Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

ԱՄՆ-ը, Իսրայելի դրդմամբ, նոր «անմիջական պատերազմներ» է սկսում աշխարհում

ԱՄՆ-ը, Իսրայելի դրդմամբ, նոր «անմիջական պատերազմներ» է սկսում աշխարհում
16.04.2019 | 01:59

Երբ մարտի 25-ին ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց Իսրայելի կողմից Գոլանի բարձունքների օկուպացիան «օրինական» ճանաչելու մասին, ես իսկույն հասկացա, որ Թրամփի քաղաքականությունը նոր «անմիջական պատերազմների» ծավալման կհանգեցնի ամբողջ աշխարհում։ Մարտի 27-ի իրադարձություններից ենթադրվում է, որ Վաշինգտոնն արդեն սկսել է այդ պատերազմների իրականացումը, ընդ որում առայժմ կենտրոնանում է երկու երկրի վրա՝ նույն բազմատանջ Սիրիայի և Վենեսուելայի։ Այդ օրը տեղական ժամանակով ժ. 23։00-ին Իսրայելը լկտիաբար և, ինչպես հայտարարեց ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը, «անհիմն, չարդարացված ու չպատճառաբանված կերպով» օդային հարվածներ հասցրեց ահաբեկիչներից վաղուց ազատագրված Հալեպ քաղաքին, հրթիռակոծեց Շեյխ Նաջար արդյունաբերական գոտին, Հալեպի քաղաքացիական օդանավակայանը և մոտակա Ջիբրին բնակավայրը։ Եվ ԱՄՆ-ի դրածո Խուան Գուայդոն իր թվիթերում հենց մարտի 27-ը նշանակեց «Ազատություն» գործողության սկիզբ, որը, նրա կարծիքով, պետք է հանգեցներ իշխանությունից նախագահ Նիկոլաս Մադուրոյի և օրինական իշխանության հեռացմանը։ Ահա նրա գրածը. «Ապրիլի 6-ին կլինեն առաջին մարտավարական գործողությունները ամբողջ երկրում «Ազատություն» գործողության շրջանակում։ Այդ օրը մենք պետք է ազատությանն օգնելու արդեն ձևավորված կոմիտեների հետ լինենք պատրաստ, նախապատրաստված և կազմակերպված»։


Սկզբում՝ Վենեսուելայի մասին, որովհետև այնտեղ ԱՄՆ-ը երևի կկիրառի Հայաստանում փորձարկված մեթոդը. իբր «խաղաղ բողոքավորները» հավաքների, երթերի և այլնի օրինական իրավունք ունեն։ ՈՒղղակի ներխուժում հազիվ թե լինի, որովհետև Վենեսուելայի բանակը մշտական պատրաստության մեջ է, զորավարժություն զորավարժության հետևից է անում։ Երկրում մինչև 50 հազար աշխարհազորային պատրաստ են պաշտպանելու «ժողովրդական իշխանությունը». դեռ փետրվարին նախագահ Մադուրոյի վարչակազմն այդպես էր բնութագրել ֆուտբոլի բոլոր հարավամերիկացի երկրպագուների կուռք Դիեգո Մարադոնան։ Չենք բացառում, որ վենեսուելացի աշխարհազորայինների, որոնց թիվը կարող է անսահմանորեն աճել, կազմավորման գործում որոշակի ազդեցություն են ունեցել իրանցի զինվորականները, եթե հիշենք, որ իրանական կողմը հարուստ փորձ ունի ժողովրդական զանգվածները համախմբելու և ինքնակազմակերպելու «Նիրուե մոգավետմատե բասիջի» շրջանակում, որը համարվում է ԻՀՊԿ-ի հինգերորդ ուժը։ Հիշենք, որ ժողովրդական աշխարհազորի ուժերն սկսեցին ստեղծվել ոչ միայն խամաճիկ Գուայդոյի խռովությունն սկսվելուց հետո, այլև այն բանից հետո, երբ հունվարին Մադուրոյի երդմնակալությանը Իրանի պաշտպանության նախարար, բրիգադային գեներալ Ամիր Խաթամին Կարակասում հայտարարեց, որ իր երկիրը «պատրաստ է Վենեսուելային հաղորդելու պաշտպանական ասպարեզում իր փորձը»։


