Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Անդրանիկ Քոչարյանը հերքում է իրեն վերագրվող հայտարարությունը, թե Հոկտեմբերի 27-ը պատվիրել են Պուտինի հրահանգով

Անդրանիկ Քոչարյանը հերքում է իրեն վերագրվող հայտարարությունը, թե Հոկտեմբերի 27-ը պատվիրել են Պուտինի հրահանգով
13.04.2019 | 11:11

Պաշտպանության, անվտանգության հարցերի խորհրդարանական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը «սուտ ու անհեթեթ» է որակում հայկական որոշ լրատվամիջոցներով տարածվող տեղեկությունը, թե ինքը հայտարարել է՝ «Հոկտեմբերի 27»-ի գործը պատվիրատուների մասով բացահայտված է․ դա արել են ռուսական հատուկ ծառայությունները՝ Պուտինի հրահանգով:


«Այդպիսի անհեթեթ բան պետական կառույցները երբևիցե իրենց թույլ տալ չեն կարող, որովհետև ո՛չ քննությունն է ավարտել 27-ի հետ կապված, ո՛չ էլ կարելի է նախաքննական մարմնի նյութերի արանքում այդպիսի ենթադրություն որևէ մեկը կարողանա իրեն անել», - «Ազատության» հետ զրույցում ասաց Անդրանիկ Քոչարյանը:


Պաշտպանության, անվտանգության հարցերի խորհրդարանական հանձնաժողովի նախագահի խոսքով՝ սկզբում այդ ապատեղեկատվությանը, որ նրա խոսքով տարածում էր «7or.am» կայքը, շատ լուրջ չի վերաբերվել, մինչև վերահրապարակվեցին ադրբեջանական լրատվամիջոցներում։ Այդ ամենը Անդրանիկ Քոչարյանը համարում է սադրանք՝ ուղղված հայ-ռուսական ռազմավարական հարաբերությունները փչացնելուն: Վստահ է՝ դա չի ստացվելու․ «Ու չի ստացվի այն պարզ պատճառով, որ մեր երկիրը շատ լավ հասկանում է անվտանգության առումով դրա կարևորությունը: Ինչ վերաբերում է հիմքեր լինելուն, այս պահին որևէ հիմք պարզապես գոյություն չունի որևէ մեկի կողմից նման անհեթեթ եզրակացություն անելու համար»:
Մոսկվայից որևէ արձագանք չկա, ԱԺ հանձնաժողովի նախագահը շեշտեց՝ չէր ուզենա որևէ կասկած անգամ առաջանար երկու երկրների հարաբերություններում․ «Պաշտոնական Մոսկվան, համոզված եմ, շատ լավ կարողանում է ֆիլտրել՝ որտեղ է ճիշտ, որտեղ է ֆեյք և որտեղ են խաղերը կազմակերպվում»:


Քոչարյանը սպասում է, որ իր խոսքով՝ ապատեղեկատվությունը հրապարակած կայքը հիմնավորի, թե որտեղից է ստացել այդ տեղեկությունը, եթե ոչ՝ պատկան մարմինները պիտի ուսումնասիրություն սկսեն․ «Եթե այդ հայտարարություն անողները կան, թող բարի լինեն՝ հրապարակային ներկայացնեն դրա որևէ ապացույց»:
«7or.am» կայքի խմբագիր Արեգնազ Մանուկյանի փոխանցմամբ՝ տեղեկության սկզբնաղբյուրն իրենք չեն. «Լուրը մենք վերցրել ենք համացանցից, և քանի որ երկար ժամանակ արձագանք չկար, որոշել ենք անդրադառնալ: Եթե ինչ-որ հերքման խնդիր լիներ, Անդրանիկ Քոչարյանը պիտի ավելի վաղ հերքմամբ հանդես գար, ոչ թե հիմա։ Եթե հերքում չի եղել, մենք էլ վերցրել ենք և անդրադարձել ենք այդ թեմային»: Անդրանիկ Քոչարյանը վստահ է՝ սա քաղաքական պայքար է, որի մի մասն էլ լրատվամիջոցներն են։ ԱԺ հանձնաժողովի նախագահը շեշտեց՝ Հոկտեմբերի 27-ի հետ կապված իր մեղադրանքները մշտապես ուղղել է Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ուղղությամբ, քանի որ իր համար մինչ այժմ անհասկանալի մի հարց կա․ «Պարոն Քոչարյան, դու Նաիրի Հունանյանի հետ ի՞նչ ես խոսել փակ դռների հետևում, որովհետև այդպիսի հանդիպումներ աշխարհում գոյություն չեն կարող ունենալ: Դրանք կա՛մ լինում են երրորդ մասնակցի ներկայությամբ, կա՛մ դա լինում է անվտանգության բացառիկ միջոցառումների շրջանակներում»:

Դիտվել է՝ 544

Մեկնաբանություններ