Alexander Romanovsky - Armenian STATE Symphony OrchestraYerevan Perspectives
 

«Տեղեկանք բեր, որ տեղեկանք տամ»

«Տեղեկանք բեր, որ տեղեկանք տամ»
09.04.2019 | 01:25

Արկադի Ռայկինի հայտնի հումորային փիլիսոփայությունը ոչ պակաս մակարդակով գործնականում հերթական անգամ վավերացրեց Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի տնօրենը` անմտորեն, բայց իր համար նպատակային։ Ո՞րն է անձնավորված մոտեցման պատճառը։ ՈՒ՞մ և ի՞նչ ապացուցի իր մի երկու համախոհների մոտ։ Որ ինքը չափից ավելի սկզբունքային է և հրեշտակների թևերո՞վ է մուտք գործել թատերական արենա։


Նման նպատակ և ձնագնդիկի նման գլորվող բացասական կարծիքը փոքր-ինչ փարատելու միտում էր հետապնդում, որ գործատուի ենթակա ֆանատներից առաջինը ինքն իրեն գերազանցելով բաժակաճառությամբ, կայքերից մեկում Վարդան Մկրտչյանին բնութագրեց որպես թատրոնի հրա՛շք գիտակ, բացառապես օրենքներով առաջնորդվող և նմանը չունեցող ղեկավար, բայց հաջորդ օրն աշխատավայրում պետք է լսեր իշխող, անշահախնդիր կարծիքը, նողկանք առաջացնող իրողությունը։


Պատճենվող քծնանքապտույտները շրջանցելով, կարևորենք արդեն հանրային կարծիքի կուտակումը։ Սունդուկյանցիների և մամուլի հազարավոր ընթերցողների շրջանում արդեն պարզվել է Վարդան Մկրտչյանի անդրդվելիությունը։ Էգոն այնքան է անբուժելի, որ առանձին դեպքերում չի ընդունում նույնիսկ իր լավը կամեցողների հորդորները ճշմարտության հետ համակերպվելու մասին։ Իմա` երեկվա խորհուրդը, որ անշուշտ, հարց է առաջացնելու նաև նախարարությունում. ի՞նչ է կատարվում տնօրենի հետ, երբ նրա աչքի առաջ կամ մտքում հայտնվում է թատրոնի աշխատակիցներից մեկը, որը գործի բերումով լուրջ տարաձայնությունների պատճառով ազատվել է աշխատանքից, բայց դատական կարգով և ՀՀ ոստիկանությունում ապացուցել է Վ. Մկրտչյանի սխալականությունը։ Պարտությունը տղամարդավարի չտանող գործատուն դեռևս ներգործության տակ շարունակում է ամեն գնով չլսել անձնակազմի կառավարման բաժնի պետի անունը, ամեն գնով և ամեն ինչում մերժել և դարձյալ` մերժել, մերժել ու մերժել, եթե անգամ պահանջվի տեղեկանք աշխատանքային ստաժի և աշխատավարձի չափի մասին։


Այսօրինակ բովանդակությամբ 15 տարվա սունդուկյանցին գրավոր դիմել է փետրվարի 25-ին և արժանացել քար լռություն։ Դիմումատուն մեկուկես ամսվա սպասումը որոշել է «երկրաշարժել», և այցելելով թատրոն, հաջողել ներքին հեռախոսակապով Վարդան Մկրտչյանի փակ բերանը բացել Սաթենիկ Գասպարյանի միջոցով։ Բարեհամբույր գործավար-օպերատորը բառացիորեն փոխանցել է շեֆի հաղորդածը. «...Երբ որ կստանանք դատարանի վերջնական վճիռը` վավերացված երկու կնիքով, այն ժամանակ էլ կանդրադառնանք»։
Բայց ի՞նչ կապ ունի մեկը մյուսի հետ, մանավանդ, որ Վ. Մովսիսյանը երկրորդ անգամ բացատրել է առաջնահերթ, պարզ պահանջը. «Խնդրում եմ տեղեկանք աշխատանքային ստաժի և աշխատավարձի մասին։ Առանձին տողով նշել նաև ստուդիան. որպես համատեղությամբ փոխտնօրեն` տևողությունն ու զբաղվածությունը»։ Իմանալով թատրոնում տեղի ունեցած փոփոխությունների մասին, ձեռքի հետ էլ ածանցելով փորձել է, թե արդյոք կրճատվե՞լ է իր զբաղեցրած պաշտոնը։ Սա հենց այն է, որ խրված Մկրտչյանի կոկորդին, դիմել է Ռայկինի օգնությանը` «Տեղեկանք բեր, որ տեղեկանք տամ»։ Բայց ի՞նչ կապ ունի մեկը մյուսի հետ։ Տեղեկանքի ստացումը արդյոք առնչվու՞մ է աշխատանքի ներկայանալ-չներկայանալու հետ, օրենքի գիտակը ո՞ր իրավական ակտով է առաջնորդվում էժանագին քինախնդրությամբ կամայականություն բանեցնել ՀՀ ազատ և հպարտ քաղաքացու օրինական խնդրանք-պահանջի դիմաց, էդ երբվանի՞ց մարդու իրավունքների ոտնահարումը դարձավ գործատուի քմահաճ ցանկություն։ Տեղեկանք չտալը և մշակույթի նախարարությունում Վարդան Մկրտչյանի զոռբայական վարչարարությանը չանդրադառնալը աբսուրդի ժանրից է։ Այլապես դա նրան հեռու կտանի, իսկ տեղեկանքը լավագույն դեպքում կտրամադրվի 3-4 ամսվա ընթացքում։ Կարող է և չտրվել, եթե ոչ ադեկվատ գործատուն մի օր արթնանա ձախ ոտքի վրա ու հիմա էլ վճռաբեկ դատարանի վճիռը բողոքարկի եվրոպական կառույցներում, ինչը նշանակում է` սպասել տարիներ։ Այստեղ են ասել. «Жди у моря погоды»։ Ընկեր Վարդանն ընտրել է տեղեկանք չտալու տարբերակը։ Իսկ նախկին աշխատակիցը` օրենքի տառն ու տեղեկանքի ստացման ճանապարհին գործատուին հասկացնելով տարբերակների հերթականությունը։ «Ելնելով և ղեկավարվելով «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքի 18-րդ և «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածների դրույթներով, խնդրում եմ վստահորդիս տրամադրել տեղեկանք...». կազմակերպության ղեկավարին գրավոր դիմել է փաստաբան Ն. Բարսեղյանը։


