«Իրատես» թերթն ու irates.am կայքը մեկնում են արձակուրդ: Թերթի հաջորդ համարը լույս կտեսնի սեպտեմբերի 6-ին, իսկ կայքը կթարմացվի սեպտեմբերի 2-ից:               
 

«Սա զրպարտությու՞ն է, Դուք չե՞ք հարձակվել եկեղեցու վրա»

«Սա զրպարտությու՞ն  է, Դուք չե՞ք հարձակվել եկեղեցու վրա»
12.04.2019 | 01:17

«Իրատես» թերթի գլխավոր խմբագրին քաղաքացի Արմեն Խաչատրյանը դատի է տվել մի հոդվածի համար, որը տպագրվել է դեռ անցած տարվա հուլիսին։ Այս շաբաթ տեղի ունեցավ դատական առաջին նիստը, որի ժամանակ հայցվորը նշեց, թե հոդվածում առկա ինչ արտահայտություններն է նա իր հանդեպ զրպարտանք ու վիրավորանք համարում։ Իրականում հոդվածագիր Արթուր Հովհաննիսյանն ընդամենը մեջբերել է ֆեյսբուքյան օգտատեր Էդիկ Դարբինյանի գրառումները, նշված չէ Արմեն Խաչատրյանի անունը, առանցքում միայն Եղիա-Արմենուհու մասին շարադրանքն է։ Դատարանում հայցվորը նշեց, որ Եղիան իր քահանայական անունն է, Արմենը Արմենուհի դարձնելով, իրեն վիրավորել են։ Ի դեպ, Եղիա Արմենը կարգալույծ է արվել և հեռացվել եկեղեցուց։

Հոդվածում մեջբերված մտքերը շարադրելով` Արմեն Խաչատրյանը շեշտեց, թե որն է իր հանդեպ զրպարտանքը, որը վիրավորանք է համարում։ Նախ. «Հայտնի փաստ է, որ ԼԳԲՏ համայնքին ֆինանսավորում է Էլթոն Ջոնը, և ԼԳԲՏ համայնքին հատկացվող գրանտներով է սնվել Եղիա-Արմենուհու «Հայ եկեղեցու բարեկարգում» կայքէջը (մեջբերում հրապարակումից)»։ «Կյանքում ոչ նրան տեսել եմ, ոչ էլ նրա անունը լսել եմ, կայքը չի սնվում Էլթոն Ջոնից»,- ասաց նա։ Դատավորի հարցադրմանը` ի՞նչ գիտեք, եթե կայքի պատասխանատուն չեք, վերջինս ասաց, թե ճանաչում է տեր Մարտիրոսին, որը մշտապես դատապարտում է ԼԳՏԲ-ներին։ «Ես մտերիմ եմ եղել տեր Մարտիրոսի հետ ու շատ լավ գիտեմ»,- հակադարձեց հայցվորը, որին կրկին առարկեց դատավորը՝ ասելով, որ այլ անձի փոխարեն չի կարող որևէ բան երաշխավորել։


Հայցվորը վիրավորվել էր նաև հետևյալ մեջբերումից. «Էլթոն Ջոնի ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանը ներկա էր նաև մեր շա՜տ «սիրելի» Եղիա-Արմենուհին (իսկական անունը Արմեն է, որին աստվածաբանականի ուսանողները Արմենուհի էին ասում՝ հոնքերը հանելու պատճառով)»: Այս առնչությամբ բավական զավեշտալի երկխոսություն տեղի ունեցավ դատավորի և հայցվորի միջև։


