«Բավարիայի» շառաչուն ապտակը «Բորուսիային»

«Բավարիայի» շառաչուն ապտակը «Բորուսիային»
09.04.2019 | 01:45

Բունդեսլիգայում «Բավարիան» բառացիորեն պատվազրկեց Դորտմունդի «Բորուսիային»՝ խլելով նրանից մրցաշարային աղյուսակի առաջին հորիզոնականը, սկուդետում «Յուվենտուսը», ունենալով միավորների ահռելի պաշար, զիջման կեսքայլ իսկ չարեց հօգուտ «Միլանի», «Բարսելոնը» հաղթեց Մադրիդի «Աթլետիկոյին» ու դրանով իսկ նեցուկ եղավ մադրիդյան մյուս թիմին՝ «Ռեալին», որն իր, կարելի է ասել, դասակարգային թշնամին է, «Լիվերպուլը» «Մանչեստր Սիթիից» կրկին հետ բերեց առաջին հորիզոնականը, սակայն վերջինս պակաս անցկացրած մեկ խաղ ունի ու հաղթելու դեպքում Յուրգեն Կլոպի սաներին դարձյալ հետ կմղի երկրորդ տեղ:

ԱՆԳԼԻԱ
Արդեն բավական ժամանակ է, որ հերթական տուրը «Լիվերպուլը» սկսում է չեմպիոնական մրցավազքում իր հիմնական մրցակցից՝ «Մանչեստր Սիթիից» շուտ, նվաճում երեք միավոր ու սպասում «քաղաքաբնակների» պատասխանին, ովքեր, ի դեպ, նույն հարվածային գրաֆիկով են շարժվում, որը խոստանում է չեմպիոնական բարձունք: Շտապենք ասել, որ Յուրգեն Կլոպի սաները հերթական երեք միավորը շահել են «Սաուտհեմպտոնի» հետ պայքարում (3:1), նրա իսկ դաշտում ու կրկին երկու միավորով առաջ են Խոսեպ Գվարդիոլայի սաներից, ովքեր իրենց հերթին նույնպես հաղթական հանդիպումն են ունեցել, սակայն այս անգամ Անգլիայի գավաթի կիսաեզրափակչում, որտեղ մրցակիցն է եղել «Բրայտոնը» (1։0):
Ակնհայտ է, որ գավաթի հետ կապված՝ լուրջ ծրագրեր ունի «Մանչեստր Սիթին», որը մտադիր է պայքարել ու ընթացիկ մրցաշրջանի բոլոր չորս տիտղոսների համար: Միջանկյալ ասենք, որ այդ չորսի մեջ մտնում է նաև երկրի չեմպիոնությունը: Հավակնոտ ծրագիր է, բայց «Մանչեստր Սիթին» այն իրականություն դարձնելու բավարար ռեսուրսներ ունի: Ինչևէ, առաջ չընկնենք, հետևենք դեպքերի զարգացմանը:
Պրեմիեր լիգայի 32-րդ տուրից առաջին վեցյակը կազմածներից չանցկացրած հանդիպում ուներ «Արսենալը», որը «Էվերտոնին» հաղթելու դեպքում 66 միավորով կբարձրանար երրորդ հորիզոնական՝ երկու միավորով գերազանցելով «Տոտենհեմին»: Սակայն «Արսենալը» որքան էլ ջանաց, չկարողացավ կոտրել տանտերերի դիմադրությունն ու տուն վերադարձավ գլխահակ՝ 0։1:

