Yerevan Perspectives
 

Թե ինչպես ես անզգուշաբար կործանեցի ԽՍՀՄ-ը

Թե ինչպես ես անզգուշաբար կործանեցի ԽՍՀՄ-ը
12.04.2019 | 01:31

(Նախորդ մասը)

Ռազմական տեխնիկայի խափանման կամ կործանման պատճառ կարող էին դառնալ ինչպես ռադիոդետալներ արտադրող գործարանների խոտանը, այնպես էլ էլեկտրոնային սարքեր նախագծող կազմակերպությունների սխալ հաշվարկները: Կիրովաբադի հիբրիդ սխեմայի դեպքը բացառիկ էր ԽՍՀՄ էլեկտրոնային արդյունաբերության պատմության մեջ: Առանց կորպուսը բացելու ու ապահերմետիզացիայի մենք կարողացանք պարզել խափանման պատճառը, միկրոսխեմայի ներսում առկա էին մի քանի օտար մարմիններ: Մեր ստեղծած ռենտգենյան մանրադիտակի միջոցով գտանք այդ օտար մարմինները, դրանք ոսկյա հաղորդալարեր էին, որոնք մնացել էին կամ հատուկ դիտավորությամբ մտցվել միկրոսխեմայի մեջ: Նման միկրոսխեմաների մոնտաժման ժամանակ օգտագործվում էին 40 միկրոն հաստությամբ և 99,9999 մաքրությամբ ոսկյա հաղորդալարեր: Կոճի վրա փաթաթված այդ հաղորդալարերը տրվում էին մոնտաժող կանանց և գրանցվում էին հատուկ մատյաններում: Դեպքեր էին լինում, երբ մոնտաժի ժամանակ ոսկու կարճ կտորներ էին առաջանում, որոնք, որպես ավար, հավաքում ու պահում էին բանվորուհիները: Յուրաքանչյուր բանվորուհու մոտ տարեկան մի քանի գրամ լարի կտորներ էին հավաքվում, ինչը հսկողությունից դուրս էր մնում: Մեր միկրոսխեմայի դեպքում պատկերն ավելի քան անսովոր էր. բավական երկար ոսկե լարերը թողել էին միկրոսխեմայի ներսում։ Ինչպե՞ս և ինչու՞:


Իհարկե, մոռանալ կամ ոսկյա լարերը չնկատել հնարավոր չէր, միկրոսխեմաների արտադրության ժամանակ նախատեսված էին որակի ստուգման տարբեր միջոցներ, տեխնոլոգիաներով նախատեսված էր քառաստիճան հսկողության համակարգ, այդ թվում՝ արտաքին տեսքի զննում՝ օպտիկական միկրոսկոպի միջոցով, հետազոտություն ռենտգենյան ՄՏՌ-4 սարքով և այլն: Թեև ռենտգենյան հետազոտությունները նախատեսված էին միկրոսխեմաների տեխնոլոգիական ընթացքի մեջ, բայց քիչ էին կիրառվում երկու պատճառով: Նախ, օպերատորները ձևական մոտեցում էին ցուցաբերում ռենտգենյան ստուգումներին՝ վախենալով վտանգավոր ճառագայթումից ու հոգ տանելով սեփական առողջության մասին: Երկրորդ, ՄՏՌ-4 սարքերի լուծողունակությունը ցածր էր, ինչը թույլ չէր տալիս հայտնաբերել ոսկե բարակ լարերի առկայությունը կամ միկրոնանոց այլ թերություններ: Մեր դեպքում քննարկել էինք երկու տարբերակ.
ա) ստուգման տեխնոլոգիական օպերացիան կրել է ձևական բնույթ կամ բացակայել է, հույսը դրել են մոնտաժող բանվորուհու կոմունիստական բարձր գիտակցության վրա։
բ) ոսկե հաղորդալարը թողնվել է միկրոսխեմայի ներսում՝ հատուկ դիտավորությամբ:
Էլեկտրական ընթացիկ չափումներով նման թերությունները հնարավոր չէր հայտնաբերել, պետք էր անցկացնել մեխանիկական հատուկ փորձարկումներ՝ վիբրոստենդների կամ արագացուցիչների միջոցով: Սրանք խիստ ծախսատար, բայց արդյունավետ փորձարկումներ էին, որոնք թույլ էին տալիս կանխավ հայտնաբերել թերի միկրոսխեմաները: Նշեմ նաև, որ ադրբեջանական արտադրության միկրոսխեմաների վրա հսկողության հատուկ կարգ էր սահմանված, ինչը գալիս էր անվստահության բարձր աստիճանից: Այդպես էր պատվիրատուն հայտնաբերել ու վերջնական հետազոտման համար Արտաշատ ուղարկել Կիրովաբադի միկրոսխեմաները: Ճիշտ է, մեր դեպքում թերություն ունեցող միկրոսխեմաները հայտնաբերել էին ռազմական նշանակության էլեկտրոնային համակարգի նախնական փորձարկումների ժամանակ, բայց դրանց «դեֆեկտավոր ընկերները» կարող էին թաքնված մնալ ու հայտնվել գործող ռազմական տեխնիկայի, օրինակ, բալիստիկ հրթիռի ղեկավարող սարքի մեջ: Այս դեպքի մասին ես հիշեցի 2000 թվականի սեպտեմբերին, երբ Ռոբերտ Մավիսակալյանի հետ քննարկում էինք առաջիկա հեռուստազրույցի թեման։ Խոսեցինք նաև «Կուրսկ» ատոմային սուզանավի կործանման մասին, որը տարվա ամենակարևոր նորություններից էր: Սկզբում տարբեր վարկածներ էին շրջանառվում, որոնց մեջ առանձնացվում էր ամերիկյան սուզանավի կողմից տորպեդահարված լինելու վարկածը:


Ծանոթ լինելով ատոմային սուզանավերի բացառիկ հնարավորություններին, արտաքին ազդեցություններից նրանց պաշտպանվածության բարձր մակարդակին` ես այդ վարկածը միանգամից բացառեցի՝ առաջ քաշելով իմ սեփական վարկածը: Համոզված էի, որ «Կուրսկի» կործանման պատճառը կարող էր լինել բալիստիկ հրթիռի կամ տորպեդի պայթյունը սուզանավի ներսում՝ արձակման պահին, ինչը, կես տարի անց, հաստատեց պետական հանձնաժողովը: Նման պայթյունի պատճառ կարող էր լինել Կիրովաբադի արտադրության միկրոսխեման կամ դրա նման մեկ այլ պստլիկ սխեմա. սա խոր թաքնված դիվերսիայի տպավորություն էր թողնում:


Մավիսակալյանը տարակուսեց՝ ի՞նչ հիմնավորում կա, որ Կիրովաբադի դեֆեկտավոր սխեմաները հայտնվել են հատկապես «Կուրսկում»։
Դրա կարիքը չկար, միկրոսխեմաները կարող էին նախատեսված լինել ստրատեգիական բալիստիկ հրթիռների համար, որոնք հետագայում լրացնելու էին «Կուրսկի» կամ նմանատիպ այլ սուզանավերի մարտական լրակազմը, տարբերությունը մեծ չէ, այլ սուզանավի աղետի մասշտաբները պակաս չէին լինելու, և դա առաջին դեպքը չէր, հիշենք 1989 թվականը, երբ Նորվեգական ծովում խորտակվեց Խ-278 «Կոմսոմոլսկ» ատոմային սուզանավը: Հույս ունեմ, որ այս հոդվածը կկարդա ու համապատասխան եզրահանգումներ կանի հայկական ատոմային զենքի բլեֆներով հրապուրված Հրանտ Բագրատյանը: Մեր թշնամիներին ահաբեկելուց առաջ պետք է իմանալ ատոմային տեխնիկայի ու ատոմային զենքի նախագծման, անձնակազմերի պատրաստման, փորձարկումների, պահեստավորման, տեղափոխման ու կիրառության բոլոր նրբությունները: Օրինակ, «Կուրսկը» կարող էր կրել 8 ատոմային ռումբ, որոնցից յուրաքանչյուրի հզորությունը 40 անգամ գերազանցում էր Հիրոսիմայի վրա նետված ամերիկյանինը։ Եվ ինչ եղավ ռազմական այդ հսկայի հետ: Տեխնիկական առումով Ամերիկայի համար կարելի է բացառիկ հաջողություն համարել, որ իրենց ատոմային ռումբերը անփորձանք տեղ հասան ու պայթեցին Հիրոսիմայի ու Նագասակիի վրա։ Դրանք կարող էին տեղ չհասնել՝ պայթել Ամերիկայում կամ Ճապոնիայի ճանապարհին: Զենքերի անհաջողությունների հետ կապված հիշեցի մեկ այլ դեպք:
1986 թվական, Լենինգրադ, Ռժևկայի ռազմական պոլիգոն, մասնակցում եմ ռազմանավի վրա տեղի ունեցած մեկ արտակարգ դեպքի քննարկումներին ու պատճառների ուսումնասիրությանը: Խորհրդային ռազմական նավերից մեկում, ուսումնական կրակոցների ժամանակ արտակարգ դեպք էր գրանցվել. արձակման պահին պայթել էր կառավարվող արկը, 4 նավաստի զոհվել էին, պետք էր պարզել պայթյունի պատճառը և համապատասխան