Alexander Romanovsky - Armenian STATE Symphony OrchestraYerevan Perspectives
 

Խաղաղություն` տարածքների դիմաց. ինչ է դա նշանակում

Խաղաղություն` տարածքների դիմաց. ինչ է դա նշանակում
16.04.2019 | 00:51

Պե՞տք էր որևէ բան սպասել երեկ տեղի ունեցած Մնացականյան-Մամեդյարով հանդիպումից: Իհարկե` ոչ: Հանդիպման առանձնահատկությունն այն էր, որ այն տեղի էր ունենում Ռուսաստանի «հովանու» ներքո (հանդիպման երրորդ կողմը ՌԴ արտաքին գործոց նախարարն էր):


Հասկանալի էր` հակամարտող երկրների ղեկավարների մարտի 29-ին տեղի ունեցած հանդիպումից հետո էստաֆետն անպայման վերցնելու էր Ռուսաստանը: Դատելով հանդիպումների արագությունից, պետք է եզրակացնել` սեղանին, այո, խնդրի որոշակի սրբագրումներով «ճանապարահային քարտեզ» է դրված: Այլ հարց է` այն հերթական անգամ կտապալվի՞, ինչպես տապալվել են ցայս եղած «մոդիֆիկացիաները»։ Այնուհանդերձ, ակնհայտ է, որ Ռուսաստանը կրկին փորձում է իր իրավասության տակ առնել խնդրի լուծումը և կողմերին համոզել ընդունելու իր պատկերացրած տարբերակը:


Ասել ենք` Ռուսաստանը, ընդհանուր առմամբ, հակված չէ խնդրի լուծմանը: Կա մեկ «բայց»: Եվ այդ «բայցը» մասամբ արտացոլված է «խաղաղություն` տարածքների դիմաց» ձևակերպման մեջ, որն իր հետևից թողեց դեսպան Միլզը, երկրորդումներ կատարեցին ամերիկյան մնացյալ էմիսարները, նրանց թվում` ոչ անհայտ Բոլթոնը:
Այն, որ քննարկվում է հատկապես այդ տարբերակը, համարձակություն ունենանք պնդելու` հենվելով նաև Դավիթ Տոնոյանի կոշտ վերաձևակերպման վրա` ոչ թե խաղաղության դիմաց տարածքներ, այլ «նոր պատերազմ, նոր տարածքներ»:
Այսպիսով, «խաղաղություն` տարածքների դիմաց» կարգախոսը շատ նուրբ երանգ ունի իր մեջ այն առումով, որ խաղաղություն հնարավոր է հաստատել «տարածքներում» միջազգային ուժերի ներառմամբ, ինչը Մադրիդյան սկզբունքների ենթակետերից, է, բայց առաջին կետն է` տարածքները «վերադարձնելուց» հետո: Այս կարգախոսի դեպքում հակամարտության գոտում խաղաղապահ զինվորի գոյությունը դառնում է առաջնային:
Հիմա հասկացա՞ք, թե ինչու է Նիկոլ Փաշինյանն անվերջ արծարծում Մադրիդյան սկզբունքները «պարզաբանելու, հստակեցնելու» խնդիրը. հատկապես ու առաջին հերթին այս հարցի «տեղաշարժը» հասկանալու համար:


Գիտենք` Ռուսաստանին ձեռնտու է բացառապես, որ ռուս, ասենք` ՀԱՊԿ խաղաղարար զինվորը կանգնի այնտեղ… Ձգենք պաուզան միջանկյալ դիտարկման համար. դուք հիմա հասկացա՞ք, թե ինչու Նիիկոլ Փաշինյանը մասամբ սորոսական փողերով իրականացված իշխանափոխությունից անմիջապես հետո ձեռնամուխ եղավ ՀԱՊԿ-ի քայքայմանը. երբեք չկարծեք, թե օրենքի չիմացությունից էր, որ նա սկզբում գործ հարուցեց Խաչատուրովի դեմ, հետո նոր դիմեց ՀԱՊԿ-ին` տևական ժամանակ կազմալուծելով այս կառույցի աշխատանքները… Մնացած եզրակացությունները թողնում ենք ձեզ, անցնում առաջ:
Եթե Ռուսաստանին հաջողվի կողմերին համոզել, որ իր զինվորն է ապահովում այդ «խաղաղությունը» տարածքների դիմաց, Ռուսաստանին ձեռնտու կլինի հարցի տեղաշարժը: Ընդ որում, նաև դա է պատճառը, որ Ռուսաստանն անվերջ պնդում է, թե կողմերը պետք է անեն դա, անգամ հասցնում բանը նրան, որ նրանք երկուսով մտնեն «լիֆտ», մնան այնտեղ, առերեսվեն, որպեսզի այլք չխանգարեն:


Երկու համաժամանակյա հարց. մնացյալ համանախագահ երկրները, ի վերջո, համաձա՞յն են ռուսական «սապոգի» ներկայությանը հակամարտության այդ գոտում: Եվ վերջապես, Ռուսաստանին կհաջողվի՞ իր տարբերակը «սղղացնել»:
Ո՛չ: Երիցս` ո՛չ: Այդ իսկ պատճառով էլ որևէ բան սպասել-ակնկալել Մնացականյան-Մամեդյարով, Փաշինյան-Ալիև հանդիպումներից, եթե անգամ դրանք տեղի են ունենում ոչ թե վերելակում, Վիեննայում, այլ Մոսկվայում, նույնիսկ Լուսնի վրա, անիմաստ է, և եթե մենք դիտողունակ լինենք, կարող ենք կրկին վերադառնալ «Նիկոլի թվի հեղափոխությանը»:
Այդ «հեղափոխության» մեջ կա սեպագրման ենթակա կարևոր մի արձանագրություն, որին կարծես քիչ է անդրադարձ լինում. «հեղափոխությունը» իր խորքում ուներ անտեսանելի ու անչափ կարևոր մի «մատրիցա»:


Այն հնարավորության պատուհան էր Ղարաբաղյան խնդրի լուծումը հետաձգելու, բանակցային գործընթացը զրոյից, այլ և այլ «մեկնաբանումներով» նոր տողից սկսելու, կիսատ թողնելու, մի քիչ շարունակելու, հետո… ՈՒ այդպես շարունակ: Ինչն անչափ ձեռնտու է Հայաստանին:
Հարցնում եք` ու՞մն էր այդ մտահղացումը:
Եսի՞մ։


Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 575

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

DiplomatRadio Mao