ԻՍՊԱՆԻԱ
Տուրի կենտրոնական հանդիպումը Բարսելոնում էր՝ կատալոնյան ու առհասարակ համաշխարհային ֆուտբոլի հպարտության և Մադրիդի «Աթլետիկոյի» միջև: Դիեգո Սիմեոնեի սաները համառ դիմադրություն են ցույց տվել «Բարսելոնին», սակայն այդպես էլ չեն կարողացել խուսափել պարտությունից: Մրցակցության վերջին տասը րոպեին մեկական գոլով առանձնացել են Լուիս Սուարեսն ու գոլային անհագ ծարավով տառապող Մեսին:
Նկատենք՝ հանդիպման 28-րդ րոպեից հյուրերը մնացել են տասը հոգով՝ անվայել մարզական պահվածքի համար հեռացվել է Դիեգո Կոստան: 73 միավորով «Բարսելոնը» շարունակում է միանձնյա գլխավորել աղյուսակը, երկրորդ տեղում գտնվող «Աթլետիկոյի» ունեցածը 11 նիշով պակաս է:
«Աթլետիկոյի» պարտությունն ավելի քան ձեռնտու էր «Էյբարին» հյուրընկալած Մադրիդի «Ռեալի» համար, քանզի հաղթանակի դեպքում նրանից ունեցած միավորների կտրվածությունն էապես նվազելու էր: Սակայն սա մոտիվացիա դառնալու փոխարեն, կաշկանդիչ դեր խաղաց «սերուցքայինների» համար, ովքեր, ավելին, հանդերձարան գնացին գնդակ բաց թողած: Բարեբախտաբար, երկրորդ խաղակեսը նրանց համար դրական ընթացք ունեցավ: Մասնավորապես երկու գոլով առանձնացավ Բենզեման, որը թիմի համար դրամատիկ պահերին միշտ էլ փրկօղակի դեր է խաղում: Արդյունքում 2:1 հաշվով հաղթանակ ու 60 միավորով դարձյալ երրորդ տեղ, սակայն այս անգամ, հինգի փոխարեն, «Աթլետիկոյից» երկու միավորով պակաս:

ԻՏԱԼԻԱ
Սկուդետեի տուրի ծաղիկը Թուրինում կայանալիք «Յուվենտուս»-«Միլան» դիմակայությունն էր՝ միավորների առումով տանտերերի համար ոչինչ չնշանակող, քանզի այնքան ունեն, որ, օրինակ, կարող են մի տասնհինգ միավոր նվիրել մերձակա հետապնդողին ու չեմպիոնության համար դարձյալ չտագնապել: Սակայն, որքան էլ մրցաշարային աղյուսակով ոչինչ չասող, այդուհանդերձ, «Յուվենտուս»-«Միլան» դիմակայությունը կողմերի համար պատվի խնդիր է, ու այն ոչ մի պարագայում չի կարող համարվել շարքային: Մանրամասների մեջ չխորանալով ասենք, որ «ծեր սինյորան» տոնել է կամային հաղթանակ՝ միավորների թիվը հասցնելով 84-ի: Մինչդեռ սա եղավ վերջին չորս խաղում «Միլանի» երրորդ պարտությունը, ինչն անասելիորեն բարդացրեց բրոնզե մեդալներ ձեռք գցելու հավանականությունը:
Այնպես չէ, թե 57 միավորով երրորդ տեղում գտնվող «Ինտերը» հանգիստ խաղ է ունեցել: Բնավ: Նրա մրցակիցը՝ «Ատալանտան», գոլ չի խփել, բայց սեփականն էլ անառիկ է պահել: Այնպես որ, «Միլանի» նկատմամբ ունեցած «Ինտերի» առավելությունն ավելի շուտ Գատուզոյի սաների վատ հանդես գալու հաշվին է:
Ինչ վերաբերում է «Նապոլի»-«Ջենովա» դիմակայությանը, սկզբունքորեն դրա արդյունքը նեապոլցիների համար էական նշանակություն չուներ, քանզի առաջին տեղի մասին մտածելն արդեն անհուսալիորեն ուշ է, երրորդ էլ չեն նահանջի, թեկուզ Վեզուվը մի անգամ էլ ֆուտբոլի պատճառով փորձի զայրույթն արտահայել՝ մեջը կուտակված մոխրազանգվածը դուրս շպրտելով: Այստեղ գրանցվել է ոչ-ոքի՝ 1:1 արդյունք, հյուրերը, սկսած 28-րդ րոպեից, մնացել են տասը հոգով, ինչն ավելի ծանրակշիռ է դարձնում նրանց շահած միավորը:


ԳԵՐՄԱՆԻԱ
Բունդեսլիգայի հերթական՝ 28-րդ տուրում սեփական հարկի տակ երկրի գործող չեմպիոն Մյունխենի «Բավարիան» հյուրընկալել էր արդեն անհիշելի ժամանակներից մրցաշային աղյուսակը գլխավորող Դորտմունդի «Բորուսիային»: Ակնկալված լարված հանդիպումը չի ստացվել, քանզի բավարական ակումբը պարզապես ոչնչացրել է դորտմունդցիներին՝ հաղթելով հինգ անպատասխան գնդակի առավելությամբ ու ցույց տվել, թե ով է գերմանական ֆուտբոլում օրենքներ կարգողն ու թելադրողը:
Արդեն տասներորդ րոպեին բացելով հաշիվը՝ տանտերերը դադար չեն առել՝ առաջին խաղակեսում հեղինակելով ևս երեք գոլ: Դորտմունդցիների համար համեմատաբար խաղաղ ընթացք է ունեցել երկրորդ խաղակեսը, որի ընթացքում մեկ գոլ են բաց թողել: Նշենք, որ Լևանդովսկին աչքի է ընկել դուբլով: Այս հաղթանակից հետո «Բավարիան» 64 միավորով գլխավորել է աղյուսակը՝ մեկ նիշով շրջանցելով օրվա մրցակցին:
Վերջին խաղերի հանգույն սեփական երկրպագուին դարձյալ ուրախացրել է «Բայերի» հետ գոլառատ հանդիպում ունեցած «Լայպցիգը»: Առաջին խաղակեսը պարզապես փայլուն են անցկացրել տանտերերը ու միանգամայն օրինաչափորեն այն շահել՝ 2:1: Հանդերձարանում անհրաժեշտ մարզական ցուցումներ ստացած հյուրերը դաշտ են մտել երեք միավոր շահելու գիտակցությամբ ու հաջողել՝ երեք անպատասխան գնդակ ուղարկելով մրցակցի դարպասը՝ հանրագումարում արձանագրելով հանդիպման 2:4 վերջնական հաշիվը: «Լայպցիգն» ունի 55 միավոր ու թեպետ այն ընդամենը երեք նիշով է ավելի Ֆրանկֆուրտի «Այնտրախտի» ունեցածից, ու մրցաշարի ավարտին դեռ բավականաչափ խաղեր կան, այդուհանդերձ, համարձակվում եմ կանխագուշակել, որ բունդեսլիգայի առաջին եռյակը կազմած թիմերը այս, ասել է թե՝ «Բավարիա»-«Բորուսիա»-«Լայպցիգ» դասավորությամբ էլ կմոտենան եզրագծին:

ՖՐԱՆՍԻԱ
Մրցաշարային աղյուսակի երկրորդ հորիզոնականում գտնվող «Լիլն» արտագնայում չկարողացավ կոտրել «Ռեյմսի» դիմադրությունն ու բավարարվեց մեկ միավորով՝ 1:1: Սակայն նկատենք, որ թիմի համար միավորների կորուստը, թերևս, այնքան էլ ցավոտ չեղավ, քանզի արծաթե մեդալների համար պայքարում նրա հիմնական մրցակիցը նախօրեին սեփական հարկի տակ պարտություն էր կրել «Դիժոնից» ու մնացել ունեցած 56 միավորով, ինչն արդեն հինգ նիշով քիչ է «Լիլի» անվան դիմաց գրանցվածից։
Ոչ-ոքի արդյունք է արձանագրվել և «Պարի Սեն Ժերմեն»-«Ստրասբուրգ» դիմակայությունում, որտեղ տանտերերը խաղավարտից ութ րոպե առաջ են կարողացել փրկվել պարտությունից՝ 2:2: ՊՍԺ-ն ունի 81 միավոր, գնդակների 89:18 փայլուն հարաբերակցություն:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 913

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

DiplomatRadio Mao