«ԱՄՆ-ի կառավարիչներն իրենց կայսրապետական ոգու պատճառով թշնամի են ազատ և անկախ կառավարություններին ու ժողովուրդներին։ Իրանը լի է աշխարհի անկախ երկրների, այդ թվում՝ Վենեսուելայի հետ տարբեր ոլորտներում իր հարաբերությունները զարգացնելու և խորացնելու վճռականությամբ»,- ասաց այն ժամանակ գեներալ Խաթամին։ Նա նշեց տարբեր ոլորտներում երկու երկրի համագործակցության ակտիվացման անհրաժեշտությունը, ասաց, որ ԱՄՆ-ի բռնի գործողություններին 40 տարի դիմակայող Իրանը շեշտը դրել է իր ներքին հնարավորությունների վրա և այսօր առաջավոր է բոլոր ոլորտներում, հատկապես պաշտպանական։ Պատասխան խոսքում Մադուրոն շնորհակալություն հայտնեց Խաթամիին ու նրա գլխավորած պատվիրակությանը իր երդմնակալության արարողությանը մասնակցելու համար և ընդգծեց Թեհրանի հետ հարաբերությունները զարգացնելու Կարակասի կամքը։ ՈՒ քանի որ ԱՄՆ-ի հակառակության պատճառով հունվարից հետո իրավիճակը Վենեսուելայում չի կայունացել, ապա հիմքեր կան ենթադրելու, որ իրանցի զինվորականները կարող էին աջակցել, թեկուզ խորհրդատվությամբ, վենեսուելական աշխարհազորի ձևավորման գործում։ Ի դեպ, արժե իմանալ, որ իրանական կիսառազմական «Բասիջ» աշխարհազորի կարգախոսն է՝ «Քսանմիլիոնանոց բանակ»։ Իհարկե, մոտ 30-միլիոնանոց Վենեսուելայում այդ կարգախոսը դժվար թե պետք գա, բայց պարզ է, որ այնտեղ առաջին 50 հազար աշխարհազորայիններով չեն սահմանափակվի, որովհետև ամերիկամետ խամաճիկներն ու շրջանակները, ձգտելով վերացնելու ժողովրդական իշխանությունն ու չավեսական շարժումը Վենեսուելայի նախորդ նախագահ ՈՒգո Չավեսի մահից անմիջապես հետո, առաջին «զանգվածային բողոքները» կազմակերպեցին 2013 թ. ապրիլի 14-ի ընտրությունում Մադուրոյի՝ նախագահ ընտրվելու հենց հաջորդ օրը։ Եվ 6 տարի անընդհատ նրանք զբաղված են Արևմուտքի սանձազերծած տնտեսական պատերազմի պաշտպանությամբ սաբոտաժի, սպեկուլյացիայի, կոռուպցիայի և այլ միջոցներով։ Այդ առումով հատկանշական է «ընդդիմության» խռովությունից անմիջապես հետո սկսված սպեկուլյացիայի դեմ պայքարի ազգային ծրագիրը։ Մասնավորապես 2013 թ. նոյեմբերի 26-ին ազգայնացվել է «Daka» առևտրային ցանցը, որը հրաժարվել էր գներն իջեցնելուց. որոշ ապրանքների գները գերազանցում էին առքի գները 1000 տոկոսով` թույլատրված 30 տոկոսի փոխարեն։ Ապրանքը բռնագրավելուց հետո առևտրացանցի ողջ ղեկավարությունը կալանավորվել է, ինչին հավանություն է տվել վենեսուելացիների գերակշիռ մասը։ Հարց տանք. ԱՊՀ երկրներից որի՞ բնակչության մեծամասնությունը չէր ողջունի կառավարության պայքարը այն սպեկուլյանտների դեմ, որոնք ընդհանուր դժվարությունների ֆոնին հարստանում են շարքային սպառողների կաշին բոլոր հնարավոր միջոցներով քերթելով։
Բայց ամերիկյան աշխարհամասի գործնականում բոլոր երկրներում գոյություն ունի բուն բնակչության, այսինքն՝ հնդկացիների խնդիրը։ Վենեսուելան դարձավ Հարավային Ամերիկայի առաջին երկիրը, որտեղ վերջապես որոշեցին վերականգնել բնակչության այդ հատվածի էական իրավունքները։ Եվ հենց չավեսական շարժման շնորհիվ։ Վենեսուելայի սահմանադրության մեջ, որն ընդունվել է 1999 թ. ՈՒգո Չավեսի նախաձեռնությամբ, առաջին անգամ ճանաչվել է, որ երկրի 300000 բուն բնակիչները՝ հնդկացիները, իրավունքներ ունեն իրենց ավանդական բնակության հողերի վրա և կարող են մասնակցել դրանց սահմանների ձևավորմանը։ Հին սահմանադրությունում նշվում էր միայն, որ երկրի բնիկները գտնվում են պետության հոգածության տակ և պետք է աստիճանաբար ներգրավվեն ազգի կյանքում։ Համոզված ենք, որ և՛ Հյուսիսային, և՛ Հարավային Ամերիկաների հնդկացիները երազել անգամ չեն համարձակվում իրենց օրինական իրավունքների վերականգնման գործին պետության այդպիսի մասնակցության մասին։ Իրենց հերթին, Վենեսուելայի հնդկացիները հազիվ թե կողմ լինեն, որ իրենց նորից քշեն ռեզերվացիաներ ԱՄՆ-ի խամաճիկների «ժողովրդավարական ընդդիմության» հաջողության դեպքում։ Վենեսուելայում վաշինգտոնամետ «ժողովրդավարների» օրոք հնդկացիների նկատմամբ գործող իրավակարգը ամենահետամնացներից էր հարավամերիկյան մայր ցամաքում։ Պետության և հնդկացիների միջև իսկական երկխոսությունն սկսվեց 1990-ականների վերջում, երբ դեռևս նախագահի թեկնածու ՈՒգո Չավեսը բանակցություններ վարեց հնդկացիական ցեղերի առավել ազդեցիկ առաջնորդների հետ և իր նախընտրական ծրագրում երկրի բնիկների վերաբերյալ պետական քաղաքականության մեջ ծավալուն բարեփոխումների դրույթ ընդգրկեց։ Թեզիս առաջ քաշվեց այն մասին, որ Վենեսուելայի նախկին կառավարությունները «պատմական պարտք» ունեն հնդկացիների համայնքների առաջ, որը «բոլիվարյան հեղափոխությունը կոչված է հատուցելու»։ Չավեսի սահմանադրությամբ Ազգային ասամբլեայում (ԱԱ) հնդկացիներին 3 մանդատ էր հատկացված։ 2000 թ. ընտրության ժամանակ հնդկացիները լուրջ արդյունքների հասան. բացի ԱԱ-ի 3 մանդատից, Ամազոնասում, Վենեսուելայի պատմության ընթացքում առաջին անգամ, ընտրվեց հնդկացի նահանգապետ, ևս երեք հնդկացի դարձան քաղաքապետ։ Այնպես որ, Մադուրոն և չավեսականներն ունեն 300 հազար հնդկացիների աջակցությունը։
Եթե նույնիսկ ենթադրենք, որ «գուայդոյականներին» կհաջողվի հեղաշրջում կատարել Վենեսուելայի ինչ-որ մասում, ապա դա կնպաստի երկրի՝ հարավամերիկյան Սիրիա դառնալուն, ոչ թե Մադուրոյին տապալելուն։ Ենթադրենք նաև, որ Իրանը ոչնչով չի օգնում, որ Վենեսուելայում աշխարհազոր կազմակերպվի։ Իսկ այն մասին, որ Չինաստանն աննկատ մասնակցություն ունի այդ երկրի կյանքում, դեռևս ձմռանը «El Ciudadano» թերթում գրել էր կոլումբացի վերլուծաբան Պաբլո Խոֆրեն. «ՌԴ-ի և ՉԺՀ-ի իրական գործողությունները թույլ են տալիս հասկանալ, որ Վենեսուելայում իրենց դիրքերը նրանք չեն զիջի։ Ռուսները չեն բղավում, բայց գործում են կոշտ կերպով»։ Չինաստանի մասին առայժմ ոչինչ ասել չենք կարող, ուստի նայենք ՌԴ-ի գործողություններին։ Ինչպես հաղորդել են ԶԼՄ-ները, դեռ 2018 թ. դեկտեմբերի 11-ին Վենեսուելայում վայրէջք են կատարել ռուսական երկու ռազմավարական ՏՈՒ-160 ռմբակոծիչ և նրանց ուղեկցող ավիախումբ (Ան-124 և Իլ-62)։ Եվ նույնիսկ թռել են վենեսուելական ՌՕՈՒ-ի հետ համատեղ։ Նաև հրապարակումներ են եղել, թե վենեսուելական ՀՕՊ-ի ուժերում «սկսել են ռուսերեն խոսել»։


