«Մենք խրախուսում ենք կողմերի միջև խաղաղության գործընթացը և հուսով ենք հասնել կայուն խաղաղության Ադրբեջանի և Հայաստանի միջև: Հարավային Կովկասում խաղաղությունը կարևոր է տարածաշրջանի բնակիչների, սևծովյան տարածաշրջանի և ընդհանրապես անդրատլանտյան անվտանգության համար»,- Բաքվում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ մամուլի ասուլիսում ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլտենբերգը:                
 

Հաց ու ջրով պետություն կպահվի՞

Հաց ու ջրով պետություն կպահվի՞
12.04.2019 | 00:58

Իսկ ինչ լավ էր սկսվել ամեն ինչ` Պապ թագավորից էինք խոսում, օրինակներ էինք բերում ոսկեդարից ու միջին դարերից, հին ու նոր հազարամյակների պատմությունից, որ ապացուցենք` ինչ լավն ենք, ինչ ճիշտ ենք, ինչ մենք ենք: ՈՒ գնացինք-եկանք բախվեցինք … տրանսգենդերի, մաքսատանը անփույթ ընկած դրոշի, «Սպայկայի» ու «Առինջմոլի» պատմություններին: Շատ արագ հօդս ցնդեցին հին ու նոր վկայությունները, որ իրականում, ցավոք, ունեին և ունեն սոսկ գեղեցիկ զարդանախշի դեր խոսքի մեջ, չեն եղել ու չեն դարձել արժեք: Որովհետև քանի տարեկան ուզում է լինի թավշե հեղափոխությունը` առաջինը 1990-ականներին, երկրորդը 2018-ին, Հայաստանի Հանրապետությունը չի ստեղծել սեփական արժեհամակարգ: Անկախության քառորդ դարում` անբովանդակ ձևով լցնելով պատմության էջերը: Չի սահմանել իր համար լավի ու վատի ըմբռնումը, անհրաժեշտի ու անպետքի, ստի ու ճշմարտության: Ապրել է` անկախության փաստը հնարավորինս խցկելով անցյալի հասկանալի ու հասանելի պատկերացումների մեջ ու առավելագույնը անուններ փոխելով: Գուցե նորության վախից: Կամ` իներցիայով: Գուցե անպատրաստության պատճառով: Միով բանիվ` պատճառները չեն կարևորը, այլ հետևանքը: Իսկ հետևանքը արդեն երկրորդ անգամ է սպառնում հասարակությանը, բայց չկա արժեհամակարգ ունենալու անհրաժեշտության գիտակցությունը: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեն-մենակ պայքարում է հետևանքների դեմ, իսկ պատճառների գիտակցման ու վերացման ոչ մի դրսևորում չկա: Շաբաթվա տարօրինակ քառանկյունը` տրանսգենդերի սկանդալն Ազգային ժողովում, սկանդալն Արարատյան մաքսատանը, «Սպայկայի» ու «Առինջմոլի» նույնքան հնչեղ սկանդալները վկայում են, որ Հայաստանի Հանրապետությունում ձևավորվել է կառավարման ճգնաժամ: Բայց ճգնաժամը չի ընկալվում ու չի անվանվում: Փոխարենը` իշխանությունը սկսել է ուժի ցուցադրություն: Բայց ու՞մ: Նրանց, որ չունեն պաշտպանվելու հնարավորություն: Կա նաև փորձագիտական ու քաղաքագիտական հանրության ճգնաժամ: Տեղեկատվական դաշտում վիճակն ավելի վատ է: Բոլորը խոսում են մամուլի ազատությունից: Մամուլի ամբողջ ազատությունը հանգում է մի դեպքում վարչապետի ու նրա առանց բացառության բոլոր գործողությունների բացառիկ փառաբանման: Այն տպավորությունն է, որ եթե վարչապետը սայթաքի ու պատահաբար ընկնի, որոշակի թվով լրատվամիջոցներ սկսելու են վերլուծել` ինչ ճիշտ ու խորիմաստ անկում էր և ինչքան կարևոր էր նրա սայթաքել-ընկնելը Հայաստանի ներկայի ու ապագայի համար: Մյուս դեպքում նույն ծայրահեղությունն է` ինչ էլ ասում ու անում է Նիկոլ Փաշինյանը, արձանագրվում է միայն բացասականը, վտանգավորն ու անհանգստացնողը, ու ի վերջո եզրակացվում են, որ նա խորացնում է անկումն ու կործանումը: Եթե լրատվամիջոցների ազատությունը ծայրահեղությունների մեջ ճոճվելն է, ու՞մ է պետք ազատությունը, որ չի գնահատում ու չի անվանում իրական ռիսկերը, ոչնչով չի նպաստում իրավիճակ փոխելուն ու ծրագրելուն:


