Մղձավանջը շարունակվում է

Մղձավանջը շարունակվում է
16.04.2019 | 01:17

Երեկ Հայաստանի բարեփոխված, ազատ խոսքը հանդուրժող իշխանությունը մի քանի ակտիվիստի բերման ենթարկեց միայն այն բանի համար, որ «SutNikol» գրաֆիտիներով ակցիա էին անցկացրել։ Եթե իշխանությունը չդիմեր այս մեթոդին, գուցե ակցիան այդքան էլ մեծ հնչեղություն չունենար. ողջ համացանցը, լրատվամիջոցները ողողվեցին այս ակցիայի մասին լրատվությամբ։ Ավելի շատ մարդ իմացավ, որ «SutNikol»-ի ողջ իմաստը Նիկոլ Փաշինյանի ստերը բացահայտելն է։ Հիշեցնենք, որ երեկ վաղ առավոտյան «SutNikol» նախաձեռնության մի շարք անդամներ ակցիա են իրականացրել Երևանի փողոցներում` «SutNikol» գրաֆիտիներով պատելով քաղաքը։


Հարց է առաջանում` այս ակտիվիստներին բերման ենթարկելով, Փաշինյանի ստերը քողարկվեցի՞ն, թե՞ մեծ թվով մարդիկ իմացան այդ մասին։ Մինչ ազատ արձակված ակտիվիստները (Արթուր Դանիելյան, Նարեկ Սամսոնյան, Կոնստանտին Տեր-Նակալյան) ասուլիս էին հրավիրել և հերթական անգամ մատնանշել Փաշինյանի քաղաքական ստերը, լրագրողների հետ ճեպազրույցում վարչապետ Փաշինյանը հորդորում էր «չնյարդայնանալ»։ Սա գուցե ինքնախոստովանություն էր, որովհետև իրականում ոչ թե ակտիվիստներն էին նյարդայնացել, այլ իշխանությունը։ Դա է ապացուցում բերման ենթարկելու փաստը։


Մեկ հանգամանք ևս. ակցիա անցկացնողները հստակ թվարկում են այն խնդիրները, որոնց պատասխաններն այս իշխանությունը դեռ չի տվել։ Դրանցից մի քանիսն են` Սաշիկ Սարգսյանը 50 % փայ է բոլոր բիզնեսներում, արագաչափերը, կարմիր գծերը պետք է հանել (այս առումով քաղաքապետ Հայկ Մարությանը յուրահատուկ բացատրություն տվեց` կարմիր գծերը հանենք, մանկապարտեզները ինչպե՞ս վերանորոգենք), Հայաստանում վերջին տասն ամիսներին 50 հազար աշխատատեղ է ստեղծվել։ Սրանք հարցեր են, որոնց պատասխանները իշխանությունը պետք է տա, այլապես ակցիայի ակտիվիստների շարքերը համալրվելու են նոր մարդկանցով։ Եթե արագ փոփոխություններ ակնկալող մարդիկ կարող էին 5-6 ամիս առաջ խոստումներով կերակրվել, մեկ տարի հետո նրանք կոնկրետ գործ են ցանկանում տեսնել։ Երեկ Նիկոլ Փաշինյանը իրավիճակը բավական դիպուկ բնութագրող համեմատություն է արել. «Հիմա մենք ինչ-որ մի հատ վավերագրական ֆիլմի մե՞ջ ենք, որտեղ արդեն գրվել է ֆիլմի վերջը, և էկրանը մգացե՞լ է։ Էդ որ ասում են` չի բացահայտվելու, ի՞նչը չի բացահայտվում»։ Ճիշտ է Նիկոլ Փաշինյանը. վավերագրական ֆիլմում ենք, բայց ֆանտաստիկայի տարրերով, ֆիլմի միակ դերասանը ինքն է, մյուսներն էլ «մարդ» չեն, «մգացված էկրանն» էլ հավանաբար ՀՀԿ-ն է։ Ցավոք, այս ֆիլմը չի վերջացել, մղձավանջն էլ շարունակվում է։

Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 716

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

DiplomatRadio Mao