ReAnimania 2019
 

«Սերնդափոխությունն անհրաժեշտ էր, որպեսզի գար նոր սերունդ, որը չի պատկերացնում, թե ինչպես և ինչու պիտի գողանաս ինքդ քեզնից»

«Սերնդափոխությունն անհրաժեշտ էր, որպեսզի գար նոր սերունդ, որը  չի պատկերացնում, թե ինչպես և ինչու պիտի գողանաս ինքդ քեզնից»
12.04.2019 | 02:28

«Իրատեսի» հյուրը պոետ, երգահան ԷԴՈՒԱՐԴ ԶՈՐԻԿՅԱՆՆ է:
Նրա հետ զրույցն անդրադարձ է իր ստեղծագործական դաշտին, ինչպես և մեր հանրապետության կյանքում կատարված փոփոխություններին, որոնք այսօր թե՛ արվեստագետների, մտավորականների, թե՛ առօրեկան հոգսերով ու հետաքրքրություններով ապրող յուրաքանչյուր հայաստանցու և ոչ հայաստանցու տարբեր մեկնաբանություններին և գնահատականներին են արժանանում:


-Պարոն Զորիկյան, Դուք Պուշկինի անվան ռուսական դպրոցի շրջանավարտ եք: Թվում է, թե ռուսական կրթությամբ պիտի այլ կերպ ստեղծագործեիք, բայց Ձեր երգերը շատ հայեցի են, շատ երևանյան: Սա օրինաչա՞փ է:
-Ո՛չ, օրինաչափ չէ: Իմ դասընկերները հիմա էլ, մեծ մասամբ, ռուսերեն են խոսում: Համոզված եմ, որ շատ բան ընտանիքով է պայմանավորված: Ռուսախոս ընտանիքներում մտածելակերպն ուրիշ է: Մեր տանը ռուսերեն չեն խոսել, չեն էլ իմացել: Եվ քանի որ խորհրդային տարիներին ոչ ռուսախոս ծնողներս բազմաթիվ անհարմարություններ են ունեցել, որոշել են ինձ տանել ռուսական դպրոց, որպեսզի ես չունենամ այդ անհարմարությունները: Իսկ դպրոցում ռուսերեն միայն դասն էինք պատասխանում, բայց դասամիջոցներին ռուսերեն չէինք խոսում, կռիվ անելիս ռուսերեն չէինք հայհոյում, սիրահարվելիս ռուսերեն չէինք սեր խոստովանում: Երբ բուհ ընդունվելիս կտրվեցի հայերենի քննությունից, ծնողներս հասկացան, որ անհրաժեշտ է սովորել հայերեն, ու ես պարապեցի կրկնուսույցի մոտ, զրոյից սկսեցի մայրենին յուրացնել: Երբ արդեն երգեր էի գրում, ծանոթացա այնպիսի մարդկանց հետ, որոնք ձևավորեցին իմ լեզվամտածողությունը: Իմ մի համերգից հետո, երբ ընդամենը երեսուն երգ ունեի գրած, ծանոթացա Վահրամ Թաթիկյանի հետ, որի երգերը լսում ու սիրում էինք դեռ ուսանողական տարիներից: Նա հավանել էր երգերս: Որոշ ժամանակ անց ինձ ծանոթացրեց Ռուբեն Հախվերդյանի հետ: Ռուբենի տուն գնացինք այն պահին, երբ նա ուսումնասիրում էր արտասահմանից իր ստացած ձայնագրման սարքը: Ինձ առաջարկեց երգել, և երգելուս ընթացքում նկատեցի, որ այդ նոր սարքով ձայնագրում են: Հետագայում՝ տարիներ անց, ծանոթացա նաև Արթուր Մեսչյանի հետ: Կարծում եմ՝ այս ծանոթությունները մեծ ազդեցություն ունեցան իմ հայեցի մտածողության ձևավորման հարցում:
-Ձեր պատմածից կարելի է ենթադրել, որ «բարդերը» բարեհաճ են մեկմեկու նկատմամբ, այո՞:
-Կարծում եմ՝ մարդկանց, արտիստների, բիզնեսմենների միջև կոնֆլիկտները հիմնականում առաջանում են այն ժամանակ, երբ գումարային խնդիրներ են լինում: Մեզ մոտ «բարդերը» գումար չեն աշխատում, այդ երգաոճը գումար չի բերում: Նույնիսկ եթե դու ստեղծագործական գործունեությանդ հետ կապված ինչ-որ ծախսեր ես անում, նպատակը միայն այն է, որ երգերդ ձայնագրվեն կամ բանաստեղծություններդ տպագվեն ժողովածուով: Այսօր նույնիսկ ձայներիզները պահանջարկ չունեն:
-Եվ այսուհանդերձ, մասնագիտությամբ երկրաբան եք, նաև աշխատել եք այդ մասնագիտությամբ Քանաքեռի երկրաբանա-երկրաֆիզիկական արշավախմբում: Ինչպե՞ս կայացրիք մասնագիտական աշխատանքը թողնելու և ստեղծագործական տարերքին անմնացորդ նվիրվելու վճիռը:
-Ես երկու բան էի սիրում՝ արվեստ և բնություն: Դպրոցն ավարտելուց հետո ուզում էի թատերական ընդունվել: Բայց ծնողներիս դերասան ծանոթները խորհուրդ չէին տվել, ասել էին, թե իրենց նման սոված դերասան դառնալ չարժե: Կար նաև երկրորդ պարագան՝ թատերական ընդունվում էին միայն այդ ասպարեզում ճանաչում ունեցողների երեխաները:
-Այո՛, կար ժամանակ, որ որոշ մասնագիտություններ դինաստիական բնույթ էին կրում:
-Այո՛, կային այդպիսի մասնագիտություններ. բժշկական, իրավաբանական, թատերական կրթություն ստանում էին հիմնականում այդ սկզբունքով: Իհարկե, դրանում լավ բան էլ կա, որովհետև այն, ինչ պիտի ինստիտուտում սովորես, սովորում ես այն միջավայրում, որում ծնվել-մեծացել ես: Մի խոսքով՝ ընտրեցի երկրորդ սիրելի ոլորտը՝ բնությունը, և ընդունվեցի երկրաբանական ֆակուլտետ, աշխատեցի մասնագիտությամբ: Բայց երբ սկսեց փլուզվել ամեն ինչ, երբ հասկացա, որ օպտիմալացումները հասնելու են նաև մեր հիմնարկությանը, դիմում գրեցի ու ազատվեցի աշխատանքից: Արդեն համագործակցում էի որոշ թատրոնների հետ:

-Հեղինակային երգը մոնոարվեստ է, հեղինակներն անգամ ուրիշի կատարմանը չեն վստահում հաճախ սեփական ստեղծագործությունները, այնինչ Դուք երգեր եք գրում թատերական ներկայացումների համար, համագործակցել եք «Եռանկյունի», «Մետրո», Հենրիկ Մալյանի անվան թատրոնների հետ, «Խայտաբղետ այս աշխարհում» ռոք-օպերայի հեղինակն եք: Ստեղծագործական ո՞ր վիճակն է նախընտրելի՝ միայնակ ստեղծագործողի՞, թե՞ կոլեկտիվ ստեղծագործական աշխատանքի:
-Միայնակ ստեղծագործողի: Ես ի սկզբանե չէի որոշել հեղինակային երգի ժանրում ստեղծագործել: ՈՒսանողական հինգ տարիների ընթացքում անվերջ փորձում էի խումբ հավաքել: Տարբեր պատճառներով չէր հաջողվում: Երևի դա էր պատճառը, որ ընտրեցի հեղինակային երգի ճանապարհը: Այսպես ոչ մեկից, ոչ մի հանգամանքից կախված չես. բանաստեղծություն ես գրել, երաժշտություն ես գրել, վերցրու կիթառդ ու ինքդ էլ կատարիր:
-Ապրիլյան քառօրյայից հետո մի հարցազրույցում ասել եք, թե իշխանությունը պիտի ավելի ամուր լինի: Նորաստեղծ իշխանությունը այս իմաստով ավելի՞ շահեկան նկարագիր ունի:
-Իմ կարծիքով՝ այո՛: Ես միշտ եմ ասել, որ սերնդափոխություն պիտի լինի: Խորհրդային սկզբունքները, որ մտել էին թե՛ մարդկային հարաբերությունների մեջ, թե՛ արտադրության, թե՛ ընդհանրապես կյանքի, ուրիշ էին: Խորհրդային տարիներին մենք կայսրության մի տարածք էինք, որն անվանել էին Խորհրդային Հայաստանի Հանրապետություն: ՈՒ մենք, հասկանալով դա, սկզբունք էինք դարձրել գողությունը. ինչքան շատ գողանաս պետությունից, կայսրությունից, այնքան արագ կփլվի այն: Ի վերջո, այդպես էլ եղավ: Խոսքս միայն հայերի մասին չէ, այդպես էր խորհրդային բոլոր հանրապետություններում: Կայսրությունը փլուզվեց, բոլոր հանրապետություններն անկախացան, մյուս կողմից էլ Ռուսաստանն «անկախացավ»՝ ազատվեց այդ հանրապետությունները պահելու, բլիթով-մտրակով կառավարելու, այլախոհությունը ճնշելու բեռից: Սերնդափոխությունն անհրաժեշտ էր, որպեսզի գար նոր սերունդ, որը չի պատկերացնում, թե ինչպես և ինչու պիտի գողանաս ինքդ քեզնից: Կան բաներ, որոնք ես չէի կարողանում բացատրել իմ երեխաներին: Տղաս ինձ հարցնում էր. «Տակից ապրանք առնելը ո՞րն է»: Նրա ապրած անկախության տարիներին արդեն ազատ առևտուր կար, և տղաս մտածում էր, թե ինչու՞ պետք է ապրանքը պահել, «տակից» վաճառել, եթե նպատակդ այն է, որ քո ունեցած ապրանքը վաճառվի: Ընդհակառակը՝ պիտի ցուցադրես, գովազդես այն, ոչ թե թաքցնես: Այսինքն՝ նոր սերունդն ուրիշ կերպ է մտածում, ազատ է խորհրդային կապանքներից: Նախկինների ժամանակ ուղղակի փողոցում «Կեցցե՛ ազատ, անկախ Հայաստանը» վանկարկելու համար մարդկանց բերման էին ենթարկում. ինձ ու աղջկաս հենց դրա համար տարել են բաժին:
-Նշածս հարցազրույցում նաև ասում եք, որ եթե պատերազմական իրավիճակը թեժանա, բոլորս էլ պիտի մեկնենք ռազմաճակատ: Տեսնո՞ւմ եք այդ թեժացումի հավանականությունը, թե՞ հնարավոր կլինի, այնուամենայնիվ, առանց արյան լուծել արցախյան խնդիրը:
-Արյան ճանապարհով հարցերը լուծողը միշտ ռուսն է եղել, կայսրությունը: Արյան ճանապարհը ոչ մի ժողովրդի ձեռնտու չէ: Համոզված եմ, որ հնարավոր է խաղաղ ճանապարհով լուծել հարցը: Եթե լուծումը տարիներ է պահանջում, գոնե չգնալ այնպիսի քայլերի, որոնք կբերեն կորուստների երկու կողմից: Երբ մենք չենք կարողանում լուծել որևէ հարց, այդ ժամանակ հայտնվում է «մեծ եղբայրը» և իր ուզած ձևով է լուծում հարցերը: Սովորաբար այդ ժամանակ մի ապտակ մենք ենք ստանում, մի ապտակ մեր հակառակորդը, և «մեծ եղբայրը», երկուսիս վրա էլ մատը թափ տալով, սպառնում է ու պահանջում խելոք մնալ: Կա՛մ կռվեցնում է մեզ իրար հետ, կա՛մ հաշտեցնում, պահանջում իրեն ինչ-որ բան վճարել իր ծառայության դիմաց: Այս տարիների ընթացքում բազմաթիվ նման դեպքեր եղան, չէ՞: Ազգային ժողովի մակարդակով հարց էին բարձրացնում Ռուսաստանին 300000 դոլար պարտք լինելու մասին: Մինչև այսօր չգիտենք, թե այդ պարտքը որտեղից էր առաջացել: Կոբզոնները որ գալիս էին Հայաստան ու ճամպրուկներով գնում, ի՞նչ գործերի մեջ էին, ովքե՞ր էին էդ մարդիկ: Կարծում եմ՝ ամենակարևորն այս հարցերն են։ Նման հարաբերություններից եթե կարողանանք ազատվել, մյուս հարցերը կկարողանանք լուծել:


Զրույցը վարեց
Կարինե ՌԱՖԱՅԵԼՅԱՆԸ

Դիտվել է՝ 1742

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

DiplomatRadio Mao