Կասկածամտությունն ու վախվորածությունը Վ. Մկրտչյանին ներքուստ այնքան են քրքրել, որ տարուբերվել է։ Եթե պատասխանի, որ կրճատված է հաստիքը, խնդիր է ունենալու օրենքի հետ, քանի որ դատական պրոցեսում չի արդարացվում նման քայլը։ Իսկ եթե գրի` չի կրճատվել, դարձյալ խնդրի առաջ է կանգնելու, քանի որ նոր հաստիքացուցակում չկա ոչ աշխատակազմի և ոչ էլ նրա գործառույթների մի մասով օժտված, ասենք` կադրերի բաժին միավորը։ Զարմանալ կարելի է և նախարարության մասով։ Վերադասը ինչպե՞ս է ընդունել-հաստատել Վ. Մկրտչյանի ներկայացրած թափթփված հաստիքացուցակը, որը արժանահավատ չէ։ Ի՞նչ է նշանակում ինժեներատեխնիկական ծառայությունում ընդգրկել թատրոնի գլխավոր ճարտարագետին, իսկ կապի ճարտարագետին` վարչական անձնակազմում։ Չխոսենք-չհարցնենք. ո՞ր կապի մասին է խոսքը` հեռախոսակապի՞ (որ այլանդակ վիճակում գտնվող ներքին և արտաքին կապի պատճառով սունդուկյանցիներն իրար հետ առնչվում են բջջայիններով), ինտերնետ կապի՞, թե՞ մարդկային հարաբերությունների։ Ինչու՞ չի դիտարկվել թերի զբաղվածություն ունեցող գրական մասի վարիչ և թանգարանի վարիչ հաստիքների միացումը, ձայնահնչյունային սարքավորումների համակարգի բաժնի վարիչ, ձայնահնչյունային սարքավորումների մասնագետ, ձայնահնչյունային սարքավորումների օպերատոր եռանկյան ներսում որտե՞ղ են դրանց հատման և չկրկնվող սահմանագծերը, ճոխություն չէ՞ իրարից քիչ տարբերվող լրատվության և հասարակայնության հետ կապերի պատասխանատու և միջազգային կապերի և հատուկ ծրագրերի պատասխանատու հաստիքների առկայությունը։ Շռայլություն է գլխավոր ադմինիստրատորի և 13 հսկիչների պարագայում ունենալ մեկ ավագ հսկիչ (որ ի՞նչ) և երկու ադմինիստրատոր, երբ մեկը բավարար է անգամ նոր բեմահարթակի շահագործման դեպքում։ էլ չհիշենք նրա անկախական ցանկությունների թռիչքը. 10-ից ավելի տեսախցիկների թիվը, ասում են, առաջիկայում կհասցնի 53-ի` կտեղադրվեն միջանցքներում, արտադրական մակերեսներում, աշխատասենյակներում... գուցե և զուգարաններում։ Թվաքանակի ու նպատակայնության առումով մայր թատրոնը ու՞մ հետ է ուզում համեմատվել. կենտրոնական բանկի՞, թե՞ բանտերի։


Մի առիթով Վ. Մկրտչյանը խոստովանել է, որ ինքը մտածումներով ու գործողություններով տարբերվում է շատերից։ Համոզվել ենք։ Բայց տեղեկանք տալ-չտալու հարցում միակը չէ։ Նրա նմանները կան տարբեր բնակավայրերի տարբեր կազմակերպություններում, ու ոչ կենսաբանական եղբորը գտանք առանց փնտրելու, Տավուշի մարզում։ ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Ա. Ցուցուլյանի ու մանկավարժության և հոգեբանության ամբիոնի վարիչի պաշտոնակատար Լ. Հարությունյանի միջև տեղի է ունեցել գրեթե նույնը։ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի կայացրած վճիռը` հօգուտ վերջինիս, նոր բորբոքումներ է առաջ բերել։ Այն անձնավորվածությունից բացի անմասն չէ նաև դառը ծիծաղ առաջացնող բյուրոկրատական վարքագծից։
Մանկավարժական գիտությունների թեկնածուն ցանկացել է իր աշխատանքի հետ կապված պարզաբանումներ ճշտել ու դիմումի վերջում վավերացրել դիմումատու` Լիանա Միքայելի Հարությունյան։ Տնօրեն Ա. Ցուցուլյանը ստանալուց մեկ շաբաթ անց արձագանքել է. «Մասնաճյուղում ունենք Լիանա Միխայլի Հարությունյան անուն, ազգանուն, հայրանունով աշխատակցուհի», բայց ոչ` Լիանա Միքայելի Հարությունյան, «ՈՒստի դիմումին պատասխանել չեմ կարող»։
Էժանագին քինախնդրությունների դեպքում մեկնաբանություններն ավելորդ են։


Վահե ՄԵԼԻՔՅԱՆ

Դիտվել է՝ 723

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

DiplomatRadio Mao