2019 թ. մարտի 24-ին Վենեսուելա ժամանեց ՌԴ ՌՏՈՒ-ի տրանսպորտային ինքնաթիռների (Իլ-62 և Ան-124) մի խումբ՝ բեռներով և զինվորականներով։ Դրանից հետո «Reuters»-ը մերկացումներ արեց, թե ռուսները Վենեսուելա են ժամանել երկրի էներգահամակարգը «վերակենդանացնելու» և «նախագահ Մադուրոյին պաշտպանելու» համար։ Ընդ որում, ՌԴ ՊՆ-ն ձեռնպահ մնաց մեկնաբանություններից։ Հետո տեղեկություններ եղան, որ ժամանողները կիբերանվտանգության գծով զինվորական մասնագետներ են։ Տվյալ դեպքում մեզ քիչ են հետաքրքրում Մադուրոյի պաշտպանության խնդիրները, համոզված ենք, որ նրան պաշտպանողներ կան նաև առանց օտարերկրյա օգնության։ Իսկ ահա էներգահամակարգի անվտանգության խնդիրները բավական հետաքրքիր են։ Այդ երկիրը երկար տասնամյակներ գործակցել է ԱՄՆ-ի հետ, և գործնականում ողջ էլեկտրոնային սարքավորանքն այնտեղ ամերիկյան է, հատկապես էներգետիկ հատվածում։ Վենեսուելայում ակնհայտորեն շատ է ԱՄՆ-ի ԿՀՎ-ի վերահսկողության տակ գտնվող ամերիկա-կանադական «Cisco» ընկերության արտադրանքը։ Մի ժամանակ այն մենաշնորհատեր էր մոլորակի հեռահաղորդակցական հատվածում։ Եվ բնական է, որ ԱՄՆ-ի համապատասխան մասնագետները, որոնք արտաքինից մուտք ունեն դեպի զանազան սարքվածքները, կարող էին «պառկեցնել» Վենեսուելայի էներգահամակարգը կամ նրանում խափանումներ ստեղծել։ Եվ դա այնքան ակներև է, որ դժվար թե որևէ մեկը վիճարկի։ Իրանն էլ կարող է փաստաթղթերով հաստատել դա։ Ով-ով, իսկ իրանցիները երևի թե աշխարհում առաջինն են իրենց վրա զգացել ԱՄՆ-ի ագրեսիայի բոլոր տարատեսակների ազդեցությունը։


