պատճառներով հայտնվել է լուսանցքում: Թվում է՝ այս ամենը իրացնելու համար անհրաժեշտ են ֆինանսական ահռելի միջոցներ, և որ մենք առանց վարկի չենք կարող առաջ շարժվել: Բայց այդպես չէ. նախ ռեսուրսների զգալի մասի օգտագործման լուծումները պատրաստ են և դրանք կարելի է չնչին, մեկ տարվա ընթացքում փոխհատուցվող, ֆինանսական միջոցներով ներդնել, և ապա, ինչու՞ չի կարելի օգտագործել բանկերում, բազմաթիվ հիմնադրամներում կուտակված աստղաբաշխական գումարները, «բան» ստեղծելու գործառույթներում, բաժնետիրական ընկերությունների միջոցով ներառելով քաղաքացու խնայողությունները. չէ՞ որ այս դեպքում ևս փողի շարժի միջոցով կհարստանա և՛ քաղաքացին և՛ պետությունը: Հասկանալի է, որ այս դեպքում պետք է ունենալ հավատի, վստահության, օրինականության մեծ պաշար, որը մենք կունենանք, եթե անցնենք ուղղակի ժողովրդավարության, որն այսօր, ցավոք, դեռ չկա:


Ես կփորձեմ ներկայացնել այս հրապարակման վերնագրին հարիր, նշված ոլորտների խնդիրները, շեշտը դնելով դրանց էության բացահայտման և օգտագործմանը խանգարող հանգամանքների վրա:
Սկսենք 8 մլրդ խմ ջրի ռեսուրսը չօգտագործելուց: Ոռոգման ջրի մեր հաշվեկշիռը մոտավորապես այսպիսին է. պահանջարկը 2 մլրդ խմ է, իսկ առաջարկը` մեր ջրամբարների տարողունակությունը, դրա կեսից մի փոքր ավելի: Այսինքն, եթե նույնիսկ ջրամբարները ամբողջությամբ լցվեն, միևնույն է, մենք ոռոգման ջրի պակաս ենք ունենալու: Հավելեմ, որ թե ջրամբարներում, թե ջրատարներում ջրի կորուստը 50 և ավելի տոկոս է, հետևաբար ոռոգման ջրի պահանջարկի բավարարումր այսօր կարելի է դիտարկել 30-40 տոկոսի սահմաններում:
Այս թիվը լավ էլ համընկնում է գյուղատնտեսական նշանակության այսօր չօգտագործվող հողերի քանակի հետ. ու՞մ է պետք այն հողը, որը չի ջրվում, չի «մայրանում»` բերք չի տալու: ՈՒ հասկանալի է, որ այս պայմաններում մենք միշտ դիմելու ենք Սևանին, որը չի ըմբոստանում ինչպես գյուղացին, այլ «հանգիստ» դատարկվում է: Իսկ գյուղացին ըմբոստանում է, որովհետև 30-40 տոկոս ջրով բերքը չի հասունանում, նրա տարիների չարչարանքը ապարդյուն է անցնում, այստեղից էլ՝ «պլանավորված» աղքատությունը, արտագաղթը: Մինչդեռ մեր ունեցած ջրի ռեսուրսով, 8 մլրդ խմ մակերևութային ջրով, կարող ենք ոռոգել այսօրվա Հայաստանի գյուղատնտեսական նշանակության հողատարածքի քառապատիկը: Խնդիրն այն է, որ այդ ջրերի ձևավորման շրջանը մեծ մասամբ չի համընկնում ոռոգման սեզոնին, և քանի որ մենք չունենք անհրաժեշտ քանակի ջրամբարներ, դրանք մեր երկրի աշխարհագրական բարձր դիրքի պատճառով «փախչում» են արտերկիր, ու մեր ռեսուրսը այլևս մերը չէ, այն ծառայում է այլոց շահերին: Այստեղից էլ առաջադրվող խնդիրը` ջուրը պահել հանրապետությունում և այն օգտագործել ոռոգման սեզոնին: Ավանդական մոտեցմամբ խնդիրը լուծվում է ջրամբարներ կառուցելով:


Բայց այսօր կա նաև այլ լուծում. դա «Գյուղատնտեսության մեքենայացման ԳՀԻ»-ի առաջարկությունն է, որը կարող է մրցակցել ջրամբարների հետ հետևյալ ցուցանիշներով.
1. սեյսմիկ անվտանգություն. հիշենք մեր օրերում աշխարհում փլուզված ջրամբարտակների հետևանքները, Եղվարդի գրեթե արդեն պատրաստ, միլիոնավոր դոլարների ծախս արած, ջրամբարտակի շինարարության կասեցումը, որովհետև մերոնք հանկարծ քնից արթնացան ու մղձավանջային երազի ազդեցության տակ սկսեցին միմյանց ներկայացնել դրա փլուզման հնարավոր հետևանքները և այլն։
2. Կլիմայի փոփոխությամբ պայմանավորված ջրակուտակման ռիսկեր. արդեն քանի տարի մեր ջրամբարները կիսադատարկ են, իսկ դա նշանակում է նաև, որ միլիոնավոր դոլարների արժողությամբ բետոնի, արմատուրայի և այլն, մի զգալի մասը չի «աշխատելու», ավելին, պահանջելու է կայունության ապահովման նշանակալի ծախսեր։
3. Արդյունավետություն. ջրի կորուստը ջրամբարներում միայն գոլորշացումից և ֆիլտրացիայից հասնում է մինչև 50 տոկոսի, և դրա դեմ պայքարի միջոց չկա։ Այն է՝ չես կարող ջրի մակերևույթը մեկուսացնել արևի և քամու ազդեցությունից։
4. Արոտներն ու խոտհարքները հատկապես երաշտի տարիներին ջրամբարի ջրով ջրելու անհնարիություն, որովհետև ներքևից՝ ջրամբարից, ջուրը գործնականում չես կարող բարձրացնել վերև, հասցնել արոտներին։
5. Ծրագրի իրացման երկարատևություն` միջին մեծությամբ մի ջրամբարի կառուցումը սովորաբար տևում է 6-7 տարի (որտեղի՞ց պետք է այդ տարիներին ջուր վերցնի գյուղացին, որքա՞ն ջուր կկորցնի Սևանը և ինչի՞ կվերածվի)։ Եվ վերջապես.
6. Ամենաանլուծելին. որտեղի՞ց մեզ 15 միլիարդ դոլար 8 մլրդ խմ փախչող ջրաքանակը ամբարելու համար:


«Գյուղատնտեսության մեքենայացման ԳՀԻ»-ի առաջարկությունը հնարավորություն է տալիս զրոյացնելու վերը նշված ջրամբարներին բնորոշող ռիսկերը՝ արտերկիր «փախչող» ջուրը ներառելով հանրապետության գյուղատնտեսական նշանակության հողերի նախապես փխրեցված ենթաշերտերում, դրանով մեծացնել հողի խոնավությունը, հետևաբար նվազեցնել ոռոգման ջրի պահանջարկը, իսկ պակասը, եթե այն զգացվում է, լրացնել առկա ջրամբարներից վերցված ջրով: Այս լուծումը դրական արդյունքով փորձարկվել է Լոռվա արոտներում:


Առաջարկվող տեխնոլոգիան իրացվում է հանրապետությունում լայն տարածում ունեցող «Բելառուս» մակնիշի տրակտորին կցված, նույնպես լայն տարածված, մի փոքր ձևափոխված շարքացանների կամ Ռուսաստանից ներկրված հանգույցներով մեզ մոտ հավաքված սարքերի միջոցով: Գյուղմեքենան կտրում է հողը, այդ կտրվածքով հողի ենթաշերտ է իջեցվում կուլտիվատորի թաթիկը, որն էլ այն փխրեցնում է որոշակի միջակայքով: Այսպիսով, հողի ենթաշերտում ստեղծվում են փխրեցված հողաշերտերի թունելներ, որոնք բացված ճեղքերի միջոցով ներառում են անձրևաձնհալ ջուրը, երբ այն կբարեհաճի տալ մայր բնությունը:
Մեր առաջարկության և ջրամբարներ կառուցելու համեմատական գնահատականը այսպիսին է.
1. Սեյսմիկ անվտանգություն. վտանգ չկա, որովհետև չկա ջրամբարը, չկա բնակավայրերի գլխին թառած «ատոմային ռումբը», ընդհակառակը, բույսի արմատային հողաշերտը փխրեցնելով, այն հնարավորինս խոնավ պահելով մենք բարելավում ենք բույսի աճի պայմանները, նրա արմատային համակարգը հզորանում է և սեպվելով, փաթաթվելով մայր հողին` կասեցնում սողանքները, գյուղամերձ տարածքների հողաշերտերի շարժը, հետևաբար ավելի է մեծանում գյուղական շինությունների սեյսմակայունությունը: Հզորանում է նաև բույսի վերգետնյա մասը. բերքն առատ է, հողում առկա խոնավության հաշվին բույսը մշտադալար է, հետևաբար բացառվում են պատահական կայծերից բռնկվող հրդեհները (հիշենք Խոսրովի անտառի և հարակից տարածքների միլիոնավոր դոլարների վնաս հասցնող և ամեն տարի հանրապետության այլ տարածքներում կրկնվող հրդեհների դեպքերը):
2. Կլիմայի փոփոխությամբ պայմանավորված ջրակուտակման ռիսկ չկա. հողը կներառի այնքան ջուր, որքան այդ պահին կտա մայր բնությունը, (այսօրվա դրությամբ դա կլինի մոտավորապես 4 անգամ ավելի շատ ջրամբարներում կուտակվելիքի համեմատությամբ): Փխրեցված հողաշերտի ջրակլանման ունակության հետ համեմատած մի քանի անգամ ավելի շատ ներառված հավելյալ ջրաքանակը ավտոմատ, ձգողականության օրենքի համաձայն, հողի ենթաշերտերով կհոսի ներքև, վերաբացելով խմելու ջրի լեռնային աղբյուրները, որոնց շրջակայքում դարեր առաջ տնավորվել են մեր նախնիները, իսկ այսօր լքում են այդ տարածքները, որովհետև փակվել են այդ աղբյուրները. սրվել են ոչ միայն ոռոգման, այլև խմելու ջրի խնդիրները (ջրպետկոմի պաշտոնական հավաստմամբ համայնքների կեսից ավելին` մոտավորապես կես միլիոն մարդ, ունի այդ խնդիրը):
3. Ջրակուտակման արդյունավետություն. այսինքն պահեստավորման ընթացքում կորուստների կրճատում, որը ջրամբարներում և բաց ջրատարներում միայն գոլորշացումից հասնում է 30-40 տոկոսի, իսկ մեզ մոտ այն գրեթե զրո է, որովհետև կլանված ջուրը ծածկված լինելով հողաշերտով, գործնականում չի գոլորշիանում, չի ենթարկվում արևի և քամու ազդեցությանը: Ինչ վերաբերում է ֆիլտրացիայի մեծ չափին, ապա այն նպատակային է` անձրևաձնհալ ջուրը որքան հնարավոր է լայնորեն տարածել գյուղօգտագործման հողաշերտերում, դրանով նպաստելով նաև խմելու ջրի ստորգետնյա աղբյուրների վերաբացմանը:
4. Արոտների և խոտհարքների բուսական աշխարհը ներծծված ջրի շնորհիվ զերծ կմնա երաշտից, և անհրաժեշտություն չի լինի մտածելու ներքևից` ջրամբարից, միլիոնավոր դոլարների ծախսերով վերևներում գտնվողներին` արոտներին ջուր հասցնելու մասին: Ավելորդ է շեշտել երաշտի կանխման կարևորությունը. 1999 թ. երաշտի պատճառով հանրապետության հյուսիսային և նախալեռնային շրջաններում ոչնչացվեց կերային մշակաբույսերի մոտավորապես 70 տոկոսը: Միայն Շիրակի մարզում անասնակերի պակասի պատճառով մոտավորապես 47000 գլուխ խոշոր եղջերավոր անասուն հայտնվեց հարկադիր մորթի վտանգի առաջ: Եվ պատահական չէ, որ այդ տարվա խորհրդարանական լսումների ժամանակ վերը նշվածը բնութագրվեց որպես համերկրային աղետ: Ապահովագրվա՞ծ ենք մենք այս աղետից ներկայումս. իհարկե ոչ: Երաշտը պարբերաբար կրկնվում է. 2017-ին մենք երաշտի պատճառով պակաս հավաքեցինք 250000 տոննա խոտ: Կարո՞ղ է մեր առաջարկած տեխնոլոգիան լուծել այդ խնդիրը. միանշանակորեն այո: Բույսի շրջակայքում հողի փխրեցումը ագրոնոմիայի կարևոր պահնջներից մեկն է (փորձեք չփխրեցնել Ձեր տան ծաղիկների հողազանգվածը և Դուք շուտով ծաղիկներ չեք ունենա), այն հնարավորություն է տալիս վերականգնելու հողի կենսունակությունը` ապահովելով պինդ մասնիկների և օդաջրային խողովակների ծավալների 50/50 հարաբերակցությունը: Դաշտավարությունում սովորաբար կիրառում են մակերևութային փխրեցումը, որը շատ հաճախ հանգեցնում է հողի խոնավության կորստի: Արոտներում և խոտհարքներում փխրեցման այդ ձևը անընդունելի է. ոչ ոք թույլ չի տա, որ դուք վնասեք խոտածածկույթը: Ստացվում է, որ թե արոտներում, թե բուսաբուծությունում, այգիներում նախապատվությունը պետք է տրվի բույսի արմատային ենթաշերտի հողազանգվածի փխրեցմանը, ինչը նպաստում է նաև խոնավության կուտակմանը:
5. Ծրագրի իրացման տևողությունը մեր դեպքում վեգետացիայի մի շրջան է. 2-3 տարին մեկ անգամ, աշնանը, հողը մշակիր մեր առաջարկած տեխնոլոգիայով, և գյուղացին կունենա սպասված արդյունքը:
6. Եվ վերջապես 15 միլիարդ դոլարի անհրաժեշտություն այլևս չկա, որովհետև նշված աշխատանքները կատարվելու են հանրապետությունում առկա և ներկրվող տեխնիկական միջոցների չնչին ձևափոխումներով, որոնց ծախսերը կփոխհատուցվեն մի տարուց էլ պակաս ժամանակահատվածում: Բոլորս էլ հասկանում ենք, որ միայն ջրամբար կառուցելով ոռոգման խնդիրը չես լուծի. անհրաժեշտ կլինի ունենալ ջրամբարներին ջուր հասցնող և այնտեղից այդ ջուրը գյուղացուն տվող կառույցներ, որոնք նույնպես միլիոններ արժեն:
Նշենք ևս մի կարևոր առավելություն. ջուրը աստիճանաբար ներառելով մայր հողում՝ մենք կասեցնում ենք ջրհեղեղները (հիշենք Արթիկի և մյուս ավերիչ ջրհեղեղները), հողատարման` հումուսատարման երևույթները, որոնց արդյունքում հողի բերրիության անկումը այսօր կազմում է շուրջ 50 տոկոս: Լոռվա արոտներում կատարված փորձերը փաստեցին խոտի բերքի համեմատական աճը միայն փխրեցումից 50, իսկ պարարտացումից` 200 տոկոսի չափով: Հանրապետության արոտներում և խոտհարքներում այս տեխնոլոգիայի ներդրումը միայն խոտի բերքի աճից տարեկան կապահովի 100 միլիոն դոլարի մաքուր օգուտ: Այդ հաշվարկները կառավարությունում են: Եթե փորձենք այս ամենը արժևորել, ապա երևի պետք կլինի խոսել միլիարդավոր դոլարների մասին, որոնք տարիներով, այդ թվում նաև հեղափոխական մեր այս օրերում, չեն իրացվում: Ինչու՞։ Հուսանք՝ պատասխանը կստանանք ոլորտի և երկրի ղեկավարներից:


Ես հասկանում եմ ընթերցողի թերահավատությունը, զարմանքը` չի կարող պատահել, որ այդ ամենը կառավարությունում չնկատեն, չաջակցեն, երևի Խոյեցյանը ինչ-որ բան թաքցնում է, չի ասում: Մեջբերեմ ուրիշների ասածն ու արածը: Անցյալ տարի գյուղատնտեսության, բնապահպանության, տարածքային կառավարման, արտակարգ իրավիճակների, ընդերքի նախարարությունները հավանություն տվեցին մեր ծրագրին և համատեղ նամակով խնդրեցին «Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամին», ՄԱԿ-ի «Պարենի ու գյուղատնտեսության» կազմակերպությանը՝ աջակցել 2 մլն դրամով, որն անհրաժեշտ էր տեխնոլոգիան և մեքենան գյուղացիներին ցույց տալու, մեքենայի պահանջարկը ճշտելու, արտադրությունը կազմակերպելու և իրացնելու, այսինքն վերը նշված խնդիրները լուծելու համար: Երկու կազմակերպություններն էլ, այդ թվում նաև այսօրվա գյուղնախարար Գեղամ Գևորգյանի հիմնադրամը, որը ղեկավարում է Համաշխարհային բանկի Երևանի գրասենյակը, մերժեցին կառավարության փաստորեն կեսը կազմող նախարարությունների խնդրանքը առանց որևէ բացատրության, հարկ չհամարելով նույնիսկ հանդիպել առաջարկության հեղինակների հետ: Մի 3 տարի առաջ նույն խնդիրը քննարկվեց Համաշխարհային բանկի Երևանի գրասենյակում Լոնդոնից հրավիրված խորհրդական պարոն Դևիսի ղեկավարությամբ: Տրամադրվեց անհրաժեշտ գումար և հանձնարարվեց ԾԻԳ-ի ղեկավարին իրացնել ծրագիրը: Բայց պարոն Դևիսը գնաց, ու ԾԻԳ-ն էլ առանց որևէ բացատրության հրաժարվեց տրամադրելուց գումարը, որովհետև մենք հրաժարվեցինք կատարել նրանց ինչ-ինչ պահանջները: Նկատեմ, որ այդ տարիներին ՀԲ-Ի գյուղատնտեսական ծրագրերը ղեկավարում էր նույն Գեղամ Գևորգյանը:
Մի տեսակ աբսուրդային, անհեթեթ, նորմալ բանականությունից դուրս իրավիճակ է. վարկ ես վերցրել, որ քո ինչ-ինչ խնդիրները լուծես, բայց պարզվում է՝ կառավարությունն այդ իրավասությունը չունի: Սա հայկական մեծ հանելու՞կն է... ՈՒ երևի նոր կառավարությանը խնդրենք որ հրավիրի աշխարհի իմաստունների համաժողով այս թնջուկը լուծելու համար:
Թվում էր՝ ելք չկա, որովհետև երկրում գործում էր, և ըստ երևույթին շարունակում է գործել «ո՞րն է իմ շահը» կարգախոսը: Բայց եղան նաև բացառություններ. հանրային խորհրդի բնապահպանական հարցերի հանձնաժողովը, ունենալով գյուղատնտեսական հանձնաժողովի ղեկավարության դրական կարծիքը, այս տարվա հունվարին կազմակերպեց աննախադեպ քննարկում։ Մասնակցում էին ոլորտի 40-ից ավելի փորձագետներ, որտեղ ինձ մի լավ «թափ» տվեցին, հետո շնորհակալություն հայտնեցին կատարած աշխատանքի համար: Արդյունքում հանձնաժողովի նախագահի՝ հանրապետությունում հայտնի հասարակական գործիչ, մի քանի գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Կարինե Դանիելյանի ստորագրությամբ դիմում ուղարկվեց ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար պարոն Տիգրան Խաչատրյանին «բարձր» գնահատված այդ աշխատանքը «պիլոտային որևէ ծրագրով իրացնելու համար»:


Սպասենք պատասխանին։ Հավելեմ՝ վերը նշված իրողություններն անտեսելով, կառավարման օղակներում արդեն շրջանառվում է խնդիրը ջրամբարների օգտին լուծելու տարբերակը: Ստիպված եմ լուրջ կասկածներ հայտնել՝ որոշում ընդունողներն առաջնորդվում են անձնական շահերով. կլինեն ջրամբարների կառուցման միլիարդավոր դոլարները, կշարունակվի միլիոնավոր դոլարների «ատկատն» ու թալանը: Հաշվի առնելով երկրի զարգացման խնդրում մեր առաջարկության ներդրման կարևորությունը, ինչպես ասում են՝ հանուն Հայաստանի, խնդրում եմ մեր ընթերցողներին, շահագրգիռ կառույցներին` իրենց կարծիքը նշված խնդրի վերաբերյալ հայտնել «Իրատեսին»: Պատրաստ եմ հանդիպելու ցանկացած համայնքի, մարզպետարանի, անհատ ձեռներեցի հետ: Եթե միասին հասկանանք խնդիրը, լինենք պահանջատեր, կարծում եմ, թույլ չենք տա, որ աղքատությունը տնավորված մնա մեր ուղեղներում, և իրական կյանքում կվայելենք մարդավայել ապրելու բերկրանքը:


Փորձեմ ամփոփել. աղքատ ենք, տեսանելի աղքատ, բնակչության 30 տոկոսի չափով: Եվ դա այն դեպքում, երբ ահռելի ծավալի նշված ռեսուրսները ճիշտ օգտագործելով, կարող ենք շուկա մտնել ցածր ինքնարժեքի արտադրանքով ու հարստանալ: Ես նշեցի միայն մեկը` 8 մլրդ խմ ջրի ռեսուրսը, որի կարևորությունը և չլուծված լինելու վտանգը կզգացվեն արդեն առաջիկա ամիսներին, երբ գյուղացին նորից ոտքի կելնի: Տա Աստված, որ այդպես չլինի: Բայց նաև խնդրենք Աստծուն, որ մեր կառավարիչների գլխից էլ հանի «աղքատ» մնալու «շարիկը», այսպես երևի ավելի արդարացի կլինի:

Ստյոպա ԽՈՅԵՑՅԱՆ

Հ. Գ. Հոդվածը պատրաստ էի ուղարկելու խմբագրություն, երբ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ պարոն Ալբերտ Բաբայանի ստորագրությամբ նամակ ստացա, որ հանրային խորհրդի «Բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի» նախագահ, դոկտոր, պրոֆեսոր Կարինե Դանիելյանի դիմումը` «Հողի մշակման ջրախնայիչ, բազմաֆունկցիոնալ տեխնոլոգիա և մեքենա» մեր առաջարկությունը պիլոտային որևէ ծրագրով իրացնելու խնդրով իրենք չեն կարող զբաղվել. դա պիտի անի գյուղնախարարությունը: «Իրատեսի» 2016-ի թիվ 40 համարում տպագրվեց իմ «Գիտատեխնիկական մի նորույթի ներդրման ոդիսականը» հոդվածը վերը նշված խնդիրների մասին: Ինչպես տեսնում եք ոդիսականը շարունակվում է: (Փոխնախարարին էլ կարելի է հասկանալ. չգրված օրենքով նախարարությունը «իրավունք» չունի մտնելու հարևան նախարարության բոստանը, առավել ևս վտանգելու իր հարաբերությունները գործընկեր նախարարի հետ, իսկ ինչ վերաբերում է երկրի շահին, դու էլ ասա, որ մտահոգ ես դրանով, բայց գործիր քո անձնական շահին համահունչ։ Սա հայկական հին, բարի ավանդույթ է):

Դիտվել է՝ 937

Մեկնաբանություններ

DiplomatRadio Mao