Ծրագրելու մասին. ինքնին հասկանալի է, որ Նիկոլ Փաշինյանն ինքն իրեն համարում է Հայաստանի լավագույն լրագրողը, համենայն դեպս` լավագույններից առաջինը, որ շարքային խմբագրից հասավ վարչապետի մակարդակի: Բայց տարօրինակ մետամորֆոզ է կատարվել նրա հետ` վարչապետ դառնալուց հետո նա գլխավոր խմբագրից վերածվել է սովորական լրագրողի: Այլ կերպ չես անվանի իրադարձությունների հետևից սլանալու ու իրադարձություններ մեկնաբանելու նրա հակումը: Այն տպավորությունն է, որ ամեն առավոտ վարչապետը ինքն իրեն հանձնարարականներ է տալիս` ինչը լուսաբանել, ինչը` ոչ: Մինչդեռ գլխավոր խմբագիրը երբեք հույսը չի դնում օրվա լրահոսի վրա և ամեն օր սեփական օրակարգն է ձևավորում` ներքին ու արտաքին քաղաքականության հրատապ ու հեռանկարային զարգացումների վերաբերյալ, ու իր լրագրողներին ուղարկում է այդ օրակարգը լուսաբանելու ու ներկայացնելու, դա է կարևորը, ոչ թե այն, ինչ սահմանում են ուրիշները: Սա տխուր շրջադարձ է նախկին գլխավոր խմբագրի ու ներկա վարչապետի կյանքում, որ վկայում է` ծրագիր չկա: Պետության զարգացման ծրագիր չկա: Արդյունաբերության զարգացման ծրագիր չկա: Գիտության զարգացման ծրագիր չկա:

Առողջապահության զարգացման ծրագիր չկա: Մշակույթի զարգացման ծրագիր չկա: Կան կետային հարվածներ տարբեր ոլորտների զգայուն կետերին: Կան ընթացիկ խնդիրներ` երկրի կենսապահովման ու իշխանության պահպանման: Այս պայմաններում ամեն ինչ դառնում է սկանդալ, երբ գործողությունների առանցքում կոնկրետ ինչ-որ մեկի կամ ինչ-որ լոկալ խնդրի լուծումն է, որ ոչ մի լարով չի միանում ընդհանուր գործին, այսինքն` շարունակվում են ձևական լուծումները` բովանդակության խորին բացակայությամբ: Չգիտես ինչու բոլորը վախենում են արտաբերել ՃԳՆԱԺԱՄ բառը` ինչպե՞ս կարելի է հեղափոխությունից 1 տարի էլ չի անցել ու ասել` «Նիկոլ, դու սխա՞լ ես»: Նիկոլը կընդունի-չի ընդունի, իր խնդիրն է, ժողովուրդն ի՞նչ կասի: Այսինքն` կուսակցությունների համար լավագույն մարտավարություն է համարվում, որ ժողովուրդը ասի` «Նիկոլ, դու սխալ ես», բայց այդ դեպքում ու՞մ են պետք կուսակցությունները, փորձագետները, վերլուծաբանները, լրատվամիջոցները: Նրանց ամբողջ գործը փոխանցե՞լն է` ով ում ինչ ասաց` առանց պատասխանելու գոնե «ինչու՞» հարցին: Այս դեգրադացիան անվանեք զարգացման նոր փուլ, հավերժի ընթացք ու ճեղքում, մի՞թե էությունը փոխվում է:


Մի շաբաթ խոսում ու գրում էին ԱԺ մարդու իրավունքների և հանրային հարցերով հանձնաժողովի լսումների ժամանակ խորհրդարանի ամբիոնից ԼԳԲՏ համայնքի ներկայացուցչի ելույթի մասին: Նույնիսկ կատարվածը որակվեց ՔՊ-ի ու ԲՀԿ-ի միջկուսակցական պատերազմ, սադրանք, վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրապարակավ բարձրացրեց իր նախկին լրագրող Նաիրա Զոհրաբյանի` հանձնաժողովի նախագահի պաշտոնից հրաժարականի հարցը: ԲՀԿ-ն Նաիրա Զոհրաբյանին պաշտպանեց: Հայաստանում ԵՄ դեսպաններն ու ՄԱԿ-ի ներկայացուցչությունը հայտարարություններ արեցին, ԱԳՆ-ն պատասխանեց:


Ամբողջ մի օր ԱԺ բակում ներկայացում սարքեց տեր Ղազար քահանա Պետրոսյանն ու մինչև Ավագ շաբաթ փիլոնազուրկ արվեց հոգևորականին անհարիր վարքագծի համար, սոցցանցերում տեղական նշանակության պատերազմներ ծավալվեցին, և այլն, և այլն, և այլն: Ոչ մեկի մտքով չանցավ, որ իրականում ոչ թե ԲՀԿ-ն էր սադրանք սարքել ՔՊ-ի դեմ կամ ՔՊ-ն ԲՀԿ-ի դեմ, այլ բոլորը միասին ու միասնական պատերազմ էին հայտարարել միջին վիճակագրական հային ու ուզում էին հաղթել նրան` խճճելով տեխնիկական մանրամասներով, քաղաքական մեղադրանքներով, անմիտ հոխորտանքներով: Եվ շահեցին տրանսգենդերները, որ ԱԺ ամբոնից կարճատև ելույթից հետո մի շաբաթ ստիպեցին իրենց մասին խոսել վարչապետից մինչև ով չալարի մակարդակ: Այսինքն` շնորհիվ ԱԺ մարդու իրավունքների և հանրային հարցերով հանձնաժողովի լսումների` ձրի գովազդի հնարավորություն ստացան ու լիուլի օգտագործեցին: Եվ անկախ փաստից` Աժ ամբիոնից ելույթից հետո Նաիրա Զոհրաբյանը նրանց դահլիճից դուրս կհրավիրեր, թե ոչ (երբ նրանք անգլիական հեռանում էին), նրանք գոյություն ունեն Հայաստանում: Այնքան ռեալ գոյություն, որ ոստիկանության վրա են հարձակվում: ՈՒ դա էլ փաստ է, որ շրջանցվեց կամ լռության մատնվեց: Մինչև ե՞րբ: Այս հարցին պատասխանելու փոխարեն` վարչապետի մակարդակով միմյանց են մեղադրում սկանդալ սարքելու համար, որովհետև իրականում չգիտեն` ի՞նչ անեն: Եվ ունակ են միայն «ատելության խոսքի» միմյանց նկատմամբ:


Շատ ավելի տարօրինակ էր Արարատյան մաքսատան սկանդալը: «Եթե որևէ մեկը կարծում է, որ ՀՀ վարչապետը չի կարող պաշտպանել ՀՀ դրոշը, մեր պատկերացումները պետության մասին տարբեր են», հընթացս հայտարարեց Նիկոլ Փաշինյանը: Իհարկե, ՀՀ վարչապետը կարող է ու պիտի պաշտպանի ՀՀ դրոշը, հազիվ թե այս հարցում շատերի պատկերացումները տարբեր լինեն: Բայց ո՞վ պիտի պաշտպանի ՀՀ քաղաքացուն ու նրա աշխատելու իրավունքը: Ինչու՞ նման բուռն մեղադրանք չներկայացվեց Արարատյան մաքսատան պետին` իր տնօրինած կառույցում սանիտարական վիճակի համար: 2006-ի հունիսի 15-ին ընդունված Դրոշի մասին օրենքի որևէ հոդվածում նշված չէ` ո՞վ է պատասխանատու դրոշի արտաքին տեսքի համար: Միանշանակ` ՀՀ բոլոր քաղաքացիները պարտավոր են հարգանքով ու հոգածությամբ վերաբերվել ՀՀ պետական դրոշին, բայց այդ հարգանքի ու հոգածության բացակայությունը կոնկրետ դրոշի ու կոնկրետ զինանշանի, կոնկրետ հիմնի նկատմամբ արտահայտությունն է պետության խորհրդանիշերի ու պետության նկատմամբ:

Անտարբերության արտահայտությունը: Փոխադարձ անտարբերության: Հիմա նաև իրավական անարդարության, երբ շարքային աշխատակիցը պատժվում է իր ղեկավարության սխալների համար` սկսած ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանից, որ չի կարողանում կազմակերպել իր տնօրինած կառույցի աշխատանքը, և վարչապետը դառնում է սանիտարական տեսուչ, բայց` վարչապետի լիազորություններով: Պոպուլիստ Նիկոլ Փաշինյանին մնում է իր կարծիքով ժողովրդահաճո քայլերով փոխարինել պետական կառավարման համակարգը` նշանակել աշխատանքի, ազատել, սրընթաց եզրակացություններ անել ու կյանքի կոչել` ամեն ինչ անել, որ համակարգը չկայանա ու չկայունանա: Չինովնիկական ապարատի գործունեությունը նույնականացվում է բյուրոկրատիայի, կոռուպցիայի, անգրագիտության ու տասնյակ այլ մեղքերի հետ, իրականում պետական ապարատի որակն ու մակարդակը մեծապես որոշում են պետության հաջողությունը. կարող են ընդունվել բացառիկ կարևոր քաղաքական որոշումներ ու բախվել ապարատին` փոշիանալու: Կարող են անդեմ ու շարքային որոշումները այնպես կատարվել, որ դառնան ուղենիշային ու պատմական: Նիկոլ Փաշինյանի իշխանությունը ի սկզբանե համակարգի գոյության իրավունքը կասկածի տակ դրեց ու առայսօր չի ձևավորել համակարգի իր պատկերացումը, բայց հասցրել է խորացնել կասկածները, որ տնտեսական հեղափոխության և կառավարության առաջարկված կառուցվածքի միջև կապ չկա: Մեղմ ասած` 12 հայտարարված նախարարություններով իշխանությունը չի լուծելու ոչ միայն տնտեսական հեղափոխության, այլև պետական համակարգի կառավարելիության խնդիրը: Առավել ևս` այդ կադրերով ու կադրերի նկատմամբ այդ վերաբերմունքով: ՈՒ սա արդեն բոլորիս խնդիրն է, որովհետև առանցքում Նիկոլ Փաշինյանի ու նրա թավշե հեղափոխության ճակատագիրը չէ, Հայաստանի Հանրապետության ու ՀՀ բոլոր քաղաքացիների ճակատագիրն է:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Հ. Գ. Որևէ մեկը չի կասկածում, չէ՞, որ «Սպայկայի» հետ կապված պատմությունը ունի քաղաքական դրդապատճառներ, ընդամենը արդարության վերականգնում է, չի՞ լինի «Սպայկան», շուկան արագ կվերաձևակերպվի, նոր խաղացողներ ու նոր ընկերություններ խնդիրն արագ կկարգավորեն։ Ոչ ոք չի կասկածում, որ նորերը միանգամից «Սպայկայի» հզորությունը չեն ունենա, բայց մթերման խնդիրներ չեն լինի` կարող են շուկա մտնել և ռուսական ընկերություններ, և հայկական ընկերություններ, այսինքն` փաստացի սեփականության վերաբաշխում է կատարվում ու միջին վիճակագրական հայի համար պետք է մեկ լինի` ո՞վ է իրեն ծառայություն մատուցում: Կարևորը` ծառայությունը որակով մատուցվի ու էժան լինի: Ոչ ոք նաև չի կասկածում, որ «Առինջմոլում» ՊԵԿ-ի ստուգումները կապ ունեն ԱԺ-ում ՔՊ-ԲՀԿ տրանսգենդերային թնջուկի հետ, չէ՞: Պարզապես զուգադիպել է` բողոքներ են ստացվել ու պիտի ստուգվեին, հո չէին կարող ՀՀ հպարտ քաղաքացիների բողոքն անտեսել: ՈՒ ինչքա՞ն պիտի իշխանությունը իրադարձային-իրավիճակային լուծումներ տա համակարգային խնդիրներին: Փոխեք այդ խղճուկ հավասարման մեջ տրանսգենդեր-«Սպայկա»-Արարատյան մաքսատուն-«Առինջմոլ» հայտնիները այլ անհայտներով, մեկ է, հավասարումը նույնն է` սկանդալը մեր հացն է, պոպուլիզմը` ջուրը: Հաց ու ջրով պետություն կպահվի՞:

Դիտվել է՝ 3159

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