Այդ պատճառով «Reuters»-ի տագնապալի հաղորդագրության մեջ տրամաբանություն կա. նրանք անհանգստանալու հիմքեր ունեն։ Մոլորակի սահմանափակ թվով երկրներ կարող են Վենեսուելայի էներգահամակարգում հակադրվել ամերիկացիներին և թույլ չտալ բացահայտորեն կամայականություններ անել։ Դրանք հիմնականում ԱՄՆ-ի դաշնակիցներն են՝ Իսրայելը, Ճապոնիան, Հարավային Կորեան ու Եվրոպայի մի շարք զարգացած երկրներ, որոնք չեն օգնի Վենեսուելային, այլ կարող են միայն վնասել։ Այդ պատճառով Կարակասին տեխնիկապես օգնելու ունակ երկրների ցանկը խիստ սահմանափակ է՝ Ռուսաստան, Չինաստան, հնարավոր է՝ Իրան և Հնդկաստան։ Հասկանալի է, թե ինչու նաև Իրանը։ 2010-ից այդ երկիրը մեծ հաջողությունների է հասել կիբերանվտանգության ոլորտում, հատկապես ԱՄՆ-ի և Իսրայելի անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) չեզոքացման գործում։ Անվտանգության գծով ռուս մասնագետները կարող են տեղում հանգիստ, աղմուկ չբարձրացնելով պարզել գործերի վիճակը և գտնել խոցելի տեղերը։ Այդ ժամանակ էլ հնարավոր կլինի ամերիկյան սարքավորանքը փոխարինել, ասենք, չինական հայտնի Huawei և ZTE ընկերությունների արտադրանքով, որոնց ԱՄՆ-ը հետապնդում է աշխարհով մեկ։ Դրանից հետո Վենեսուելայի էլեկտրամատակարարման խափանումներն իրենք իրենց կվերանան։ Բայց դրա համար ժամանակ և փող է պետք։ Հիշեցնենք, որ, վենեսուելական կողմի տեղեկացմամբ, ռուսները ժամանել են «երկկողմ խորհրդակցությունների մասնակցելու»։ ՈՒստի մենք էլ կհետևենք պաշտոնական մեկնաբանմանը, համենայն դեպս, մինչև որ ՌԴ ՊՆ-ն կամ ժամանակը հաստատեն մեր կռահումները։ Մենք հետևելու ենք իրադարձությունների հետագա զարգացմանը և հնարավորինս տեղեկացնելու ենք ընթերցողներին։