եզրակացություններ անել: Հանձնաժողովը գլխավորում էր հրետանային զորքերի գեներալ-լեյտենանտը, մասնակիցների մեջ էին պոլիգոնի պետը, ազգությամբ հայ գնդապետը, գեներալներ, գնդապետներ, հրանոթներ ու արկեր արտադրող գործարանի ներկայացուցիչներ, հարակից ոլորտների այլ մասնագետներ և ես՝ որպես էլեկտրոնային արդյունաբերության ներկայացուցիչ: Իմ մասնակցությունը հիմնավորված էր նրանով, որ Ռժևկայում փորձարկում էինք Լենինգրադի ռազմամեխանիկական ինստիտուտի հետ նախագծած էլեկտրոնային սարքը, որը նախատեսված էր հրանոթների մեջ շարժվող արկերի բալիստիկ պարամետրերը չափելու համար: Հրանոթի տարբեր հատվածներում պետք էր մեծ ճշտությամբ որոշել արձակվող արկերի արագությունը, արագացումը և ռեզոնանսային տատանումները: Մեր նախագծած մեկանգամյա սենսորները տեղադրում էինք հրանոթի ելքում, չափումների համար օգտագործվում էր Դոպլերի էֆեկտը: Մեր սարքերի չափման ճշտությունը բավականին բարձր էր և նոր խոսք էր համարվում հրետանատեխնիկայի բնագավառում: Մինչ այդ, չեմ բացառում՝ նաև մինչ օրս, հրետանու բալիստիկ պարամետրերը Ռժևկայում չափում էին Պետրոս Առաջինի ժամանակներից մշակված տեխնոլոգիաներով: Անծայրածիր անտառի լայնքով մոտ քսանմետրանոց մի գոտի էր հատված, որտեղ բարձր սյուների վրա, արձակված արկի հետագծի ուղղությամբ, տեղադրված էին ֆաներայից պատրաստված մեծ թիրախներ: Թռչող արկը թիրախների վրա անցքեր էր բացում, որոնց կոորդինատները չափում էին զինվորները ու փոխանցում հետագա հաշվարկների համար:

Ամեն ինչ կատարվում էր ձեռքով: Մեր Դոպլեր չափիչը թույլ էր տալիս նախապես, արդեն հրանոթի ներսում, որոշել արկերի բալիստիկ պարամետրերն ու ճշգրտել դրանց հնարավոր հետագծերը: Մեր սարքերով փորձարկել էինք տարբեր երկրներից բերված հրանոթներն ու, ըստ որակի, ստացել հետևյալ պատկերը. լավագույնը Իսրայելի արտադրության հրանոթներն էին, հետո գալիս էին անգլիականները, խորհրդայինները երրորդ տեղում էին: Որոշված էր, որ այդ կարևոր սարքերն արտադրվելու են Աբովյանի «Սիրիուս» գործարանում՝ «Տանկ» ծածկանունով, դրանցով կոմպլեկտավորելու էին ԽՍՀՄ-ում արտադրվող բոլոր հրանոթները՝ տանկայինների ու հակատանկայինների հետ: Սարքերը հնարավորություն կտային ուսումնական կամ մարտական գործողությունների ժամանակ մշտական հսկողության տակ պահելու ինչպես հրանոթների, այնպես էլ արկերի որակն ու հուսալիությունը: Չստացվեց, Աբովյանի գործարանի գլխավոր տնօրեն Պետրոսյանը վախեցավ, թե՝ պատասխանատվությունը մեծ է, մեջն էլ փող չկա:


Նշեմ նաև, որ Լենինգրադի ռազմատեխնիկական ինստիտուտը համարվում էր հրթիռաշինության համաշխարհային կենտրոններից մեկը, ամերիկացիներն այն անվանում էին «սև հրթիռաբույն», հավանաբար շենքի պատերի գույնի պատճառով: Այնտեղ էին ստեղծվելու խորհրդային թևավոր հրթիռները, ինչը Գորբաչովի օրոք չստացվեց, բայց ստացվեց Պուտինի օրոք: Այդ մասին են վկայում Կասպից ծովում ռուսական ռազմանավերից արձակված թևավոր հրթիռները, որոնք մեծ ճշտությամբ խոցեցին սիրիական թիրախները՝ անցնելով անկանխատեսելի ու բարդ հետագծով, հատելով Իրանի ու այլ երկրների օդային տարածքները, ինչի համար արդեն շնորհավորել եմ իմ նախկին գործընկերներին:
Ռազմանավի վրա տեղի ունեցած ականի պայթյունի վերլուծությունն անցավ խորհրդային ժամանակների լավագույն ավանդույթներին ու ոգուն համապատասխան: Իմ կատարած հաշվարկները ցույց տվեցին, որ պայթյունը կարող էր առաջանալ արկի կողային տատանումների պատճառով, քանի որ կառավարող էլեկտրոնային սարքերի նախագծման ժամանակ հաշվի էին առնվում միայն շարժման ուղղությամբ առաջացող ուժերը, կողային ուժերը կամ ռեզոնանսային տատանումներն անտեսվում էին: Նախագահող գեներալը կտրեց իմ խոսքն ու կարճ կապեց.
-Ամենայն հավանականությամբ այստեղ դիվերսիա է տեղի ունեցել, մանավանդ որ սա արդեն երկրորդ նման դեպքն է նույն նավի վրա, հիմա հայտարարում եմ ընդմիջում, հետո կշարունակենք:


Ընդմիջումը զուտ ռուսական-դաշտային էր, փնթի սեղան, անկանոն ձևով թափված կտրտված ճարպ, երշիկեղեն, ապխտած ձուկ ու անթիվ-անհամար օղիներ:
-Ես առաջարկում եմ խմել մեր երիտասարդ հայ գիտնականի, հայ ժողովրդի ու մարշալ Համազասպ Բաբաջանյանի կենացը,- ինձ վրա չոր հայացք նետելով՝ արտասանեց գեներալը:
Ակնարկն ինձ պարզ էր ու հասկանալի. իզուր չէր, որ նա հիշատակեց մարշալ Բաբաջանյանի անունը, ուզում էր ասել, որ եթե շարունակես քեզ այդպես պահել, տեսակետներ արտահայտել, կգնաս մարշալի ճանապարհով: Մինչ այդ, բարձրաստիճան զինվորականներից լսել էի, որ մարշալ Համազասպ Բաբաջանյանին գնդակահարել էին Կրեմլի սենյակներից մեկում, որովհետև նա հրաժարվել էր ստորագրել խորհրդային արտադրության անորակ տանկերի ընդունման ակտը, չէր կատարել ԽՍՀՄ պաշտպանության նախարար, մարշալ ՈՒստինովի ու անձամբ Բրեժնևի հրամանը: Հազարին հասնող այդ տանկերը պետք է համալրեին Վարշավյան պայմանագրի զինանոցը:


Փորձագիտական հանձնաժողովը նախագահող մարտական գեներալը լավ էր գիտակցում, թե իրեն ինչ էր սպասում, եթե ընկներ իմ խելքին, գնար ճշմարտության հետևից և ընդուներ նավի վրա արկի պայթյունի տեխնիկական բնույթը հաստատող իմ վարկածը:
«Մանավանդ որ սա երկրորդ նման դեպքն է նույն նավի վրա»,- արտահայտությամբ գեներալը հաստատեց պայթյունի զուտ տեխնիկական պատճառի փաստը. պայթյունը տեղի է ունեցել կամ վատորակ հրանոթի, կամ անորակ արկի պատճառով: Նման դեպքերում պետական հանձնաժողովները պարտավոր էին տեխնիկական եզրակացությունները հասցնել վերադասին՝ խնդրի քննարկումը տեղափոխելով Մոսկվա, ընդհուպ մինչև Կրեմլ, որը, անշուշտ, կավարտվեր կազմակերպչական-պատժիչ դաժան միջոցառումներով: Հետագայում, ըստ գործող ռազմական ստանդարտների, պետք էր մշակել նոր հետազոտական աշխատանքներ սկսելու պետական համալիր ծրագիր, որի իրականացումը թույլ կտար ոչ միայն հասկանալ պայթյունի ու մարդկային զոհերի իրական պատճառները, այլև գտնել ու վերացնել առկա թերությունները: Մոտավորապես կստացվեր այն, ինչը մեր օրերում տեղի ունեցավ Boeing 747MAX ինքնաթիռի հետ: Ինդոնեզիայում ու Եթովպիայում տեղի ունեցած աղետներից հետո բոլոր երկրները հրաժարվեցին ինքնաթիռի այդ տեսակի շահագործումից ու սպասարկումից, ժամանակավորապես կասեցվեց նաև դրա արտադրությունը՝ մինչև վթարների իրական պատճառների հայտնաբերումն ու թերությունների վերացումը: Այդ թեմայով հատուկ հայտարարություն արեց անձամբ «Բոինգ» ֆիրմայի ղեկավարը՝ կանխավ ընդունելով իրենց մեղքը, չխուսափելով պատասխանատվությունից ու ավիաաղետի զոհերի ընտանիքներին օգնելու պատրաստակամությունից, ինչը ազնիվ էր ու տրամաբանական:
Ռժևկայի դեպքում էլ էր պետք մոտավորապես նույնը անել, խորհրդային բանակից, նաև Վարշավյան պայմանագրի երկրներից անմիջապես հետ կանչել բոլոր հրանոթները՝ իրենց ողջ մարտական լրակազմով ու ռազմամթերքով, կրկին ուսումնասիրել դրանց կոնստրուկտիվ ու տեխնոլոգիական առանձնահատկությունները, ծախսատար նոր միջոցառումներ նախաձեռնել՝ հնարավոր սխալները պարզելու ու թերությունները վերացնելու նպատակով: ԽՍՀՄ-ում նման հետողորմյա անող կուսակցական, պետական կամ զինվորական գործիչներ չկային։

Պաշտոնատար և ոչ մեկը երբեք ու երբեք որևիցե պատասխանատվություն չէր վերցնի իր վրա, թեկուզ աշխարհն ավերվեր ու հազարավոր մարդիկ զոհվեին: Սա զուտ խորհրդային-կոմունիստական ֆենոմեն էր, ինչը խոր ուսումնասիրության ու ընկալման կարիք ունի, որովհետև դրա կարևորությունը զգացվում է նաև մեր օրերում, ոչ մի բյուրոկրատ-պաշտոնյա չի ընդունում իր գործած սխալները, բոլորը միայն ճիշտ են ու անսխալ, բացառությամբ, թերևս, Սերժ Սարգսյանի, որը հրապարակավ հայտարարեց՝ ես սխալ էի, Նիկոլը ճիշտ էր: Հույս ունեմ, որ օրերից մի օր նման մի խոստովանություն էլ կլսենք Նիկոլի շուրթերից:
Նման բյուրոկրատական մոտեցումների պայմաններում երկրի տնտեսությունը զարգանալ չի կարող, որովհետև ամեն ինչ՝ հասարակական հարաբերությունները, գիտությունը, տեխնիկան և այլն, կարող են զարգանալ միայն թույլ տված սխալները տեսնելու, հասկանալու, ընդունելու ու դրանք վերացնելու ճանապարհով։ Այլ ճանապարհ չկա, գոյություն չունի:


ԽՍՀՄ-ում նման բան չկար, ԽՄԿԿ-ն շարունակում էր վարել իրեն հատուկ ջայլամի քաղաքականություն, որը չէին ընդունում տեխնիկական մտավորականությունն ու գիտական հանրությունը: Այստեղով էր, թերևս, անցնում կուսակցական-բյուրոկրատական ապարատի ու հասարակության առողջ հատվածը բաժանող գիծը, նման իրավիճակում անիմաստ էր աշխատել մի երկրի համար, որը դատապարտված էր, որը պետք է մեռներ:
Ռժևկայի նման դեպքերի շատ եմ առնչվել, բայց աշխատել եմ բավարարվել իմ մասնագիտական տեսակետները արտահայտելով ու բացատրելով՝ հետո դուք գիտեք, թե ինչ կորոշեք ու կանեք: Աշխատել եմ հետևանքների մասին չմտածել ու չխորանալ դեպքերի անցանկալի զարգացումների մեջ, հասել էր այն պահը, որ այլևս ոչինչ անել հնարավոր չէր, երկիրը մոտեցել էր իր պատմական ավարտին, գահավիժումը անխուսափելի էր:
Ռազմական տեխնիկայի մեջ օգտագործված ռադիոդետալների հուսալիության մասին իմ ունեցած ինֆորմացիան արդեն բավարար էր, որպեսզի մաթեմատիկական ճշգրտությամբ որոշվեր ԽՍՀՄ-ի կործանման օրն ու ժամը. այստեղ Գորբաչովին մեղադրել պետք չէ, մենք էինք մեղավորը, մեզ թվում էր, թե կարող ենք, առանց աշխատելու ու պայքարի, հավերժական բարեկեցության հասնել՝ հույսը դնելով ռուսական գազի վրա: Այդպես չի լինում, դա մի փուչիկ էր, որը մի օր պայթելու էր:


Վերցնենք մեր այսօրվա փաշինյանական փուչիկը, որը ևս շուտով պայթելու է: Ոչ, ես դեմ չեմ Փաշինյանին, թող մնա ու օգտվի կյանքի բարիքներից, իմ հաշվարկներն ավելի երկրային են՝ հիմնված անձնական կոնկրետ դիտարկումների վրա: Վերցնենք մեր հելիոֆիկացիայի ծրագրի պատմությունը, որի իրականացումը կարող է Հայաստանում իսկական տնտեսական հեղափոխություն իրականացնել, մի քանի տարում երկիրը հանել այս թշվառ վիճակից: Այս խնդիրը ես քննարկել եմ ՀՀ ԱԺ տնտեսական հանձնաժողովի նախագահի տեղակալ Հովիկ Աղազարյանի հետ, տնտեսական այդ պատասխանատուն եղել է Աբովյանի մեր հելիոպոլիգոնում, միասին այցելել ենք Էջմիածինի արևային կենտրոն, խոստացել էր հելիոֆիկացիայի ծրագիրը քննարկման դնել ԱԺ տնտեսական հանձնաժողովում, կոնկրետացնել խնդիրը, որոշումներ ընդունել և այլն, և այլն: Բայց առայժմ դա չի ստացվում, որովհետև «ավելի կարևոր գործեր կան»: Հետաքրքիր է, թե որոնք են այդ «ավելի կարևոր գործերը», և, ընդհանրապես, ինչով է զբաղված մեր ԱԺ-ն: Ահա այդ «զբաղմունքներից» մեկը. ԱԺ ամբիոնից ելույթ է ունենում Հայաստանի Հանրապետության տրանսգենդերների ներկայացուցիչն ու պահանջում, որ իրենց խնդիրները տեղ գտնեն մեր թշվառ երկրի առաջնահերթությունների ցանկում: Ամոթ չէ՞, տրանսգենդերին ունկնդիր հարգելի պատգամավորներ, այս ի՞նչ եք անում, ինչերի՞ց եք խոսում, էլ բան ու գործ չունե՞ք: Բայց, կներեք, այստեղ ևս կարելի է ռացիոնալ հատիկներ գտնել: Տեղին կլիներ, որ «թավշյա» հեղափոխությունից հետո Հայաստանում տեղի ունենար նաև տրանսգենդերային հեղափոխություն՝ որպես սկսված գործընթացի շարունակականության ապացույց: Կասկած չկա, որ Եվրոպան այն բարձր կգնահատի ու հոտնկայս կծափահարի:


Ես հեռու եմ այն մտքից, որ միայն ես էի հասկացել ԽՍՀՄ-ի կործանման հնարավորությունը՝ ձեռքի տակ ունենալով միկրոէլեկտրոնիկայի, տնտեսության զարգացման այդ լոկոմոտիվի կործանումը հավաստող օբեկտիվ ինֆորմացիա, որին, թերևս, ԽՍՀՄ-ում բացառապես ես եմ տիրապետել: Դատելով միկրոէլեկտրոնիկայի ոլորտում Հեյդար Ալիևի կատարած հապճեպ քայլերից, կարելի է ենթադրել, որ նա արդեն հասկացել էր, որ ԽՍՀՄ-ը քանդվելու-կործանվելու է ու խորապես նպաստել է, որ այդ կործանումը արագ տեղի ունենա՝ հանուն և ի նպաստ պանթյուրքիզմի հեռահար ծրագրերի իրականացման: Հեյդար Ալիևին մենք հիմնականում հիշում ենք ԽՄԿԿ համագումարներում ունեցած կրակոտ ճառերով ու Լեոնիդ Իլիչին քծնելու հատուկ ձիրքով: Բայց կար նաև այդ կեղծ մեդալի թարս երեսը, թե ինչպես էր նա կարողանում իր բարձր դիրքն օգտագործել Ադրբեջանի արդյունաբերությունը զարգացնելու համար՝ միաժամանակ թուլացնելով ԽՍՀՄ-ի ռազմաքաղաքական ու տնտեսական դիրքերը: Այդ ամենը ես հասկացա, երբ տեսա, թե ինչ անհանգստություն կար նրա դեմքին, երբ 1979 թվականի սեպտեմբերի 12-ին Ալեքսեյ Կոսիգինին ցուցադրում էի Հայաստանում ստեղծված մեր անգերազանցելի տեխնիկան: Կոսիգինից հետո մեր սարքին մոտեցավ Էդուարդ Շևարդնաձեն, հայ գիտնականներիս շնորհակալություն հայտնեց ու մի կողմ քաշվեց, Ալիևը ցուցադրաբար չմոտեցավ մեր սարքին, գլուխը հետ գցած հեռվից նայում ու հեգնանքով ժպտում էր: Նույն անտեսող վերաբերմունքն էին մեզ ցույց տալիս և Կիրովաբադի «Բելուռ» և Բաքվի «Ազոն» միկրոէլեկտրոնիկայի գործարանները, երբեք չէին արձագանքում մեր պահանջներին, խորհրդաժողովներին ու սեմինարներին մասնակցելու մեր հրավերներին: Կիրովաբադի արտադրության միկրոսխեմաները մեզ մոտ էին հայտնվում ռուսական էլեկտրոնային գործարաններից՝ անհաջող փորձարկումներից հետո: Այս անգամ մենք ցույց կտանք Կիրովաբադի արտադրության միկրոսխեմայի մեկ այլ նմուշի ռենտգեն նկարը: Այստեղ ավելի տպավորիչ ոսկե լար է «մոռացված», որը կարող էր այնպիսի հետևանքների հանգեցնել, ինչպիսին 2000 թվականին տեղի ունեցած К-141 «Курск» ատոմային սուզանավի կործանումն էր:


Ափսոսում եմ, որ ես ընդգրկված չէի «Курск»-ի աղետները հետաքննող պետական հանձնաժողովի աշխատանքներում, կարող էի շատ բաներ պարզել: Կարելի է միայն շնորհակալություն հայտնել Պուտինին՝ իր մարդկային վերաբերմունքի համար, որ հսկայական գումարներ ծախսեց զոհված անձնակազմին ջրից դուրս բերելու ու քրիստոնեական ծեսով հուղարկավորելու համար։ Դա երկրի առաջնորդի քայլ էր:
Միկրոսխեմայի մեջ «մոռացված» մեկ բարալիկ ոսկե լարը կարող էր դառնալ հսկայական ատոմային սուզանավի կործանման պատճառը:
-Իսկ որքա՞ն արժե մեկ ատոմային սուզանավը,- խորհրդակցություններից մեկի ժամանակ հարցրի ատոմային սուզանավի գլխավոր կոնստրուկտորի տեղակալին:
-Այնքան արժե, որ այդ փողով կարելի է կառուցել այնպիսի մի գեղեցիկ քաղաք, ինչպիսին ձեր Երևանն է:


Իսկապես, Ռուսաստանի գործը շատ դժվար է, պետք է ունենալ ժամանակակից ռազմական տեխնիկա, որպեսզի հնարավոր լինի պաշտպանել երկրի անկախությունը և ունեցած ահռելի բնական հարստությունները, որոնց վրա են ուղղված բոլոր երկրների գիշատիչ հայացքները, պետք է զարգացնել գիտությունն ու տեխնիկան, ստեղծել նոր տեխնոլոգիաներ, մարդկանց կերակրել, կրթել ու դաստիարակել: ԽՍՀՄ-ում այնպիսի դրություն էր ստեղծվել, որ նման խնդիրները չէին կարող լուծվել՝ հույսը դնելով միայն կոմունիստական գաղափարախոսության ու պրոլետարական ինտերնացիոնալիզմի վրա: Կիրովաբադի գործարանը միակը չէր, որը կարող էր ԽՍՀՄ-ին նման տհաճություններ պատճառել: ԽՍՀՄ տարիներին սկսված դիվերսիոն գործողությունները հաջողությամբ շարունակվում են նաև մեր օրերում: Բավական է հիշել 2018 թվականի պատմությունը, երբ տիեզերագնացները գործող տիեզերանավի կորպուսում օդի արտահոսք հայտնաբերեցին, ինչը մահացու վտանգ էր ներկայացնում անձնակազմի համար: Օդի արտահոսքը հաջողվեց կասեցնել, բայց ի՞նչ էր պատահել, ո՞րն էր պատճառը: Պարզվեց, որ հատուկ դիտավորությամբ կորպուսի վրա փոքր տրամագծով անցք էին բացել, որ քողարկելու համար նաև կարանախցել էին: Սրանք այնպիսի դիվերսիոն գործողություններ են, որոնք կատարվում են հատուկ առաջադրանքներով՝ երկրին առավել մեծ չափի վնաս հասցնելու նպատակով:


Կիրովաբադի միկրոսխեմայի պատմությունը ցույց է տալիս, թե որքան անպաշտպան էր մնացել խորհրդային տնտեսությունը, որքան խոցելի էր դարձել հատկապես ռազմական արդյունաբերությունը, ինչ աստիճանի էր ընկած մեր գերտերության իմունիտետը՝ օտարերկրյա լրտեսական ցանցի ու դավաճանների նկատմամբ: Իսկ ի՞նչ է կատարվում մեր երկրում ու մեր օրերում, դատեցեք ինքներդ՝ ելնելով մեր տնտեսության թշվառ վիճակից ու այդ վիճակն ավելի թշվառ դարձնող իշխանությունների «մտահոգությունների» աստիճանից, փորձեք հայտնաբերել մեր սեփական դավաճաններին ու օտարերկրյա գործակալներին. դրանից շատ մեծ օգուտ կլինի:
(շարունակելի)

Վահան ՀԱՄԱԶԱՍՊՅԱՆ
Տեխնիկական գիտությունների դոկտոր, երկրների հելիոֆիկացիայի ծրագրի հեղինակ

Դիտվել է՝ 782

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

DiplomatRadio Mao