Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը Հայաստան արգելել են: Նա «Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ է հայտարարել: «Ես Հայաստանից գնացողը չեմ, ես հենց այստեղ՝ «Զվարթնոց» օդանավակայանի անձնագրային բաժնում, հայտարարում եմ հացադուլ։ Առանց որոշումը ցույց տալու, առանց հիմնավորման արգելել են իմ մուտքը իմ հայրենիք։ Միգուցե` որովհետև լուսաբանել եմ Ոսկեպարի դեպքերը, եղել եմ Ոսկեպարում»,- իր տեսաուղերձում նշել է Նիկոլյանը:                
 

Կամ հանձնաժողովն է անուղեղ, կամ գործել է կաշառքի ուժը

Կամ հանձնաժողովն է անուղեղ, կամ գործել է կաշառքի ուժը
12.04.2019 | 02:31

Անցած տարվա մարտի 2-ին դիմելով «Վեոլիաջուր» ընկերության (այսուհետ՝ ընկերություն) Աշտարակի մասնաճյուղի իրացման բաժին, հայտնել եմ, որ Աշտարակի Գիտավան թաղամասի առաջին շենքի մոտակայքում առկա է խմելու ջրի ապօրինի ջրագիծ, որը վնասված է, և տեղի է ունենում զգալի քանակությամբ ջրի աննպատակ հոսք: Խնդրել եմ անհապաղ միջոցներ ձեռնարկել ջրի կորուստը վերացնելու ուղղությամբ:


Չստանալով որևէ պատասխան, մարտի 13-ին նույն բովանդակությամբ դիմում ներկայացրել եմ ընկերության կենտրոնական գրասենյակ, որտեղից մարտի 30-ին պատասխան եմ ստացել այն մասին, որ ընկերության մասնագետներն առաջիկայում կզբաղվեն այդ հարցով:
Ապրիլի կեսերին կենտրոնական գրասենյակի ներկայացուցիչը եկավ, իմ օգնությամբ հայտնաբերեց ապօրինի ջրագծի միացման տեղը, համոզվեց, որ իսկապես, կա ջրի զգալի կորուստ և գնաց՝ առանց մեզ որևէ բան ասելու:
Ապրիլի վերջերին ժամանեց 6 հոգուց կազմված պատկառելի խումբ՝ զինված համապատասխան տեխնիկայով: Հետո իմացա, որ նրանցից երեքը ժամանել էին Երևանից: Ես նրանց ցույց տվեցի ջրագծի միացման տեղը, ինչպես նաև ջրագծի ելքերից մեկի տեղը, որը գտնվում էր քաղաքային կառավարման տեղամասի պետի (այսուհետ՝ թաղապետ) հողամասում: Չնայած դրան, նրանք հրավիրեցին թաղապետին, աննպատակ վազվզեցին հողամասերում իրենց սարքավորումով, այնուհետև զգալի ժամանակ հյուրընկալվեցին թաղապետի մոտ, հավանաբար, ինչ-որ հարցեր քննարկեցին ու հեռացան առանց որևէ գործողություն ձեռնարկելու: Հետագայում ես տեղեկացվեցի, որ նրանք իրենց համապատասխան պետերին զեկուցել են, որ ոչ մի ապօրինի ջրագիծ էլ չկա:
Երկար սպասելուց հետո հունիսի վերջերին ևս մեկ անգամ ներկայացա Աշտարակի տեղամասի շահագործման բաժնի պետ Աբգար Խաչատրյանին և հայտարարեցի, որ ստիպված դիմելու եմ դատարան: Նա (չեմ կարող ուրանալ) շնորհակալություն հայտնեց ինձ՝ իմ համառ անհանգստության համար և տղամարդավարի խնդրեց ևս երկու-երեք օր համբերել, որից հետո անձամբ է ժամանելու և հարցը լուծելու:


Նա, իհարկե, չեկավ ոչ երկու-երեք օր և ոչ էլ երկու-երեք շաբաթ հետո (թողնենք ինքը որոշի իր տղամարդկության աստիճանը): Միայն օգոստոսի 14-ին ժամանեց աշխատանքային խումբ վարպետ Ռաֆիկի (նա չհայտնեց իր ազգանունը) գլխավորությամբ, որն ընդամենը երկու ժամվա ընթացքում քանդեց-հայտնաբերեց ապօրինի ջրագիծը, առանձնացրեց այն ընդհանուր ջրագծից և, ի մեծ զարմանս ինձ, ապօրինի ջրագծին ջուր մատակարարեց, նրա մուտքին ջրաչափ տեղադրելով: Այսինքն՝ ապօրինի ջրագիծը օրինականացրեց: Ինձ համար պարզ դարձավ, որ խումբը եկել է ոչ թե իմ, այլ ջրագծի տիրոջ դիմումի հետքերով. որով նա խնդրել է իր հողամաս խմելու ջուր մատակարարել:
Ինձ համար տվյալ դեպքում կարևոր չէր, թե ում դիմումի համաձայն է կատարվել անհրաժեշտ աշխատանքը, կարևոր էր, որ, վերջապես, դադարեցվեց խմելու ջրի՝ այդ թանկ հարստության, աննպատակ կորուստը:


Ինձ համար մտահոգիչը նշված ընկերության աշխատաոճն է: Նրա անմիջական և առաջնահերթ պարտականություններից մեկը պետք է լինի սեփական միջոցներով ջրագծերում վթարների հայտնաբերումը և դրանց շուտափույթ վերացումը: Մինչդեռ... Երկու ժամվա աշխատանքը ձգձգում է 164 օր, մոտավոր հաշիվներով պատճառելով ավելի քան 400000 դրամի վնաս: Ընկերություն ընտրելիս պետք է առաջին հերթին հաշվի առնել նրա սրտացավ վերաբերմունքը ցանկացած բարիքի կորստյան նկատմամբ:
Նույն թաղամասում ջրահեռացման համակարգը տեղադրված է անցած դարի 60-ական թվականներին, և այժմ զանազան տեղերում ունի խցանումներ և, փաստացի, շարքից դուրս է եկել: Արդեն ավելի քան երկու տարի է կեղտաջրերը դուրս են հոսում ջրահեռացման համակարգից, թափվում են Աշտարակի ձոր, ապականում են մասնավոր հողատարածքները և խառնվում Քասաղ գետի ջրերին: Հողատարածքի սեփականատիրոջ բողոքներին ընկերության Աշտարակի տեղամասի պատասխանատուները հայտարարում են, որ չունեն համապատասխան ֆինանսական միջոցներ՝ դրությունը շտկելու համար: Գարշահոտությունը տարածվել է ամբողջ տարածքով և շուտով հնարավոր է տեղի ունենան կանխատեսելի հետևանքներ:


Կարծում եմ` բարձրացրած հարցերի նկատմամբ նման վերաբերմունքը պետք է պատկան մարմինների կողմից արժանանա համապատասխան գնահատականի:

Սույն թվի փետրվարի 5-ին գիշերվա ժամը երկուսի մոտակայքում իմ բնակարանի ջրասարքերից մեկում տեղի ունեցավ վթար, որը, բարեբախտաբար, արագ հայտնաբերեցի և վերացրի: Որոշ քանակի ջուր, իհարկե, թափվել էր հատակին, որից մի փոքր քանակ իջել էր ներքև և թրջել առաջին հարկի բնակարանի լոգարանի առաստաղը: Առավոտյան ժամը իննին առաջին հարկի բնակիչը հեռախոսով հայտնեց, որ մենք ջուր ենք լցրել իրենց բնակարան, և ինքը պատրաստվում է դիմելու դատարան: Ես ասացի, որ դա նրա օրինական իրավունքն է: Քիչ անց պարզվեց, որ դադարեցվել է իմ բնակարանի ջրամատակարարումը: Նշեմ, որ այս հարևանը նույն ինքը՝ վերը նշված ապօրինի ջրագծի տերն է:


Առաջին հերթին ես դիմեցի թաղապետին: Նա, հարևանի հետ բանակցելուց հետո, հայտնեց, որ ես 100 հազար դրամի վնաս եմ պատճառել, և ջրամատակարարումը կվերականգնեն նշված գումարը ստանալուց հետո: Ես համարեցի, որ հայտարարված գումարի չափը անհիմն է, քանի որ գնահատված չէ համապատասխան մասնագիտական խմբի կողմից, սակայն անմիջապես հրավիրեցի որակյալ մասնագետ, որպեսզի նա տեղում պարզի, թե ինչ նյութեր են պետք՝ պատճառված վնասի հետևանքները վերացնելու համար: Հարևանը նրան արգելեց բնակարան մուտք գործել, հայտարարելով, որ իրեն ոչ թե նորոգում է պետք, այլ 100 հազար դրամ:


Այնուհետև դիմեցի ջրամատակարար ընկերության Աշտարակի մասնաճյուղի շահագործման բաժին: Դիմումն ընդունվեց և ուղարկվեց ընկերության կենտրոնական գրասենյակ, միաժամանակ ընկերության ներկայացուցիչը հեռախոսով հայտնեց, որ իրենք ոչ մի իրավասություն չունեն խառնվելու բազմաբնակարանային շենքի բնակիչների ներքին տարաձայնություններին ( մի քանի օր հետո նույն բովանդակությամբ գրավոր պատասխան ստացա ընկերության կենտրոնական գրասենյակից):
Նույն օրը դիմեցի ոստիկանություն: Երկու օր տևող ուսումնասիրություններից հետո ոստիկանությունից ստացա գրավոր պատասխան այն մասին, որ գործում առկա չեն քրեական հանցագործության հիմքեր, ուստի ոստիկանությունը չի կարող միջամտել:
Իրավասություն չունենալու պատճառաբանությամբ գործին հրաժարվեցին ակտիվորեն խառնվելուց նաև Աշտարակի քաղաքապետարանի համապատասխան ծառայության ներկայացուցիչները, թեև նրանք այցելեցին իմ բնակարան և համոզվեցին, որ իմ բնակարանում ջրամատակարարման սարքի վթարը վաղուց վերացվել է:


Այսպիսով հարցը մտավ փակուղի: Փաստորեն շենքի համակեցության կանոնները արհամարհող մի բնակիչը անպատիժ կերպով խլեց մյուս բնակչի՝ խմելու ջուր ունենալու տարրական իրավունքը, և չգտնվեց որևէ պատկան մարմին, որը կարողանար ցույց տալ նման չարակամի իսկական տեղը:
Բնականորեն անհրաժեշտ էր գտնել այս ամենի պատճառը: Բանալին գտնվեց ընկերության պատասխան նամակում, որտեղ հղում էր արվել հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (ՀԾԿՀ) 2016 թվականի նոյեմբերի 30-ի թիվ 388-Ն որոշման (այսուհետ՝ որոշում) վրա: Բոլոր հիմքերն ունենք ենթադրելու, որ որոշման նախագիծը ներկայացրել է ընկերությունը: Համաձայն որոշման, «բազմաբնակարան շենքի ջրամատակարարման դեպքում սահմանազատման կետ է համարվում մատակարարի ջրամատակարարման համակարգի այն կետը, որին անմիջապես հաջորդում է շենքի արտաքին պատը»: Ոչ ավել, ոչ պակաս: ՈՒղղակի «հանճարեղ» է: Քիչ թե շատ տրամաբանելու ընդունակություն ունեցող մարդուն էլ պարզ է, որ որոշումը ուղղակի հակասում է ընկերության և բաժանորդի միջև կնքված պայմանագրի հիմնական կետերին, այսինքն՝ միարժեքորեն խզում է ընկերության և բաժանորդի միջև անմիջական կապը: Մասնավորապես, ընկերության ներկայացուցիչը կորցնում է առևտրային հաշվառքի սարքի ցուցմունքը գրանցելու և այլ գործողություններ իրականացնելու համար բաժանորդի բնակարան մուտք գործելու իրավունքը: Նման որոշումը ընկերությանն ազատում է ոչ իր մեղքով բաժանորդի ընդհատված ջրամատակարարումը վերականգնելու պատասխանատվությունից: Իմ կարծիքով, այն կարող է ընդունվել կամ անուղեղ հանձնաժողովի կողմից, կամ, որ ավելի մոտ է իրականությանը, զգալի կաշառք ստանալու դեպքում: Ի դեպ, ես չեմ հիշում որևէ դեպք, երբ ՀԾԿՀ-ն կայացնի որոշում ՀՀ քաղաքացու օգտին:


ՀՀ կառավարության 2003 թվականի հունիսի 26-ի թիվ 886-Ն որոշմամբ բնակարաններում ջրամատակարարման ներքին ցանցերի վթարների և անսարքությունների վերացումը, առանց որևէ շահագրգռության դրվել է քաղաքապետարանի համապատասխան ստորաբաժանման վրա: Պարզ է, որ եթե չկա շահագրգռություն, ապա չկա նաև պատասխանատվություն:
Ահա այս որոշումները պատճառ են դարձել այն իրավիճակի համար, որում հայտնվել եմ ես: Իրավիճակը շտկելու երկու ճանապարհ կա.
. կամ վերացնել ՀԾԿՀ-ի տխրահռչակ որոշումը և պարտադրել ընկերությանը իրականացնելու անխափան ջրամատակարարում՝ համակարգում վթարների բացակայության պայմաններում,
. կամ քաղաքապետարանի համապատասխան ստորաբաժանումը ընտրել որպես միջնորդ ընկերության և բաժանորդի միջև:


Արամ ԱՍԼԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1324

Մեկնաբանություններ