«Համաձայն չեմ այն մտքի հետ, թե 30 տարի քանդել են, և մեկ տարում հնարավոր չէ ինչ-որ բան անել»

«Համաձայն չեմ այն մտքի հետ, թե 30 տարի քանդել են, և մեկ տարում հնարավոր չէ ինչ-որ բան անել»
12.04.2019 | 01:20

Մեդիափորձագետ ՏԻԳՐԱՆ ՔՈՉԱՐՅԱՆԻ հետ զրույցում անդրադառնում ենք ֆեյքերի դեմ պայքարի, դրա հետևանքների թեմային։

-Պարոն Քոչարյան, ֆեյքերի դեմ պայքարը որքանո՞վ է օրինական ու տրամաբանական։
-Պետք է ասեմ, որ մարդիկ կարող են կեղծանունով հանդես գալ, և դա միայն մեր դարի պրակտիկա չէ։ Տարբեր դարերում, օրինակ, գրողները կեղծանուններով են հանդես եկել տարբեր նկատառումներով՝ կա՛մ ցանկացել են, որ իրենց անունն այդպես հնչի, կա՛մ էլ մտածել են անվտանգության մասին։ Շատ հաճախ, հատկապես բռնատիրական երկրներում, մարդիկ ստիպված են կեղծանուններով հանդես գալ, որպեսզի իրենց ասելիքը տեղ հասցնեն և չպատժվեն։ Ֆեյսբուքը ֆեյքերին չի սիրում։ Ֆեյսբուքի վարչակազմն իր հերթին պայքարում է ֆեյքերի դեմ, բայց ասել, որ ֆեյքերի գոյությունը վիրտուալ դաշտից իրական դաշտ անցնելն օրենքի խախտում է, ճիշտ չէ, քանի որ Հայաստանի օրենսդրությունը չի արգելում կեղծ էջ ունենալ կամ կեղծանունով հանդես գալ, և դրա համար մի փոքր աբսուրդ է ներկա օրենսդրությամբ փորձել ֆեյքերին տանել քրեական կամ քաղաքացիաիրավական դաշտ։ Այլ հարց է, եթե կեղծ օգտատերը բռնության կոչեր է անում, մանկական պոռնոգրաֆիա է տարածում, այսինքն՝ քրեորեն պատժելի արարք է կատարում. այդ դեպքում, այո, նա պատասխանատվություն կրում է։
-Ի՞նչն է անհանգստացնում վարչապետին, որ պայքար է ծավալել կեղծ օգտատերերի դեմ։
-Վարչապետին անհանգստացնում է այն, որ նրա և նոր կառավարության գործունեությունից դժգոհ և՛ իրական, և՛ կեղծ օգտատերերը բավականին շատացել են, նույնիսկ վարչապետին սպասարկող տարբեր ֆեյքային խմբեր արդեն չեն կարողանում անամպ պատկեր ստեղծել համացանցում, ինչպես հետհեղափոխական առաջին ամիսներին։ Դժգոհություններն այսօր շատ են, և դա ակնառու է սոցիալական ցանցերում։ Իմ կարծիքով, քանի որ վարչապետը ցավագին է արձագանքում իր վարկանիշին վերաբերող բոլոր հարցերին, իր գրառումների տակ արված մեկնաբանություններին, ուստի այդ ամենը նրան հունից հանում է, ինչի հետևանքը մենք տեսնում ենք։
-Ձեր խոսքում նշեցիք, որ բռնապետական երկրներում են անվտանգությունից ելնելով կեղծանունով հանդես գալիս։ Մենք գնում ենք բռնապետական երկրների ճանապարհո՞վ։
-Տեղեկատվական դաշտը կարգավորելու, ֆեյքերի, մանիպուլյացիաների դեմ պայքարելու ուղղությամբ իշխող կուսակցության մոտեցումները ցույց են տալիս, որ նախկին ընդդիմությունը չի կարողանում արժանավայել ընդունել իր հասցեին հնչող քննադատությունը։ Որոշ դեպքերում, այո, շատ անհաջող է լինում քննադատությունը, որոշ դեպքերում, այո, ֆեյքի տակ թաքնված մարդիկ անում են այնպիսի հայտարարություններ, որոնք տեղավորվում են քրեական իրավունքի դաշտում, սակայն հիմնականում մենք կարող ենք տեսնել, որ մարդիկ որոշ ստատուսների համար պատժվում են։ Ինչպես վարչապետն է սիրում ասել, ըստ օդում կախված լուրերի, ոմանք հեռացվել են