Մյուս կողմից, ողջ աշխարհը նկատեց, որ մարտի 27-ը ոչ միայն խամաճիկ Գուայդոն «նշանակեց» Մադուրոյի տապալումն սկսելու օր։ Այդ օրը Թրամփը կոպիտ ձևով հայտարարեց, որ ռուս զինվորականների գործողություններն «անցանկալի սադրանք» էին։ Այդ պատճառով մարտի 28-ին տարբեր մակարդակներով Մոսկվայից հնչած կտրուկ պատասխաններն ԱՄՆ-ի հետ «խոսակցության» իրական շարունակությունն են, մյուս կողմից շարունակումը և դիմակայությունը, որոնցում ակնհայտ կամ ոչ ակնհայտ, Մադուրոյի կողմից գործում են նաև Իրանն ու Չինաստանը։ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարեց, որ ռուս մասնագետները Վենեսուելա են ժամանել ռազմատեխնիկական համագործակցության մասին երկկողմ համաձայնագրին համապատասխան, և դա չի խախտում ոչ միջազգային պայմանավորվածությունները, ոչ էլ Վենեսուելայի օրենսդրությունը։ Զախարովան ԱՄՆ-ին կոչ արեց, որ նախ կատարի իր խոստումները և զորքերը հանի Սիրիայից, հետո միայն «ինչ-որ մեկին ինչ-որ տեղից հեռանալու խորհուրդներ տա»։ Մի փոքր շեղվելով մեր հայտարարած թեմայից՝ կարող ենք հուշել ԱՄՆ-ին, թե սեղմ ժամկետներում որտեղից հեռանա, առաջին հերթին հեռացնի հենց զինվորականներին. 1) Սիրիայից, քանզի ոչ ոք ամերիկացիներին այնտեղ չի կանչել, 2) Իրաքից, քանի որ բնակչության մեծ մասն արդեն տարուց ավելի դա է պահանջում, 3) Աֆղանստանից, քանի որ դեռ նախագահ Օբաման էր սպառնում, որ այնտեղից կհանի ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի զորքերը, 4) սերբական Կոսովոյից և Մետոխիայից, ընդ որում, ապամոնտաժելով և վերացնելով Բոնդստիլ ռազմաբազան, վերացնելով կոսովցի ալբանացիների կեղծ պետությունը, 5) Վրաստանից և ՈՒկրաինայից, որովհետև եթե ռուսների ժամանումը Վենեսուելա դիտարկվում է «անցանկալի սադրանք», ապա ԱՄՆ-ի զինվորականների ու հատուկ ծառայությունների (ՀԾ) աշխատակիցների ներկայությունն այդ երկրներում՝ Ռուսաստանի սահմաններին, ընդհանրապես անհեթեթություն է, որը ցանկացած սադրանքից շատ ավելի վատ է, 6) արցախա-ադրբեջանական հակամարտության գոտու (Կարախանբեյլի բնակավայրի մոտերքում ինչ-որ տեղից), որտեղ ԱՄՆ-ի ՀԾ աշխատակիցները սկսել են երևալ դեռ 2000-2001 թթ., իսկ ով ուզում է մանրամասներ իմանալ, թող դիմի Իրանի ԻՀՊԿ-ի հրամանատարությանը, 7) Օկինավա կղզուց, 8) Հարավային Կորեայից... Ցանկը կարելի է դեռ երկար շարունակել։
(շարունակելի)

Սերգեյ ՇԱՔԱՐՅԱՆՑ

Դիտվել է՝ 3287

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

a>
Օնլայն ընթերցում
Պատմական
«Իրատես» թերթի արխիվից
Գիրումիր
  • Մարզական
  • Կենսակերպ
  • Տեսանյութ
  • Այլ
  • 28.03.2024