Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

«Մենք համոզված էինք, որ վայելելու ենք արդարացված Արմենակի ներկայությունը»

«Մենք համոզված էինք, որ վայելելու ենք արդարացված Արմենակի ներկայությունը»
09.04.2019 | 01:39

«Այսօր դահլիճում հավաքվել են այսուհետ իր մնայուն գործերով անդադար ապրող մի հրաշալի հայորդու, անկեղծ ընկերոջ, նվիրված եղբոր, իմաստասեր հայի, անձնազոհ հոր, նվիրյալ ամուսնու, գաղափարի ու պայքարի մարտիկ, գրող, նկարիչ և էլի շատ լավ բնութագրերի արժանի հզոր մտավորական ԱՐՄԵՆԱԿ ՄՆՋՈՅԱՆԻ հարազատներն ու ընկերները, նրա ազնվությանը հավատացող հայրենակիցները, որոնց համար Արմենակի բանտախցից դուրս գալու փաստը ուրախություն էր լինելու և արդարության իրականացում: Ցավոք նա դարձավ չարի, դավի և այն հուդաների ձեռքի զոհը, որոնց համար մարդկային ճակատագիր խեղաթյուրելը և չկատարած մեղքի համար ցմահ դատապարտելը խղճի հարց չէ, այլ սեփական հոգու փրկություն»:

Ասմունքող-հանդիսավար, միջոցառման կազմակերպիչ ԱՆՆԱ ԿՈՍՏԱՆՅԱՆԻ այս խոսքերով մեկնարկեց Արմենակ Մնջոյանի 55-ամյակին նվիրված հուշ-երեկոն: Աննա Կոստանյանն ընդգծեց, որ բացահայտելով Արմենակին, հասկացել է՝ գործ ունի մեծ հայի հետ, որն անտարբեր չէ ազգի ճակատագրի և եկող հաղթանակների հանդեպ. «Արմենակ Մնջոյանի «Աղոթարան» գրքի շնորհանդեսը, որ կայացավ 2018-ի սեպտեմբերի 8-ին նույն այս դահլիճում («Առնո Բաբաջանյան» համերգասրահ), շատ կարևոր և առանցքային խնդիրներ ուներ իր մեջ: Մենք գրեթե բոլորս համոզված էինք, որ վայելելու ենք արդարացված Արմենակի ներկայությունը, և ես, որպես երեկոյի վարող, ավելին ասացի, որ երկրորդ շնորհանդեսը գյումրեցիների ցանկությամբ լինելու է Գյումրիում»:


«Երբ կորցնում ենք սիրելի ընկեր, առաջին հարցը, որ առաջանում է, այն է` պատմեք` ինչպե՞ս մահացավ: Նման հարցադրումով կարող ենք մոտենալ այն մարդկանց, որ իրենց կյանքի գագաթնակետին են եղել հենց մահվան պահին, օրինակ` հայրենիքի սահմանների պաշտպանության ժամանակ իրենց զարմանալի ինքնամոռաց հայրենասիրությամբ ու ընկերասիրությամբ, զոհաբերվելու անմիջական պատրաստակամությամբ ու սխրանքով: Երբ կորցնում ենք ազգային արժեքներից բխող սկզբունքներ ունեցող, ազգային պատմության ու ապագայի տեսլականի միջև կամուրջի դեր կատարող, ողջ ազգն իր ընտանիքը դարձրած և ողջ հայրենիքն իր տունը համարող ընկեր, դժվարանում ենք պատասխանել այն հարցին, թե ինչու՞, այսպես կոչված, բնական պատճառներով մահացած ընկերոջ մահը համարում ենք հանուն ազգի ու հայրենիքի կատարված գործողություն: Մենք՝ Արմենակ Մնջոյանի ընկերներն ու համախոհները, խորապես զգում ենք այդ փաստը, սակայն դժվարանում ենք դա բացատրել նրանց, որոնք բախտ չեն ունեցել մոտիկից ճանաչելու նման հայի»,- սրանք Մնջոյանի մտերիմ ընկեր, «Դրո» գործով ցմահ ազատազրկման դատապարտված ԱՐՍԵՆ ԱՐԾՐՈՒՆՈՒ մտորումներից են: Արծրունու բնորոշմամբ՝ Արմենակ Մնջոյանի առանձնահատկություններից են արիությունը, բարեպաշտությունը, սկզբունքայնությունն ու խոնարհությունը: Հուշ-երեկոն կառուցվել էր նշված չորս հատկանիշների հիման վրա: Հաշվի առնելով այն փաստը, որ Արմենակը տիրապետում էր տարբեր երաժշտական գործիքների, ծրագրում եղան նաև գործիքային կատարումներ:


«Աղոթարան» գրքի խմբագիր, նարեկագետ ԱՇՈՏ ՊԵՏՐՈՍՅԱՆԸ վստահեցրեց, որ Արմենակը ոչ մի հանցանք չի գործել հայության հանդեպ. «Ես դա ասում եմ ամենայն պատասխանատվությամբ, որովհետև պատասխանատու եմ նաև Աստծո առաջ: Արմենակը վերջին շրջանում ինձ ասում էր. «Աշոտ ջան, ցավդ տանեմ»: Ես ցնցվում էի այդ խոսքերից, որովհետև տարիքի բերումով, ես պետք է իր ցավը տանեի, բայց հիմա եմ հասկացել, որ իր ցավը շատ մեծ էր, իր ցավը Հայաստանի կատարյալ ազատությունն էր, ուստի ես չէի կարող դա տանել»:


«Վահագն» ռազմա-հայրենասիրական, բարեգործական ՀԿ-ի նախագահ ՄՈՐՈՒՔ ԿԱՐՈ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԸ Արմեն Մնջոյանին հետմահու պարգևատրեց «Վահագն զորության և ռազմի աստված» ոսկյա հուշանշանով, հանձնելով այն Արմենակ Մնջոյանի դստերը՝ ԼԱՈՒՐԱ ՄՆՋՈՅԱՆԻՆ:
«Շնորհակալություն բոլոր այստեղ գտնվողներին: Մեծ ցավ է, բայց, հուսով եմ, արդարությունը կվերականգնվի գոնե Արսեն Արծրունու համար: Մեծ սպասումով արդեն սպասում ենք իրեն: Աստծո կամոք ու Աստծո հաջողությամբ՝ թող բացվեն ազատության դարպասները բոլոր արդար մարդկանց առաջ»,- ասաց Մնջոյանի դուստրը՝ առանձնակի շնորհակալություն հայտնելով նաև միջոցառման կազմակերպչին:
Դրոյի գործով ցմահ ազատազրկման դատապարտված Արմենակ Մնջոյանը կյանքից հեռացել է 2019-ի հունվարի 6-ին՝ Սուրբ Ծննդյան օրը: Հուշ երեկոն տեղի ունեցավ ապրիլի 1-ին՝ նրա ծննդյան օրը:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Լուսանկարները` Արմեն ՄՈՒՇԵՂՅԱՆԻ

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 18432

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