աշխատանքից, մարդկանց արգելում են ընդդիմադիր գործիչների գրառումները հավանել։ Այս ամենը կա։ Ես չեմ կարող ասել, որ մենք դառնում ենք տոտալիտար պետություն, սակայն նախադրյալները կան, և վարչապետի ու իշխող կուսակցության ներկայացուցիչների ջղաձգումները ցույց են տալիս, որ եթե իշխանության մեջ իմաստուն, խոհեմ մարդիկ չկարողանան բացատրել՝ ինչ է խոսքի ազատությունը, ինչպես կարելի է պայքարել իրականում մանիպուլյացիաների դեմ, ապա բոլոր նախադրյալները կան, որ Հայաստանը դառնա տոտալիտար պետություն առնվազն տեղեկատվական դաշտում։
-Դուք ակտիվ օգտատեր եք ֆեյսբուքում և ազատ արտահայտում եք Ձեր քննադատական կարծիքը իշխանությունների գործունեության։ Երբևէ իշխանությունների կողմից ճնշման ենթարկվե՞լ եք։
-Ես որևէ ճնշում չեմ զգացել, քանի որ պետական համակարգում չեմ աշխատում, որպեսզի ինձ ճնշեն։ Այնպես որ, ես անկախ եմ։ Երկար ժամանակ՝ մոտ 12 տարի, լինելով սոցցանցերում, պետք է ասեմ, որ ֆեյք չունեմ և նույնիսկ երբ ինչ-որ կարծիք եմ արտահայտում, փորձում եմ դա չտեղափոխել անձնական դաշտ, խուսափում եմ հայհոյախառն գրառումներից, ավելի շատ քննադատում եմ գործունեությունը և ոչ թե անձը։ Տարբեր առիթներով երբ թրեյնինգներ եմ անցկացրել, միշտ խորհուրդ եմ տվել բաց դեմքով հանդես գալ, ֆեյք չբացել և քննադատել գործը, ոչ թե մարդուն կամ նրա ընտանիքը։ Կան կարմիր գծեր, որոնք ոչ մի դեպքում անցնել չի կարելի։ Եթե մարդը գիտակցելով անցնում է կարմիր գծերը, պետք է նաև հասկանա, որ կարող է դրա համար պատժվել։
-Հեղափոխությունից անցել է մեկ տարի։ Ինչպե՞ս կգնահատեք երկրում ստեղծված իրավիճակը։
-Ընդդիմադիր եղած ժամանակ Նիկոլ Փաշինյանն ու նրա շրջապատը բազմաթիվ քննադատություններով են հանդես եկել, բազմաթիվ խոստումներ են տվել՝ իմ կարծիքով, նույնիսկ չսպասելով, որ պահի տակ իրենք կարող են հայտնվել իշխանության ղեկին և պետք է դուրս գան իրենց քննադատությունների ու խոստումների տակից։ Հիմա մարդիկ եկել են պետական ապարատ, շատերը չեն հասկանում՝ ուր են ընկել և ինչ են անում, շատերը հասկացել են, որ իրենց խոստումները կամ քննադատությունը ժամանակին այնքան էլ ճիշտ չեն եղել։ Այսօր որևէ գլոբալ առաջընթաց, թռիչք մենք չունենք։ Նաև այնպիսի տպավորություն է, որ իշխանությունում գտնվող մարդկանց մեծամասնությունը չունի հստակ ռազմավարական պլան, թե ինչպես պետք է պետությունն առաջ ընթանա։ Ես դրական տեղաշարժեր չեմ տեսնում, գլոբալ անկումներ էլ չկան, բայց մի բան երևում է. իշխանությունում եղած մարդիկ ավելի շատ կենտրոնացած են PR-ի, ռեյտինգամոլության, քան իրական քայլեր կատարելու վրա։ Ես համաձայն չեմ այն մտքի հետ, թե 30 տարի քանդել են, և մեկ տարում հնարավոր չէ ինչ-որ բան անել։ Ոչ, մեկ տարում հնարավոր է անել երևացող որոշակի քայլեր։ Մենք ունեցել ենք վարչապետեր, որոնց պաշտոնավարումից մեկ տարի անց դրական տեղաշարժեր արձանագրվել են։ Մենք ժամանակի խնդիր ունենք. չենք կարող մեզ շռայլություն թույլ տալ և կես կամ մեկ տարի ոչինչ չանել։


Զրուցեց Սերգեյ ՍԱՂՈՒՄՅԱՆԸ

Դիտվել է՝ 1429

Մեկնաբանություններ

DiplomatRadio Mao