ՀԱՅՑՎՈՐ -Առաջին անգամ մամուլից եմ լսել Արմենուհու մասին։ Կամ իրենք տեսե՞լ են իմ ունքեր հանելը։
ԴԱՏԱՎՈՐ -Հիմա դա վիրավորա՞նք է, թե՞ զրպարտանք։
Հ. -Երկուսը միասին։
Դ. -Այսինքն, Դուք հոնքերը չե՞ք հանում։
Հ. -Իհարկե ոչ, ես տղամարդ եմ, ո՞նց կարող եմ ունքերը հանել։
Պակաս ուշագրավ չէր նաև հաջորդ երկխոսությունը, երբ հայցվորը մեջբերեց զրպարտություն որակվող հատվածը։ «Համասեռամոլ Եղիա-Արմենուհին՝ եկեղեցու կողմից կարգալույծ եղած ճեմարանի նախկին փոխտեսուչը, կատաղի կերպով վերադարձավ և հարձակվեց մեր Հայ առաքելական սուրբ եկեղեցու վրա՝ որպես «նորօրյա բարեփոխիչ»:
Դ. -Ձեզ կարգալույծ արե՞լ են։
Հ. -Այո, 2013-ի դեկտեմբերին։ Ես չեմ կարող Հայ առաքելական եկեղեցու վրա հարձակվել, որովհետև դա նաև իմ եկեղեցին է, այլ բան, որ եկեղեցում առկա խնդիրները միշտ բարձրաձայնել եմ, որ եկեղեցում բարեկարգում սկսվի։
Դ. -Սա զրպարտությու՞ն է, Դուք չե՞ք հարձակվել եկեղեցու վրա։
Հ. -Բացարձակ։
Դ. -Նաև այն, որ Դուք Էլթոն Ջոնի հետ չե՞ք հանդիպել։
Հ. -Ես նրան չեմ ճանաչում, միայն նրա սելֆիներն եմ տեսել, որ եկավ Հայաստան։ Նրա մասին ընդհանրապես գաղափար չեմ ունեցել։ Կամ` Էլթոն Ջոնը ֆինանսավորում է այս կայքէջը. այդպիսի բան չկա։ Կեղծ էջեր ունի Մայր աթոռը, ես այդ հարցով արդեն դիմել եմ իրավապահ մարմիներին։ Հետո` ի՞նչ է նշանակում «այլասերված ուղեղով», ինքը ախտորոշե՞լ է իմ ուղեղը։ Սա վիրավորանք չէ՞։
Դ. -Այլասերվածը համարում եք վիրավորա՞նք։
Հ. -Այո, այսինքն ես անառակ եմ, անառակ ձևով եմ հարձակվում։
Դ. -Եվ լկտիաբար։ Գտնում եք, որ դա է՞լ է վիրավորանք։
Հ. -Լկտիաբարը դեռ ինչ-որ տեղ հասկանալի է, եթե ինքը հիմքեր ունի կարծելու, որ չափ ու սահմանը անցել եմ։


Արմեն Խաչատրյանը վիրավորվել էր նաև, որ ֆեյսբուքի օգտատերն իր մասին ասել էր, թե ողջ աշխարհին հայտնի համասեռամոլ է։ «Իմ համասեռամոլ լինելը որտե՞ղ է վկայված, փաստված։ Երա՞զ տեսան, թե՞ սուրճի բաժակ նայեցին։ Երբ ես անգամ չգիտեմ դա իմ մասին, ամբողջ աշխարհն իմացա՞վ։ Թիրախավորել են ինձ Մայր աթոռից, սա անձամբ Գարեգին Բ-ից է գալիս»,- վստահեցրեց հայցվորը։


Պատասխանող կողմը ներկայացրեց առարկությունները դատարանին և հայցվորին, որտեղ հստակ արձանագրված են, որ «Իրատես» թերթը չի կարող պատասխանատվության կանչվել այլ անձի կողմից հրապարակված արտահայտությունների համար, քանի որ պահպանել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1-րդ հոդվածի 6-րդ մասի պահանջը: Հոդվածում զետեղվել են գնահատողական դատողություններ Եղիա-Արմենուհու գործողությունների վերաբերյալ, ինչը վարկաբեկում կամ զրպարտանք չէ, այլ նպատակ է հետապնդում հասարակությանը իրազեկել կատարվող իրադարձությունների մասին և ներկայացնել լրագրողի վերաբերմունքը նշվածի վերաբերյալ: Ավելին, հայցվորի կողմից չի ներկայացվել որևէ ապացույց, ըստ որի հոդվածում տեղ գտած Եղիա-Արմենուհին հանդիսանում է նույն ինքը Արմեն Խաչատրյանը: Մասնավորապես, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն, անձը, որի պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավը արատավորել են վիրավորանքի կամ զրպարտության միջոցով, կարող է դիմել դատարան` վիրավորանք հասցրած կամ զրպարտություն տարածած անձի դեմ:


Հետևաբար, հայցվորը պետք է ապացուցի, որ սույն գործով ոտնահարվել են իր իրավունքները, հոդվածում տեղ գտած արտահայտությունները արատավորում են իր պատիվն ու արժանապատվությունը: Հիշեցնենք, որ Արմեն Խաչատրյանը «Իրատեսից» պահանջում է նյութը հեռացնել թերթի կայքից, հերքում տպագրել, ներողություն խնդրել և որպես բարոյական վնասի փոխհատուցում վճարել 2 մլն դրամ։
Դատական հաջորդ նիստը նշանակվել է մայիսի 24-ին։


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 856

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

DiplomatRadio Mao